Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-761
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.09.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.10.01/60(650) Հոդ.1012
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
12.09.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.09.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2008

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

12 սեպտեմբերի 2008 թ.

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2008 թվականի մայիսի 27-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև ֆինանսական արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 05.08.2008 թ. դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Արձանագրությունն ստորագրվել է 2008 թվականի մայիսի 27-ին՝ Երևանում: Արձանագրության նպատակն է սերտացնել բարեկամության և համագործակցության կապերը երկու երկրների միջև և նպաստել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացմանը:

2. Սույն արձանագրությամբ նախատեսված 24 900 000 (քսանչորս միլիոն ինը հարյուր հազար) եվրոյի չափով ֆինանսական օժանդակությունը հատկացվում է Երևան քաղաքի խմելու ջրի համակարգի բարելավման և մաքրման համար: Ֆինանսական օժանդակությունը բաղկացած է Ֆրանսիայի կառավարության 500 000 (հինգ հարյուր հազար) եվրո առավելագույն չափի դրամաշնորհից և Ֆրանսիայի կառավարության 24 400 000 (քսանչորս միլիոն չորս հարյուր հազար) եվրո առավելագույն գումարի փոխառությունից:

3. Ֆինանսական արձանագրությունը սահմանում է ֆինանսավորման կառուցվածքը, ծրագրի ֆինանսավորման պայմաններն ու եղանակները, փոխառության ժամկետները և մարման կարգը, գանձվող տոկոսագումարները, վճարման և գործարքների հաշվեգրանցման կարգը:

4. Ֆինանսական արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

 համաֆինանսավորել ֆինանսական արձանագրության մեջ նկարագրված ծրագիրը 2 400 000 (երկու միլիոն չորս հարյուր հազար) եվրո գումարի չափով,

 հարկում չկիրառել փոխառության պարտքի սպասարկման վճարումների (հիմնական գումարի մարում, տոկոսի վճար, ծախսեր և վճարումներ) նկատմամբ,

 հիմնական գումարը կամ տոկոսը ժամանակին չվճարելու դեպքում վճարել մորատորիումային տոկոսներ՝ ֆինանսական արձանագրությամբ սահմանված չափերով և պայմաններով,

 ընդունել մյուս կողմի գնահատող առաքելությանը և դրա համար հեշտացնել ծրագրին առնչվող տեղեկատվությունների մատչելիությունը:

5. Ֆինանսական արձանագրությունը ֆինանսական օժանդակության հատկացման վերջնաժամկետ է սահմանում 2013 թ. հունիսի 30-ը, իսկ հաշվարկային և վճարային միջոց՝ եվրոն:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2008 թվականի մայիսի 27-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև ֆինանսական արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

12 սեպտեմբերի 2008 թ.
ՍԴՈ-761

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան