Գլխավոր տեղեկություն
Համար
N 200-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (21.08.2008-16.10.2008)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.03.19/17(607) Հոդ.252
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.02.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.2008

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 փետրվարի 2008 թվականի N 200-Ն

ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 309-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը խմբ. 07.08.08 N 873-Ն)

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(Նախաբանը խմբ. 07.08.08 N 873-Ն)

1. Սահմանել, որ Հայատանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 585-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացված 500,000.0 հազ. դրամ միջոցների սահմաններում բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու իրավունք ունեն այն անձինք, ովքեր Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան և Դիլիջան քաղաքներում Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշմամբ հաստատված կարգի համաձայն հաշվառված են բնակարան ստանալու համար` 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ և չեն օգտվել Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին իրականացված բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման համար իրենց իրավունքից:

(1-ին կետը խմբ. 07.08.08 N 873-Ն)

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`

1) սույն որոշման 1-ին կետում նշված անձանց բնակարանային խնդիրները լուծել ֆինանսական աջակցության տրամադրմամբ բնակարանի գնման վկայագրի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան.

2) բնակարանների գնման վկայագրերի տրամադրման գործընթացն ավարտել 2008 թվականի սեպտեմբերի 1-ին.

3) վկայագրում նշվող աջակցության չափի հաշվարկման ժամանակ հիմք ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 9-րդ կետով սահմանված նորմաներով աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձի ընտանիքին (անձերի թվով) հասանելիք բնակարանի (սենյակների թվով) տվյալ բնակավայրում վկայագրի տրամադրման պահին նախորդող եռամսյակի դրությամբ բազմաբնակարան շենքերի բնակարանների ձևավորված շուկայական միջին արժեքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված տվյալները.

4) վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը սահմանել 3 ամիս` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության.

5) սույն որոշման 1-ին կետում նշված անձանց բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագիրն սկսելու մասին իրազեկումն ապահովել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշմամբ հաստատված կարգի 18-րդ կետով սահմանված հերթականության:

(2-րդ կետը խմբ. 07.08.08 N 873-Ն)

3. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` մարզպետների կողմից ներկայացված հարցման համաձայն բնակարանների գնման վկայագրերի միջոցով աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձանց մասին տեղեկատվությունը տրամադրել համապատասխան հարցումներն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 1-ին կետում նշված անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվության ճշտումն իրականացնել համապատասխան մարզերի (Երևանում` Երևան քաղաքի) կտրվածքով:

5. (5-րդ կետը չեղյալ է ճանաչվել 26.06.08 N 649-Ն)

6. Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի իրականացման պատասխանատու ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեներով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» N 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` IV գլխով`

 

«IV. ԲՆԱԿԱՐԱՆ (ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ) ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՄԲ ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

38. Վկայագիր ստացած անձը սահմանված ժամկետում բնակարանի (բնակելի տան) ընտրված տարբերակը ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկի միջոցներ ներգրավելու ցանկություն հայտնելու դեպքում դիմում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` իր դիմումի համաձայն հիփոթեքային վարկի տրամադրման հարցի քննարկմանը միջնորդելու խնդրանքով:

39. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը վկայագիր ստացած անձի դիմումի համաձայն նրա կողմից ընտրված բանկին է ներկայացնում ստացված դիմումը և միջնորդագիր-գրություն վկայագրում նշված աջակցության չափը որպես կանխավճար վաճառողի ցպահանջ ավանդային հաշվին փոխանցելու վերաբերյալ` բանկի կողմից դիմողին վարկ տրամադրելու մասին ընդունված որոշման հիման վրա անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագիր կնքելու դեպքում:

40. Բանկը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի միջնորդությունն ստանալով, սահմանված կարգով ուսումնասիրում է դիմողի վճարունակության պայմանները դրանք բանկի պահանջներին համապատասխանելու վերաբերյալ, և ուսումնասիրության արդյունքները դրական լինելու դեպքում գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին և դիմողին վարկ տրամադրելու ընդունված որոշման մասին, իսկ ուսումնասիրության արդյունքները բացասական լինելու դեպքում տեղեկացնում է վարկի տրամադրման մերժման վերաբերյալ:

41. Վկայագիր ստացած անձը բանկի կողմից ընդունված դրական որոշման հիման վրա կնքված անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրի ու տրամադրված վկայագրի բնօրինակները մեկօրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին:

42. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը, անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագիրն ստանալուց հետո, երեք բանկային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանի տարածքային ստորաբաժանում է ներկայացնում վկայագրում նշված աջակցության չափին համապատասխան գումարի հայտ` վաճառողին վճարելու համար, իսկ բանկին` հայտում նշված անձին տրամադրված վկայագրի բնօրինակը` բանկի կողմից վճարված գումարների վերաբերյալ վկայագրում նշում կատարելու նպատակով:

43. Հայտի հետ միասին ներկայացվում են տրամադրված վկայագրի, ձեռք բերվող բնակարանի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրի, վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման համար աջակցություն տրամադրելու մասին պայմանագրի պատճենները, ինչպես նաև բնակարան (բնակելի տուն) վաճառողի կողմից ընտրված բանկում նախօրոք բացված ցպահանջ ավանդային հաշվի բանկային վավերապայմանները:

44. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանի տարածքային ստորաբաժանումը հայտն ստանալուց հետո երեք բանկային օրվա ընթացքում վաճառողի կողմից ընտրված բանկում բացված ցպահանջ ավանդային հաշվին փոխանցում է վարկառուի վկայագրում նշված աջակցության չափին համապատասխանող գումարը:»:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան

 

2008 թ. մարտի 17

Երևան

 
 
 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

փետրվարի 22-ի N 200-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ` «ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՎ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ

Կատարողները և բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածները

Գումարը (հազ. դրամ)

Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը

8,875.0

 այդ թվում`

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն ընդամենը

7,534.0

 այդ թվում`

 

Աշխատավարձ և աշխատավարձին հավասարեցված այլ վճարումներ

3,150.0

Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ

641.0

Կապիտալ ծախսեր

1395.0

Գրասենյակային ապրանքներ և նյութեր

522.0

Տրանսպորտային ծառայությունների վճար

1106.0

Կապի ծառայությունների վճար

150.0

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր

570.0

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարան
ընդամենը

1106.0

 այդ թվում`

 

Աշխատավարձ և աշխատավարձին հավասարեցված այլ վճարումներ

450.0

Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ

92.0

Գրասենյակային ապրանքներ և նյութեր

50.0

Տրանսպորտային ծառայությունների վճար

164.0

Կապի ծառայությունների վճար

340.0

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր

10.0

3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարան
ընդամենը

235.0

 այդ թվում`

 

Գրասենյակային ապրանքներ և նյութեր

30.0

Տրանսպորտային ծառայությունների վճար

165.0

Կապի ծառայությունների վճար

30.0

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր

10.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան