Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.05.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.07.23/47(637)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
23.05.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.05.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.05.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

քրեական վերաքննիչ դատարանի դատավճիռ

քրեական գործ թիվ 19-636/08

Քրեական գործ թիվ ՎԲ-25/08

Նախագահող դատավոր՝ Մ. Պետրոսյան  

դատավորներ՝ Ա. Հովհաննիսյան

                   Գ. Մելիք-Սարգսյան

 

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Դ. Ավետիսյանի

 

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

 

Ա. Մկրտումյանի

Վ. Աբելյանի

Ս. Սարգսյանի


քարտուղար


Ք. Մարտիրոսյանի

     մասնակցությամբ
դատախազներ


Լ. Հովհաննիսյանի
Ա. Գևորգյանի

 

2008 թվականի մայիսի 23-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վաչիկ Ալբերտի Մնացականյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2008 թվականի հունվարի 18-ի դատավճռի դեմ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

1. «Հայկական երկաթուղի» ՓԲԸ «Իջևանի գծի ուղեմաս» մասնաճյուղի երկաթգծից կատարված գողության փաստի առթիվ 2007 թվականի մարտի 28-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության մարմնի 2007 թվականի ապրիլի 6-ի որոշմամբ Վաչիկ Մնացականյանը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

2007 թվականի հուլիսի 26-ին Վ.Մնացականյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել, լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:

2007 թվականի հուլիսի 31-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան:

2. Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի նոյեմբերի 14-ի դատավճռով Վաչիկ Մնացականյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով: ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նա դատապարտվել է ազատազրկման 5 (հինգ) տարի ժամկետով՝ անձնական գույքի 50 տոկոսի բռնագրավմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով՝ ազատազրկման 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Վ.Մնացականյանը վերջնականապես դատապարտվել է ազատազրկման 6 (վեց) տարի ժամկետով՝ անձնական գույքի 50 տոկոսի բռնագրավմամբ:

Նույն դատավճռով դատապարտվել են նաև Սպարտակ Մարտիրոսյանը, Սերգեյ Գրիգորյանը, Արթուր Ավագյանը և Արթուր Մակիյանը, որոնք վերաքննիչ բողոք չեն բերել:

Ամբաստանյալ Վաչիկ Մնացականյանի և նրա պաշտպանի վերաքննիչ բողոքների հիման վրա քննելով գործը՝ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը 2008 թվականի հունվարի 18-ի դատավճռով պատժի մասով փոփոխել է Վ.Մնացականյանի վերաբերյալ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճիռը. ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ նրան դատապարտել է ազատազրկման 2 (երկու) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով, 64-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտել է ազատազրկման 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Վ.Մնացականյանը վերջնականապես դատապարտվել է ազատազրկման 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:

3. ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2008 թվականի հունվարի 18-ի դատավճռի դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ դատարանը 2008 թվականի մարտի 24-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ուղարկվել:

 

Գործի փաստական հանգամանքները

 

4. Վաչիկ Մնացականյանը 2007 թվականի հունվարին, գողություն կատարելու նպատակով հանցագործության մեջ ներգրավելով դատապարտյալներ Սպարտակ Մարտիրոսյանին, Սերգեյ Գրիգորյանին, Արթուր Ավագյանին, Արթուր Մակիյանին և Վահան Դարագուլյանին, «Հայկական երկաթուղի» ՓԲԸ «Իջևանի գծի ուղեմաս» մասնաճյուղի երկաթգծի Իջևան-Ազատամուտ 42-րդ կմ-ի 7-9-րդ պիկետներից գողացել են 260 գծամետր գիծ Ռ 50 տեսակի երկաթուղային ռելսեր՝ պետությանը պատճառելով 2.340.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

2007 թվականի փետրվարի կեսերին Վ.Մնացականյանը կրկին անգամ, նախապես համաձայնության գալով և հանցագործության մեջ ներգրավելով դատապարտյալներ Սպարտակ Մարտիրոսյանին, Արթուր Ավագյանին, Արթուր Մակիյանին և Վահան Դարագուլյանին, «Հայկական երկաթուղի» ՓԲԸ «Իջևանի գծի տեղամաս» մասնաճյուղի երկաթգծի Իջևան-Գոշավանք 58-րդ կմ-ի 7-9-րդ պիկետներից գողացել են 200 գծամետր գիծ Ա 50 տեսակի երկաթուղային ռելսեր՝ պետությանը պատճառելով 1.800.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

2007 թվականի մարտի կեսերին Վ.Մնացականյանը կրկին անգամ, նախապես համաձայնության գալով և հանցագործության մեջ ներգրավելով դատապարտյալներ Սպարտակ Մարտիրոսյանին, Արթուր Ավագյանին, Արթուր Մակիյանին և Վահան Դարագուլյանին, «Հայկական երկաթուղի» ՓԲԸ «Գյումրիի գծի ուղեմաս» մասնաճյուղի երկաթգծի պահեստային գծահատվածից գողացել են 220 մետր ԱՌ 50 տեսակի երկաթուղային ռելսեր՝ պետությանը պատճառելով 990.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

2007 թվականի մարտի վերջերին Վ.Մնացականյանը կրկին անգամ, նախապես համաձայնության գալով և հանցագործության մեջ ներգրավելով դատապարտյալներ Սերգեյ Գրիգորյանին, Սպարտակ Մարտիրոսյանին, Արթուր Ավագյանին, Արթուր Մակիյանին, նույն տեղամասից գողացել են 110 մետր ԱՌ 50 տեսակի երկաթուղային ռելսեր՝ պետությանը պատճառելով 495.000 ՀՀ դրամի նյութական վնաս, և 2007 թվականի ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը նույն տեղամասում իր կամքից անկախ պատճառներով բռնվել է երկաթուղային ռելսերի գողության փորձ կատարելու ժամանակ:

Այսպիսով՝ դատապարտյալ Վաչիկ Մնացականյանը, նախապես համաձայնության գալով և հանցագործության մեջ ներգրավելով դատապարտյալներ Սպարտակ Մարտիրոսյանին, Սերգեյ Գրիգորյանին, Արթուր Ավագյանին, Արթուր Մակիյանին և Վահան Դարագուլյանին, 2007 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում մի քանի անգամ «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի «Իջևանի գծի ուղեմաս» և «Գյումրիի գծի ուղեմաս» մասնաճյուղերի երկաթգծերից գողությամբ հափշտակել են 62.5 տոննա ընդհանուր քաշով երկաթուղային ռելսեր՝ ընկերությանը պատճառելով 5.625.000 ՀՀ դրամի նյութական վնաս, իսկ 2007 թվականի ապրիլի 3-ի լույս գիշերը երկաթգծի ռելսերի գողության փորձ կատարելու ժամանակ բռնվել են Գյումրու գծային ոստիկանության աշխատակիցների կողմից:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները

 

5. Հանցագործությունների նախաձեռնողը, կազմակերպիչը և ուղղորդողը եղել է Վ.Մնացականյանը, որը հանցակիցներին վստահեցրել ու սրտապնդել է, որ գործի տերն ու պատասխանատուն ինքն է, իր ասածները պետք է անեն և եթե բռնվեն, նրանք որևէ գործ չունեն: Նա է վաճառել գողացված ռելսերը և տնօրինել գումարները:

6. Առաջին ատյանի դատարանը Վ. Մնացականյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է համարել հանցագործության մեջ նրա առանձնապես ակտիվ դերը:

7. Վերաքննիչ դատարանը, նկատի ունենալով, որ առաջին ատյանի դատարանը դատավճռում փաստել է Վ.Մնացականյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող այնպիսի հանգամանք, որը չի բխում գործի փաստական հանգամանքներից, այն է՝ հանցագործության մեջ առանձնապես ակտիվ դերը, գտել է, որ այն պետք է հանել ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների շարքից, քանի որ ամբաստանյալ Վ.Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրեն մեղսագրված արարքները կատարել է սույն գործով մյուս ամբաստանյալների հետ փոխադարձ համաձայնությամբ:

8. Առաջին ատյանի դատարանը Վ.Մնացականյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ է համարել, որ նա խոստովանել է մեղքը, զղջում է կատարածի համար, բնութագրվում է դրական, ակտիվորեն մասնակցել է արցախյան ազատամարտին և ՀՀ սահմանների պաշտպանության համար մղված մարտերին, ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահը և ԼՂՀ-ի նախագահի անվտանգության հարցերով խորհրդականը միջնորդել են նրան մեղմ վերաբերել, կամովին հատուցել է «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ին պատճառված վնասից 280.000 (երկու հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ:

9. Վերաքննիչ դատարանը նույնպես վերը նշված հանգամանքները համարել է պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ: Դրա հետ միասին վերաքննիչ դատարանը նոր մեղմացնող հանգամանքներ է դիտել Վ.Մնացականյանի խնամքին չաշխատող կնոջ գտնվելը, հանցանքները բացահայտելուն ակտիվորեն աջակցելը և առաջիկայում վնասն ամբողջությամբ հատուցելու պատրաստակամությունը:

10. Ելնելով դրանից՝ վերաքննիչ դատարանը դատավճռում նշել է, որ «վերոգրյալ հանգամանքները էականորեն նվազեցնում են հանցանքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը, ուստի վերոշարադրյալ հանգամանքներն իրենց համակցությամբ դիտում է որպես բացառիկ հանգամանքների համակցություն և գտնում է, որ ՀՀ քր. օր. 64 հոդվածի կիրառմամբ ամբաստանյալ Վաչիկ Մնացականյանի նկատմամբ հնարավոր է նշանակել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ»:

 

Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

11. Վ.Մնացականյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ պատիժ նշանակելով՝ դատարանը խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները, ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով սահմանված արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքը:

12. Բողոք բերած անձը գտնում է, որ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը պատիժ նշանակելիս թույլ է տվել նյութական իրավունքի խախտում, կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը և նշանակել ակնհայտ մեղմ պատիժ, որը հանգեցրել է պատժի մասով չհիմնավորված դատավճիռ կայացնելուն: Դատարանը պատիժ սահմանելիս անտեսել է այն կարևոր հանգամանքը, որ Վ.Մնացականյանը հանցագործության կատարման մեջ ունեցել է առանձնապես ակտիվ դեր, նա է նախաձեռնել ու կազմակերպել բազմադրվագ գողությունները, հանցագործության կատարմանը ներգրավել է հանցավոր խմբի մյուս անդամներին, նրանց օգտագործել որպես բանվորական ուժ՝ վճարելով չնչին գումարներ, իսկ հափշտակությամբ ձեռք բերված ամբողջ դրամական միջոցները տնօրինել է անձամբ: Վերաքննիչ դատարանը ամբաստանյալի պատժի մեղմացումը պատճառաբանել է նաև նրանով, որ վերջինս պարտավորվել է պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնել, սակայն առաջին ատյանի դատարանի դատավճռից հետո՝ ավելի քան 3 ամսվա ընթացքում, պետությանը պատճառված 5.345.000 դրամ վնասից ոչ մի լումա չի վերականգնել:

13. ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը, Վ. Մնացականյանին դատապատելով 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով սահմանված արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքը, համաձայն որի՝ հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, այն կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու, նոր հանցագործությունները կանխելու համար:

14. ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները, որոնց համաձայն՝ պատժի տեսակն ու չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:

15. ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատաքննության ընթացքում Վ.Մնացականյանի վերաբերյալ հանցանքը մեղմացնող նոր հանգամանքներ ի հայտ չեն եկել, որով հնարավոր կլիներ պատճառաբանել սահմանված պատժի ակնհայտ մեղմացումը:

Թեև վերաքննիչ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելիս վկայակոչել է նույն օրենսգրքի 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածները, սակայն առանց բավարար հիմնավորման կայացրել է այդ հոդվածների պահանջներից չբխող, իրականում դրանց հակասող և քրեական գործի տվյալներին չհամապատասխանող դատավճիռ:

16. Ելնելով վերոգրյալից՝ բողոք բերող անձը պահանջել է Վաչիկ Ալբերտի Մնացականյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2008 թվականի հունվարի 18-ի դատավճիռը պատժի մասով բեկանել և քրեական գործն ուղարկել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան՝ այլ կազմով նոր քննության՝ Վ.Մնացականյանի նկատմամբ արարքի հանցավորությանը, նրա անձը բնութագրող տվյալներին համապատասխան խիստ պատիժ սահմանելու համար:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

17. Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը՝ Վճռաբեկ դատարանը գտավ, որ Վաչիկ Մնացականյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2008 թվականի հունվարի 18-ի դատավճիռը պետք է բեկանել և օրինական ուժ տալ նրա վերաբերյալ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի նոյեմբերի 14-ի դատավճռին հետևյալ պատճառաբանությամբ.

18. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածն ամրագրել է արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքը:

Պատիժ նշանակելիս արդարության սկզբունքը դրսևորվում է օրենքով նախատեսված մի շարք պահանջներով: ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:

ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ պատիժն արդարացի է, եթե համապատասխանում է հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար է անձին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար:

19. ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ պատժի տեսակը և չափը որոշվում է հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:

Պատիժ նշանակելիս հանցավորի նկատմամբ անհատական մոտեցումն անհրաժեշտ է, որպեսզի դատարանը պատժի տեսակն ու չափը ընտրելիս համոզվի, որ դրանով կհասնի պատժի նպատակներին: Իսկ ՀՀ քրեական օրեսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները:

20. ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է, որ հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը, ինչպես նաև խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքը բացահայտելուն ակտիվորեն աջակցելու դեպքում կարող է նշանակվել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ կամ ավելի մեղմ պատժատեսակ, քան նախատեսված է այդ հոդվածով, կամ չկիրառել որպես պարտադիր նախատեսված լրացուցիչ պատիժ:

21. ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի բովանդակությունից երևում է, որ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար անհրաժեշտ է հետևյալ երկու պայմաններից առնվազն մեկը՝

1. գործի բացառիկ հանգամանքները.

2. խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքը բացահայտելուն ակտիվորեն աջակցելը:

Ինչպես նշված է ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածում, բացառիկ հանգամանքները կապված են հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի հետ: Այդպիսիք կարող են լինել նաև այլ հանգամանքներ, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը: Ընդ որում, կարևորը ոչ թե պատիժը մեղմացնող տվյալների քանակն է, այլ այն, թե ինչքանով են դրանք էականորեն ազդել պատժի՝ հանրության համար վտանգավորության աստիճանի նվազեցման վրա:

Պատիժը մեղմացնելու բացառիկ հիմքին հավասարազոր է խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքը բացահայտելուն ակտիվորեն աջակցելը: Պատիժը մեղմացնելու հարցում դա ունի նույն դերը, ինչ գործի բացառիկ հանգամանքն է: Նշված հարցերի հետ կապված Վճռաբեկ դատարանն իր իրավական դիրքորոշումն արտահայտել է նաև Պ.Բայրամյանի (2007 թվականի հունիս), Հ.Հաբեշյանի (2007 թվականի օգոստոս) և Ս.Հունիկյանի (2008 թվականի փետրվար) վերաբերյալ գործերով:

22. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածում թվարկված են յուրաքանչյուր քրեական գործով ապացուցման ենթակա փաստական հանգամանքները: Այդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ քրեական օրենքով նախատեսված պատասխանատվությունը մեղմացնող կամ խստացնող հանգամանքները հաստատվում են միայն ապացույցների հիման վրա: Քանի որ պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների պարզումն էական նշանակություն ունի հանցանք կատարած անձի նկատմամբ պատիժ նշանակելու համար, անհրաժեշտ է բազմակողմանի հետազոտել մեղմացնող և ծանրացնող հանգամանքների առկայության մասին վկայող գործի նյութերը՝ դատավճռում նշելով ընդունված որոշման շարժառիթը:

Առաջին ատյանի դատարանը որպես Վ.Մնացականյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք հաշվի է առել հանցագործության մեջ առանձնապես ակտիվ դերը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է հանցագործության մեջ առանձնապես ակտիվ դերը: Այս ծանրացուցիչ հանգամանքը հաշվի է առնվում հանցակիցների նկատմամբ պատիժ նշանակելիս: Խոսքն այն մասին է, որ հանցագործությանը մասնակցել են երկու կամ ավելի անձինք, և նրանցից մեկը կամ մի քանիսը (կազմակերպիչը, դրդիչը, առանձին դեպքերում՝ կատարողներից մեկը և այլն) դրսևորել են առանձին ակտիվություն:

Հանցակիցների նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանի կողմից հաշվի են առնվում հանցագործության կատարմանն անձի փաստացի մասնակցության բնույթն ու աստիճանը, այդ մասնակցության նշանակությունը հանցագործության նպատակներին հասնելու մեջ, նրա ազդեցությունը պատճառված կամ հնարավոր վնասի բնույթի և չափի վրա: Հանցագործության մեջ առանձնապես ակտիվ դերը բնութագրում է անձի մասնակցության աստիճանը. նրան է պատկանում նախաձեռնությունը, նա հանդես է գալիս որպես հանցագործության ոգեշնչող և առավել հաստատակամորեն է ձգտում հասնել հանցավոր արդյունքի: Ընդ որում, օրենքը ոչ թե խոսում է հանցագործության մեջ անձի պարզապես ակտիվ դերի մասին, այլ մատնանշում է նրա առանձնապես ակտիվ դերը: Այստեղից հետևում է, որ հանցագործության մեջ հանցավորի վարքագիծը պետք է արտահայտվի ոչ թե պարզապես ինչ-որ առաջարկությունների, նախաձեռնությունների ձևով, այլ առանձնանալու, աչքի ընկնելու, օրինակ՝ կազմակերպչականության, մյուս մասնակիցների համախմբման, կարգապահության պահպանման, առաջնորդելու բոլոր դրսևորումներով և այլն: Այդպիսի անձը հանցագործության մյուս մասնակիցների մեջ առավել մեծ վտանգ է ներկայացնում:

23. Գործի նյութերից երևում է, որ բազմադրվագ գողությունները նախաձեռնել և կազմակերպել է Վ.Մնացականյանը, որպես համակատարող անմիջականորեն մասնակցել է դրանց, Կապան քաղաքից Երևան է կանչել զոդող Ս.Մարտիրոսյանին, բանվորներ Ս.Գրիգորյանին, Ա.Ավագյանին, Ա.Մակիյանին, նրանց հավատացրել, վստահեցրել է, որ բռնվելու դեպքում պատասխանատուն ինքն է, մյուսները գործ չունեն և պետք է կատարեն իր ասածները, նախապես ընտրել է հափշտակության համար հարմար տեղամասերը, որտեղ իր կողմից վարած «Կամազ» մակնիշի ավտոմեքենայով տարել է վերը նշված անձանց, անձամբ վաճառել է ռելսերը և տնօրինել գումարները՝ հանցակիցներին տալով դրանց աննշան մասը:

Վերը նշված հանգամանքները հիմնավորվում են գործի նյութերով: Այսպես՝ Վաչիկ Մնացականյանը իր ցուցմունքներում հայտնել է, որ ինքն է կազմակերպել գողությունները, հափշտակված ռելսերի վաճառքից զոդողին ու բանվորներին տվել է չնչին գումարներ (հ.1, գ.թ 19-21, 70-73, 80-81, 137-138, հ.2, գ.թ 283-285, 353-354):

Դատապարտյալ Սպարտակ Մարտիրոսյանը նշել է, որ Վաչիկն է կազմակերպել գողությունները, թե ում է վաճառել ռելսերը, տեղյակ չեն: Վաչիկն իրենց ասել է, որ «եթե բռնվենք, տերը ես եմ, պատասխանը ես եմ տալու, դուք գործ չունեք, ինչ ասում եմ, այն էլ արեք»: Իրենք հավատացել են Վ.Մնացականյանին և կատարել նրա ասածները (հ.1, գ.թ 26-27, 108-109, հ.2, գ.թ 286-287):

Դատապարտյալներ Արթուր Մակիյանը, Արթուր Ավագյանը և Սերգեյ Գրիգորյանը ցուցմունքներ են տվել, որ իրենց ընտանիքները գտնվել են սոցիալապես ծանր վիճակում, և գողությունները կատարել են Վ.Մնացականյանի առաջարկությամբ, որն իրենց հավատացրել է, որ գործի տերը ինքն է, իրենք գործ չունեն, դրա համար էլ մասնակցել են գողություններին (հ.1, գ.թ 28-29, 30-31, 32-33, 126-127, 148-149, հ.2, գ.թ 288-289, 290-291, 364, 369-370, 375):

24. Անտեսելով գործի վերը նշված փաստական հանգամանքները՝ վերաքննիչ դատարանը գտել է, որ հանցագործության մեջ Վ.Մնացականյանի առանձնապես ակտիվ դերը «պետք է հանել ամբաստանյալի պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների շարքից» այն անհիմն պատճառաբանությամբ, թե նա «իրեն մեղսագրված արարքները կատարել է սույն գործով մյուս ամբաստանյալների հետ փոխադարձ համաձայնությամբ»:

25. Հակառակ դրան՝ վերաքննիչ դատարանը, առանց որևէ փաստական տվյալ բերելու, որպես Վ.Մնացականյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ է նշել ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված հանցագործությանն ակտիվորեն աջակցելը, ինչպես նաև նրա խնամքին չաշխատող կնոջ գտնվելը և առաջիկայում վնասն ամբողջությամբ հատուցելու պատրաստակամությունը:

26. Փաստորեն, վերաքննիչ դատարանը հանցագործությունը բացահայտելուն ակտիվորեն աջակցելը, խնամքին չաշխատող կին ունենալը և առաջիկայում վնասն ամբողջությամբ հատուցելու պատրաստակամությունը, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ համարելու մասին իր հետևությունները չի հիմնավորել և չի պատճառաբանել, որով թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջների խախտում:

