ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 նոյեմբերի 1992 թ. N 545
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՕՐԻՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության համակարգի հաստատությունների օրինադրությունների մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի օրինադրությունը (կցվում է):
2. Սահմանել, որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը գործում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ:
|
Օ Ր Ի Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ (ՀՊՃՀ)
|
I. Ընդհանուր դրույթներ |
1. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (այսուհետև` Համալսարան) բարձրագույն ուսումնական հաստատություն է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության համակարգում, որի հիմնական նպատակներն են`
բարձրագույն ճարտարագիտական և ճարտարագիտական-տնտեսագիտական կրթությամբ մասնագետների ուսուցումը.
ճարտարագետ-գիտնականների ուսուցումը և գիտական աստիճանների շնորհումը.
ճարտարագետների որակավորման բարձրացումը և վերաորակավորումը.
հիմնարար և կիրառական գիտությունների զարգացումը:
2. Համալսարանն օժտված է ՀՀ օրենսդրությամբ և սույն օրինադրությամբ սահմանված ինքնավարությամբ, ինքն է ընտրում նշված նպատակներին հասնելու ուղիներն ու սեփական կարելիությունների օգտագործման առավել արդյունավետ ձևերը:
3. Համալսարանը կարող է ունենալ կրթահամալիրներ ՀՀ տարածաշրջաններում և նրա սահմաններից դուրս: Համալսարանի գտնվելու վայրը համարվում է Երևան քաղաքը:
4. Համալսարանին պատկանող շենքերի փոխանցումը կատարվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Իշխանության տեղական մարմինները Համալսարանի տարածքում չեն կարող ձևափոխություններ կատարել առանց ՀՀ կառավարության համաձայնության:
6. Համալսարանն իրավաբանական անձ է: Նա իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ օրենսդրությամբ, սույն օրինադրությամբ և Համալսարանի կանոնակարգով:
7. Համալսարանը ֆինանսավորվում է պետության կողմից` մասնագետների պատրաստման և գիտական հետազոտությունների պետպատվերի ձևով, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
8. Համալսարանի կազմում կարող են գործել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական ձեռնարկություններ:
9. Համալսարանն իրականացնում է ճարտարագիտական կրթության բազմաստիճան համակարգ` ուսուցման ցերեկային, երեկոյան և հեռակա ձևերով:
10. Օտարերկրյա քաղաքացիների ուսուցումն ու Համալսարանի միջազգային այլ կապերն իրականացվում են ՀՀ օրենսդրության և միջազգային համաձայնագրերի հիման վրա:
11. Համալսարանն իրավասու է`
սահմանելու ընդունելության պայմաններ` համաձայն պետական բուհերի ընդունելության ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգի.
շնորհելու Հայաստանում հաստատագրված որակավորման և գիտական աստիճաններ, դիպլոմներ, հավատարմագրեր ու ետ վերցնելու դրանք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.
Համալսարան ընդունելու այլ ուսումնական հաստատություններում որակավորման համապատասխան աստիճան ստացած շրջանավարտների և համալսարան փոխադրելու այլ բուհերի ուսանողների.
հիմնելու և շնորհելու պատվավոր տիտղոսներ, մրցանակներ ու անվանական կրթաթոշակներ.
սահմանելու կարգապահական կանոններ` Համալսարանի ուսանողների և աշխատողների համար.
այլ կազմակերպությունների հետ ստեղծելու ուսումնագիտաարտադրական համալիրներ, հաստատելու պայմանագրային հարաբերություններ և ընկերակցություններ.
որոշելու Համալսարանի կազմակերպչական կառուցվածքը, ստեղծելու, վերակառուցելու և լուծարելու ստորաբաժանումներ.
ընդհանուր ֆինանսավորման շրջանակներում ստեղծելու Համալսարանի կառուցվածքը, հաստիքացուցակները, հիմնելու և վերացնելու պրոֆեսորադասախոսական, գիտական ու այլ պաշտոնատեղեր, սահմանելու վարձատրման պայմանները և չափը.
ստեղծելու հրատարակչություն և տպարան.
հրատարակելու գիտական աշխատություններ, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, պարբերականներ, գիտահանրամատչելի գրականություն, տեղեկատու նյութեր և թերթեր.
ստեղծելու կրթական, հետազոտական, բարեգործական և այլ հիմնադրամներ ու կատարելու նվիրատվություններ:
12. Համալսարանում հասարակական կազմակերպությունների գործունեությունը կարգավորվում է համաձայն ՀՀ օրենսդրության:
II. Համալսարանի կառուցվածքը և կառավարումը |
13. Համալսարանը բաղկացած է կրթահամալիրներից, դպրոցներից (ինստիտուտներից), բաժանմունքներից, դեպարտամենտներից, ամբիոններից և այլ ստորաբաժանումներից: Առանձին կառուցվածքային միավորների կարգավիճակը, իրավասությունները, փոխհարաբերությունները միմյանց և Համալսարանի հետ կարգավորվում են սույն օրինադրությամբ ու սեփական կանոնակարգով:
14. Համալսարանի կառավարման համակարգը կազմում են`
Համալսարանի հոգաբարձուների խորհուրդը.
Համալսարանի խորհուրդը.
Համալսարանի գիտական խորհուրդը.
Համալսարանի ղեկավարությունը.
Համալսարանի պրեզիդենտը:
15. Համալսարանի հոգաբարձուների խորհուրդը Համալսարանի կառավարման բարձրագույն մարմինն է, որը նպատակաուղղում է Համալսարանի ընդհանուր քաղաքականությունը, որոշում զարգացման հիմնական ուղղությունները և իրականացնում նրա գործունեության վերահսկողությունը:
Հոգաբարձուների խորհրդի կանոնադրությունը հաստատվում է ՀՀ կառավարության կողմից:
16. Հոգաբարձուների խորհուրդը կարող է ունենալ 25-35 անդամ: Խորհրդի անդամները (հոգաբարձուները) նշանակվում և ազատվում են ՀՀ կառավարության կողմից: Հոգաբարձու կարող է լինել 20 տարին լրացած Հայաստանի ցանկացած քաղաքացի կամ օտարերկրացի:
17. Ի պաշտոնե հոգաբարձուների խորհրդի անդամներ են` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը,
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարը, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտը, Երևանի քաղաքապետը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետը,
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրեզիդենտը:
(17-րդ կետը խմբ. 14.08.97 N 338, լրաց. 27.03.99 N 183)
18. Հոգաբարձուներ նշանակվում են 3-5 տարի ժամկետով, ոչ ավելի, քան երկու ժամկետ անընդմեջ` պահպանելով շրջափոխման սկզբունքը: Հոգաբարձուների խորհրդի կազմի առնվազն 1/5-ը Համալսարանի ներկայացուցիչներ են:
19. Հոգաբարձուների խորհուրդը`
Համալսարանի խորհրդի երաշխավորությամբ առաջարկություններ է ներկայացնում ՀՀ կառավարություն` Համալսարանի պրեզիդենտի նշանակման և ազատման վերաբերյալ.
Համալսարանի պրեզիդենտի ներկայացմամբ հաստատում է Համալսարանի փոխպրեզիդենտներին և կրթահամալիրների տնօրեններին.
հաստատում է պրեզիդենտի հաշվետվությունը` Համալսարանի տարեկան գործունեության վերաբերյալ.
քննարկում և սահմանված կարգով հաստատման է ներկայացնում Համալսարանի տարեկան բյուջեի նախագիծը.
հավանություն է տալիս Համալսարանի օրինադրությանը, դրանում կատարվող փոփոխություններին և ներկայացնում ՀՀ կառավարության հաստատմանը.
հաստատում է Համալսարանի զարգացման գլխավոր պլանը և կրթահամալիրներ ստեղծելու վերաբերյալ առաջարկությունները.
կազմակերպում է Համալսարանի լրացուցիչ ֆինանսական միջոցների ձևավորումը.
որոշում է արտասահմանյան երկրների հետ Համալսարանի կապերի հիմնական ուղղությունները.
իրավասու է պահանջելու Համալսարանի յուրաքանչյուր կառուցվածքային ստորաբաժանումից և պաշտոնատար անձից տեղեկություն, որն անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար.
իր իրավասության շրջանակներում կարող է կազմել հանձնախմբեր, իսկ առանձին դեպքերում` Համալսարանի գիտական խորհրդի հետ համատեղ հանձնաժողովներ.
իր իրավասության սահմաններում ներկայացնում է Համալսարանն այլ կազմակերպություններում:
20. Հոգաբարձուների խորհրդի կառուցվածքը, կազմման կարգը և աշխատակարգը սահմանվում են նրա կանոնադրությամբ:
21. Հոգաբարձուների խորհրդի նիստը համարվում է իրավազոր նրա անդամների պարզ մեծամասնության ներկայության դեպքում, որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների 2/3-ի մեծամասնությամբ:
22. Համալսարանի խորհուրդը Համալսարանի կառավարման բարձրագույն ներկայացուցչական մարմին է, որն ապահովում է գիտամանկավարժական և ուսանողական անձնակազմի, նրա բոլոր կրթահամալիրների մասնակցությունը Համալսարանի գործունեության կառավարման, սոցիալական և այլ ծրագրերի ձևավորման գործում: Խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է:
23. Համալսարանի խորհուրդը կազմվում է ի պաշտոնե և ընտրովի անդամներից, որոնց ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 200-ից: Ի պաշտոնե անդամներ են` Համալսարանի պրեզիդենտը, փոխպրեզիդենտները, կրթահամալիրների, դպրոցների (բաժանմունքների), ներհամալսարանական քոլեջների, գրադարանի և հաշվողական կենտրոնի տնօրենները, դեպարտամենտների վարիչները, գլխավոր հաշվապահը, արհմիութենական կազմակերպությունների, ուսանողական խորհրդի և շրջանավարտների միության նախագահները, ինչպես նաև պրեզիդենտի առաջարկությամբ այլ ստորաբաժանումների ղեկավարներ:
24. Համալսարանի խորհրդի ընտրովի անդամների թվի ոչ պակաս, քան 80 տոկոսը կազմում են պրոֆեսորադասախոսական անձնակազմը և գիտական աշխատողները, 10 տոկոսը` ուսանողները (ասպիրանտները), մնացածը` ծառայողներն ու այլ կազմակերպություններից ընդգրկված անձինք:
25. Համալսարանի խորհուրդը`
հոգաբարձուների խորհրդին առաջարկություններ է ներկայացնում Համալսարանի պրեզիդենտի թեկնածության, ինչպես նաև պրեզիդենտի լիազորությունների վաղակետ դադարեցման վերաբերյալ (խորհրդի անդամների ձայների 2/3-ի մեծամասնությամբ).
հաստատում է ներհամալսարանական կարգապահական կանոնները և դրանց փոփոխությունները.
հոգաբարձուների խորհրդին առաջարկություններ է ներկայացնում Համալսարանի օրինադրությունում փոփոխություններ կատարելու վերաբերյալ.
հոգաբարձուների խորհրդին առաջարկություններ է ներկայացնում Համալսարանի գլխավոր պլանում փոփոխությունների, նոր կրթահամալիրների և քոլեջների ստեղծման կամ գոյություն ունեցողների լուծարման վերաբերյալ.
լսում է Համալսարանի գործունեության ամենամյա հաշվետվությունը, որով հանդես է գալիս Համալսարանի պրեզիդենտը.
քննարկում է Համալսարանի սոցիալական զարգացման և համապատասխան հիմնադրամների օգտագործման հիմնական ուղղությունները.
իր կանոնակարգով սահմանված կարգով կարող է քննության առնել Համալսարանի գործունեությանը վերաբերող այլ հարցեր և ընդունել համապատասխան որոշումներ:
26. Համալսարանի խորհրդի կառուցվածքը, կազմման կարգը և աշխատակարգը սահմանվում են նրա կանոնակարգով, որը հաստատում է հոգաբարձուների խորհուրդը:
27. Համալսարանի խորհրդի որոշումներն ընդունվում են նրա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ (եթե խորհուրդն այս մասին այլ որոշում չի կայացրել): Որոշումները համարվում են ընդունված, եթե քվեարկությանը մասնակցել է խորհրդի անդամների թվի 2/3-ից ոչ պակասը: Խորհրդի որոշումները կենսագործվում են Համալսարանի պրեզիդենտի հրամաններով: Որոշման հետ անհամաձայնության դեպքում պրեզիդենտը մեկ շաբաթվա ընթացքում խորհրդին է վերադարձնում հարցն իր առաջարկություններով, որոնք վերաքվեարկում են 1 ամսվա ընթացքում: Խորհրդի անդամների 2/3-ի մեծամասնությամբ նախորդ որոշումը հաստատվելու դեպքում, պրեզիդենտը դա 3 օրվա ընթացքում հրամանով ձևակերպում է:
28. Խորհրդի նիստերը գումարվում են կիսամյակը մեկ անգամ: Արտահերթ նիստերը հրավիրվում են Համալսարանի պրեզիդենտի կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:
29. Համալսարանի գիտական խորհուրդը Համալսարանի պրեզիդենտի նախագահությամբ գործող կոլեգիալ մարմին է, որը լուծում է Համալսարանի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպման, պլանավորման ու կառավարման հիմնահարցերը: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Խորհրդի հերթական նիստերը գումարվում են ամիսը մեկ անգամ:
30. Գիտական խորհրդի թվակազմը, որը չի կարող գերազանցել 100-ից, սահմանում է Համալսարանի պրեզիդենտը:
Գիտական խորհրդի անդամները կարող են լինել ի պաշտոնե և ընտրովի:
31. Գիտական խորհրդի անդամներ են ի պաշտոնե` Համալսարանի պրեզիդենտը, փոխպրեզիդենտները, կրթահամալիրների տնօրենները, Համալսարանի գիտական քարտուղարը, համալսարանական քոլեջների, դպրոցների (բաժանմունքների) տնօրենները, գրադարանի տնօրենը, արհմիութենական կազմակերպությունների նախագահները, ինչպես նաև պրեզիդենտի ընտրությամբ այլ ստորաբաժանումների ղեկավարները: Ի պաշտոնե անդամների թիվը չի կարող գերազանցել գիտական խորհրդի թվակազմի 50 տոկոսը:
32. Գիտական խորհրդի ընտրովի անդամներն ընտրվում են Համալսարանի խորհրդի ընտրովի կազմից` Համալսարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից: Գիտական խորհրդի անդամներից 2-ը պետք է ուսանողներ լինեն:
33. Գիտական խորհուրդը`
քննարկում է ուսումնական մասնագիտությունների ու մասնագիտացումների անվանացանկերը և ներկայացնում ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարություն` պետական հավատարմագրման.
հաստատում է մասնագիտությունների ուսումնական պլանները.
սահմանում է ընդունելության և որակավորման պայմաններ` դիմորդների և շրջանավարտների համար.
լուծում է Համալսարանի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպման ու կառավարման այլ հարցեր.
հաստատում է Համալսարանի գիտական և պրոֆեսորադասախոսական պաշտոնատեղերի տիտղոսացանկը.
որոշումներ է ընդունում դպրոցներ ու համահամալսարանական ուսումնական, գիտաարտադրական և այլ ստորաբաժանումներ ստեղծելու վերաբերյալ, քննարկում դրանց ղեկավարների թեկնածությունները.
հիմնում և շնորհում է պատվավոր կոչումներ, տիտղոսներ, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, հանրապետական ու միջազգային պարգևների և տիտղոսների համար ներկայացնում թեկնածություններ.
հաստատում է Համալսարանի կանոնակարգը և համահամալսարանական նշանակության կանոնադրական ու չափորոշիչ ակտեր.
ստեղծում է գիտական խորհրդի մշտական հանձնախմբեր և այլ մարմինների հետ համատեղ հանձնաժողովներ ու հաստատում դրանց կազմը.
քննարկում և Համալսարանի խորհրդի հաստատմանն է ներկայացնում ներհամալսարանական կարգապահական կանոնները.
քննարկում է կրթահամալիրների, դպրոցների և այլ ստորաբաժանումների տարեկան հաշվետվությունները.
քննարկում է Համալսարանի արտասահմանյան կապերի ծրագրերն ու ուղղությունները և ներկայացնում դրանք հոգաբարձուների խորհրդի հաստատմանը.
առաջարկություններ է ներկայացնում Համալսարանի տարածքի և շինությունների բաշխման ու վերաբաշխման վերաբերյալ.
իրականացնում է այլ իրավասություններ` Համալսարանի հոգաբարձուների խորհրդի և Համալսարանի խորհրդի որոշմամբ:
34. Գիտական խորհրդի կառուցվածքը, կազմման կարգը և աշխատակարգը սահմանվում են նրա կանոնակարգով, որը հաստատվում է հոգաբարձուների խորհրդի կողմից:
35. Գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր նրա անդամների 2/3-ի ներկայության դեպքում: Որոշումներն ընդունվում են նրա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ և հաստատվում պրեզիդենտի կողմից:
36. Համալսարանի զարգացման հիմնական ուղղությունները մշակելու և նրա գործունեության տարբեր ոլորտները վերահսկելու նպատակով գիտական խորհրդին կից, նրա որոշմամբ, ստեղծվում են համալսարանական մշտական հանձնախմբեր, որոնց կազմը հաստատվում է պրեզիդենտի կողմից 3-5 տարի ժամկետով` պահպանելով շրջափոխման սկզբունքը: Մշտական հանձնախմբերի կառուցվածքը, կազմման կարգը և աշխատակարգը սահմանվում են գիտական խորհրդի կանոնակարգով:
37. Համալսարանի պրեզիդենտը Համալսարանի բարձրագույն պաշտոնատար անձն է, որը ղեկավարում է Համալսարանի գործունեությունը ՀՀ օրենսդրության, սույն օրինադրության և Համալսարանի կանոնակարգի համաձայն:
38. Համալսարանի պրեզիդենտին նշանակում և ազատում է ՀՀ կառավարությունը` հոգաբարձուների խորհրդի առաջարկությամբ` 5 տարի ժամկետով, ոչ ավելի, քան երկու ժամկետ անընդմեջ: Պրեզիդենտի լիազորությունները կարող են վաղակետ դադարեցվել հոգաբարձուների խորհրդի առաջարկությամբ` ՀՀ կառավարության որոշմամբ:
39. Համալսարանի պրեզիդենտն ի պաշտոնե Համալսարանի հոգաբարձուների խորհրդի, նրա գործադիր կոմիտեի անդամ է, Համալսարանի խորհրդի և գիտական խորհրդի նախագահն է:
40. Համալսարանի պրեզիդենտը`
գործում է Համալսարանի անունից.
սույն օրինադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներում ներկայացնում է Համալսարանը կառավարման մարմիններում, կազմակերպություններում և ձեռնարկություններում.
հոգաբարձուների խորհրդին առաջարկություններ է ներկայացնում փոխպրեզիդենտների և կրթահամալիրների տնօրենների նշանակման ու ազատման վերաբերյալ, որոշում նրանց իրավասությունները.
սահմանված կարգով նշանակում է աշխատանքի և ազատում է աշխատանքից Համալսարանի այլ պաշտոնատար անձանց, ստորաբաժանումների ղեկավարների և այլ աշխատողների.
դպրոցների ներկայացմամբ հաստատում է ուսանողների ընդունելությունը, ազատումը, և որակավորման աստիճանների շնորհումը.
հրապարակում է հրամաններ և կարգադրություններ, որոնց կատարումը պարտադիր է Համալսարանի ուսանողների և աշխատողների համար.
իր իրավասությունների մի մասը կարող է փոխանցել Համալսարանի այլ պաշտոնատար անձանց.
հրավիրում է Համալսարանի խորհրդի և գիտական խորհրդի նիստեր:
41. Համալսարանի պրեզիդենտի բացակայության դեպքում նրա պարտականությունները կատարում է փոխպրեզիդենտներից մեկը` հոգաբարձուների խորհրդի որոշմամբ կամ պրեզիդենտի հրամանով:
42. Համալսարանի փոխպրեզիդենտների թիվը և գործունեության ոլորտները սահմանում է Համալսարանի հոգաբարձուների խորհուրդը` համաձայն Համալսարանի գլխավոր պլանի: Փոխպրեզիդենտներին նշանակում (5 տարի ժամկետով) և ազատում է Համալսարանի պրեզիդենտը հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ:
43. Փոխպրեզիդենտների լիազորությունները սահմանում է պրեզիդենտը: Պրեզիդենտի պաշտոնավորման ավարտի կամ վաղակետ ընդհատման դեպքում փոխպրեզիդենտները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը` մինչև նոր պրեզիդենտի նշանակումը:
44. Համալսարանի գիտական քարտուղարը միաժամանակ իրականացնում է հոգաբարձուների խորհրդի և գիտական խորհրդի քարտուղարի պարտականությունները և հոգաբարձուների խորհրդի աշխատանքներին մասնակցում է խորհրդակցական ձայնի իրավունքով: Գիտական քարտուղարի լիազորությունները և պարտականությունները սահմանվում են Համալսարանի հոգաբարձուների խորհրդի կանոնադրությամբ, գիտական խորհրդի և Համալսարանի կանոնակարգերով:
45. Համալսարանում նույն անձին չի թույլատրվում միաժամանակ զբաղեցնել երկու ղեկավար պաշտոն, եթե այդ մասին չկա հոգաբարձուների խորհրդի հատուկ որոշում:
46. Համալսարանի պաշտոնատար անձինք, կառուցվածքային միավորների ու ստորաբաժանումների ղեկավարները չեն կարող շարունակել պաշտոնավարությունը 65 տարին լրանալուց հետո, եթե այդ մասին չկա Հայաստանի Հանրապետության կառավարության այլ որոշում:
47. Համալսարանի պրեզիդենտը և փոխպրեզիդենտներն իրավունք ունեն վճարովի գիտամանկավարժական աշխատանք կատարել Համալսարանի կանոնակարգով սահմանված կարգով: Իրենց լիազորությունների ժամկետի ավարտից հետո նրանք ապահովվում են Համալսարանում իրենց գիտամանկավարժական որակավորմանը համապատասխան պաշտոնով:
48. Համալսարանի գործունեության օպերատիվ կառավարման և նրա ստորաբաժանումների գործունեության կոորդինացման նպատակով պրեզիդենտին կից ստեղծվում է Համալսարանի ղեկավարություն հետևյալ կազմով` Համալսարանի պրեզիդենտ, փոխպրեզիդենտներ, գիտական քարտուղար, գլխավոր հաշվապահ, կրթահամալիրների, դպրոցների (բաժանմունքների) տնօրեններ և պրեզիդենտի որոշմամբ` Համալսարանի այլ պաշտոնատար անձինք:
49. Համալսարանի ղեկավարությունը`
քննարկում է Համալսարանի ստորաբաժանումների աշխատանքային պլանները և լսում հաշվետվությունները.
վերահսկում է Համալսարանի հոգաբարձուների խորհրդի, Համալսարանի խորհրդի, գիտական խորհրդի որոշումների կատարումը և նախապատրաստում է հարցերի քննարկումն այդ մարմիններում.
վերահսկում է Համալսարանի տարեկան բյուջեի կատարման ընթացքը.
քննարկման է նախապատրաստում Համալսարանի կանոնակարգը, կանոնադրական փաստաթղթերը.
իր լիազորությունների շրջանակներում ընդունում է չափորոշիչ փաստաթղթեր.
գիտական խորհրդի առաջարկությունների հիման վրա բաշխում ու վերաբաշխում է ուսումնական և այլ մակերեսներ Համալսարանի ստորաբաժանումների միջև.
դիտարկում է այլ հարցեր` Համալսարանի պրեզիդենտի, Համալսարանի խորհրդի և գիտական խորհրդի հանձնարարությամբ:
50. Համալսարանի ղեկավարության լիազորությունները և աշխատակարգը սահմանվում են Համալսարանի կանոնակարգով:
51. Համալսարանի ուսանողության ինքնակառավարման մարմինը ուսանողական խորհուրդն է, որը`
ապահովում է ուսանողների մասնակցությունը Համալսարանի գործունեության կառավարման բոլոր ոլորտներում.
համապատասխան մարմինների քննարկմանն է ներկայացնում ուսանողների իրավունքներին առնչվող հարցեր.
խթանում է ուսանողական ինքնավարության գործընթացը Համալսարանում.
ներկայացուցիչներ է ընտրում Համալսարանի խորհրդում, գիտական խորհրդում և մշտական հանձնախմբերում:
52. Ուսանողական խորհրդի կառուցվածքը, կազմման կարգը և աշխատակարգը սահմանվում են նրա կանոնակարգով, որը հաստատում է Համալսարանի խորհուրդը:
III. Համալսարանի կառուցվածքային միավորները |
53. Կրթահամալիրներ
Կրթահամալիրը Համալսարանի տարածակառուցվածքային միավոր է, որը ստեղծվում է հանրապետության տվյալ տարածաշրջանում ճարտարագիտական և ճարտարագիտատնտեսագիտական կրթությամբ մասնագետների պահանջարկը բավարարելու համար:
Կրթահամալիրի ստեղծման, վերակառուցման կամ լուծարման մասին որոշումներն ընդունում է ՀՀ կառավարությունը` հոգաբարձուների խորհրդի առաջարկությամբ:
Կրթահամալիրի կարգավիճակը (շնորհվող որակավորման աստիճանները), իրավասություններն ու կառուցվածքը սահմանվում են կրթահամալիրի կանոնադրությամբ:
Կրթահամալիրի կառուցվածքի մեջ կարող են գործել ուսումնական, գիտաարտադրական, առևտրային և այլ ստորաբաժանումներ:
Համալսարանի կառավարման կենտրոնական համակարգը իրականացնում է նաև երևանյան կրթահամալիրի կառավարումը:
Կրթահամալիրի տնօրենին պրեզիդենտի ներկայացմամբ 5 տարի ժամկետով նշանակում է հոգաբարձուների խորհուրդը: Կրթահամալիրի տնօրենն իր պաշտոնը կարող է զբաղեցնել ոչ ավելի, քան 2 ժամկետ անընդմեջ: Տնօրենի թեկնածության առաջադրման կարգը և լիազորությունները սահմանվում են Համալսարանի կանոնակարգով ու կրթահամալիրի կանոնադրությամբ:
54. Դպրոցներ և բաժանմունքներ
Դպրոցը (ֆակուլտետը) * Համալսարանում ուսուցումը կազմակերպող և իրականացնող հիմնական ինքնուրույն կառուցվածքային միավոր է, որը ձևավորվում է ըստ ընդհանուր մասնագիտական կողմնորոշման կամ ըստ գործունեության բնույթի:
Դպրոցը կարող է ստանալ իրավաբանական անձի կարգավիճակ, որի իրավասությունները, կառուցվածքը, գործունեության սկզբունքներն ու փոխհարաբերությունները Համալսարանի հետ կարգավորվում են սույն օրինադրությամբ և դպրոցի կանոնադրությամբ, որը հաստատում է Համալսարանի խորհուրդը:
Դպրոցը ստեղծվում և լուծարվում է Համալսարանի խորհրդի որոշմամբ, Համալսարանի գլխավոր պլանի համաձայն:
Դպրոցի կազմում կարող են ստեղծվել դեպարտամենտներ, համալսարանական քոլեջ, ամբիոններ, գիտաարտադրական և այլ ստորաբաժանումներ:
Դպրոցը`
տնօրինում է իրեն հատկացված և սեփական գործունեությունից կուտակված ֆինանսական միջոցներն ու հիմնական հիմնադրամները.
ստեղծում է լրացուցիչ արտաբյուջետային հիմնադրամներ.
կազմակերպում և կոորդինացնում է ներդպրոցային կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունն ու որոշում դրանց զարգացման ուղիները.
պլանավորում և կազմակերպում է ուսումնական գործընթացը` համապատասխան մասնագիտություններով, դպրոցի ուսանողների ընդունելությունը, վերականգնումն ու տեղափոխումները և ներկայացնում առաջարկություններ նրանց ազատման վերաբերյալ.
լուծում է դպրոցի տնտեսական և սոցիալական զարգացման հարցեր.
ընտրում է իր ներկայացուցիչներին Համալսարանի խորհրդի և գիտական խորհրդի կազմերում:
Դպրոցի խորհուրդը դպրոցի գործունեության կառավարման մարմին է, որի որոշումները պարտադիր են դպրոցի ուսանողների և աշխատողների համար:
Դպրոցի խորհուրդը կազմվում է 50-ից ոչ ավելի անդամներով` 5 տարի ժամկետով: Խորհուրդն ունի ի պաշտոնե և ընտրովի անդամներ: Ի պաշտոնե անդամներ են` դպրոցի տնօրենը, փոխտնօրենները, դպրոցի դեպարտամենտների, ամբիոնների վարիչները, արհմիութենական կոմիտեների նախագահները և դրա կազմում գործող այլ ստորաբաժանումների ղեկավարներ: Ի պաշտոնե անդամ կարող են լինել խորհրդի ընտրովի կազմի 1/3-ից ոչ ավելին: Խորհրդի ընտրովի կազմի առնվազն 80 տոկոսն ընտրվում է գիտամանկավարժական կազմից, 10 տոկոսից ոչ պակասը` դպրոցի ուսանողներից:
Դպրոցի խորհրդում դպրոցի ստորաբաժանումների ներկայացուցչության նորմերը, խորհրդի ձևավորման կարգը, կառուցվածքը և աշխատակարգը սահմանվում են դպրոցի կանոնադրությամբ:
Դպրոցի խորհուրդը`
առաջարկություններ է ներկայացնում Համալսարանի պրեզիդենտին` դպրոցի տնօրենի թեկնածության և նրա լիազորությունների վաղակետ դադարեցման վերաբերյալ (խորհրդի անդամների ձայների 2/3-ի մեծամասնությամբ).
Համալսարանի գիտական խորհրդին առաջարկություններ է ներկայացնում դպրոցի կառուցվածքում դեպարտամենտների, ամբիոնների, լաբորատորիաների և այլ ստորաբաժանումների ստեղծման, վերակազմավորման ու լուծարման վերաբերյալ.
նախապատրաստում է առաջարկություններ ուսումնական մասնագիտությունների և մասնագիտացումների ստեղծման ու լուծարման վերաբերյալ.
քննարկում է մասնագիտությունների և մասնագիտացումների ուսումնական պլանները.
քննարկում է ամբիոնների ներկայացրած առարկայական ուսումնական ծրագրերը.
քննարկում է դպրոցի հաստիքացուցակի նախագիծը, բյուջեի նախահաշիվը և սահմանված կարգով ներկայացնում հաստատման.
քննարկում է դեպարտամենտների և ամբիոնների առաջարկությունները պրոֆեսորադասախոսական նոր պաշտոնատեղերի ստեղծման, համապատասխան նշանակումների ու առաջքաշման վերաբերյալ, Համալսարանի գիտական խորհրդին ներկայացնում դպրոցի պրոֆեսորական տարակարգի թեկնածուներին.
քննարկում է դպրոցի փոխտնօրենների, քոլեջի տնօրենի, դեպարտամենտների և ամբիոնների վարիչների թեկնածություններն ու ներկայացնում առաջարկություններ.
դիտարկում և գիտական խորհրդի հաստատմանն է ներկայացնում պատվավոր կոչումների, մրցանակների, անվանական կրթաթոշակների ու պարգևների հավակնորդներին:
Դպրոցի գլխավոր պաշտոնատար անձը դպրոցի տնօրենն է, որին դպրոցի խորհրդի առաջարկությամբ և Համալսարանի գիտական խորհրդի ներկայացմամբ 5 տարի ժամկետով նշանակում է Համալսարանի պրեզիդենտը: Դպրոցի տնօրենն իր պաշտոնը կարող է զբաղեցնել ոչ ավելի, քան երկու ժամկետ անընդմեջ:
Համալսարանի պրեզիդենտը դպրոցի տնօրենի ներկայացմամբ նշանակում է փոխտնօրեններին: Փոխտնօրենների լիազորություններն ու աշխատակարգը սահմանում է դպրոցի տնօրենը:
Դպրոցի տնօրենը`
ներկայացնում է դպրոցը Համալսարանում և այլ կազմակերպություններում.
սահմանված կարգով Համալսարանի պրեզիդենտին առաջարկություններ է ներկայացնում դպրոցի փոխտնօրենների, դեպարտամենտների և ամբիոնների վարիչների նշանակման ու ազատման վերաբերյալ, պայմանագրային կարգով ընդունում է այլ ստորաբաժանումների ղեկավարներին և աշխատողներին.
