040.0098.18.02.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
18 ՓԵՏՐՎԱՐԻ 1998 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 փետրվարի 1998 թվականի N 98
քաղ. Երևան
ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄԱՍՇՏԱԲՆԵՐՆ ՈՒ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ կադաստրային քարտեզագրման նյութերը (կադաստրային քարտեզներ և կադաստրային հատակագծեր) տեղանքի փոքրացված և ընդհանրացված արտապատկերումներն են համապատասխան մասշտաբով և պայմանական նշաններով, որոնց վրա արտահայտվում են անշարժ գույքի միավորները (անկախ սեփականության ձևից), դրանց տեղադրությունը, սահմանները, մակերեսը, տեսքերն ու տեսակները, վերգետնյա ու ստորգետնյա հաղորդակցուղիների ցանկը և անշարժ գույքի վերաբերյալ այլ տվյալներ:
(1-ին կետը փոփ. 20.11.99 N 693)
2. Կադաստրային քարտեզները և կադաստրային հատակագծերն ստեղծվում են գեոդեզիական ցանցի հիման վրա, որի համար հիմք է հանդիսանում պետական գեոդեզիական ցանցը:
3.Կադաստրային քարտեզագրման նյութերը բաժանվում են երկու խմբի`
ա) կադաստրային շրջանացման քարտեզներ,
բ) կադաստրային հատակագծեր:
4. Կադաստրային շրջանցման քարտեզների կազմման համար հիմք են հանդիսանում` 1:200000, 1:100000, 1:500000 և 1:25000 մասշտաբների տեղագրական քարտեզները, որոնց վրա ցույց են տրվում կադաստրային տարածքները, ենթատարածքները, սեկտորները և թաղամասերը:
5. Կադաստրային հատակագծերը կազմվում են կադաստրային հանույթների հիման վրա:
6. Կադաստրային հատակագծերը կազմվում են`
ա) բնակավայրերի համար` 1:500, 1:1000, 1:2000, 1:5000 մասշտաբների.
բ) բնակավայրերից դուրս գտնվող տարածքների համար` 1:2000, 1:5000, 1:10000 մասշտաբների:
(6-րդ կետը լրաց. 20.11.99 N 693)
7. Կադաստրային հանութային նյութերը կազմվում են 50x50 սմ և 40x40 սմ չափերով հիմքերի վրա:
8. Կադաստրային քարտեզները ներկայացվում են ավանդական ձևով` թղթի վրա, կամ թվային քարտեզների ձևով` էլեկտրոնային մագնիսական կրիչների վրա:
(8-րդ կետը լրաց. 20.11.99 N 693)
9. Կադաստրային հատակագծերում անշարժ գույքի վերաբերյալ տվյալները պետք է համապատասխանեն անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանի գրառումներին:
10. Կադաստրային հատակագծերում յուրաքանչյուր սեփականության միավորի տրվում է առանձին կադաստրային համար (ծածկագիր):
(10-րդ կետը փոփ. 20.11.99 N 693)
11. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությանը` երկամսյա ժամկետում սահմանել կադաստրային հատակագծերի ճշտության նկատմամբ առաջադրվող պահանջները, պայմանական նշանները և կադաստրային քարտեզագրման աշխատանքների իրականացման մասին հրահանգը:
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |