ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 սեպտեմբերի 2008 թվականի N 1025-Ն
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՂԻՆԵՐՈՎ, ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ, ԵՐԿԱԹՈՒՂԱԳԾԵՐՈՎ ՀԱՏՄԱՆ, ՕՏԱՐՄԱՆ ՇԵՐՏՈՒՄ ԵՎ (ԿԱՄ) ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ԴՐԱՆՑ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ և 13-րդ հոդվածների պահանջների կատարումը կանոնակարգելու նպատակով և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով, երկաթուղագծերով հատման, օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում դրանց տեղադրման և վերատեղադրման համաձայնեցման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՂԻՆԵՐՈՎ, ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ, ԵՐԿԱԹՈՒՂԱԳԾԵՐՈՎ ՀԱՏՄԱՆ, ՕՏԱՐՄԱՆ ՇԵՐՏՈՒՄ ԵՎ (ԿԱՄ) ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ԴՐԱՆՑ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները (այսուհետ` ավտոմոբիլային ճանապարհ) ոռոգման առուներով, կապի ու էլեկտրահաղորդման գծերով, խողովակաշարերով և այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով ու երկաթուղագծերով (այսուհետ` հաղորդակցուղի) հատման կամ օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում դրանց տեղադրման և վերատեղադրման (այսուհետ` տեղադրում) ճանապարհը տնօրինողի հետ համաձայնեցման կարգը:
2. Սույն կարգի իմաստով հաղորդակցուղու տեղադրման գործընթացը ներառում է ճանապարհը տնօրինողի հետ ավտոմոբիլային ճանապարհը հաղորդակցուղիով հատման, օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում դրա տեղադրման տեղի, նախագծային փաստաթղթերի համաձայնեցումը և տեղադրվող հաղորդակցուղու շահագործման ընդունումը:
3. Ավտոմոբիլային ճանապարհը հաղորդակցուղիով հատման, օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում դրա տեղադրման համաձայնեցման գործընթացում ճանապարհը տնօրինողը ղեկավարվում է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին», «Քաղաքաշինության մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:
4. Ավտոմոբիլային ճանապարհը հաղորդակցուղիով հատման, օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում դրա տեղադրման համաձայնություն ստանալու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերը ճանապարհը տնօրինողին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքում ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու իրավասություն ունեցող մարմինը` համայնքի վարչական սահմաններում` համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքում` մարզպետը, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը (այսուհետ` դիմող):
5. Եթե ճանապարհը տնօրինողը և Հայաստանի Հանրապետությունում ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու իրավասություն ունեցող մարմինը համընկնում են, ապա ավտոմոբիլային ճանապարհը հաղորդակցուղիով հատման, օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում դրա տեղադրումը համաձայնեցվում է նույն մարմնի ստորաբաժանումներում ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալու համար տրված հայտի շրջանակներում:
6. Ճանապարհը տնօրինողի հետ ավտոմոբիլային ճանապարհը հաղորդակցուղիով հատման, օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում դրա տեղադրման համաձայնեցման համար դիմողը ճանապարհը տնօրինողին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) համապատասխան գրություն (դիմում).
2) ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը.
3) կառուցապատվող հողամասի հատակագիծը` նախագծվող oբյեկտի առաջարկվող տեղանշմամբ:
7. Ճանապարհը տնօրինողն անհրաժեշտ փաստաթղթերն ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում`
1) ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը.
2) իրականացնում է ավտոմոբիլային ճանապարհը հաղորդակցուղիով հատման, օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում դրա տեղադրման վայրի զննություն.
3) կազմում և տրամադրում է եզրակացություն:
8. Դրական եզրակացության դեպքում` ճանապարհը տնօրինողը դիմողին է տրամադրում նաև համապատասխան տեխնիկական պայմաններ:
9. Ճանապարհը տնօրինողը եզրակացություն կազմելիս հաշվի է առնում`
1) ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացումը (կառուցում, վերակառուցում).
2) նախագծվող oբյեկտի առաջարկվող տեղանշման համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության «Ավտոմոբիլային ճանապարհներ» ՀՀՇՆ-IV-11.05.02-99 շինարարական նորմերին.
3) տվյալ հողատարածքում այլ հաղորդակցուղի տեղադրած իրավաբանական, ֆիզիկական անձանց շահերը:
10. Դիմողը ճանապարհը տնօրինողի կողմից տրված եզրակացության և տեխնիկական պայմանների հիման վրա մշակված ու փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերը ներկայացնում է ճանապարհը տնօրինողին` համաձայնեցման:
11. Ճանապարհը տնօրինողը նախագծային փաստաթղթերն ստանալու օրվանից յոթ օրվա ընթացքում ստուգում է դրանց համապատասխանությունն իր կողմից տրամադրված տեխնիկական պայմաններին, կազմում է եզրակացություն և այն տրամադրում դիմողին:
12. Անհամաձայնության մասին եզրակացության դեպքում` թերությունները վերացված նախագծային փաստաթղթերը կրկին համաձայնեցվում են ճանապարհը տնօրինողի հետ` դրանք ստանալու օրվանից մինչև երեք օրվա ընթացքում:
13. Հաղորդակցուղու տեղադրման մասին դիմումը մերժվում է, եթե`
1) ավտոմոբիլային ճանապարհը հաղորդակցուղիով հատումը, օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում դրա տեղադրումը կարող է խոչընդոտ հանդիսանալ ավտոմոբիլային ճանապարհի վերակառուցման, նորոգման, պահպանման ու շահագործման աշխատանքների իրականացման համար, պաշտպանական գոտու հողերում կարող է առաջացնել հիդրոլոգիական ռեժիմի անբարենպաստ փոփոխություններ կամ ռելիեֆի տարրերի կայունության խախտում (սողանքներ, լանջերի փլվածքներ, ձորակներ, լճակներ կամ հողերի ճահճացում), վտանգել ճանապարհի երթևեկությունը, վնասել ճանապարհի կառուցվածքի տարրերը, պատճառ հանդիսանալ տվյալ հատվածում այլ շինությունների վնասմանը.
2) բացասական եզրակացությունն ստանալուց հետո մինչև երեք օրվա ընթացքում դիմողը ճշգրտված նախագծային փաստաթղթերը կրկին չի ներկայացնում համաձայնեցման:
14. Դիմումի մերժման դեպքում` ճանապարհը տնօրինողը կազմում է անհամաձայնության մասին եզրակացություն` համապատասխան հիմնավորումներով, և այն տրամադրում դիմողին:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.02.2016, N 153-Ն | 03.03.2016, N 1025-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|