Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.06.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.07.23/47(637)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
20.06.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
20.06.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.06.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-4007

Քաղաքացիական գործ թիվ 3-444(ՎԴ)
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան  

Դատավորներ՝ Կ. Հակոբյան

                   Տ. Նազարյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

 

   

Վ. Աբելյանի

 

   

 Ս. Սարգսյանի

 

   

 Դ. Ավետիսյանի

   

 Հ. Ղուկասյանի

 

   

Ս. Օհանյանի

 

2008 թվականի հունիսի 20-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Էդուարդ Սարգսյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.01.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Ջոն Սարգսյանի ընդդեմ Էդուարդ Սարգսյանի և Կարինե Սարգսյանի` ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին և ըստ հայցի Կարինե Սարգսյանի ընդդեմ Էդուարդ Սարգսյանի` սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու և ընդհանուր բաժնային սեփականության մեջ բաժինը որոշելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան՝ Ջոն Սարգսյանը պահանջել է ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը համարել հարգելի և ճանաչել հոր` 26.11.1997 թվականին մահացած Սարգիս Սարգսյանի ժառանգությունն ընդունած ժառանգ:

Դիմելով դատարան՝ Կարինե Սարգսյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի Տերյան փողոցի 42 շենքի թիվ 34 բնակարանի նկատմամբ Էդուարդ Սարգսյանի սեփականության իրավունքի գրանցումը և սեփականության իրավունքի վկայականը, որոշել նշված բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքում բաժնի չափը և բնակեցնել այդ բնակարանում:

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 07.09.2007 թվականի վճռով Ջոն Սարգսյանի և Կարինե Սարգսյանի հայցերը բավարարվել են:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.01.2008 թվականի վճռով Ջոն Սարգսյանի հայցը մերժվել է, իսկ Կարինե Սարգսյանի հայցը՝ բավարարվել: Քաղաքացիական գործի վարույթը` թիվ 0245539 սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու մասով, կարճվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Էդուարդ Սարգսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածը, ինչպես նաև ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Սույն գործով նախագահող դատավոր Տ.Սահակյանը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 27.10.2006 թվականի վճռով Կարինե Սարգսյանի և Էդուարդ Սարգսյանի միջև քննվող մեկ այլ գործով գործի քննությանը մասնակցել է որպես դատավոր, իսկ սույն գործով նախագահող դատավոր է:

Էդուարդ Սարգսյանը միջնորդել է գործի քննությունը հետաձգել, սակայն Վերաքննիչ դատարանը թույլ չի տվել միջնորդությունը լիարժեք ներկայացնել, որի արդյունքում այն մերժվել է:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածը, չի կիրառել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հայցապահանջի շրջանակներից դուրս է եկել: Հայցվոր Կարինե Սարգսյանը հայցապահանջի չափը փոփոխելու մասին դիմումով հայտնել է, որ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն` համարվում է 26.11.1997 թվականին մահացած հոր` Սարգիս Սարգսյանի ժառանգությունն ընդունած ժառանգ և հետևաբար, անկախ իր սեփականության իրավունքի պետական գրանցումից, Երևանի Տերյան փողոցի 42 շենքի թիվ 34 բնակարանը հանդիսանում է իր և պատասխանողի ընդհանուր բաժնային սեփականությունը:

Կարինե Սարգսյանը պահանջել է վիճելի բնակարանի 1/2-րդ մասն առանձնացնել սեփականության իրավունքով և հատկացնել իրեն: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը ճանաչել է վերջինիս սեփականության իրավունքը բնակարանի 1/4-րդ մասի նկատմամբ: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ անվավեր է ճանաչել Էդուարդ Սարգսյանի սեփականության իրավունքի գրանցումը վիճելի բնակարանի նկատմամբ, որի հետևանքով վերջինս զրկվել է այդ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքից:

Սեփականության իրավունքի գրանցման վկայականը հանդիսանում է սեփականության իրավունքի գրանցման մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթ և այդ փաստաթղթի անվավեր ճանաչելը չի հանգեցնում իրավական հետևանքների, քանի որ ուժի մեջ է մտնում վարչական ակտը` անշարժ գույքի գրանցման մատյանի գրանցումը:

3) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասը, 1226-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, Կարինե Սարգսյանին ճանաչելով Երևանի Տերյան փողոցի 42 շենքի թիվ 34 բնակարանի 1/4-րդ մասի ժառանգ, ամբողջությամբ անվավեր է ճանաչել Էդուարդ Սարգսյանի սեփականության իրավունքի գրանցումը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն իրավունք ուներ մասնակի` վիճելի բնակարանի 1/4-րդի մասով, անվավեր ճանաչել Էդուարդ Սարգսյանի սեփականության իրավունքի գրանցումը: Անվավերությունը պետք է համաչափ լինի կողմին սեփականության իրավունքով հատկացված բաժնի չափին: Նման խախտման արդյունքում Էդուարդ Սարգսյանը զրկվում է սեփականության իրավունքի գրանցումից և վիճելի տան նկատմամբ սեփականության իրավունքից, որը զուգորդվել է տիրապետումից զրկելու հետ:

26.11.1997 թվականին մահացած Ս.Սարգսյանի գույքը փաստացի տիրապետմամբ ժառանգել է Էդուարդ Սարգսյանը, իսկ Կարինե Սարգսյանը գիտեր հոր մահվան մասին, և նրա համար ակնհայտ էր ժառանգական գույքի գոյությունը: Սակայն Վերաքննիչ դատարանն անտեսել է նշված հանգամանքը, որի արդյունքում խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն` Կարինե Սարգսյանի հայցի մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի 29.01.2008 թվականի վճիռը և փոփոխել` Կարինե Սարգսյանի հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Սպանդարյան շրջխորհրդի գործկոմի 14.09.1995 թվականի թիվ 33/86 որոշմամբ Երևանի Տերյան փողոցի 42 շենքի թիվ 34 բնակարանը սեփականաշնորհվել է Սարգիս Սարգսյանի, Թամարա Պապովայի և Էդուարդ Սարգսյանի անվամբ որպես ընդհանուր սեփականություն հավասար բաժիններով:

2) Թամարա Պապովան մահացել է 1995 թվականին:

3) Թամարա Պապովայի մահից հետո նշված բնակարանի նրա բաժինը փաստացի տիրապետման հիմքով որպես ժառանգություն ընդունել են Սարգիս Սարգսյանը և Էդուարդ Սարգսյանը:

4) Սարգիս Սարգսյանը մահացել է 26.11.1997 թվականին:

5) Սույն գործով հայցվոր Կարինե Սարգսյանը Սարգիս Սարգսյանի դուստրն է:

6) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 27.10.2006 թվականի վճռով Կարինե Սարգսյանի ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը համարվել է հարգելի, և վերջինս ճանաչվել է Սարգիս Սարգսյանի ժառանգությունն ընդունած ժառանգ:

7) Վերաքննիչ դատարանում սույն գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն Էդուարդ Սարգսյանի կողմից չի ներկայացվել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի համաձայն՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմանակալության մեջ: Ինքնաբացարկի հիմքերը ներառում են ի թիվս այլոց այն դեպքերը, երբ դատավորը կամ նրա ամուսինը կամ նրանց հետ արյունակցական` մինչև 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձը ողջամտորեն կհանդիսանա (հիմքեր ունի կարծելու, որ նա կհանդիսանա) գործին մասնակցող անձ կամ մասնակցել է տվյալ գործի քննությանը ստորին ատյանում` որպես դատավոր կամ գործին մասնակցող անձ:

ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածից հետևում է, որ դատավորի ինքնաբացարկի հիմքերը սպառիչ չեն, և այդպիսին կարող է որակվել ցանկացած հանգամանք, որը կարող է ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմանակալության մեջ:

Սույն քաղաքացիական գործով որպես դատավորի ինքնաբացարկի հիմք նշվել է այն հանգամանքը, որ նա նույն անձանց միջև քննված մեկ այլ քաղաքացիական գործի քննությանը մասնակցել է որպես դատավոր:

ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածում նշված հիմքերից քննարկման առարկա կարող է դառնալ միայն օրենսգրքի այն դրույթը, որը նախատեսում է, որ ինքնաբացարկի հիմք կարող է հանդիսանալ այն, որ դատավորը մասնակցել է տվյալ գործի քննությանը ստորին ատյանում` որպես դատավոր կամ գործին մասնակցող անձ: Նման դրույթն օրենսդրի կողմից դիտարկվել է ինքնաբացարկի հիմք այն պարզ պատճառաբանությամբ, որ ստորին ատյանում գործի քննությանը որպես դատավոր մասնակցած լինելու դեպքում դատավորը վերադաս դատական ատյանում ըստ էության վերանայում է իր իսկ կայացրած ակտի օրինականությունը: Մինչդեռ զուտ այն հանգամանքը, որ դատավորը մասնակցել է նույն անձանց միջև քննված մեկ այլ քաղաքացիական գործին որպես դատավոր, նրա անաչառության վերաբերյալ կասկածի և ինքնաբացարկը բավարարելու հիմք հանդիսանալ չի կարող: Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինքնաբացարկի հիմք և դատավորի անաչառությունը կասկածի տակ դնող հանգամանք կարող է հանդիսանալ դատավորի ներքին կողմնակալ վերաբերմունքի հանգեցնող ցանկացած փաստ, որը կարող է ազդել թեþ դատավորի կողմից գործը լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննելու և թեþ գործի քննության արդյունքում դատավորի մոտ այնպիսի ներքին համոզմունքի ձևավորման վրա, որը չի բխում օրենսդրության նորմերից և գործում հետազոտված փաստերից, այլ հիմնվում է դրանցից դուրս գտնվող այլ հանգամանքի վրա: Մինչդեռ սույն գործում Էդուարդ Սարգսյանի կողմից վերը նշված հանգամանքների մասին վկայող որևէ ապացույց չի ներկայացվել:

Ինչ վերաբերում է Էդուարդ Սարգսյանի կողմից գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդությանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման միջնորդություն Էդուարդ Սարգսյանի կողմից Վերաքննիչ դատարանում գործի քննության ընթացքում չի ներկայացվել:

2) վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 217-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանում գործերի քննությունն իրականացվում է վճռաբեկ դատարանում գործի քննության կանոններով, եթե սույն բաժնով այլ կանոններ նախատեսված չեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

Հայցապահանջի չափը փոփոխելու մասին Կարինե Սարգսյանի դիմումի համաձայն` վերջինս խնդրել է Երևանի Տերյան փողոցի 42 շենքի թիվ 34 բնակարանի նկատմամբ Էդուարդ Սարգսյանի անվամբ տրված սեփականության իրավունքի վկայականը ճանաչել անվավեր, որոշել նշված բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքով իրեն պատկանող բաժնեմասի չափը և բնակեցնել այդ բնակարանում:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 27.10.2006 թվականի վճռով Կարինե Սարգսյանի ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը համարվել է հարգելի, և վերջինս ճանաչվել է Սարգիս Սարգսյանի ժառանգությունն ընդունած ժառանգ: Սարգիս Սարգսյանի ժառանգությունն ընդունած ժառանգներ են Էդուարդ Սարգսյանը և Կարինե Սարգսյանը, այսինքն՝ Կարինե Սարգսյանը ժառանգել է նշված բնակարանի 1/4-րդ բաժինը: Վերաքննիչ դատարանը Կարինե Սարգսյանի հայցապահանջը բավարարել է մասնակիորեն: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դուրս չի եկել ներկայացված հայցապահանջի շրջանակներից:

Ինչ վերաբերում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի կիրառելիության վերաբերալ վճռաբեկ բողոքի պատճառաբանությանը, ապա Վճռաբեկ դատարանն այն գտնում է անհիմն, քանի որ Վերաքննիչ դատարանը կիրառել է վերոնշյալ հոդվածները և փաստելով, որ սեփականության կամ օգտագործման իրավունքի գրանցման վկայականն իրավունք առաջացնող վարչական ակտ չէ, և այն անվավեր ճանաչելու պահանջը ենթակա չէ դատարանում քննության, այդ մասով կարճել է գործի վարույթը:

3) վճռաբեկ բողոքը երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1125-րդ հոդվածի համաձայն` ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի: Ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է պետական գրանցման:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ ժառանգությունն ընդունած ժառանգը օրենքի ուժով այդ գույքի սեփականատերն է:

Նույն օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ չի թույլատրվում uեփականատիրոջ գույքը հարկադրաբար վերցնել կամ առգրավել, բացի oրենքով նախատեuված դեպքերից:

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, ճանաչելով Կարինե Սարգսյանի սեփականության իրավունքը վեճի առարկա տան 1/4 մասի նկատմամբ, այդ մասով Էդուարդ Սարգսյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու փոխարեն այն անվավեր է ճանաչել ամբողջությամբ՝ խախտելով Էդուարդ Սարգսյանի սեփականության իրավունքը նշված բնակարանի 3/4 մասի նկատմամբ: Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի սույն հիմքը գտնում է հիմնավոր:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքի պատճառաբանությանը, ապա Վճռաբեկ դատարանն այն գնահատման առարկա չի դարձնում, քանի որ այդ հարցն իր լուծումն է ստացել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 27.10.2006 թվականի վճռով:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Տերյան փողոցի 42 շենքի թիվ 34 բնակարանի նկատմամբ Էդուարդ Սարգսյանի սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու հայցի մասով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը մասնակիորեն փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.01.2008 թվականի վճռի՝ Կարինե Սարգսյանի հայցի մասը և այն փոփոխել. Կարինե Սարգսյանի հայցը բավարարել մասնակիորեն` 1/4-րդ մասով անվավեր ճանաչել Երևանի Տերյան փողոցի 42 շենքի թիվ 34 բնակարանի նկատմամբ Էդուարդ Սարգսյանի սեփականության իրավունքի գրանցումը: Երևանի Տերյան փողոցի 42 շենքի թիվ 34 բնակարանի 1/4-րդ մասի սեփականատեր ճանաչել Կարինե Սարգսյանին, իսկ 3/4 մասի սեփականատեր՝ Էդուարդ Սարգսյանին:

2. Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

Դատավորներ`

Ա. Մկրտումյան

  

Վ. Աբելյան

  

Ս. Սարգսյան

  

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան