ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 օգոստոսի 2008 թվականի N 957-Ն
ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈՊԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացմանը պետական աջակցության 2008 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացմանը պետական աջակցության 2008 թվականի ծրագրի միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. օգոստոսի 29 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 7-ի N 957-Ն որոշման |
2 0 0 8 Թ Վ Ա Կ Ա Ն Ի Ծ Ր Ա Գ Ի Ր
ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈՊԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
Ն Ա Խ Ա Բ Ա Ն
Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացմանը պետական աջակցության ծրագրի ընդհանուր նկարագիրը
Սույն ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով որդեգրված քաղաքականությունը և սահմանված ռազմավարական գերակայությունները, և ուղղված է պետական կառավարման բնագավառում պետական մարմինների գործունեության արդյունավետության, նպատակաուղղվածության և հասցեականության մակարդակի բարձրացման, նրանց կողմից հանրությանը մատուցվող ծառայությունները բնակչության համար ավելի մատչելի դարձնելու նպատակով իրականացվող բարեփոխումների ապահովմանը:
Գյումրու տեխնոպարկի (այսուհետ` տեխնոպարկ) ստեղծմամբ հնարավորություն կընձեռվի արտադրական գործընթացներում ընդգրկելու Գյումրի քաղաքի և, ընդհանրապես, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի բարձր որակավորում ունեցող մասնագետներին` փոքր և միջին ձեռնարկատիրության (այսուհետ` ՓՄՁ) սուբյեկտների ստեղծման միջոցով, նախանշելով դրանց գերակայությունները և զարգացնելով մրցունակ ուղղությունները: Տեխնոպարկի ստեղծման հիմնական խնդիրներից է ՓՄՁ-ի զարգացմանը բազմակողմանի աջակցությունը, որի լուծման համար հատուկ ուշադրության է արժանի տեխնոպարկի կազմակերպական կառուցվածքում բիզնես-ինկուբատորի ներառումը: Ինչպես ցույց է տալիս մի շարք զարգացած երկրների բազմամյա փորձը, բիզնես-ինկուբատորները խիստ արդյունավետ դեր են խաղում ՓՄՁ-ի զարգացման գործում: Քաղաքների և տարածաշրջանների համար տեխնոպարկերը տնտեսական զարգացման խթանման անհրաժեշտ և կարևոր գործիքներ են: Տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմիններն ակտիվ մասնակցություն են ունենում տեխնոպարկերի ստեղծման ու գործունեության հարցերում, որն ստեղծում է տարածքի տնտեսության կառուցվածքի բարելավման նախադրյալներ:
Նկատի ունենալով Գյումրի քաղաքի տնտեսության զարգացման դրական միտումները` սույն ծրագրով նպատակ է հետապնդվում նախադրյալներ ստեղծելու Գյումրի քաղաքի, իսկ հետագայում նաև Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի տնտեսական վերելքին օժանդակող ենթակառույցների ստեղծման համար: Ըստ էության, տեխնոպարկի ստեղծմամբ պետության կողմից փորձ է արվում հնարավորինս վերագործարկել մինչև աղետը եղած զարգացած գիտական, տեխնոլոգիական և արտադրական ենթակառուցվածքները, ինչը միաժամանակ կհանգեցնի մարզում լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը և մրցունակ արտադրանքի դուրսբերմանը` ներքին ու արտահանմանը` արտաքին շուկաներ:
Բարեփոխվող երկրներում և, հատկապես, դրանց մարզերում բացակայում են բարձր մակարդակի ենթակառուցվածքները, ամենից առաջ` հեռահաղորդակցման ոլորտում: Հաճախ, նույնիսկ լավ հեռահաղորդակցման համակարգի և տեղեկատվական միջավայրի առկայությամբ, բացակայում է այդ ենթակառուցվածքի ամենօրյա գործնական կիրառման մշակույթը: Տեխնոպարկն այդ առումով պետք է հագեցված լինի կապի և հաղորդակցման լավ միջոցներով (ինտերնետային ելքեր, տեղեկատու-որոնման համակարգեր, տեղեկատվական բազաներ, գործնական ուսուցման համապատասխան համակարգեր, զարգացած բիզնես-կոնտակտներ, այդ թվում` օտարերկրյա կոնտակտներ), որոնց միջոցով կարելի է գտնել գործընկերներ կամ ներդրողներ:
Միաժամանակ, տեխնոպարկերի ստեղծման և արդյունավետ գործունեության կարևոր պայման են տեղական ինքնակառավարման մարմինների շահագրգռվածությունը և ակտիվ մասնակցությունը ՓՄՁ-ի (ինչպես ինովացիոն, այնպես էլ ոչ տեխնոլոգիական) սուբյեկտների հիմնադրման ու հետագա զարգացման փուլերում, ինչն էլ կհանդիսանա նոր աշխատատեղերի ստեղծման և մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման կարևոր ուղղություն:
Տեխնոպարկի հաջողության ապահովման համար անհրաժեշտ է, որ այն համապատասխանի իր աշխարհագրական դիրքի և կազմակերպությունների տեղաբաշխվածության նվազագույն պահանջներին: ՓՄՁ-ի սուբյեկտների համար շատ կարևոր է դրանց տեղակայումը հեշտ վերակառուցելի շինություններում, նաև` միօրինակ հարմարանքների, սարքերի ու սարքավորումների հավաքածուի առկայությունը, ոչ ձևական շփումը և տեխնոպարկի կողմից կազմակերպությունների վարկանիշն ապահովելու հնարավորությունները:
Տեխնոպարկերի ստեղծման, գործունեության կազմակերպման և հետագա զարգացման միջազգային փորձի ուսումնասիրությունը, ինչպես նաև Գյումրի քաղաքի արդյունաբերական ու գիտաարտադրական վիճակի համեմատական վերլուծությունները թույլ են տալիս կատարել հետևյալ եզրակացությունները և առաջարկությունները`
անառարկելի է տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների ակտիվ մասնակցությունը տեխնոպարկի ստեղծման, գործունեության ծավալման և հետագա զարգացման հարցերում,
տեխնոպարկի ստեղծումը կհանդիսանա Գյումրու և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման կարևոր ուղղություն,
տեխնոպարկը Գյումրի քաղաքի համար իրավամբ կհանդիսանա որպես տնտեսական զարգացման անհրաժեշտ և կարևոր գործիք,
տեխնոպարկի կազմակերպական կառուցվածքում բիզնես-ինկուբատորի ներառմամբ` տեխնոպարկն իր վրա կվերցնի ՓՄՁ-ի սուբյեկտների աջակցման գործառույթները, կխթանի մրցունակ արտադրանքի դուրսբերումը` ներքին ու արտահանումը` արտաքին շուկաներ,
տեխնոպարկը կստանձնի շուկայի զարգացման կատալիզատորի դերը,
տեխնոպարկը, օժանդակելով նոր տեխնիկայի և տեխնոլոգիաների արագացված ներդրման կազմակերպմանը, հնարավոր կդարձնի ազգային շուկայական հարաբերությունները զարգացման որոշակի մակարդակի հասցնելը, առկա գիտաարտադրական ներուժի արդյունավետ իրացումը և, ամենակարևորը, այս պայմաններում նոր աշխատատեղերի ստեղծմամբ` արժանապատիվ սերնդափոխության ապահովումը:
I. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
1. Տեխնոպարկի գործունեության իրականացմանը պետական աջակցության 2008 թվականի ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակման և իրականացման հիմքը «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է:
2. Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել նաև`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը.
2) «Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում ինովացիոն համակարգի ձևավորման 2005-2010 թվականների ծրագրի մասին» N 1729-Ն որոշումը.
4) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 3-ի N ՆԿ-113-Ա կարգադրությունը ՏՏ-ի ոլորտի զարգացման հայեցակարգը և դրա իրականացման ժամանակացույցը մշակելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 28-ի «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը ճանաչելու մասին» արձանագրային որոշումը:
3. Առաջարկվող ծրագիրը համահունչ է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի N 100-Ն որոշմամբ հաստատված` Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի միջոցառումներին: Մասնավորապես, դա վերաբերում է 1.1-ին կետով սահմանված կայուն տնտեսական աճի ապահովման գերակայությանը, որտեղ սահմանված են հետևյալ միջոցառումները`
1) ազգային նորամուծական համակարգի ձևավորում.