27. Բացի այդ, անհիմն կերպով Վ.Մնացականյանին վերագրելով ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքը՝ հանցագործությունը բացահայտելուն աջակցելը և ծանրացնող չհամարելով ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքը՝ հանցագործության մեջ առանձնապես ակտիվ դերը, վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում. կիրառել է քրեական օրենքի այն հոդվածը, որը ենթակա չէր կիրառման և չի կիրառել այն հոդվածը, որը ենթակա էր կիրառման:

28. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված փաստարկների առկայության պայմաններում անհիմն են վերաքննիչ դատարանի հետևություններն այն մասին, որ առաջին ատյանի դատարանը Վ.Մնացականյանի նկատմամբ պատժատեսակի և պատժաչափի հարցը քննելիս բավարար չափով ստուգման ու գնահատման չի ենթարկել նրա կողմից կատարած արարքների բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, այդ թվում՝ պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, գործի կոնկրետ տվյալները և նշանակել է անարդարացի պատիժ:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը Վ.Մնացականյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման արդյունքում հոդվածի սանկցիայի սահմաններում նրա նկատմամբ նշանակել է արդարացի պատիժ, որը համապատասխանում է հանցագործության ծանրությանը և դատապարտյալի անձին:

Վերաքննիչ դատարանի դատավճռում շարադրված և բացառիկ ճանաչված պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող մնացած հանգամանքները, որոնք պատիժ նշանակելիս հաշվի է առել նաև առաջին ատյանի դատարանը, չեն վկայում այն հասարակական վտանգավորության մասին, որը բնորոշ է Վ.Մնացականյանի կատարած հանցագործությանը: Դրանք էականորեն չեն նվազեցնում դատապարտյալի կատարած արարքների՝ հանրության համար վտանգավորության աստիճանը և Վ.Մնացականյանի նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու օբյեկտիվ հիմք չեն:

29. Փաստորեն վերաքննիչ դատարանը, հաշվի չառնելով գործի վերը նշված հանգամանքները, Վ.Մնացականյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ նշանակել է պատիժ, որն անարդարացի է ակնհայտ մեղմ լինելու պատճառով, չի համապատասխանում նրա կատարած հանցագործության ծանրությանը և դատապարտյալի անձին:

30. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վ.Մնացականյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու միջոցով ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին՝ սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը հասնելու հնարավորության մասին վերաքննիչ դատարանը հանգել է սխալ հետևության:

31. Վերաքննիչ դատարանը Վ.Մնացականյանի նկատմամբ պատիժ է նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի նորմերի՝ 5-րդ, 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված օրինականության, արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների խախտմամբ, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող անօրինական և չհիմնավորված դատավճռի կայացմանը:

32. Վերը նշված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, որոնք ազդել են պատժի մասով գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա, վերաքննիչ դատարանի դատավճիռը բեկանելու հիմք են:

Քանի որ գործի նյութերով հերքվում են վերաքննիչ դատարանի դատավճռում նշված՝ Վ.Մնացականյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը կիրառելու մասին բոլոր փաստարկները և հաստատվում պատիժ նշանակելու վերաբերյալ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռի օրինական, հիմնավորված ու պատճառաբանված լինելը, անհրաժեշտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիման վրա բեկանել վերաքննիչ դատարանի դատավճիռը և օրինական ուժ տալ առաջին ատյանի դատարանի դատավճռին:

33. Օրինական ուժի մեջ մտած դատավճիռը բեկանելը պայմանավորված է այն բանով, որ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք համապատասխանում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ կետում և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի թիվ 7-րդ Արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասում նշված չափանիշներին: Սույն գործով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառումը, երբ ակնհայտ մեղմ պատիժ է նշանակվել դատապարտյալի նկատմամբ և չարդարացված բարելավվել է նրա վիճակը, հանգեցրել է դատական սխալի, որի արդյունքում կայացված որոշումը չի համապատասխանում արդարության պահանջներին:

Նշված դատական սխալը, որն ազդել է գործի արդյունքի վրա, խաթարում է արդարադատության բուն էությունը, դատավճռի՝ որպես արդարադատության ակտի իմաստը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

34. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Բեկանել Վաչիկ Ալբերտի Մնացականյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2008 թվականի հունվարի 18-ի դատավճիռը և օրինական ուժ տալ նրա վերաբերյալ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի նոյեմբերի 14-ի դատավճռին:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

Դատավորներ`

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան

 

Ա. Մկրտումյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան