ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունիսի 2008 թվականի N 744-Ն
ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել օդային երթևեկությունն սպասարկող և հարակից միջոցներն ապահովող կազմակերպություններին ու մարմիններին թույլտվություն տալու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Օդային երթևեկությունն սպասարկող և հարակից միջոցներն ապահովող (այսուհետ` աերոնավիգացիոն սպասարկում) կազմակերպություններին ու մարմիններին թույլտվություն տալու կարգով (այսուհետ` կարգ) սահմանվում է Հայաստանի Հանրապետության օդային տարածքում ու աերոդրոմներում քաղաքացիական օդանավերի աերոնավիգացիոն սպասարկումն իրականացնող կազմակերպություններին և մարմիններին (այսուհետ` կազմակերպություն) թույլտվություն տալու գործընթացը:
2. Սույն կարգի իմաստով աերոնավիգացիոն սպասարկումը ներառում է`
1) օդային երթևեկության սպասարկումը.
2) օդային երթևեկության սպասարկման ռադիոտեխնիկական ապահովումը (կապի, նավիգացիայի և դիտարկման ծառայությունների մատակարարումը).
3) աերոնավիգացիայի օդերևութաբանական սպասարկումը.
4) աերոնավիգացիոն տեղեկատվական սպասարկումը:
3. Հայաստանի Հանրապետության օդային տարածքում սույն կարգի 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերում նշված աերոնավիգացիոն սպասարկումն իրականացնում է սույն կարգով թույլտվություն (այսուհետ` թույլտվություն) ստացած կազմակերպությունը: Օդային տարածքի առանձին մասերում նշված սպասարկումը կարող են իրականացնել թույլտվություն ստացած այլ կազմակերպություններ: Հայաստանի Հանրապետության օդային տարածքում և դրա առանձին մասերում աերոնավիգացիայի օդերևութաբանական սպասարկումն իրականացվում է նշված գործունեությունն իրականացնելու համար թույլտվություն ստացած կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների կողմից:
4. Սույն կարգի նպատակը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին և Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին Հայաստանի Հանրապետությունում մատուցվող աերոնավիգացիոն սպասարկման ծառայությունների համապատասխանության ապահովումն է` այդ ծառայությունները մատուցողի գործունեության համապատասխանության գնահատման ու վերահսկողության միջոցով:
II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ
5. Սույն կարգի իմաստով կազմակերպությանը թույլտվություն տալը համարվում է գործառույթ, որի ընթացքում տեսական և գործնական եղանակներով ուսումնասիրվում է կազմակերպության և դրա կողմից իրականացվող գործառույթների համապատասխանությունը սույն կարգում ներկայացվող Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ` Չիկագոյի կոնվենցիա) հավելվածներով, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ` ԻԿԱՕ) ձեռնարկներով և Աերոնավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպության (այսուհետ` Եվրակոնտրոլ) փաստաթղթերով սահմանված չափանիշներին ու ստանդարտներին:
6. Թույլտվություն ստանալու համար կազմակերպությունն ապահովում է մատուցվող ծառայությունների անվտանգությունը, արդյունավետությունն ու անընդհատությունը` օդային երթևեկության առկա և կանխատեսվող ինտենսիվությանը համապատասխան: Թույլտվություն ստանալու նպատակով կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն (այսուհետ` գլխավոր վարչություն) է ներկայացնում հայտ` համաձայն N 1 ձևի: Հայտին կից ներկայացվում են`
1) կազմակերպության կանոնադրությունը և նրա կողմից իրականացվող գործառույթը (գործառույթները)` ըստ սույն կարգի 2-րդ կետի դասակարգման.
2) կազմակերպության կառուցվածքը, գործունեության միջնաժամկետ ռազմավարական ծրագիրը և մոտակա տարվա ծրագիրը.
3) տեղեկատվություն աշխատողների թվի ու նրանց մասնագիտական պատրաստվածության մասին.
4) կազմակերպությունում թռիչքների անվտանգության ապահովման ընթացակարգերը.
5) ավիացիոն անվտանգության ապահովման ընթացակարգերը.
6) ըստ գործառույթների տեսակների` կազմակերպության ներքին կանոնակարգերը, ինչպես նաև դրանցում փոփոխությունների կատարման, աշխատողների տեղեկացվածության ապահովման ընթացակարգերը.
7) որակի կառավարման համակարգի կիրառումն ապահովող ընթացակարգերը և որակի կառավարման համակարգի սերտիֆիկատի (սերտիֆիկատների) պատճենները: Սույն ենթակետի պահանջները կարգի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված գործառույթների նկատմամբ կիրառվում են կարգն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարվա ընթացքում.
8) կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների ամբողջականության կամ անընդհատության վրա հնարավոր ներազդեցություն ունեցող իրավիճակներում գործունեության վթարային պլանը.
9) ըստ գործառույթների տեսակների` սույն կարգի դրույթներով սահմանված փաստաթղթեր ու տեղեկատվություն:
7. Աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովումն իրականացնող կազմակերպությունը, ի լրումն սույն կարգի 6-րդ կետի 1-9-րդ ենթակետերում նշված փաստաթղթերի, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության օդերևութաբանության ոլորտի պետական լիազոր մարմնի կողմից տրված նշանակումն օդերևութաբանական ծառայություններ մատուցելու վերաբերյալ:
8. Կազմակերպությանը թույլտվություն տալու գործընթացն իրականացվում է գլխավոր վարչության պետի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի (այսուհետ` խումբ) կողմից 10-օրյա ժամկետում` կազմակերպության մասնագիտական և տեխնիկական պատրաստականության տեսական ու գործնական ուսումնասիրությունների միջոցով` համաձայն սույն կարգի դրույթների:
9. Ուսումնասիրությունների արդյունքները և կազմակերպությանը թույլտվություն տալու վերաբերյալ եզրակացությունը խմբի կողմից` արձանագրության ձևով ներկայացվում են գլխավոր վարչության պետին:
10. Եթե ուսումնասիրությունների արդյունքում խմբի կողմից արձանագրվում է, որ կազմակերպությունը համապատասխանում է սույն կարգի 5-րդ կետում ներկայացված փաստաթղթերով սահմանված չափանիշներին և ստանդարտներին, ապա գլխավոր վարչության պետի համապատասխան հրամանով կազմակերպությանը տրվում է թույլտվություն` համաձայն N 2 ձևի: Կազմակերպությանը տրվում է թույլտվության բնօրինակը: Թույլտվության պատճենը պահվում է գլխավոր վարչությունում:
11. Եթե ուսումնասիրությունների արդյունքում խմբի կողմից արձանագրվում են անհամապատասխանություններ սույն կարգի 5-րդ կետում ներկայացված փաստաթղթերով սահմանված չափանիշներին և ստանդարտներին, ապա գլխավոր վարչությունը սահմանում է մեկամսյա ժամկետ` դրանց վերացման նպատակով:
12. Սույն կարգի 11-րդ կետում նշված անհամապատասխանությունները սահմանված ժամկետում վերացնելուց հետո կազմակերպությունը կարող է դիմել գլխավոր վարչություն` կրկնակի ուսումնասիրություններ իրականացնելու համար:
13. Սույն կարգի 12-րդ կետով սահմանված պայմանի չապահովման դեպքում հայտը մերժվում է:
14. Կազմակերպությանը թույլտվությունը տրվում է անժամկետ:
15. Կազմակերպության կողմից գործունեության դադարեցման դեպքում թույլտվության բնօրինակը վերադարձվում է գլխավոր վարչություն:
16. Թույլտվություն ստացած կազմակերպությունը տեղեկացնում է գլխավոր վարչությանն իր կողմից մատուցվող ծառայություններում նախատեսվող այնպիսի փոփոխությունների մասին, որոնք կարող են ներազդել սույն կարգի պահանջներին նրա համապատասխանության կամ թույլտվությամբ նախատեսված պայմանների վրա:
17. Թույլտվություն ստացած կազմակերպությունում նախատեսվող` Եվրակոնտրոլի Ի ԷՍ ԷՅ ԱՐ ԱՐ 1 (ESARR1) փաստաթղթով սահմանված էական փոփոխություններն իրականացվում են գլխավոր վարչության կողմից տրվող թույլտվության հիման վրա: Թույլտվությունը տրվում է գլխավոր վարչության կողմից, եթե կազմակերպության կողմից անցկացված անվտանգության գնահատումների արդյունքները ցույց են տալիս, որ փոփոխությունների կատարումից հետո ապահովվում է անվտանգության ընդունելի մակարդակ:
III. ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
18. Օդային երթևեկության սպասարկման (այսուհետ` ՕԵՍ) գործառույթների ապահովման մասնագիտական և տեխնիկական պատրաստականությունը հավաստող փաստաթղթերի փաթեթում ներկայացվում են`
1) ՕԵՍ-ի գործընթացում թռիչքների անվտանգության կառավարման համակարգի կիրառման ընթացակարգերը` համաձայն գլխավոր վարչության կողմից սահմանված օդային երթևեկության սպասարկման պահանջներին.
2) ՕԵՍ-ի կարգավարական կետերի տեխնիկական հագեցվածությունն ըստ կարգավարների աշխատանքային տեղերի, սպասարկման տարածքը, վերահսկողության, դիտարկման և կապի միջոցների ցանկը.
3) «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված գլխավոր վարչության կողմից տրված կամ ուժ ստացած ՕԵՍ-ի կարգավարների ատեստավորման վկայականների պատճենները և նրանց հաստիքացուցակը.
4) սույն կարգի 2-րդ կետում ներկայացված գործառույթներն իրականացնող այլ կազմակերպությունների և աերոդրոմ շահագործողի հետ կնքված համաձայնագրերի պատճենները.
5) ՕԵՍ-ի գործընթացում կիրառվող ընթացակարգերը սահմանող ձեռնարկները և տեղական հրահանգները:
19. ՕԵՍ-ի տեսական ուսումնասիրությունների շրջանակներում խմբի կողմից ուսումնասիրվում են`
1) ՕԵՍ-ի կարգավարական անձնակազմի համալրվածությունն ըստ աշխատատեղերի` ելնելով մատուցվող օդային երթևեկության կարգավարական սպասարկման ծառայությունների տեսակներից և ինտենսիվությունից.
2) ՕԵՍ-ի կարգավարների ատեստավորման, մասնագիտական համապատասխանության ապահովման և պահպանման ընթացակարգերը` համաձայն գլխավոր վարչության կողմից սահմանված օդային երթևեկության կառավարման կարգավարների ատեստավորման պահանջների.
3) ՕԵՍ-ի կարգավարական կետերի տեխնիկական հագեցվածությունը. վերահսկողության, դիտարկման և կապի միջոցների ցանկը, դրանց քանակական և որակական համապատասխանությունը գլխավոր վարչության կողմից սահմանված օդային երթևեկության սպասարկման ռադիոտեխնիկական ապահովման չափորոշիչներին.
4) ՕԵՍ-ի գործընթացում կիրառվող կարգերը, ընթացակարգերը սահմանող ձեռնարկները և տեղական հրահանգները` համաձայն սույն կարգի 18-րդ կետի 1-ին ենթակետի պահանջների.
5) ՕԵՍ իրականացնող այլ կազմակերպության և թռիչքների աերոնավիգացիոն ու աերոդրոմային սպասարկումներ ապահովող կազմակերպությունների (մարմինների) հետ կնքված փոխհամագործակցության համաձայնագրերը թռիչքատեղեկատվական հաղորդագրությունների տրամադրման ապահովման վերաբերյալ:
20. ՕԵՍ-ի գործնական ուսումնասիրությունների շրջանակներում խմբի կողմից ուսումնասիրվում են`
1) սույն կարգի 19-րդ կետի 3-րդ ենթակետում ներկայացված տեխնիկական միջոցների շահագործողական վիճակը և համապատասխանությունն արտադրողի կողմից սահմանված չափանիշներին.
2) ՕԵՍ-ի անխափան էներգամատակարարման համակարգը.
3) ՕԵՍ-ի կարգավարների աշխատանքային և հանգստի պայմանները:
IV. ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՌԱԴԻՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
21. Ռադիոտեխնիկական ապահովման գործառույթների մասնագիտական և տեխնիկական պատրաստականությունը հավաստող փաստաթղթերի փաթեթում ներկայացվում են`
1) ռադիոտեխնիկական ապահովման գործընթացում թռիչքների անվտանգության կառավարման համակարգի կիրառման ընթացակարգերը` համաձայն սույն կարգի 18-րդ կետի 1-ին ենթակետի պահանջների.
2) նավիգացիոն, ավիացիոն էլեկտրակապի (շարժական և ֆիքսված) և դիտարկման (ռադիոլոկացիոն) միջոցների (այսուհետ` միջոցներ), ինչպես նաև դիտարկման տվյալների մշակման ու արտապատկերման համակարգերի (այսուհետ` համակարգեր) ցանկը և դրանց համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի պատճենները` համաձայն սույն կարգի 19-րդ կետի 3-րդ ենթակետում ներկայացվող չափորոշիչների.
3) կիրառվող ռադիոհաճախականությունների ցանկը.
4) միջոցների թռիչքային և վերգետնյա ստուգումների արձանագրությունները (ակտերը).
5) անխափան էներգամատակարարման ապահովման միջոցառումները.
6) սույն կարգի 2-րդ կետում ներկայացված գործառույթներն իրականացնող այլ կազմակերպությունների և աերոդրոմ շահագործողների հետ կնքված համաձայնագրերի պատճենները:
22. Ռադիոտեխնիկական ապահովման գործառույթների տեսական ուսումնասիրությունների շրջանակներում խմբի կողմից ուսումնասիրվում են`
1) միջոցների և համակարգերի քանակական ու որակական համապատասխանությունը գլխավոր վարչության կողմից սահմանված օդային երթևեկության սպասարկման ռադիոտեխնիկական ապահովման կարգում ներկայացվող չափորոշիչներին.
2) միջոցների և համակարգերի աշխատանքային ռեսուրսների համապատասխանությունն արտադրողի կողմից սահմանված նորմերին կամ դրանց երկարաձգման հիմքերը.
3) միջոցների և համակարգերի շահագործողական փաստաթղթերի (տեխնիկական անձնագրեր, տեղեկաքարտեր) վարման ընթացակարգը.
4) ռադիոտեխնիկական ապահովման նպատակով օգտագործվող ռադիոհաճախականությունների համաձայնեցման և գրանցման ընթացակարգերի համապատասխանությունը սույն կարգի 19-րդ կետի 3-րդ ենթակետում ներկայացվող չափորոշիչներին.
5) միջոցների և համակարգերի անխափան էներգամատակարարման սխեմաները և դրա ապահովման միջոցառումները.
6) ռադիոտեխնիկական ապահովման նպատակով ընդունված ու կիրառվող կանոնակարգերը` ուղղված Չիկագոյի կոնվենցիայի N 10 հավելվածով և արտադրողի կողմից սահմանված միջոցների ու համակարգերի շահագործողատեխնիկական ցուցանիշների ապահովմանը.
7) սույն կարգի 2-րդ կետում ներկայացված գործառույթներն իրականացնող այլ կազմակերպությունների և աերոդրոմ շահագործողների հետ կնքված համաձայնագրերի պատճենները:
23. Համաձայն գլխավոր վարչության հարցման` հայտատուն ներկայացնում է տեղեկություններ միջոցների և համակարգերի շահագործումն ու տեխնիկական սպասարկումն ապահովող աշխատողների հաստիքացուցակների և մասնագիտական պատրաստվածության ապահովման ու պահպանման միջոցառումների մասին:
24. Ռադիոտեխնիկական ապահովման գործառույթների գործնական ուսումնասիրությունների շրջանակներում խմբի կողմից ուսումնասիրվում են`
1) միջոցների և համակարգերի, ինչպես նաև էներգաաղբյուրների (տրանսֆորմատորային ենթակայաններ, դիզել-ագրեգատներ, կուտակիչներ) տեխնիկական վիճակը և ելքային ցուցանիշները (լարումներ, հզորություններ, հաճախականություններ).
2) միջոցների և համակարգերի էներգասնուցման ընդհատումների ու էներգաաղբյուրների (հիմնական և պահուստային) ավտոմատ փոխարկումների թույլատրելի առավելագույն տևողությունների համապատասխանությունը Չիկագոյի կոնվենցիայի N 10 հավելվածով սահմանված չափանիշներին.
3) միջոցների և համակարգերի ապահովվածությունը պահուստային մասերով և հանգույցներով.
4) միջոցների և համակարգերի համար նախատեսված շենք-շինությունների, օբյեկտների կամ կառույցների շահագործողական, ինչպես նաև շահագործող և սպասարկող անձնակազմերի աշխատանքային ու հանգստի պայմանները և դրանց համապատասխանությունն ԻԿԱՕ-ի N 9426 (Դոկ. 9426) ձեռնարկով և Եվրակոնտրոլի Ներդրման ապահովման Եվրակոնտրոլի ընդհանուր ուղեցույցով սահմանված պահանջներին.
5) աերոդրոմում և դրա շրջանում տեղադրված միջոցների ցերեկային ու գիշերային մականշումների համապատասխանությունը Չիկագոյի կոնվենցիայի N 14 հավելվածով սահմանված պահանջներին:
V. ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻԱՅԻ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ) ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
25. Սույն կարգի իմաստով աերոնավիգացիայի օդերևութաբանական սպասարկում (այսուհետ` ԱՕՍ) է համարվում աերոդրոմներում և օդային երթուղիներում հետևյալ գործառույթների իրականացումը`
1) օդերևութաբանական դիտումներ, ամփոփագրերի կազմում ու տրամադրում, ավիացիոն կլիմատոլոգիական տեղեկատվության տրամադրում.
2) եղանակի կանխատեսումների կազմում և տրամադրում.
3) գոտիական կանխատեսումների համաշխարհային կենտրոնից քարտեզների ստացում և տրամադրում.
4) օդերևութաբանական տվյալների միջազգային բանկերից տեղեկատվությունների ստացում և տրամադրում:
26. ԱՕՍ-ի գործառույթների մասնագիտական և տեխնիկական պատրաստականությունը հավաստող փաստաթղթերի փաթեթում ներկայացվում են`
1) ԱՕՍ-ի կազմակերպության (ստորաբաժանման) կառուցվածքը.
2) օդերևութաբանական և դիտարկման միջոցների, ինչպես նաև դիտարկման տվյալների մշակման ու արտապատկերման համակարգերի ցանկը և դրանց որակական համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի պատճենները.
3) սույն կարգի 2-րդ կետում ներկայացված գործառույթներն իրականացնող այլ կազմակերպությունների և աերոդրոմ շահագործողի հետ կնքված համաձայնագրերի պատճենները.
4) ԱՕՍ-ի գործունեությունը կանոնակարգող ընթացակարգերը:
27. ԱՕՍ իրականացնող կազմակերպությանը (ստորաբաժանմանը) թույլտվություն տալու գործընթացի շրջանակներում խմբի կողմից տեսական և գործնական եղանակներով ուսումնասիրվում են կազմակերպության (ստորաբաժանման) կառուցվածքի, սարքավորումների, միջոցների և ծառայությունների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 383-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովման կանոնակարգին և գլխավոր վարչության կողմից սահմանված` Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիային մատուցվող օդերևութաբանական ծառայությունների տեսակներին ու չափանիշներին:
VI. ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
28. Սույն կարգի իմաստով աերոնավիգացիոն տեղեկատվական սպասարկում է համարվում աերոնավիգացիոն տեղեկատվական հոսքերի ապահովումը` թռիչքների անվտանգության և կանոնավորության ապահովման, ինչպես նաև օդային նավիգացիայի արդյունավետության բարձրացման նպատակով:
29. Աերոնավիգացիոն տեղեկատվական սպասարկման գործառույթների մասնագիտական և տեխնիկական պատրաստականությունը հավաստող փաստաթղթերի փաթեթում ներկայացվում են`
1) աերոնավիգացիոն տեղեկատվական սպասարկման կառուցվածքի նկարագրությունը.
2) աերոնավիգացիոն տեղեկատվական սպասարկումն իրականացնող աշխատողների մասնագիտական պատրաստվածությունը հավաստող փաստաթղթերի պատճենները.
3) աերոնավիգացիոն տեղեկատվական սպասարկման տեղեկատվական և տեխնիկական միջոցների ցանկերը.
4) աերոնավիգացիոն տեղեկատվական սպասարկման գործունեությունը կանոնակարգող կարգերը, ընթացակարգերը, ձեռնարկները և տեղական հրահանգները.
5) Հայաստանի Հանրապետության աերոնավիգացիոն տեղեկատվական ժողովածուն:
30. Աերոնավիգացիոն տեղեկատվական սպասարկման գործառույթների տեսական ուսումնասիրությունների շրջանակներում խմբի կողմից ուսումնասիրվում են`
1) աերոնավիգացիոն տեղեկատվական սպասարկման կառուցվածքի համապատասխանությունը գլխավոր վարչության կողմից սահմանված աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովման պահանջներին.
2) աերոնավիգացիոն տեղեկատվական սպասարկումն իրականացնող աշխատողների մասնագիտական պատրաստվածության ապահովումը և դրան ուղղված միջոցառումները` համաձայն Եվրակոնտրոլի ՔԱՍՊ 1.0 (CASP 1.0) փաստաթղթերի պահանջների.
3) աերոնավիգացիոն տեղեկատվական սպասարկման գործառույթները կանոնակարգող կարգերը, ընթացակարգերը, ձեռնարկները և տեղական հրահանգները.
4) աերոնավիգացիոն տեղեկատվական սպասարկման ծառայություններից օգտվողների և տեղեկատվություն տրամադրողների հետ կնքված համաձայնագրերի պատճենները:
31. Աերոնավիգացիոն տեղեկատվական սպասարկման գործնական ուսումնասիրություններն իրականացվում են սույն կարգի 30-րդ կետի 1-ին ենթակետի պահանջներին համապատասխան, որի շրջանակներում խմբի կողմից ուսումնասիրվում են`
1) միասնական աերոնավիգացիոն փաթեթի համալրվածությունը.
2) աերոնավիգացիոն տեղեկատվական սպասարկման կառուցվածքային ստորաբաժանումների հագեցվածությունը կապի (հաղորդագրությունների ապահովման) և տեխնիկական (կազմակերպչական) միջոցներով.
3) բրիֆինգ օֆիսի թռիչքային անձնակազմերի սպասարկման պայմանները:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև N 1
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
_________________________ (ղեկավարի անունը, ազգանունը)
Հ Ա Յ Տ
Խնդրում եմ ______________________________________ տալ թույլտվություն` (կազմակերպության (մարմնի) անվանումը) ______________________________________________ իրականացնելու համար: (կարգի 2-րդ կետով սահմանված գործառույթի տեսակը)
Սահմանված կարգի համաձայն` կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
_____________________________________________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________
Ղեկավար ___________________ ___________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
(հայտը ներկայացվում է կազմակերպության (մարմնի) ձևաթղթի վրա) |
Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Սույնով հավաստիացվում է, որ Настоящим удостоверяется, что This certifies that
___________________________ (կազմակերպության (մարմնի) անվանումը) _______________________ (название организации (органа)) _______________________ (Name of Organization (Body))
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
23.02.2022, N 203-Ն | 05.03.2022, N 744-Ն | |
16.05.2013, N 511-Ն | 01.06.2013, N 744-Ն | |
25.08.2011, N 1246-Ն | 24.09.2011, N 744-Ն | |
29.01.2010, N 70-Ն | 27.02.2010, N 744-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|