2) գիտության և ինովացիոն գործունեության ֆինանսավորման վենչուրային համակարգերի ձևավորման խթանման համար համապատասխան օրենսդրական դաշտի ստեղծում.
3) գործարարության զարգացումը և ներդրումները խոչընդոտող ընթացակարգերի և այլ գործոնների վերլուծության հիման վրա գործողությունների ծրագրի մշակում և ներկայացում.
4) ՓՄՁ-ին պետական աջակցության ընդլայնում՝ ուղղված, առաջին հերթին, տարածաշրջաններում տնտեսական ակտիվության բարձրացմանը, ինչպես նաև արտահանման խրախուսմանը.
5) ՓՄՁ-ին աջակցության համակարգի ձևավորում, ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսական հնարավորությունների ընդլայնում և երկրում գործարար ակտիվության բարձրացում:
4. Նշված միջոցառումները, ինչպես բոլոր գործողությունները, ունեն արդյունքներ: Դրանք են`
1) նոր տեխնոլոգիաների ստեղծման խրախուսում և դրանց ներդրում.
2) գործարարության վարկավորման նոր մեխանիզմների առավել ընդգրկուն կիրառում.
3) առկա խնդիրների բացահայտում և լուծման համար պայմանների ստեղծում.
4) Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես, տարածաշրջաններում (մարզերում, համայնքներում) բնակչության զբաղվածության և բարեկեցության բարելավում.
5) ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության շարունակականության ապահովում, նոր աշխատատեղերի ստեղծում, համախառն ներքին արդյունքում (այսուհետ` ՀՆԱ) ՓՄՁ-ի սուբյեկտների մասնաբաժնի ավելացում:
II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
1. Տեխնոպարկի հիմնական նպատակներից է աջակցելը տեղեկատվական տեխնոլոգիաների (այսուհետ` ՏՏ) ոլորտի ընկերությունների ստեղծմանը և զարգացմանը Գյումրիում: Հաշվի առնելով Գյումրիում ՏՏ-ի ոլորտում ձեռներեցության ներկա անբավարար մակարդակը` տեխնոպարկը սերտորեն կաշխատի ՏՏ-ի ոլորտի արտասահմանյան կազմակերպությունների մասնաճյուղերի և տեղական մասնավոր ընկերությունների հետ` սկսնակ կազմակերպություններ ու գիտահետազոտական լաբորատորիաներ հիմնելու նպատակով: Այս կազմակերպությունները և գիտահետազոտական լաբորատորիաները որպես խթանիչներ կհանդիսանան Գյումրիում ՏՏ-ի ձեռներեցությունը զարգացնելու, ՏՏ-ի մասնագիտությունների նկատմամբ ուսանողների հետաքրքրությունը մեծացնելու, բարձր վարձատրվող նոր աշխատատեղեր ստեղծելու և Երևանի ռեսուրսներից ՏՏ-ի ընկերությունների կախվածությունը նվազեցնելու համար: Նախատեսվում է, որ այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Մայքրոսոֆթը», «Սան Մայքրոսիսթեմսը», «Նեյշնլ Ինսթրումենթսը» և այլն, կհամագործակցեն տեխնոպարկի հետ և կհիմնեն ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիաներ Գյումրիում: Լաբորատորիաները կանցկացնեն ուսումնական դասընթացներ, կիրականացնեն գիտահետազոտական ծրագրեր` ստեղծելով անհրաժեշտ միջավայր ապագա սկսնակ կազմակերպությունների համար, որոնք հիմնված կլինեն այդ լաբորատորիաների փորձի և վերապատրաստում անցած կադրերի վրա: Այս ծրագրերի իրականացմանը սատարելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը, մասնավորապես, կաջակցի ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաների ստեղծմանը, ինչպես նաև լաբորատորիաներին կտրամադրի հետազոտական դրամաշնորհներ` կադրերի վերապատրաստման, արտադրանքի մշակման և նոր գիտելիքների ձեռքբերման նպատակով:
2. Ծրագրի իրականացման նպատակը տեխնոպարկի միջոցով ինովացիոն համակարգի ձևավորումն է: Միաժամանակ, տեխնոպարկի գործունեության իրականացմանը պետական աջակցության ծրագիրն ունի հետևյալ ենթանպատակները`
1) արտադրական և գիտական սուբյեկտների մտավոր, տեղեկատվական, նյութատեխնիկական ու ֆինանսական ռեսուրսների ինտեգրում և ակտիվացում` մարզի ու հանրապետության գիտաարտադրական ներուժի զարգացման համար.
2) մարզում ՓՄՁ-ի սուբյեկտների ստեղծման ու զարգացման պայմանների և բարենպաստ միջավայրի ձևավորում.
3) մասնակցություն շուկայական տնտեսական այնպիսի մեխանիզմների ձևավորմանը, որոնք կխթանեն մրցունակ ապրանքների արտադրությունը.
4) առաջադեմ տեխնոլոգիաների ձեռքբերմանն աջակցելու նպատակով ներդրումային միջոցների ներգրավում (այդ թվում` օտարերկրյա).
5) գիտատար արտադրանք նախաձեռնողներին և արտադրողներին` հասցեական աջակցության տրամադրում.
6) գիտատեխնիկական, մտավոր և կադրային ներուժի պահպանման ու զարգացման պայմանների ձևավորում, երիտասարդ կադրերի պատրաստում.
7) օրինակելի նախատիպ հանդիսանալը հանրապետության այլ տարածքներում և մարզերում տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող տեխնոպարկերի և ինկուբատորների ստեղծման համար:
3. Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում են`
1) մարզում նոր աշխատատեղերի ստեղծում,
2) բնակչության արտահոսքի կրճատում ու ներհոսքի խթանում` ինչպես երկրից դուրս, այնպես էլ` մարզից մայրաքաղաք.
3) Հայաստանի Հանրապետությունում կայուն տնտեսական զարգացմանը, տարածքային համաչափ զարգացմանը, աղքատության հաղթահարմանը նպաստելը:
III. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Ծրագիրն իրականացվում է պետական և մասնավոր հատվածների սերտ համագործակցությամբ` որպես պետական աջակցություն տեխնոպարկում ներգրավված և դրա գործունեության արդյունքում ձևավորվելիք կազմակերպություններին:
IV. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
1. Տեխնոպարկի գործունեության իրականացման համար նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ, մասնավորապես`
1) ծրագրի ընդհանուր կառավարման համար կձևավորվի թիմ, որի կազմում կներգրավվեն մասնագետներ` ինչպես պետական հատվածից և այլ գործընկեր կազմակերպություններից, այնպես էլ` վճարովի խորհրդատուներ: Թիմը կվերահսկի տեխնոպարկի գործունեությունը` նախապատրաստական շրջանից մինչև մեկնարկային փուլը` տրամադրելով անհրաժեշտ աջակցություն և խորհրդատվություն` կապված տեխնոպարկի ենթակառուցվածքի ձևավորման ու գործարկման հետ.
2) կմշակվի բիզնես-պլան, որը կներառի տեխնոպարկի վերաբերյալ գործառնական և ֆինանսական բոլոր մանրամասները: Բիզնես-պլանի մշակման համար պատասխանատու թիմը կանցկացնի հնարավոր միջազգային գործընկեր ընկերությունների, տեղական կազմակերպությունների, բուհերի, ուսանողների, կապի ենթակառուցվածքի և այլ ոլորտների հետազոտություն, որը կօգնի ձևավորել տեխնոպարկի կողմից մատուցվելիք նպատակային ծառայությունների և արտադրանքի ցանկը.
3) ծրագիրը կառավարող թիմը պետք է գտնի վստահելի գործընկերներ, որոնք կցուցաբերեն զգալի աջակցություն` ոչ միայն ֆինանսական առումով, այլև խորհրդատվության, կապերի հաստատման, մասնագիտական օգնության տեսանկյունից:
Կիրականացվի տեխնոպարկի արդյունավետ գործունեության համար տարածքների և ներգրավված կառույցների (կրթական և այլ) ընտրություն, ինչպես նաև տեխնոպարկի կազմում ընդգրկված կառույցների միջև անհրաժեշտ հեռահաղորդակցության ցանցի և տեխնոպարկի վեբ կայքի նախագծում.
4) տեխնոպարկի գործունեության իրականացման համար սույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է համաֆինանսավորում ծրագրի հետևյալ բաղադրիչներին`
ա. նախապատրաստական փուլի կառավարում
Այս միջոցառման շրջանակներում կվարձակալվեն խորհրդատուներ` ծրագրի ընդհանուր կառավարման նպատակով ձևավորվելիք թիմում ընդգրկման նպատակով,
բ. ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաների հիմնում` տեղական և միջազգային ճանաչում ունեցող ընկերությունների հետ համատեղ
Ծրագիրը կհամագործակցի իր գործընկերների հետ` գիտահետազոտական և ուսումնական լաբորատորիաների ստեղծման գործում: Նպատակը մի շարք գործընկերների հետ, օրինակ, «Մայքրոսոֆթ», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Սան Մայքրոսիսթեմս», «Սինոփսիս» և այլն, համատեղ լաբորատորիաներ հիմնելն է: Լաբորատորիաները կստեղծվեն Գյումրիում, մասնավորապես, պետական ճարտարագիտական համալսարանի մասնաճյուղի հենքի վրա: Այս միջոցառման իրականացման նպատակով պետությունը կհամաֆինանսավորի` մինչև 50 տոկոսի չափով,
գ. դրամաշնորհներ` գիտահետազոտական ծրագրերի համար
Գիտահետազոտական աշխատանքների և սկսնակ կազմակերպությունների զարգացումը խթանելու նպատակով ծրագիրը կտրամադրի հատուկ գիտահետազոտական դրամաշնորհներ, որոնք մրցութային կարգով կհատկացվեն Գյումրիում գործող գիտահետազոտական լաբորատորիաներին և սկսնակ կազմակերպություններին:
V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
1. Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով, որպես ծրագրի իրականացմանը պետական աջակցության կողմնորոշիչ, սահմանվել է չափաքանակ` 80,000.0 հազ. դրամ:
2. Ծրագրում ներառված միջոցառումները կհամաֆինանսավորվեն նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 7-ի N 957-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈՊԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
(հազ. դրամ) |
NN |
Ծրագրով նախատեսված միջոցառումների անվանումները, |
2008 թվականի ֆինանսավորման սահմանագումարը | |||||
միջոցառման անվանումը |
միջոցառման նկարագիրը |
միջոցառման վերջնական արդյունքը |
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն |
տարի | |
1. | Նախապատրաստական փուլի կառավարում | ծրագրի կառավարման թիմում ներգրավվող խորհրդատուների վարձակալության համաֆինանսավորում | տեխնոպարկի գործունեության բիզնես-պլան | 0 | 3000 | 6000 | 9000 |
2. | Ուսումնական և գիտահետազո- տական լաբորատորիաների հիմնում` տեղական և միջազգային ճանաչում ունեցող ընկերությունների հետ համատեղ |
մի շարք գործընկերների հետ, օրինակ, «Մայքրոսոֆթ», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Սան Մայքրոսիսթեմս», «Սինոփսիս» և այլն, համատեղ լաբորատորիաների հիմնման համաֆինանսավորում |
ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաներ (մինչև 3) |
12000 | 30000 | 30000 | 30000 |
3. | Դրամաշնորհներ` գիտահետազոտական ծրագրերի համար | գիտահետազոտական աշխատանքների և սկսնակ կազմակերպությունների զարգացումը խթանելու նպատակով տրամադրվող հատուկ գիտահետազոտական դրամաշնորհների համաֆինանսավորում |
գիտահետազոտական ծրագրեր (մինչև 10) | 0 | 3000 | 24000 | 41000 |
Ընդամենը | 12000 | 36000 | 60000 | 80000 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|