Գլխավոր տեղեկություն
Համար
N 268-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2009-30.09.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.11.03/37(311) Հոդ.325
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
09.09.2008
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.09.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.09.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 հոկտեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 05008328

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

9 սեպտեմբերի 2008 թ.

N 268-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 83-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ներդրումային ընկերությունների կողմից իրենց վերաբերյալ տեղեկությունների հրապարակման կարգը»՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Հաստատել «Հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ» հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 2-ի (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2008 թ. սեպտեմբերի 12

Երևան

 

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թ. սեպտեմբերի 9-ի

թիվ 268-Ն որոշման

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

 

Կ Ա Ր Գ

 

Գ Լ ՈՒԽ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի (այսուհետ՝ ներդրումային ընկերություններ) կողմից իրենց ինտերնետային կայքում և մամուլում իրենց վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկությունների շրջանակը և հրապարակման կարգը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՅԴ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

2. Ներդրումային ընկերություններն իրենց ինտերնետային կայքերում պետք է հրապարակեն (փոփոխությունների դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում թարմացնեն) սույն գլխում սահմանված տեղեկությունները և մշտապես ապահովեն դրանց հասանելիությունը:

3. Ներդրումային ընկերության ինտերնետային կայքում տեղադրվում են հղումներ հետևյալ տեղեկությունները պարունակող էջերին`

1) ընկերության մասին,

2) ներդրումային ընկերության կազմակերպական կառուցվածքը,

3) ղեկավարները և որակավորված մասնագետները,

4) կորպորատիվ կառավարում,

5) ֆինանսական հաշվետվությունները,

6) մատուցվող ծառայությունները,

7) հիմնական տնտեսական նորմատիվներ:

4. «Ընկերության մասին» մասում ներառվում են հետևյալ տեղեկությունները.

1) ներդրումային ընկերության առաքելությունը, գործունեության նպատակները,

2) ներդրումային ընկերության լիցենզավորման և գրանցման ամսաթվերը, լիցենզիայի պատճենը,

3) ներդրումային ընկերության գործունեության պատմության ընթացքում վերակազմակերպման, անվանափոխության, գործունեության բնույթի փոփոխության և նման այլ իրադարձությունների մասին տեղեկություններ (նշել նաև այդ իրադարձությունների տարեթվերը):

5. «Նեդրումային ընկերության կազմակերպական կառուցվածքը» մասում ներկայացվում են.

1) ներդրումային ընկերության ներքին կազմակերպական կառուցվածքը՝ գծապատկերի (սխեմայի) տեսքով,

2) եթե ներդրումային ընկերությունն ընդգրկված է առևտրային, բանկային, ֆինանսական խմբի կամ միության, կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում, ապա ներկայացվում է համապատասխանաբար տվյալ խմբի, միության կառուցվածքը՝ սխեմայի տեսքով, կամ հղում է տրվում համապատասխան ինտերնետային էջին, որտեղ առկա է այդ կառուցվածքի գծապատկերային (սխեմատիկ) նկարագրությունը,

3) ներդրումային ընկերության, նրա մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գտնվելու վայրերը և հեռախոսահամարները:

6. «Ղեկավարները և որակավորված մասնագետները» մասում ներառվում են հետևյալ տեղեկությունները՝

1) ներդրումային ընկերության խորհրդի (առկայության դեպքում), ներքին աուդիտի ստորաբաժանման անդամների, ինչպես նաև գործադիր տնօրենի, նրա տեղակալի (տեղակալների)` առկայության դեպքում, գլխավոր հաշվապահի (եթե ընկերության կողմից հաշվապահական հաշվառման իրականացման գործառույթը պատվիրակվել է, ապա` այդ գործառույթի իրականացման համար պատասխանատու անձի)` անուններն ու ազգանունները, պաշտոնները,

2) Կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 4/05-ը հաստատելու մասին» թիվ 15-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 41-րդ կետի 11-րդ ենթակետի համապատասխան մասնագիտական որակավորման վկայական ունեցող աշխատակիցների ցանկը (անունը, ազգանունը, որակավորման (մատուցվող ծառայության) տեսակը):

7. «Կորպորատիվ կառավարում» մասում ներկայացվում են ներդրումային ընկերության կողմից որդեգրված կորպորատիվ կառավարման սկզբունքները: Առնվազն պետք է առկա լինեն.

1) ներդրումային ընկերության կանոնադրությունը,

2) ներդրումային ընկերության գործադիր մարմնի աշխատանքի գնահատման սկզբունքները,

3) ներդրումային ընկերության աշխատակիցների միջին եռամսյակային թիվը:

8. Եթե ներդրումային ընկերությունը «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ֆինանսական հաշվետվությունները և աուդիտորական եզրակացությունը հրապարակում է իր ինտերնետային կայքում, ապա` «Ֆինանսական հաշվետվությունները» մասում տեղադրվում են ներդրումային ընկերության եռամսյակային և տարեկան ֆինանսական հաշվետվությունները, տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ տրված աուդիտորական եզրակացությունները: Ներդրումային ընկերությունների կողմից իրենց ինտերնետային կայքում տեղադրված ֆինանսական հաշվետվությունները (ինչպես տարեկան, այնպես էլ եռամսյակային) և տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ տրված աուդիտորական եզրակացությունները մշտապես պետք է տեղադրված մնան ներդրումային ընկերության ինտերնետային կայքում` ներդրումային ընկերությունների Ֆինանսական հաշվետվությունների արխիվ ձևավորելու նպատակով:

9. «Մատուցվող ծառայությունները» մասում ներկայացվում են ներդրումային ընկերության կողմից մատուցվող բոլոր ծառայությունների մասին էական տեղեկությունները, ինչպես նաև այն հեռախոսահամարները, որոնցով կարելի է սպառիչ տեղեկություններ ստանալ ներդրումային ընկերության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ: Մատուցվող ծառայությունների մասին տեղեկությունները պետք է լինեն ամբողջական, ներկայացվեն պարզ, սպառողների համար հասկանալի ձևով, պետք է ներառեն մատուցվող ծառայությունների բոլոր առանձնահատկությունները: Մատուցվող ծառայությունների մասին առնվազն ներկայացվում է տեղեկատվություն.

1) ծառայությունների անվանման և տեսակների վերաբերյալ, ընդ որում, պետք է նշվի, թե ինչպիսի հաճախորդների համար է նախատեսված ծառայությունը (իրավաբանական, թե՞ ֆիզիկական անձ հաճախորդների),

2) մատուցվող ծառայություններից օգտվելու միջնորդավճարների, ծախսերի և այլ վճարների, այլ հնարավոր լրացուցիչ գանձումների չափի վերաբերյալ, եթե դա հնարավոր չէ, ապա պետք է նշվի տվյալ ծառայության տեսակը և դրա սակագնի հրապարակման անհնարինության խելամիտ հիմնավորումը,

3) ծառայություններից օգտվելու համար վճարվելիք գումարների հաշվարկման կարգի վերաբերյալ,

4) հաճախորդի կողմից և հաճախորդին վճարումներ կատարելու պայմանների, եղանակների և ժամկետների վերաբերյալ,

5) հաճախորդների հետ կապի իրականացման կարգի և ժամկետների վերաբերյալ (հաճախորդից պատվերներ և առանձնահատուկ ցուցումներ ստանալու դեպքում),

6) պայմանագրերի ժամկետների վերաբերյալ (ինչ ժամկետայնությամբ ներդրումային ծառայությունների պայմանագրեր կարող են կնքվել),

7) կնքված պայմանագրերի դադարեցման դեպքում հաճախորդի միջոցների վերադարձման կարգի վերաբերյալ,

8) արժեթղթերի տեսակների, որոնցում կարող են ներդրվել հաճախորդների միջոցները, ինչպես նաև ընդհանրական տեղեկություններ այդ արժեթղթերի և նրանց հետ կապված ռիսկերի վերաբերյալ,

9) հաճախորդներից գործարքների իրականացման պատվերների և հանձնարարականների ընդունման և կատարման ընթացակարգերի վերաբերյալ,

10) գործարքների իրականացման վայրերի վերաբերյալ,

11) շահերի բախման քաղաքականության վերաբերյալ,

12) մատուցվող ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի վերաբերյալ:

10. Եթե ներդրումային ընկերությունն իրականացնում է նաև վարկային կազմակերպության գործունեություն, ապա «Մատուցվող ծառայություններ» մասում ներկայացնում է նաև տեղեկատվություն հետևյալի մասին.

1) վարկավորվող գումարի նվազագույն և առավելագույն սահմանաչափերը, եթե այդպիսիք սահմանված են ներդրումային ընկերության կողմից,

2) վարկերի տրամադրման նվազագույն և առավելագույն ժամկետները,

3) վարկերի տոկոսադրույքի հաշվարկման ձևը՝ այդ թվում նշելով՝ տոկոսադրույքը կիրառվում է մայր գումարի, թե նվազող մնացորդի նկատմամբ,

4) վարկերի տարեկան տոկոսադրույքի չափը՝ դրամով և արտարժույթով տրամադրվող վարկերի համար: Եթե տոկոսադրույքի վրա կարող են ազդել նաև այլ գործոններ, ապա այդ գործոնների հիմքերը նույնպես պետք է նշվեն,

5) մարումների հաճախականությունը,

6) միջնորդավճարների, ինչպես նաև այլ հնարավոր լրացուցիչ գանձումների չափը, եթե այդպիսիք առկա են (օրինակ՝ տույժերի չափը և կիրառման դեպքերը),

7) ապահովության (գրավի) տեսակը, եթե նման պահանջ առկա է: Ընդ որում, եթե վարկը տրամադրվում է վարկառուի գույքի գրավով, որը կարող է ներդրումային ընկերության կողմից բռնագանձվել վարկառուի կողմից վարկի մարումները ուշացնելու կամ վարկը չմարելու պատճառով, գույքի հնարավոր բռնագանձման մասին հայտարարությունը պարտադիր է:

11. Ներդրումային ընկերություններն իրենց ինտերնետային կայքերում պետք է նշեն նաև իրենց կողմից ընտրված նպատակային շուկաների, հաճախորդների թիրախային խմբերի մասին, եթե ընկերությունը որդեգրել է նման քաղաքականություն:

12. «Հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ» մասում առնվազն եռամսյակը մեկ, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հաստատված հիմնական տնտեսական նորմատիվների փաստացի և թույլատրելի մեծությունները (համաձայն հավելված 2-ի) առնվազն վերջին մեկ տարվա կտրվածքով.

1) Հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ հաշվետվությունում ներկայացվում են Կենտրոնական բանկի կողմից հաստատված հիմնական տնտեսական նորմատիվների փաստացի և թույլատրելի մեծությունները: «Փաստացի մեծությունը» սյունակում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին ամսվա նորմատիվի փաստացի մեծությունը: «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած նորմատիվի թույլատրելի մեծությունը» սյունակում արտացոլվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված նորմատիվների թույլատրելի մեծությունը՝ Կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 12-ի թիվ 44-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող տարրերի կազմը, սահմանված տնտեսական նորմատիվների խախտումների չափը» կանոնակարգ 4/02-ով սահմանված կարգով հաշվարկված մեծությունը: «Հաշվետու եռամսյակում խախտումների թիվը» սյունակում արտացոլվում է նորմատիվի գծով խախտումների քանակը, իսկ եթե խախտում առկա չէ, համապատասխան տողում լրացվում են «չի խախտվել» բառերը,

2) Եթե ներդրումային ընկերության արտաքին աուդիտի եզրակացությամբ ճշգրտված և հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունների արդյունքում ներդրումային ընկերությունը խախտում է հիմնական տնտեսական նորմատիվ (նորմատիվներ), ապա պարտավոր է վերահրապարակել այն եռամսյակների ճշգրտված հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ հաշվետվությունները, որոնցում հրապարակվող հաշվետվությունների ճշգրտման արդյունքում առաջացել է նորմատիվի (նորմատիվների) խախտումը:

13. Ներդրումային ընկերություններն իրենց ինտերնետային կայքում տեղադրում են և օրական կտրվածքով թարմացնում են իրենց կողմից մատուցվող բոլոր ծառայությունների վերաբերյալ առնվազն սույն կարգի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված տեղեկությունները:

14. Ներդրումային ընկերությունների կողմից իրենց ինտերնետային կայքերում սույն կարգի 2-րդ գլխի 3-րդ կետով բացահայտվող տեղեկությունները ներկայացվում են միայն համապատասխան հղումների ներքո:

15. Սույն գլխով սահմանված տեղեկություններից բացի` ներդրումային ընկերությունները կարող են իրենց ինտերնետային կայքերում տեղադրել լրացուցիչ այլ տեղեկություններ:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՄՈՒԼՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

16. Եթե ներդրումային ընկերությունը «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն իր եռամսյակային և տարեկան ֆինանսական հաշվետվությունները և աուդիտորական եզրակացությունը հրապարակում է մամուլում, ապա դրանք պետք է հրապարակվեն 1000 և ավելի տպաքանակ ունեցող մամուլում:

17. Մամուլում հրապարակված եռամսյակային և տարեկան ֆինանսական հաշվետվություններին և աուդիտորական եզրակացությանը կից, ներդրումային ընկերությունները պետք է հրապարակեն նաև իրենց ինտերնետային կայքի հասցեն և հայտարարություն այն մասին, որ իրենց եռամսյակային և տարեկան ֆինանսական հաշվետվությունները տեղադրված են այդ ինտերնետային կայքում, եթե ներդրումային ընկերությունը իր եռամսյակային և տարեկան ֆինանսական հաշվետվությունները տեղադրել է նաև ինտերնետային կայքում:

 

 

Հավելված 2

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թ. սեպտեմբերի 9-ի

թիվ 268-Ն որոշման

ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ

(եռամսյակային)

_____________  

_____________ թ-ից _____թ.

(հազ. դրամ)

Նորմատիվներ

Նորմատիվի փաստացի մեծությունը՝ հաշվարկված ներդրումային ընկերության համար

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած նորմատիվի թույլատրելի մեծությունը

Հաշվետու եռամսյակում խախտումների թիվը

1

2

3

4

1. Ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվ

     

2. Կանոնադրական կապիտալի նվազագույն չափի նորմատիվ

     
 

Կ.Տ.

 

Ներդրումային ընկերության վարչության նախագահ

_______________________

(գործադիր տնօրեն)

 

Գլխավոր հաշվապահ

_______________________

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.06.2009, թիվ 166-Ն 30.09.2009, N 268-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան