Գլխավոր տեղեկություն
Համար
N 743-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.08.2008-23.06.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.07.23/47(637) Հոդ.796
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.06.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.08.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունիսի 2008 թվականի N 743-Ն

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) կազմակերպությունների հարկային հաշվառման միասնական ռեեստրի և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման միասնական ռեեստրի վարման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) կազմակերպությունների հարկային հաշվառման միասնական ռեեստրի և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման միասնական ռեեստրի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հուլիսի 16
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2008 թվականի
հունիսի 26-ի N 743-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է կազմակերպությունների հարկային հաշվառման միասնական ռեեստրի և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման միասնական ռեեստրի (այսուհետ` միասնական ռեեստր) վարման կարգը:

2. Կազմակերպությունների և ֆիզիկական անձանց (այսուհետ` հարկ վճարող) միասնական ռեեստրը վարվում է Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի կողմից և ներառում հարկային մարմնում հաշվառված կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկ վճարողների հաշվառման համարների տրամադրման և հաշվառման մասին տվյալների ամբողջությունը:

3. Միասնական ռեեստրի տվյալները վերաբերում են «Կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց:

4. Միասնական ռեեստրի ներդրման և գործարկման նպատակով`

1) վերադաս հարկային մարմինը կազմակերպում և համակարգում է միասնական ռեեստրի վարման աշխատանքները.

2) հարկային տեսչություններն իրականացնում են միասնական ռեեստրի տվյալների մուտքագրումը և սույն կարգով նախատեսված ժամկետներում դրանց տրամադրումը վերադաս հարկային մարմնին, ինչպես նաև տվյալների փոփոխման դեպքում միասնական ռեեստրում կատարում են համապատասխան փոփոխություններ.

3) հարկային մարմինը տեղեկություններ է տրամադրում սույն կարգի 12-րդ կետով սահմանված դեպքերում:

5. Հարկ վճարողը համարվում է միասնական ռեեստրում ներառված` հարկային հաշվառման կանգնելու օրը:

Հարկ վճարողը համարվում է միասնական ռեեստրից հանված` հարկային հաշվառումից հանվելու օրը, և հարկ վճարողի մասին տվյալները հարկային մարմնում պահվում են հարկային մարմնի ղեկավարի կողմից հրամանով հաստատված կարգով:

6. Միասնական ռեեստրի տվյալները ներառում են`

1) կազմակերպության լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը.

2) կազմակերպական-իրավական ձևը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը նշում է` ֆիզիկական անձ.

3) հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

4) հարկային մարմնում հաշվառման ամսաթիվը.

5) հարկային հաշվառում իրականացնող ստորաբաժանման լրիվ անվանումը.

6) պետական գրանցման վկայականի սերիան և համարը.

7) պետական գրանցման համարը.

8) պետական գրանցման ամսաթիվը.

9) կազմակերպության գտնվելու վայրը, ֆիզիկական անձի հաշվառման հասցեն և բնակության հասցեն, եթե այն տարբերվում է հաշվառման հասցեից.

10) գործունեության տեսակները (լրացվում է առկայության դեպքում).

11) առանձնացնել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները, դրանց համար ստացված լիցենզիաների համարները և տալու ամսաթիվը: Նշված տվյալները համապատասխան իրավասու մարմինների կողմից տրամադրվում են հարկային մարմնին` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով.

12) պետական գրանցում կատարող մարմնի (տարածքային ստորաբաժանման) լրիվ անվանումը.

13) գործունեության իրականացման հասցեները.

14) գրանցման և գործունեության իրականացման վայրի հեռախոսահամարները (լրացվում է առկայության դեպքում).

15) կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի (տնօրենի) անունը, ազգանունը, հասցեն, անձնագրային տվյալները և հեռախոսահամարը, անհատ ձեռնարկատիրոջ կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անձնագրային տվյալները և հեռախոսահամարը.

16) բանկային հաշվի համարները:

7. Միասնական ռեեստրը վարվում է թղթային և էլեկտրոնային կրիչների միջոցով: Այն դեպքում, երբ թղթային և էլեկտրոնային կրիչների վրա առկա տեղեկությունները տարբեր են, առաջնությունը տրվում է թղթային տարբերակին:

8. Հարկային տեսչությունները տվյալները միասնական ռեեստր մուտքագրելու նպատակով իրականացնում են փաստաթղթերի ու էլեկտրոնային կրիչներով տվյալների ընդունում և դրանք վերադաս հարկային մարմնին կամ այլ հարկային տեսչություններին են փոխանցում` գաղտնի տեղեկությունների ընդունման և փոխանցման կարգով:

Հարկային տեսչությունները սույն կարգի 6-րդ կետով սահմանված տվյալները գրանցում են և մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը էլեկտրոնային կրիչներով ներկայացնում են վերադաս հարկային մարմին:

9. Համաձայն միասնական ռեեստրում մուտքագրված «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի` հարկային գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործման, տրամադրման և հրապարակման դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

10. Իրավաբանական անձի գործունեության վայրի փոփոխման կամ ֆիզիկական անձի բնակության վայրի տեղափոխության դեպքում միասնական ռեեստրում կատարվում է գրառում նրանց տեղափոխման վերաբերյալ` հիմք ընդունելով հարկ վճարողի կողմից իրեն հաշվառող հարկային տեսչություն ներկայացված դիմումը տեղափոխման մասին:

Իրավաբանական անձի գործունեության վայրի փոփոխման կամ ֆիզիկական անձի բնակության վայրի տեղափոխման դեպքում նոր հարկային տեսչությունում հաշվառումը կատարվում է` հիմք ընդունելով նախորդ հաշվառող հարկային տեսչության միասնական ռեեստրից տրամադրված տվյալները տվյալ հարկ վճարողի մասին:

11. Միասնական ռեեստրում պարունակվող տվյալներն օգտվողներին տրամադրվում են նրանց գրավոր հարցման դեպքում`

1) կազմակերպության կողմից հարցման դիմում ներկայացվելու դեպքում (դիմումը պետք է կնքված լինի, և պետք է նշված լինեն կազմակերպության անվանումը, պետական ռեգիստրի վկայականի համարը, ՀՎՀՀ-ն), եթե հարցումը վերաբերում է տվյալ կազմակերպությանը.

2) ֆիզիկական անձի կողմից հարցման դիմում ներկայացվելու դեպքում (հարցման դիմումում պետք է նշված լինեն հարկ վճարողի անունը, հայրանունը, ազգանունը, ՀՎՀՀ-ն կամ սոցիալական քարտի համարը (դրա առկայության դեպքում) տրամադրվում են, եթե հարցումը վերաբերում է տվյալ ֆիզիկական անձին.

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում չնշված դեպքերում ֆիզիկական և իրավաբանական անձանց մասին տվյալները տրամադրվում են «Անհատական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան.

4) հարկային ծառայության համապատասխան աշխատողներին ծառայողական նպատակներով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի հրամանով.

5) այլ մարմինների` հարկային ծառայության մարմինը տվյալներ տրամադրում է օրենքով նախատեսված դեպքերում:

12. Տվյալները տրամադրում են`

1) սույն կարգի 11-րդ կետի 1-ին, 2-րդ ենթակետերում նշված դեպքերում` հաշվառող հարկային տեսչությունը.

2) սույն կարգի 11-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված դեպքերում` վերադաս հարկային մարմինը` միասնական ռեեստրում առկա տվյալների հիման վրա:

Դիմումում նշված տվյալները կամ դրանց բացակայության դեպքում` համապատաuխան հաշվառում չվարելու մասին տվյալները դիմումատուին տրամադրվում են գրավոր` ոչ ուշ, քան դիմումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2008 թվականի
հունիսի 26-ի N 743-Ն որոշման

 

Ձև

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐ

 

 

_______________________________________________________________

(կազմակերպության լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

 

 

 

 

 

 

 

 

 

(ՀՎՀՀ-ն)

_________________________________

(կազմակերպական-իրավական ձևը)

_______________________________________________________________

(կազմակերպության գտնվելու վայրը, ֆիզիկական անձի հաշվառման և բնակության վայրի հասցեները)

_______________________________________________________________

(գործունեության իրականացման հասցեները, հեռախոսահամարները)

 

1)                                           2)                                           3)                                          

(գործունեության տեսակները (լրացվում է դրանց առկայության դեպքում) (ծածկագիրը)

 

1)                                           2)                                           3)                                          

(լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները)

 

1) ______________ տրվել է ____ ________200 թ., դադարեցվել է ____ ________200 թ.

(լիցենզիայի համարը)

2) ______________ տրվել է ____ ________200 թ., դադարեցվել է ____ ________200 թ.

(լիցենզիայի համարը)

 

1) ______________________________________________ բանկային հաշվի համարը

 

2) ______________________________________________ բանկային հաշվի համարը

 

____________________________________

(պետական գրանցման վկայականի սերիան և համարը)

 

___________________           և         _____ ___________________ 200 թ.

(պետական գրանցման համարը)                                                         (գրանցման ամսաթիվը)

 

_______________________________________________________________

(պետական գրանցում կատարող մարմնի (տարածքային ստորաբաժանման) լրիվ անվանումը)

_______________________________________________________________

(կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի (տնօրենի) անունը, ազգանունը,

_______________________________________________________________

կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի (տնօրենի) հասցեները, հեռախոսահամարները)

_______________________________________________________________

(անձնագրային տվյալները (նաև անհատ ձեռնարկատերերի կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ‎ֆ‎իզիկական անձանց)

 

Հաշվառման է վերցված ___ հարկային (տարածքային) տեսչության կողմից` 200 թ. ___ ______-ից:

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան