Գլխավոր տեղեկություն
Համար
N 111-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (06.01.2005-11.07.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.09.20/21(169) Հոդ.282
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
16.09.2004
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.09.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.10.2017

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

17 սեպտեմբերի 2004 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60004239

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

16 սեպտեմբերի 2004 թ.
ք. Երևան 

N 111-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԻՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի օգոստոսի 30-ի N 56-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման N 0092 լիցենզիայի պայմանները հաստատելու մասին» N 79-Ա որոշմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տրված էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման N 0092 լիցենզիայի պայմանների 4.42 կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել հատուկ հաշվից վճարումներ կատարելու և երաշխիքային գումարն օգտագործելու կարգը (հավելված):

2. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգին համապատասխան կնքված հատուկ հաշվի և երաշխիքային գումարի հաշվի սպասարկման ու գրավի պայմանագրերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 10-օրյա ժամկետում:

3. Սահմանել, որ մինչև 10 ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող էլեկտրական էներգիա արտադրող ընկերությունները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ գրավի պայմանագիր չեն կնքում:

4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի դեկտեմբերի 10-ի «Հատուկ հաշվից վճարումներ կատարելու և երաշխիքային գումարն օգտագործելու կարգը հաստատելու մասին» N 89-Ն և Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի հունիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի դեկտեմբերի 10-ի N 89-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 36-Ն որոշումները:

5. Մինչև 2004 թվականի հոկտեմբերի 1-ն առաքված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները կատարվում են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող կարգով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հոկտեմբերի 1-ից:

(6-րդ կետը փոփ. 30.11.04 N 156-Ն)

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`
Ռ. Նազարյան

 

Հավելված

 

 

Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2004 թվականի սեպտեմբերի 16-ի
N 111-Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԻՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ

 

1. Համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 1-ի N 79-Ա որոշմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տրված էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման N 0092 լիցենզիայի պայմանների 4.22, 4.39, 4.40 և 4.41 կետերի, արտադրողներին և շուկային ծառայություններ մատուցող ընկերություններին առաքված էլեկտրական էներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների դիմաց երաշխավորված վճարումներ ապահովելու համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկում բացում է հատուկ հաշիվ և գրավադրում երաշխիքային գումար կամ ներկայացնում է հանձնաժողովի հետ համաձայնեցված բանկային երաշխիք` անհրաժեշտ երաշխիքային գումարի չափով (այսուհետ` երաշխիքային գումար)` որպես նախորդ ամսվա վերջի դրությամբ առկա պարտքերի վճարումն ապահովելու լրացուցիչ միջոց: Երաշխիքային գումարը 2004 թվականից սկսած կազմում է նախորդ տարվա միջին ամսական գնված էլեկտրական էներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների ընդհանուր գումարի 10%-ը: Հատուկ հաշիվը և երաշխիքային գումարի հաշիվը սպասարկող բանկերի ընտրությունը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ:

2. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության` սույն կարգի 1-ին կետում նշված հատուկ հաշվի և երաշխիքային գումարի հաշվի սպասարկման պայմանագրերը և դրանցում կատարվող փոփոխությունները նախապես համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ:

3. Հատուկ հաշվի միջոցները և գրավադրված երաշխիքային գումարը կառավարվում են սույն կարգին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տրված լիցենզիայի պայմաններին և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված պայմանագրերի օրինակելի ձևերին համապատասխան:

4. Սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողների կատարած բոլոր դրամական վճարումները մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բացած տարանցիկ հաշիվներին: Այդ հաշիվներում սպառողներից մուտքագրված գումարները, համաձայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության և բանկերի միջև կնքված պայմանագրերի, մեկ բանկային օրվա ընթացքում փոխանցվում են հատուկ հաշվին: Տարանցիկ հաշվից հատուկ հաշվին փոխանցումից բացի այլ վճարում չի կարող իրականացվել, ինչը ամրագրվում է տարանցիկ հաշիվների սպասարկման պայմանագրերում: Կնքված պայմանագրերը, բացված տարանցիկ հաշիվների ցանկը և հետագայում դրանցում կատարվող բոլոր փոփոխությունները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:

5. Գնված էլեկտրական էներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների դիմաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության դրամային վճարումները կարող են իրականացվել միայն հատուկ հաշվի միջոցով` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության վճարման հանձնարարագրերի հիման վրա:

6. Վճարման պահին, բայց ոչ ուշ, քան պայմանագրերով սահմանված ժամկետը, հատուկ հաշվում միջոցների անբավարար լինելու դեպքում, այդ հաշիվն սպասարկող բանկը, առանց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության համաձայնության, պակասը լրացնում է երաշխիքային գումարից` սույն կարգին և պայմանագրին համապատասխան: Այն դեպքում, երբ երաշխիքային գումարը չի բավարարում վճարումներն ապահովելու համար, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է մինչև վճարման պահը հատուկ հաշվին փոխանցել պակասող գումարը: Նշված երաշխիքային գումարի սպառման կամ մասնակի օգտագործման դեպքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է եռօրյա ժամկետում լրացնել սահմանված չափաքանակը:

7. Յուրաքանչյուր ամսվա հինգից հատուկ հաշվին մուտքագրված գումարները համարվում են գրավադրված էլեկտրական էներգիա (հզորություն) արտադրող և շուկային ծառայություններ մատուցող ընկերությունների օգտին` որպես նախորդ ամսվա վերջի դրությամբ առկա պարտքերի վճարումն ապահովելու միջոց, որը ամրագրվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության և էլեկտրական էներգիա (հզորություն) արտադրող և շուկային ծառայություններ մատուցող ընկերությունների միջև կնքվող գրավի պայմանագրում (պայմանագրերում): Գրավի պայմանագիրը (պայմանագրերը), ինչպես նաև նրանում (նրանցում) կատարվող փոփոխությունները և լրացումները համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ: Գրավադրումը դադարում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից նախորդ ամսվա վերջի դրությամբ առկա դրամական պարտավորությունների ամբողջական կատարումից հետո: Նշված գործառույթի իրականացումից հետո միայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը կարող է տնօրինել հատուկ հաշվի գումարներն ու փոխանցել իր ընթացիկ հաշվին:

8. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը յուրաքանչյուր ամիս, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած ձևերին համապատասխան, հատուկ հաշվի գումարների շարժի մասին հաշվետվություն է ներկայացնում հանձնաժողով:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան