Գլխավոր տեղեկություն
Համար
N 679
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (02.10.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.03.16/18(390)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.10.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.10.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.10.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 հոկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հոկտեմբերի 2000 թվականի N 679
քաղ. Երևան

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բնակչությանն անհատական պաշտպանության միջոցներով ապահովելու կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության 2002-2005 թվականների պետական բյուջեների նախագծերը կազմելիս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կողմից ներկայացված հայտերի հիման վրա քննարկել բնակչությանն անհատական պաշտպանության միջոցներով ապահովելու հնարավորության հարցը:

3. Գաղտնի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 25-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
հոկտեմբերի 25-ի N 679 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

բնակչությանն անհատական պաշտպանության միջոցներով ապահովելու

 

I. Անհատական պաշտպանության միջոցներով ապահովման սկզբունքները

 

1. Անհատական պաշտպանության միջոցներով ապահովվում են`

ա) փրկարար ուժերի անձնակազմը` զտող հակագազերով, շնչադիմակներով, մաշկի պաշտպանության միջոցներով, իսկ քիմիական վտանգավոր օբյեկտներում վթարի վերացման աշխատանքներին մասնակցող փրկարար ուժերի անձնակազմը նաև լրացուցիչ մեկուսացնող և արդյունաբերական հակագազերով.

բ) սահմանամերձ` մինչև 10 կմ շառավղով գոտու բնակավայրերի բնակչությունը` զտող հակագազերով և համազորային պաշտպանական լրակազմերով.

գ) կազմակերպությունների աշխատողները, Հայկական ԱԷԿ-ի շուրջ 10 կմ շառավղով գոտու բնակավայրերի բնակչությունը` զտող հակագազերով և շնչադիմակներով.

դ) քիմիական վտանգավոր օբյեկտների անձնակազմը` մեկուսացնող և արդյունաբերական հակագազերով.

ե) Երևան, Գյումրի, Վանաձոր, Կապան ու Հրազդան քաղաքների բնակչությունը և այդ քաղաքների կազմակերպությունների աշխատողները` զտող հակագազերով.

զ) մնացած բնակավայրերի բնակչությունը` զտող հակագազերով:

 

II. Անհատական պաշտպանության միջոցներով ապահովման հերթականությունը

 

2. Բնակչությունն անհատական պաշտպանության միջոցներով ապահովվում է հետևյալ հերթականությամբ`

ա) առաջին հերթին`

սահմանամերձ` մինչև 10 կմ շառավղով գոտու բնակավայրերի բնակչությունը,

փրկարար ուժերի անձնակազմը,

Հայկական ԱԷԿ-ի շուրջ 10 կմ շառավղով գոտու բնակավայրերի բնակչությունը և կազմակերպությունների աշխատողները.

քիմիական վտանգավոր օբյեկտների անձնակազմը.

բ) երկրորդ հերթին`

Երևան, Գյումրի, Վանաձոր, Կապան և Հրազդան քաղաքների կազմակերպությունների աշխատողները.

Երևան, Գյումրի, Վանաձոր, Կապան և Հրազդան քաղաքների բնակչությունը.

գ) երրորդ հերթին`

մնացած բնակավայրերի բնակչությունը:

 

III. Անհատական պաշտպանության միջոցների կուտակումը

 

3. Բնակչության պաշտպանության համար նախատեսված անհատական պաշտպանության միջոցները կուտակվում են նախապես զորահավաքային պահուստում դրանց պահեստավորմամբ և կազմակերպություններում համապատասխան պաշարների ստեղծմամբ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների միջոցների հաշվին:

4. Կազմակերպությունների աշխատողների և կազմակերպությունների փրկարար ուժերի անձնակազմի համար նախատեսված անհատական պաշտպանության միջոցները կուտակվում են կազմակերպություններում:

5. Բնակչության և կազմակերպությունների աշխատողների ու փրկարար ուժերի անձնակազմի համար նախատեսված անհատական պաշտպանության միջոցները կուտակվում են Հայաստանի Հանրապետության պետական պահուստի նյութական արժեքների կուտակման համար սահմանված կարգով:

 

IV. Շնչառական օրգանների եվ մաշկի պաշտպանության հասարակ միջոցները

 

6. Անհատական պաշտպանության միջոցների բացակայության դեպքում, որպես մաշկի պաշտպանության հասարակ միջոցներ, կարող են հարմարեցվել սովորական հագուստը, մարզահագուստները (սպորտային կոստյումները) և կոշիկները, որոնք ենթարկվում են հերմետիկացման: Ցանկացած մարզահագուստ, ռետինե կոշիկներ և ձեռնոցներ կարող են դառնալ պաշտպանական զտող լրակազմ, եթե դրանք նախօրոք հագեցվեն հատուկ բաղադրությամբ: Այդ նպատակով կիրառվում են զանազան լվացող միջոցների լուծույթներ և օճառայուղային էմուլսիաներ: Մաշկի պաշտպանության հասարակ միջոցներն օգտագործվում են հակագազերի հետ զուգորդված` ճառագայթային փոշիներից և մանրէաբանական միջոցներից, իսկ քիմիական լուծույթներով հագեցնելուց հետո նաև մարտական թունավոր նյութերից պաշտպանվելու համար:

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունը բնակչությանն ուսուցանում է սեփական ուժերով շնչառական օրգանների պաշտպանության հասարակ միջոցների պատրաստման ու մաշկի պաշտպանության համար հագուստի հարմարեցման և դրանցից օգտվելու հնարքները:

(6-րդ կետը փոփ. 21.08.08  N 1042-Ն)

 

V. Անհատական պաշտպանության միջոցների պահպանումը

 

7. Չափահաս բնակչության և երեխաների համար նախատեսված անհատական պաշտպանության միջոցները պահպանվում են զորահավաքային պահուստի պահեստներում:

Կազմակերպությունների աշխատողների անհատական պաշտպանության միջոցների պաշարները պահպանվում են տվյալ կազմակերպությունների պահեստներում, ինչպես նաև դրանց համար նախատեսված պահարաններում:

8. Անհատական պաշտպանության միջոցների պահպանման պայմանները պետք է բավարարեն տվյալ օբյեկտում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության կողմից սահմանված քաղաքացիական պաշտպանության գույքի երկարատև պահպանման պահանջները:

Պահեստների շենքերի պայմանների անբավարարության և քաղաքացիական պաշտպանության գույքի երկարատև պահպանման պահանջների անհամապատասխանության դեպքում թույլատրվում է անհատական պաշտպանության միջոցները պահել ապաստարաններում ու այլ շինություններում:

(8-րդ կետը փոփ. 21.08.08  N 1042-Ն)

 

VI. Զորահավաքային պահուստի անհատական պաշտպանության միջոցների թարմացումը

 

9. Զորահավաքային պահուստի` որակական հատկանիշները կորցրած անհատական պաշտպանության միջոցները, որոնք լաբորատոր հետազոտման են ենթարկվում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության ճառագայթային և քիմիական լաբորատորիայում (համապատասխան եզրակացությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունը), ենթակա են զորահավաքային պահուստից ապաամրագրման` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացմամբ` Հայաստանի փրկարար ծառայության և պետական ռեզերվների գործակալության եզրակացության հիման վրա:

Կազմակերպությունների` պաշտպանական հատկանիշները կորցրած անհատական պաշտպանության միջոցները (լաբորատոր հետազոտումն իրականացնում և համապատասխան եզրակացությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունը) հանձնվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը, որոնց փոխարեն տրվում են նորերը:

(9-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն, 21.08.08  N 1042-Ն)

10. Զորահավաքային պահուստի ապաամրագրված անհատական պաշտպանության միջոցները կարող են օգտագործվել բնակչության և կազմակերպությունների փրկարար ուժերի ուսուցման համար:

 

VII. Անհատական պաշտպանության միջոցների բաշխումը

 

11. Զորահավաքային պահուստից անհատական պաշտպանության միջոցները բնակչությանը բաշխվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ կազմակերպություններում` տվյալ կազմակերպության ղեկավարի որոշմամբ:

Զորահավաքային պահուստի և կազմակերպությունների անհատական պաշտպանության միջոցների տեղաբաշխումն ու պահպանումն իրականացվում է` հաշվի առնելով կարճ ժամանակահատվածում դրանց բաշխման անհրաժեշտությունը:

12. Վտանգի առկայության դեպքում կազմակերպությունների փրկարար ուժերի անձնակազմերին, Հայկական ԱԷԿ-ի և քիմիական վտանգավոր օբյեկտների աշխատողներին, ինչպես նաև այն քաղաքների բնակչությանը, որտեղ տեղակայված են այդ օբյեկտները, և Հայկական ԱԷԿ-ի շուրջ 10 կմ շառավղով գոտու բնակավայրերի բնակչությանն անհատական պաշտպանության միջոցները բաշխվում են նախօրոք:

13. Պատերազմի ժամանակ և արտակարգ իրավիճակներում անհատական պաշտպանության միջոցների բաշխման կարգը սահմանվում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների արտակարգ իրավիճակների ու քաղաքացիական պաշտպանության պլաններով:

14. Նշված պլաններով որոշվում են անհատական պաշտպանության միջոցների բաշխման կետերը, ժամանակը, քանակը և հերթականությունն ըստ համայնքների ու կազմակերպությունների:

Այդ պլաններում նշվում են նաև պահեստներից անհատական պաշտպանության միջոցների ստացման, բաշխման կետեր հասցնելու, դրանց ստուգման և հարմարեցման, բեռնման-բեռնաթափման խմբերը, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ հատկացնող կազմակերպությունները և պատասխանատու անձինք:

(կանոնադրությունը փոփ. 03.05.07 N 573-Ն, 21.08.08 N 1042-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.08.2008, N 1042-Ն 02.10.2008, N 679
03.05.2007, N 573-Ն 01.06.2007, N 679
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան