Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-763
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.09.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.10.01/60(650) Հոդ.1014
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
12.09.2008
Ստորագրող մարմին
Նալբանդյանի գյուղական համայնքի ավագանի
Ստորագրման ամսաթիվ
12.09.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2008

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

12 սեպտեմբերի 2008 թ.

 

2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԿԻՈՏՈՅԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ Բ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2006 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված՝ Կիոտոյի արձանագրության Բ հավելվածում փոփոխության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` ՀՀ ՍԴ-ում 05.08.08 թ. մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը, արձանագրության փոփոխությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. 1997 թվականի դեկտեմբերի 11-ին Կիոտոյում ստորագրվել է Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիային կից Կիոտոյի արձանագրությունը: Արձանագրության ստորագրմամբ կողմերը նպատակ են հետապնդել ՄԱԿ-ի շրջանակներում 1992 թ. մայիսի 9-ին Նյու Յորքում ընդունված՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի վերջնական նպատակին հասնելու, ինչպես նաև միջազգային իրավական այլ պարտավորություններով նախատեսված բնապահպանական խնդիրներն առավել արդյունավետ լուծելու համար զարգացնել միջպետական համագործակցությունը:

2. Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիան ընդունվել է ՄԱԿ-ի շրջանակներում 1992 թ. մայիսի 9-ին` Նյու Յորքում (Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 1993 թ. մարտի 31-ին` ՀՀ Գերագույն խորհրդի ՀՆ-0780-I որոշմամբ), իսկ դրան կից Կիոտոյի արձանագրությունն ստորագրվել է 1997 թ. դեկտեմբերի 11-ին (Հայաստանի Հանրապետությունը Կիոտոյի արձանագրությանը միացել է 2002 թ. դեկտեմբերի 26-ին` ՀՀ Ազգային ժողովի Ն-323-2 որոշմամբ):

Կիոտոյի արձանագրության հավելված Բ-ում փոփոխությունն ստորագրվել է 2006 թ. նոյեմբերի 17-ին` Նայրոբիում:

Կիոտոյի արձանագրության հավելված Բ-ով նախատեսվում է՝ «...Ավստրիա և Բելգիա մասնակիցների միջև տեղադրել «Բելառուս» տեքստը»:

Բելառուսի Հանրապետությունը` ընդունելով Կիոտոյի արձանագրության ողջ կարևորությունը, ստանձնում և կատարում է կնքված միջազգային պայմանագրի ներքո իր բոլոր պարտականությունները, առաջարկվող ուղղումով ստանձնում է նաև ջերմոցային գազերի կրճատման քանակական պարտավորություն:

3. 2006 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված՝ Կիոտոյի արձանագրության Բ հավելվածում փոփոխության մեջ ամրագրված պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածին, ինչպես նաև կարևոր իրավական երաշխիք են ստեղծում ՀՀ Սահմանադրության 10 հոդվածում ամրագրված սահմանադրական կարգի հիմունքներն ամրապնդելու համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2006 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված՝ Կիոտոյի արձանագրության Բ հավելվածում փոփոխության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

12 սեպտեմբերի 2008 թ.
ՍԴՈ-763