Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.05.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.10.02/54(994)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
22.06.2012
Ստորագրման ամսաթիվ
22.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.05.2013

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Դաշնային մաքսային ծառայության (Ռուսաստանի Դաշնություն) միջև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության սահմաններով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական տեղեկատվության փոխանակման կազմակերպման մասին

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն և Դաշնային մաքսային ծառայությունը (Ռուսաստանի Դաշնություն), այսուհետ` Կողմեր,

հիմնվելով Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում 1994 թ. ապրիլի 15-ին ստորագրված՝ «Մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին» համաձայնագրի վրա և նպատակ ունենալով կատարելու Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 2009 թ. սեպտեմբերի 25-ի՝ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի տասնմեկերորդ նիստի արձանագրության 3.6-րդ կետը,

ձգտելով ապահովել Կողմերի պետությունների մաքսային մարմինների միջև փոխգործակցությունը` Կողմերի պետությունների տնտեսական շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակներով,

ընդունելով Կողմերի պետությունների սահմաններով (այսուհետ` սահմաններ) տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև առևտրի համար բարենպաստ պայմաններ
ապահովելու նպատակներով,

ղեկավարվելով Համաշխարհային մաքսային կազմակերպության նորմերով, ստանդարտներով և հանձնարարականներով, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման՝ համաշխարհային ընդունված պրակտիկայով,

նպատակ ունենալով արագացնելու սահմաններով տեղափոխվող ապրանքների ու տրանսպորտային միջոցների մաքսային ընթացակարգերի և մաքսային հսկողության իրականացումը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերը մշտական հիմքով կազմակերպում և իրականացնում են տեղեկությունների փոխանակում, որոնք ստացվել են մի Կողմի պետության տարածքից դուրս բերվող, ճանապարհային տրանսպորտով փոխադրվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային ընթացակարգերի իրականացման ժամանակ, ինչպես նաև այն ապրանքների նկատմամբ, որոնց տարանցումն իրականացվում է մի Կողմի տարածքով, եթե նրանց նշանակման վայրը գտնվում է մյուս Կողմի պետության տարածքում, ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ էլեկտրոնային փաստաթղթերի տեսքով` մինչև ապրանքների նշանակման երկրի սահմանը հատելը (այսուհետ` նախնական տեղեկատվություն):

Նախնական տեղեկատվության փոխանակումն իրականացվում է Կողմերի կողմից` իրենց իրավասության սահմաններում և Կողմերի պետությունների օրենսդրությանը, ինչպես նաև միջազգային նորմերին և մաքսային գործի ոլորտում ընդունված պրակտիկային համապատասխան:

Փոխանակման համար նախատեսված նախնական տեղեկատվության կազմը ներկայացված է սույն Արձանագրության հավելվածում:

 

Հոդված 2

 

Կողմերն օգտագործում են նախնական տեղեկատվությունը Կողմերի պետությունների սահմաններով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության անմիջական իրականացման ժամանակ ռիսկերի վերլուծության և կառավարման մեթոդների կիրառման հիման վրա:

 

Հոդված 3

 

Սույն Արձանագրությանը համապատասխան` Կողմերի կողմից ստացված նախնական տեղեկատվությունը կրում է գաղտնի բնույթ և չի կարող փոխանցվել երրորդ անձանց՝ առանց այդ տեղեկատվությունը տրամադրած Կողմի գրավոր համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ տեղեկատվությունը տրամադրվում է Կողմերի պետությունների պետական մարմիններին:

Կողմերն ապահովում են ստացված նախնական տեղեկատվության գաղտնիությունը` իրենց պետությունների օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 4

 

Կողմերը միմյանց տեղեկացնում են այն տեղեկությունների ոչ հավաստի լինելու ցանկացած բացահայտված դեպքի մասին, որոնք ստացվել են Կողմերի պետությունների սահմաններով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական տեղեկատվության փոխանակման արդյունքում:

 

Հոդված 5

 

Կողմերը համաձայնեցնում են հիմնական տեխնոլոգիական սկզբունքները, նախնական տեղեկատվության փոխանցման կարգը, տվյալների կառուցվածքը և ձևաչափը, տվյալների փոխանցման ժամանակ նախնական տեղեկատվության պաշտպանությանն ուղղված պահանջները, նախնական տեղեկատվության նույնականացման կարգը` ապրանքների կոնկրետ խմբաքանակին և (կամ) կոնկրետ տրանսպորտային միջոցներին նախնական տեղեկատվությունը համապատասխանեցնելով, ինչպես նաև՝ նախնական տեղեկատվության փոխանակմանը մասնակից Կողմերի պետությունների մաքսային մարմինների ցանկը:

 

Հոդված 6

 

Կողմերը միմյանց տեղեկացնում են իրենց կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց նշանակման մասին, որոնք իրականացնում են.

տեղեկատվական փոխգործակցության տեխնիկական պայմանների, տվյալների մշակման և փոխանցման տեխնոլոգիաների, տեղեկատվության պաշտպանությանն ուղղված պահանջների մշակում և համաձայնեցում,

ապրանքների և տրանսպորտային միջոցների նույնականացման եղանակների համաձայնեցում` ապրանքների կոնկրետ խմբաքանակի և (կամ) կոնկրետ տրանսպորտային միջոցների հետ նախնական տեղեկատվությունը համապատասխանեցնելու նպատակներով,

սույն Արձանագրության դրույթների իրականացման հետ կապված հարցերի կարգավորում:

 

Հոդված 7

 

Սույն Արձանագրության 5-րդ և 6-րդ հոդվածներում նշված հարցերը համաձայնեցնելուց հետո Կողմերը կատարում են անհրաժեշտ կազմակերպչական և տեխնիկական միջոցառումներ, ընդունում են որոշում սույն Արձանագրության իրականացման առաջին փուլը անցկացնելու վերաբերյալ և գրավոր համաձայնեցնում են նրա իրականացումն սկսելու ժամկետները:

Առաջին փուլում սույն Արձանագրության դրույթները կիրառվում են 6 ամսվա ընթացքում Կողմերի պետական սահմաններով նրանց կողմից համաձայնեցված երկու անցակետերում, որոնցում կօգտագործվի սույն Արձանագրության շրջանակներում ստացված նախնական տեղեկատվությունը:

 

Հոդված 8

 

Սույն Արձանագրության 7-րդ հոդվածի իրականացման արդյունքներով Կողմերը որոշում են ընդունում մշտական հիմքով նախնական տեղեկատվության փոխանակում կազմակերպելու մասին` Կողմերի կողմից համաձայնեցված մաքսային մարմինների անվանացանկով:

Կողմերը գրավոր համաձայնեցնում են մշտական հիմքով նախնական տեղեկատվության փոխանակում սկսելու ժամկետները:

 

Հոդված 9

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Արձանագրության մեջ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք հանդիսանում են նրա անբաժանելի մասը և ձևակերպվում են առանձին արձանագրություններով:

 

Հոդված 10

 

Սույն Արձանագրության դրույթների մեկնաբանման և կատարման ժամանակ Կողմերի միջև առաջացած վեճերը կլուծվեն նրանց միջև՝ խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

 Հոդված 11

 

Սույն Արձանագրության դրույթները չեն շոշափում Կողմերի` այլ միջազգային պայմանագրերից բխող իրավունքներն ու պարտականությունները, որոնց մասնակից են նրանց պետությունները:

 

Հոդված 12

 

Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Կողմերի` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից և գործում է հինգ տարվա ընթացքում: Նշված ժամկետի ավարտից հետո այն ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ հինգ տարիների համար:

Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Արձանագրության գործողությունը` իր մտադրության մասին մյուս Կողմին գրավոր ծանուցում ուղարկելով ոչ ուշ, քան Արձանագրության գործողության հերթական ժամկետը ավարտվելուց երեք ամիս առաջ:

Կատարված է Չոլփոն Աթա քաղաքում 2012 թվականի հունիսի 22-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում՝ երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2013թ. մայիսի 23-ին:

 

Արձանագրությանը կից հավելված

 

Տեղեկատվական փոխանակման կազմակերպման համար անհրաժեշտ նախնական տեղեկատվության կազմ

 

Տեղեկություն ապրանքներ տեղափոխող կամ այդ ապրանքների տեղափոխման նախաձեռնություն ցուցաբերած անձանց վերաբերյալ

Տեղեկություն տրանսպորտային միջոցների վերաբերյալ

Տեղեկություն ապրանքների վերաբերյալ

Տեղեկություն ապրանքներն ուղեկցող, տրանսպորտային և այլ փաստաթղթերի վերաբերյալ

Այլ տեղեկություններ

1

2

3

4

5

6

Անհրաժեշտ տեղեկություններ

1. Ապրանքներ ուղարկողի անունը:
2. Ապրանքներ ստացողի անունը:
3. Հայտարարատու:
4. Ֆինանսական կարգավորման համար պատասխանատու անձ:
5. Ուղարկողի ՀՎՀՀ-ն:
6. Ապրանքներ տեղափոխողի անունը (եթե ապրանքները տեղավորվում են մաքսային տարանցման մաքսային ընթացակարգերում)

Ակտիվ տրանսպորտային միջոցի համարը:

1.Ապրանքների անվանումը:
2.Ապրանքի սերիական համարը:
3. Ապրանքի գինը:
4.Պայմանագրի գնի արտարժույթի ծածկագիրը:
5. Բեռների տեղերի ընդհանուր քանակը:
6.Ապրանքների կոպիտ քաշը:
7. Ապրանքների մաքուր քաշը:
8. Ապրանքների դասակարգիչ ծածկագիրը՝ ըստ Ներդաշնակեցման համակարգի (6 նիշից ոչ պակաս):
9. Ապրանքների ընդհանուր քանակը:
10. Փաթեթավորման տեսակի ծածկագիրը:
11. Պահանջվող մաքսային ընթացակարգի ծածկագիրը:
12. Նախորդող մաքսային ընթացակարգի ծածկագիրը:

1. Ապրանքների առաքման պայմանները `«Ինկոտերմս»-ին համապատասխան, աշխարհագրական կետի անվանումը:

2.Պայմանագրի ամսաթվի և/կամ հաշիվ-ապրանքագրի համարը:

1. Ապրանքներ ուղարկող երկրի ծածկագիրը:
2. Ապրանքների նշանակման երկրի ծածկագիրը:
3. Ապրանքների ծագման երկրի ծածկագիրը:
4. Փաստաթղթի գրանցման համարը:
5. Ապրանքների փոխադրման ուղղությունը:

Լրացուցիչ տեղեկություններ

1. Ապրանքներ ուղարկողի հասցեն:

2. Ապրանքներ ստացողի հասցեն:

3. Հայտարարատուի հասցեն:

1. Տրանսպորտային միջոցի տեսակի ծածկագիրը:

2. Տրանսպորտային միջոցի գրանցման երկրի ծածկագիրը:

3. Բեռնարկղի համարը:

1. Ապրանքների նկարագրությունը:

2. Փաթեթավորման նկարագրությունը (քանակը, տեսքը, մակնշումը և սերիական համարները):

3. Տեղեկություններ ապրանքներ արտադրողի մասին:

4. Տեղեկություններ ապրանքների մակնշման մասին:

5. ՉԼՄ ապրանքների քանակը:6. Չափման լրացուցիչ միավորի ծածկագիրը:

1. Տեղեկություններ տեղափոխվող ապրանքների առևտրային փաստաթղթերի մասին:

2. Տրանսպորտային փաստաթղթերի մասին տեղեկություններ:

 

Տեղեկատու տեղեկություններ

1. Ցանկացած լրացուցիչ տեղեկություն ապրանքներ տեղափոխող կամ այդ ապրանքների տեղափոխման նախաձեռնություն ցուցաբերած անձանց մասին:

1. Տրանսպորտային միջոցների մասին ցանկացած լրացուցիչ տեղեկություն:

1. Ապրանքների մասին ցանկացած լրացուցիչ տեղեկություն:

1. Ցանկացած լրացուցիչ տեղեկություն:

Ցանկացած լրացուցիչ տեղեկություն:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան