«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 հուլիսի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 05008230
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
3 հունիսի 2008 թ. |
թիվ 171-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 311-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածը, 60-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի ««Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը» կանոնակարգ 3/02-ը հաստատելու մասին» թիվ 311-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը» կանոնակարգ 3/02-ում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Հավելվածի 2-րդ կետի 2.1-րդ ենթակետի «համալրված կանոնադրական կապիտալի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը» բառերը փոխարինել «համալրված կանոնադրական կապիտալի նվազագույն չափը,» բառերով:
2) Հավելվածի 2-րդ կետի 2.4-րդ ենթակետի «ապահովագրական ռիսկերի գծով» բառերը փոխարինել «ապահովագրական մեկ ռիսկի» բառերով:
3) Հավելվածի 4-րդ կետի 4.2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«4.2) 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ և դրանից հետո՝ հինգ հարյուր միլիոն (500 000 000) դրամ գումար, բացառությամբ սույն կանոնակարգի 4.3-րդ ենթակետով սահմանված դեպքերի,»:
4) Հավելվածի 2-րդ գլուխը լրացնել 4.3 և 4.4 ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ՝
«4.3) 2009 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ստեղծվող ապահովագրական և վերաապահովագրական ընկերության համար, ինչպես նաև 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ և դրանից հետո գործող ապահովագրական և վերաապահովագրական ընկերության համար սահմանվում են ընդհանուր կապիտալի նվազագույն հետևյալ չափերը.
ա. մեկ միլիարդ (1 000 000 000) դրամ գումար, եթե ընկերությունն ունի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «1-9»-րդ, «16-18»-րդ կետերով սահմանված ոչ կյանքի ապահովագրության մեկ կամ մի քանի դասերով ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա.
բ. մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն (1 500 000 000) դրամ գումար, եթե ընկերությունն ունի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «10-15»-րդ կետերով սահմանված ոչ կյանքի ապահովագրության մեկ կամ մի քանի դասերով ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա.
գ. մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն (1 500 000 000) դրամ գումար, եթե ընկերությունն ունի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի «1-6»-րդ կետերով սահմանված կյանքի ապահովագրության մեկ կամ մի քանի դասերով ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա
դ. մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն (1 500 000 000 ) դրամ գումար, եթե ընկերությունն ունի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դասերով ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա:
4.4) Միաժամանակ մի քանի դասերով ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերության համար ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է տվյալ դասերի համար 4.3-րդ ենթակետի ա-դ պարբերություններում սահմանված չափերից առավելագույնը:»:
5) Հավելվածի 5-րդ կետը «ընդհանուր կապիտալի» բառերից հետո լրացնել «միջին օրական» բառերով:
6) Հավելվածի 2-րդ գլուխը լրացնել 9.1. կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«9.1. Հիմնական տնտեսական նորմատիվների և չբաշխված շահույթի հաշվարկում վարկերի ու դեբիտորական պարտքերի, ինչպես նաև ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստներն ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 25-ի թիվ 73-Ն որոշմամբ ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2008 թվականի ապրիլի 14-ի թիվ 285-Ն հրամանով հաստատված «Ապահովագրական ընկերությունների ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման և օգտագործման կարգը» Կանոնակարգ 3/09-ին համապատասխան հաշվարկված գումարների չափով:»:
7) Հավելվածի 3-րդ գլուխը լրացնել 10.1. կետով` հետևյալ բովանդակությամբ.
«10.1. Հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծությունը սույն կանոնակարգի 11-րդ կետի 11.1-11.3 ենթակետերում նշված մեծությունների հանրագումարն է:»:
8) Հավելվածի 11-րդ կետի 11.3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«11.3) չբաշխված շահույթ (վնաս):»:
9) Հավելվածի 12-րդ կետի 12.5-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«12.5) ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող, ապահովագրական գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների և դրանց վրա կատարված կապիտալ ներդրումների (ներառյալ գրավի տնօրինումից, սուբրոգացիայից և այլ պահանջներից առաջացած սեփականացված նյութական ակտիվների, այդ թվում` շահագործումից դուրս գտնվող) հաշվեկշռային արժեքի չափով, այդ ակտիվներն օրենքով սահմանված կարգով ապահովագրական ընկերության սեփականությունը համարվելու յոթերորդ ամսվանից սկսած.»:
10) Հավելվածի 12-րդ կետի 12.7 ենթակետի «հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության (վճարված կանոնադրական կապիտալի, ներառյալ՝ բաժնետոմսերի հավելավճարի, գլխավոր պահուստի և չբաշխված շահույթի (եկամուտների պահուստի) հանրագումար) 25 տոկոսը գերազանցող գումարի չափով.» բառերը փոխարինել «հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 25 տոկոսը գերազանցող գումարի չափով.» բառերով:
11) Հավելվածի 12-րդ կետի 12.9-12.13 ենթակետերը ուժը կորցրած ճանաչել:
12) Հավելվածի 13-րդ կետի 13.1-րդ ենթակետի «հաշվեկշռային արժեքի» բառերը փոխարինել «հաշվեկշռային մեծության» բառերով:
13) Հավելվածի 13-րդ կետի 13.1-րդ ենթակետի «հաշվեկշռային արժեքն է» բառերը փոխարինել «հաշվեկշռային մեծությունն է» բառերով:
14) Հավելվածի 15-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
15) Հավելվածի Գլուխ 6-ի վերնագրի «ապահովագրական ռիսկերի գծով» բառերը փոխարինել «ապահովագրական մեկ ռիսկի» բառերով:
16) Հավելվածի 30-րդ կետի «ապահովագրական ռիսկերի» բառերը փոխարինել «ապահովագրական մեկ ռիսկի» բառերով:
17) Հավելվածի 30-րդ կետը «մեկ ապահովագրության օբյեկտը» բառերից հետո լրացնել «և դրա հետ փոխկապակցված օբյեկտները» բառերով:
18) Հավելվածի 30-րդ կետից հանել «միջին օրական» բառերը:
19) Հավելվածի 6-րդ գլուխը լրացնել 30.1. կետով` հետևյալ բովանդակությամբ.
«30.1. Սույն կանոնակարգի իմաստով ապահովագրության օբյեկտները համարվում են փոխկապակցված, եթե դրանց գծով մեծ հավանականությամբ կարող են տրվել ապահովագրական հատուցումներ մեկ ապահովագրական պատահարի ի հայտ գալու դեպքում:»
20) Հավելվածի 31-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`
«31. Նոր ապահովագրության պայմանագիր կնքելու պահին և օրական կտրվածքով Ն3 նորմատիվը հաշվարկելիս օգտագործվում է տվյալ օրվա վերջի դրությամբ ընդհանուր կապիտալի մեծությունը: Ն3-ի ամսական հաշվարկում օգտագործվում է ընդհանուր կապիտալի միջին օրական մեծությունը:»:
21) Հավելվածի 32-րդ կետը «վճարվելիք ապահովագրական հատուցումների» բառերից հետո լրացնել «(ապահովագրական հատուցումների գծով կրեդիտորական պարտավորությունների)» բառերով:
22) Հավելվածի 32-րդ կետի «տեխնիկական պահուստների համարժեք ակտիվներ» բառերը փոխարինել «այսուհետ՝ տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվներ» բառերով:
23) Հավելվածի 32-րդ կետի աղյուսակի 5-րդ կետից հանել «, որոնք չեն հանդիսանում բարձր ռիսկային ակտիվներ (միջոցներ)» բառերը:
24) Հավելվածի 35-րդ կետը «Տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվները» բառերից հետո լրացնել «(նվազեցված դրանց գծով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 25-ի թիվ 73-Ն որոշմամբ ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2008 թվականի ապրիլի 14-ի թիվ 285-Ն հրամանով հաստատված «Ապահովագրական ընկերությունների ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման և օգտագործման կարգը» Կանոնակարգ 3/09-ին համապատասխան ձևավորված պահուստների գումարի չափով)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ 2-րդ, 5-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 19-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:
ՀՀ կենտրոնական բանկի |
Ա. Ջավադյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|