Գլխավոր տեղեկություն
Համար
N 484
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (05.03.2001-28.05.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.08.08/40(564)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.07.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.07.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.08.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.01.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հուլիսի 2000 թվականի N 484
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի մայիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» հրամանագրի կատարման միջոցառումների մասին» N 289 որոշման`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կոլեգիայի թիվը` 13 մարդ:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների առավելագույն թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի ապրիլի 18-ի N 202 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման հավելվածի «14. ՀՀ գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարություն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

190 3 1»:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 15-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը և կոլեգիայի անդամների թիվը հաստատելու մասին» N 202 որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի ապրիլի 18-ի N 202 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 220 որոշումը:

 

ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թ.
հուլիսի 26-ի N 484 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետև` նախարարություն) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է:

2. Նախարարությունը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և իր խնդիրները լուծելու նպատակով իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորություններ:

Նախարարությունն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից իր գործողություններով կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ, ինչպես նաև հանդես գալ դատարանում:

3. Նախարարությունն իր իրավասության սահմաններում ընդունում է գերատեսչական նորմատիվ ակտեր:

4. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ:

5. Նախարարության կենտրոնական ապարատի պահպանման և գործունեության համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

II. Նախարարության խնդիրներն ու գործառույթները

 

6. Նախարարության ագրոպարենային ոլորտի (այսուհետև` ոլորտ) խնդիրներն ու գործառույթներն են`

ա) ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության իրականացումը.

բ) գիտատեխնիկական միասնական քաղաքականության հիման վրա Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական պոտենցիալի առավելագույնս օգտագործման և դրա հիման վրա գյուղատնտեսության զարգացման, գյուղատնտեսական գործունեության արդյունավետության բարձրացման աշխատանքների կազմակերպման ապահովումը.

գ) ոլորտում կատարվող գործընթացների համալիր վերլուծությունների, համապատասխան կանխատեսումների հիման վրա ագրարային և ինվեստիցիոն քաղաքականության հիմնադրույթների, հայեցակարգերի, ծրագրերի մշակումն ու իրականացումը, շուկայական հարաբերությունների ձևավորման և համապատասխան ենթակառուցվածքների զարգացման գործընթացին մասնակցությունը.

դ) օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման գործընթացի նախապատրաստման աշխատանքներին մասնակցությունը.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով մարզպետարանների համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների, մարզային ենթակայության կազմակերպությունների գործունեության տեսչական ստուգումների անցկացումը.

զ) ոլորտում ձեռնարկատիրական գործունեությանը նպաստող համալիր ծրագրերի մշակումն ու իրականացումը.

է) ոլորտին առնչվող օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակումը.

ը) մարքեթինգային գործունեության կազմակերպման ու իրականացման միջոցով հայրենական արտադրողների շահերի պաշտպանությունը և գյուղատնտեսական մթերքների ու հումքի ներմուծման և արտահանման հաշվեկշռի բարելավումը.

թ) օրենքով սահմանված կարգով հակամենաշնորհային քաղաքականության իրականացման միջոցառումների իրագործումը, կոոպերացիայի զարգացումը, շուկային արագ հարմարվող վերամշակող արդյունաբերության վերագործարկման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, ոլորտում տեխնոլոգիական քաղաքականության վարումը.

ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական պատվերով կատարվող կապիտալ ներդրումների հաշվին շինարարական աշխատանքների իրականացումը և դրանց նկատմամբ վերահսկողությունը.

ժա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակմանը մասնակցությունը և հատկացված բյուջետային միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողությունը.

ժբ) իր իրավասության սահմաններում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ արտադրական, առևտրատնտեսական ու գիտատեխնիկական համագործակցության միջազգային ծրագրերի մշակումը և իրականացումը.

ժգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ոլորտին վերաբերող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի նախապատրաստմանը մասնակցությունը.

ժդ) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության պարենային ապահովության քաղաքականության ծրագրերի մշակումը և կատարման նկատմամբ վերահսկողությունը.

ժե) սերմնաբուծական, ձկնաբուծական և տոհմային տնտեսություններին աջակցելը, գյուղատնտեսական մշակաբույսերի կարանտին հիվանդությունների ու առավել վնասակար օրգանիզմների դեմ պայքարի, հակահամաճարակային անասնաբուժական սպասարկումների կազմակերպումը, կարանտինային սահմանափակումների իրականացումը.

ժզ) օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում սելեկցիոն նվաճումների փորձաքննության, գրանցման, արտոնագրման, փորձարկման և իրավական պահպանության իրականացումը.

ժէ) նյութատեխնիկական մատակարարումների, արտադրական ու ջրատնտեսական սպասարկումների բարեփոխման միջոցառումների իրականացումը, նոր տեխնոլոգիաների և գյուղատնտեսական մեքենաների ձեռքբերման գործընթացի կարգավորումը, բարձր տեխնոլոգիաների ներդրմանն աջակցումը.

ժը) բնակավայրերի գլխավոր հատակագծերի կազմման սկզբունքների մշակմանը մասնակցությունը`

բնակավայրերի գլխավոր հատակագծերի վերաբերյալ եզրակացության տրամադրումը.

հողերի օգտագործման սխեմաների կազմման սկզբունքների մշակմանը մասնակցությունը, դրանց տեխնիկական առաջադրանքի վերաբերյալ եզրակացությունների տրամադրումը.

հողերի օգտագործման սխեմաների մշակումն ապահովող նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի նախապատրաստումը և սահմանված կարգով հաստատումը.

հողերի օգտագործման սխեմաների վերաբերյալ եզրակացության տրամադրումը.

գյուղատնտեսական հողատեսքերի բերրիության և այլ օգտակար հատկությունների վերականգնման, կուլտուր-տեխնիկական միջոցառումների իրականացման, նոր հողերի իրացման աշխատանքների կազմակերպման, բնական կերահանդակների բարելավման, արոտների ջրարբիացման, խախտված հողերի վերականգնման աշխատանքներին սահմանված կարգով մասնակցությունը.

գյուղատնտեսական գոտիներին բնորոշ օրինակելի ցանքաշրջանառությունների կառուցվածքների, ագրոտեխնիկական միջոցառումների ձևերի ու կիրառման եղանակների մշակումը և մարզերին ու համայնքներին առաջարկություններ տրամադրելը.

հողային քաղաքականության, հողային ռեսուրսների կառավարման (հողաշինարարության) սկզբունքների մշակմանը մասնակցությունը` գյուղատնտեսական հողերի օգտագործման մասով.

սահմանված կարգով հողերի օգտագործման նկատմամբ գյուղատնտեսական սահմանափակումների, հատուկ կարգավորման դրույթների, պաշտպանական գոտիների, ագրարային կանոնների մշակումը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.

մարզի տարածքի հողերի առկայության և բաշխման վերաբերյալ կազմված հողային հաշվեկշիռը համաձայնեցման ներկայացնելը.

սահմանված կարգով հանրապետության գյուղատնտեսական (այդ թվում` գյուղատնտեսական հողատեսքերի) բազմաբնույթ կադաստրի վարումը.

գյուղատնտեսական նշանակության հողերի գնահատման մեթոդիկայի մշակմանը մասնակցությունը, գյուղատնտեսական հողատեսքերի հողագիտական, երկրաբուսաբանական հետազոտությունների և դրանց համակարգված դիտարկումների իրականացումը:

ժթ) իր իրավասության սահմաններում ջրային ռեսուրսների պետական կառավարումը, միջպետական, միջմարզային ու միջհամայնքային ջրաբաշխման իրականացումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրային կադաստրի վարումը:

Ջրատնտեսական համակարգերի (ոռոգում, ցամաքեցում, ջրարբիացում), ինչպես նաև հատուկ ռազմավարական նշանակություն ունեցող ջրամբարների ու թունելների շահագործման կազմակերպումը, ջրատնտեսական համակարգերի, ջրամբարների, թունելների ու դրանց ջրատեխնիկական կառուցվածքների նորոգումն ու պահպանումը, ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի պահպանումը, հակահեղեղային միջոցառումների իրականացումը, ոռոգման ջրի անխափան մատակարարման կազմակերպումը.

ի) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիաների տրամադրումը և դրանց պայմանների կատարման նկատմամբ վերահսկողությունը.

իա) սննդամթերքի անվտանգությունն ապահովող տեխնոլոգիական սարքավորումներով անհրաժեշտ հագեցվածության և արտադրության ընթացքում տեխնոլոգիական նորմերի և պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը.

իբ) գիտատեխնիկական առաջընթացի հիմնական ուղղությունների որոշումը, համակարգի գիտահետազոտական հաստատությունների, Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի և այլ ուսումնական հաստատությունների ու խորհրդատվական կազմակերպությունների միջոցով ոլորտի գիտության և կրթության ապահովման կազմակերպումը, գիտահետազոտական աշխատանքների պետական պատվերների ձևավորումը, խորհրդատվական ծառայությունների մատուցումը, կադրերի պատրաստման, վերապատրաստման ու մասնագիտական որակավորման բարձրացման կազմակերպումը.

իգ) օրենքով սահմանված կարգով ագրարային տեսչական վերահսկողության իրականացումը.

իդ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բաժնետիրական ընկերություններում պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինումը.

իե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և գործառույթների իրականացումը:

 

III. Նախարարության աշխատանքի կազմակերպումը

 

7. Նախարարության համակարգն ընդգրկում է իր ենթակայության գերատեսչությունների և պետական հիմնարկների ամբողջությունը:

8. Նախարարությունը`

ա) Հայաստանի Հանրապետության այլ նախարարությունների, գերատեսչությունների և պետական կառավարման տարածքային մարմինների հետ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն` ոլորտին վերաբերող հարցերի լուծման նպատակով.

բ) Հայաստանի Հանրապետության անունից իրականացնում է համակարգի պետական գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման լիազորությունները.

գ) անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության այլ նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ.

դ) ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան ոլորտում, մշակում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ և դրանք սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին.

ե) ոլորտի կառավարմանը վերաբերող բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպվում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման սկզբունքի հիման վրա` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պարտականությունների և պատասխանատվության ճշտորոշ սահմանմամբ.

զ) կազմակերպում է նախարարության կենտրոնական ապարատի և համակարգի աշխատողների մասնագիտական ուսուցում ու որակավորման ստուգում, մասնակցում ոլորտի աշխատողների մասնագիտական համապատասխանության և որակավորմանն առաջադրվող պահանջների սահմանման գործին, համակարգում ղեկավար կադրերի ընտրության, տեղաբաշխման ու մասնագիտական որակավորման բարձրացման աշխատանքները.

է) կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների ու բողոքների) ժամանակին քննարկումը, ապահովում այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծումը, իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում աշխատանքներում տեղ գտած թերությունները վերացնելու համար:

9. Նախարարությունը գլխավորում է նախարարը, որին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:

10. Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

11. Նախարարը`

ա) պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար.

բ) արձակում է հրամաններ, տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է համակարգի պետական հիմնարկների և պաշտոնատար անձանց համար.

գ) սահմանում է նախարարի տեղակալների, նախարարության կենտրոնական ապարատի վարչությունների ու բաժինների պետերի և մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասությունների սահմանները.

դ) կատարում է նախարարի տեղակալների միջև պարտականությունների բաշխում.

ե) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թիվը.

զ) հաստատում է նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների և նախարարության համակարգի պետական հիմնարկների կանոնադրությունները.

է) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կոլեգիայի անդամների թիվը և անհատական կազմը.

ը) կազմակերպում և ղեկավարում է նախարարության կոլեգիայի նիստերը.

թ) սահմանված կարգով աշխատանքային պայմանագրեր է կնքում նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների, պետական հիմնարկների ղեկավարների հետ.

ժ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

12. Նախարարի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը:

13. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են նախարարը (նախագահ), նախարարի տեղակալները` ի պաշտոնե, և նախարարության այլ ղեկավար աշխատողներ:

14. Նախարարության կոլեգիան իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում ոլորտի զարգացման հիմնական հարցերը և նախարարության գործունեությանն առնչվող այլ հարցեր, քննարկում համակարգի գործնական ղեկավարման, ղեկավար կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների ու հրահանգների նախագծերը, լսում նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների, հիմնարկների գործունեության վերաբերյալ հաշվետվությունները և նախարարության լիազորությունների հետ կապված այլ հարցեր:

15. Նախարարության կոլեգիայի նիստը գումարվում է առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` նախարարի հաստատած` կոլեգիայի աշխատանքի կազմակերպման կարգին համապատասխան:

16. Կոլեգիայի նիստերին կոլեգիայի անդամների ներկայությունը պարտադիր է:

Կոլեգիայի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է կոլեգիայի անդամների կեսից ավելին:

Կոլեգիայի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ և կենսագործվում նախարարի հրամաններով:

17. Նախարարի և կոլեգիայի անդամների միջև տարաձայնությունների առկայության դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը` ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության վարչապետին:

18. Նախարարությունը գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, ոլորտում հիմնավորված միասնական գիտատեխնիկական քաղաքականություն իրականացնելու և տնտեսավարման շուկայական ձևերն արմատավորելու վերաբերյալ հանձնարարականներ մշակելու համար ստեղծում է գիտատեխնիկական խորհուրդ` կազմված մասնագետներից, փորձագետներից (այդ թվում` օտարերկրյա), ինչպես նաև գիտատեխնիկական ընկերությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից:

19. Գիտատեխնիկական խորհրդի կազմը և խորհրդի կանոնադրությունը հաստատում է նախարարը:

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թ.
հուլիսի 26-ի N 484 որոշմամբ

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կենտրոնական ապարատի

 

Նախարարի աշխատակազմ

Ագրարային քաղաքականության զարգացման վարչություն

Ագրոբիզնեսի զարգացմանն աջակցության վարչություն

Գյուղատնտեսական արտադրության զարգացման գլխավոր վարչություն

Սննդի և վերամշակող արդյունաբերության զարգացման գլխավոր վարչություն

Գյուղատնտեսության սպասարկումների վարչություն

Գիտության և կրթության վարչություն

Հողաշինարարության վարչություն

Ջրատնտեսական ենթակառուցվածքների զարգացման վարչություն

Լիցենզավորման և որակի հսկողության վարչություն

Ֆինանսաբյուջետային վարչություն

Անասնաբուժական պետական տեսչություն

Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչություն

Երկրագործության պետական տեսչություն

(Տողը հանվել է 06.02.01 N 97)

Իրավաբանական վարչություն

Հաշվապահական հաշվառման վարչություն

Արտաքին կապերի վարչություն

Վարչատնտեսական վարչություն

Առաջին բաժին