ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N ԱԽ-11-Ո-17
2008թ.
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի |
մասնակցությամբ ԱԽ անդամներ` |
Ս. Անտոնյանի, Ա. Թումանյանի, Տ. Բարսեղյանի, Մ. Մարտիրոսյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Մովսեսյանի, Տ. Պետրոսյանի, Մ. Սիմոնյանի, Ն. Տավարացյանի, Հ. Փանոսյանի |
մասնակցությամբ դատավոր` |
Գ. Հակոբյանի |
քարտուղարությամբ` |
Շ. Վարդանյանի |
2008 թվականի նոյեմբերի 6-ին Երևան քաղաքում՝ դռնփակ նիստում, քննարկելով Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Գոռ Հակոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.
2008 թվականի մայիսի 30-ին Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ` Կարգապահական հանձնաժողով) թիվ N-Կ-2-10/08 որոշմամբ Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Գ. Հակոբյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել քաղաքացի Ռ. Թորոսյանի` Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին հասցեագրված դիմումը:
2. Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.
Կարգապահական հանձնաժողովը Արդարադատության խորհրդին է ներկայացրել եզրակացություն՝ կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող ներքոհիշյալ խախտման վերաբերյալ, որը հանձնաժողովը գնահատել է որպես դատավարական նորմերի ակնհայտ խախտում:
Ըստ եզրակացության՝
Քաղաքացի Ռ. Թորոսյանը 2007 թ. դեկտեմբերի 11-ին դիմում է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` ընդդեմ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի` օրենքին հակասող անգործությունն անվավեր ճանաչելու և որոշակի գործողություն կատարել պարտադրելու պահանջների մասին:
14.12.2007 թ. որոշմամբ դատավոր Գ. Հակոբյանը դիմումն ընդունել է վարույթ և գործի քննությունը նշանակել 2008 թվականի հունվարի 9-ին ժամը 1330-ին: Դատարանը 18.12.2007 թ. ծանուցել է դիմողին դատական նիստի վայրի և ժամանակի մասին, սակայն դատական նիստը տեղի է ունեցել 24.12.2007 թ. և կայացվել է վճիռ` գործի վարույթը կարճելու մասին, պատճառաբանելով, որ սահմանադրական դատարանի նախագահի գործողության կամ անգործության վերաբերյալ հարցերը ընդդատյա չեն առաջին ատյանի դատարանի քննությանը:
Ռ. Թորոսյանը Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վճռի դեմ 08.01.2008 թ. ներկայացրել է վերաքննիչ բողոք, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն էլ 24.03.2008 թ. որոշմամբ բողոքը բավարարել է, բեկանել է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 24.12.2007 թ. վճիռը և գործն ուղարկել է ՀՀ վարչական դատարան` նոր քննության:
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը գտել է, որ առաջին ատյանի դատարանի կողմից անտեսվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի` այն է գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին և 112-րդ հոդվածի պահանջները` գործի քննությունը տեղի է ունենում դատական նիստում, որի մասին պարտադիր կարգով տեղեկացվում են գործին մասնակցող անձինք և դատավարության այլ մասնակիցները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի՝ այդ մասին նրանց տեղեկացնելու պարտականությունը ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով պաշտպանվող՝ մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ, քանի որ նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն:
Սակայն դիմողը նոր` 24.12.2007 թվականի դատական նիստի վայրի և ժամանակի մասին չի ծանուցվել և վերջինիս բացակայությամբ գործը քննելով` վճիռ է կայացվել, ինչն էլ հանդիսանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված՝ ծանուցման պահանջի չպահպանում և հանգեցնում է նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ յուրաքանչյուրի արդար դատաքննության իրավունքի խախտման:
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը, ուսումնասիրելով նշված քաղաքացիական գործի նյութերը, հանգել է այն հետևության, որ Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Գոռ Հակոբյանն արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել դատավարական օրենքի ակնհայտ խախտում, որը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք է հանդիսանում:
Այն դեպքերում, երբ կարգապահական պատասխանատվության հիմք է դատավորի կողմից դատավարական նորմերի ակնհայտ խախտումը, Կարգապահական հանձնաժողովը ելնում է դատավորի մեղավորության կանխավարկածից, քանի որ դատական ակտը, որը պարունակում է դատավարական օրենքի նորմերի խախտում, չի կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ:
Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում արդարադատություն իրականացնելիս չեն պահպանվել արդարության և օրինականության սկզբունքները և թույլ է տրվել դատավարական իրավունքի ակնհայտ խախտում:
3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Գոռ Հակոբյանը, չժխտելով եզրակացության մեջ նշված փաստերի առկայությունը, վիճարկեց դրանց որակումը որպես կարգապահական խախտում:
Դատավոր Գ. Հակոբյանը մասնավորապես նշել է, որ, իրոք, գործի քննությունը նշանակված է եղել 09.01.2008 թ. ժամը 1330-ին, սակայն դատական նիստը տեղի է ունեցել 24.12.2007 թ. ժամը 1130-ին: Այդ արարքը կատարելու դիտավորություն իր և իր աշխատակազմի կողմից չի եղել: Դա հետևանք է աշխատանքային գերծանրաբեռնվածության, նա հայցել է Կարգապահական հանձնաժողովի ներողամտությունը և խնդրել իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կարճել:
4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.
1. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 14.12.2007 թ. որոշմամբ Ռ. Թորոսյանի դիմումն ընդունվել է վարույթ և գործի քննությունը նշանակվել է 2008 թ. հունվարի 9-ին ժամը 1330-ին:
2. Դատարանը 18.12.2007 թ. ծանուցել է դիմողին դատական նիստի վայրի և ժամանակի մասին, սակայն դատական նիստը տեղի է ունեցել 24.12.2007 թ. և վճիռ է կայացվել:
3. Կարգապահական խախտման վերաբերյալ Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությանը կից ներկայացված եզրակացության համաձայն` դատավոր Գ. Հակոբյանն արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ և 112-րդ հոդվածների պահանջների խախտում, ինչն էլ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հիմք է հանդիսանում:
5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննարկելով ներկայացված միջնորդությունը, ուսումնասիրելով միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերը և դատավորի բացատրությունը` Խորհուրդը գտնում է, որ սույն գործով կիրառելի է ՀՀ դատական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն՝ եթե Արդարադատության խորհուրդը նպատակահարմար չի գտնում դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժի միջոց, ապա կարող է բավարարվել հարցի քննարկմամբ` որոշմամբ ամրագրելով կարգապահական պատասխանատվության հիմքերի առկայությունը և կարճելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը:
Մասնավորապես. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ:
Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց` դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն սույն հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ:
Սույն քաղաքացիական գործով դիմողը պատշաճ ձևով չի ծանուցվել դատական նիստի օրվա և ժամի մասին: Գործում առկա չէ դիմողին 24.12.2007 թվականի դատական նիստի վայրի և ժամանակի մասին պատշաճ ծանուցելու փաստը հաստատող որևէ ապացույց: Արդյունքում, վերջինիս բացակայությամբ գործը քննելով` վճիռ է կայացվել, ինչն էլ հանդիսանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված՝ ծանուցման պահանջի չպահպանում և հանգեցնում է նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ յուրաքանչյուրի արդար դատաքննության իրավունքի խախտման:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն դիրքորոշումը, որ պայմանավորվող պետությունները ոչ միայն պետք է ամրագրեն քաղաքացիական իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, այլև կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից այդ իրավունքի իրականացման իրական հնարավորությունը:
Հետևաբար, Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, գործին մասնակից չդարձած անձի իրավունքների վերաբերյալ վճիռ կայացնելով, չի ապահովել դիմողի իրական մասնակցությունը գործի քննությանը` սահմանափակելով նրա Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի՝ այդ մասին նրանց տեղեկացնելու պարտականությունը ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով պաշտպանվող՝ մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ, քանի որ նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն: Այդ իսկ պատճառով դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին գործին մասնակցող անձանց իրազեկումը դատարանի պարտականությունն է:
Խորհուրդը գտնում է, որ սույն կարգապահական վարույթը Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցվել է դատավոր Գ. Հակոբյանի կողմից դատավարական նորմի ակնհայտ խախտում թույլ տալու հիմքով: Այն դեպքերում, երբ կարգապահական պատասխանատվության հիմք են դատավորի կողմից դատավարական նորմերի ակնհայտ խախտումները, Խորհուրդը ելնում է դատավորի մեղավորության կանխավարկածից, քանի որ դատական ակտերը, որոնք պարունակում են դատավարական օրենքի նորմերի խախտումներ, չեն կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ:
Խորհուրդը դատավարական օրենքի նորմերի վերը նշված խախտումները բնութագրում է որպես ակնհայտ այն պատճառաբանությամբ, որ դրանցով խախտվել են արդարադատության իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքների, միջազգային պայմանագրերի նորմերի պահանջները, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել վերոհիշյալ իրավական ակտերով երաշխավորված իրավունքների և ազատությունների սահմանափակմանը, դրանցից զրկելուն, գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը խոչընդոտելուն և ազդել են կամ կարող են ազդել գործով ճիշտ և օրինական որոշման կայացմանը (Խորհուրդը դատավարական օրենքի նորմերի ակնհայտ խախտման վերաբերյալ իր իրավական դիրքորոշումն արտահայտել է նախկինում կայացված որոշումներում. տես օրինակ՝ Արդարադատության խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 12-ի ԱԽ-7-Ո-18 թվակիր որոշումը):
Միաժամանակ Խորհուրդը հարկ է համարում արձանագրել նաև, որ Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Գ. Հակոբյանը դատավորի պաշտոնը ստանձնել է 1999 թվականից: Բացի այդ Գ. Հակոբյանը փորձառու դատավոր է, աչքի է ընկել օրինավոր վարքագծով, իր գործունեությամբ նպաստում է արդարադատության որակի բարձրացմանը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 162-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը մերժել: Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Գ. Հակոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճել` բավարարվելով հարցի քննարկմամբ:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Արդարադատության խորհրդի անդամներ` |
Ա. Թումանյան Հ. ՓանոսյանՍ. Անտոնյան Ա. Խաչատրյան Մ. Մարտիրոսյան Տ. Պետրոսյան Ն. Տավարացյան |