Համալսարանի պրեզիդենտի հրամանագրմանն է ներկայացնում դպրոցի ուսանողների ընդունելության, ազատման, վերականգնման ու տեղափոխման վերաբերյալ առաջարկություններ:
Բաժանմունքը Համալսարանի սեփական գիտամանկավարժական կազմ չունեցող կառուցվածքային ստորաբաժանում է, որն իրականացնում է ուսուցման առանձին ձևերի կամ կրթության աստիճանների կազմակերպում:
Կախված ուսումնական գործընթացի իրականացման ձևից և կազմակերպման բնույթից, բաժանմունքը գործում է Համալսարանի դպրոցի լրիվ կամ մասնակի իրավասություններով:
Բաժանմունքի կառուցվածքը, իրավասությունները, գործունեության սկզբունքներն ու փոխհարաբերությունները Համալսարանի և նրա այլ կառուցվածքային միավորների հետ կարգավորվում են Համալսարանի ու բաժանմունքի կանոնակարգերով, որոնք հաստատում է Համալսարանի խորհուրդը:
55. Համալսարանական քոլեջներ
Համալսարանական քոլեջը Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանում է, որը համապատասխան մասնագիտացնող դպրոցի շրջանակներում իրականացնում է կրտսեր ճարտարագետի որակավորմամբ մասնագետների ուսուցումը:
Համալսարանական քոլեջները ստեղծվում են ՀՀ կառավարության որոշմամբ` հոգաբարձուների խորհրդի առաջարկությամբ:
Համալսարանական քոլեջի կառուցվածքը, ուսուցման տևողությունը, կառավարումը, գործունեության սկզբունքները և փոխհարաբերությունները Համալսարանի հետ սահմանվում են սույն օրինադրությամբ ու քոլեջի կանոնադրությամբ, որը հաստատում է Համալսարանի խորհուրդը:
Համալսարանական քոլեջի տնօրենին նշանակում է պրեզիդենտը` համապատասխան դպրոցի տնօրենի առաջարկությամբ: Քոլեջի տնօրենն ի պաշտոնե դպրոցի փոխտնօրենն է:
Համալսարանի քոլեջների գործունեության կոորդինացման, ընդունելության և ավարտական պահանջների միասնականացման նպատակով ստեղծվում է քոլեջների խորհուրդ, որի նախագահը քոլեջների ու ճարտարագիտական ընդհանուր կրթության գծով Համալսարանի փոխպրեզիդենտն է: Խորհրդի կառուցվածքը, կազմման կարգը և աշխատակարգը սահմանվում են համալսարանական քոլեջների կանոնադրությամբ, որը հաստատում է Համալսարանի խորհուրդը:
56. Դեպարտամենտներ
Դեպարտամենտը դպրոցի ուսումնամեթոդական և հետազոտական գործընթացը կազմակերպող հիմնական ստորաբաժանում է, որը միավորում է մեկ և ավելի հարակից մասնագիտությունների կամ ընդհանուր ճարտարագիտական կրթության առանձին հիմնամասերի ուսուցումն իրականացնող գիտամանկավարժական կազմը:
Դեպարտամենտի ստեղծման, կառուցվածքային փոփոխությունների և լուծարման մասին որոշումներն ընդունում է Համալսարանի գիտական խորհուրդը` համապատասխան դպրոցի խորհրդի առաջարկությամբ:
Դեպարտամենտի կազմի մեջ մտնում են ամբիոններ և դեպարտամենտի ենթակայության այլ ստորաբաժանումներ:
Դեպարտամենտի իրավասությունները, կառուցվածքը, գործունեության սկզբունքներն ու փոխհարաբերությունները դպրոցի հետ կարգավորվում են սույն օրինադրությամբ, դպրոցի կանոնադրությամբ և դեպարտամենտի կանոնակարգով, որը հաստատում է Համալսարանի խորհուրդը:
Դեպարտամենտը`
ձևավորում է դեպարտամենտի տարեկան ֆինանսական պլանը.
ներկայացնում է առաջարկություններ ամբիոններ և այլ ներդեպարտամենտական ստորաբաժանումներ ստեղծելու, լուծարելու և տարածաբաշխման վերաբերյալ.
կազմակերպում և ղեկավարում է ներդեպարտամենտական ստորաբաժանումների գործունեությունը.
ներկայացնում է առաջարկություններ դեպարտամենտի պրոֆեսորադասախոսական և հետազոտական պաշտոնատեղերի ստեղծման վերաբերյալ, երաշխավորում գիտամանկավարժական կազմի թեկնածուներին, կազմակերպում համապատասխան պայմանագրերի ձևակերպումը.
մշակում է մասնագիտությունների և մասնագիտացումների ուսումնական պլանները կամ այդ պլանների, իր պրոֆիլին առնչվող, ենթաբաժինները.
իրականացնում է ուսումնական պլանները, կազմակերպում ուսումնաարտադրական պրակտիկան, շրջանավարտների ատեստավորումը.
ձևավորում է պայմանագրային կապեր արտադրական, հետազոտական և այլ կազմակերպությունների հետ:
Դեպարտամենտի գլխավոր պաշտոնատար անձը դեպարտամենտի վարիչն է, որին դպրոցի խորհրդի ներկայացմամբ 5 տարի ժամկետով նշանակում է Համալսարանի պրեզիդենտը: Դեպարտամենտի վարիչն իր պաշտոնը կարող է զբաղեցնել ոչ ավելի, քան երկու ժամկետ անընդմեջ:
Դեպարտամենտի կառուցվածքը, կառավարման և գործունեության սկզբունքները սահմանվում են Համալսարանի կանոնակարգով:
57. Ամբիոններ
Ամբիոնը դեպարտամենտի ուսումնագիտական ստորաբաժանում է, որը միավորում է մասնագիտական ընդհանրություն ունեցող մեկ կամ ավելի դասընթացների համախումբ դասավանդող դասախոսների և հետազոտողների:
Ամբիոնը ղեկավարում է ամբիոնի վարիչը, որին դեպարտամենտի երաշխավորությամբ և Համալսարանի գիտական խորհրդի առաջարկությամբ նշանակում է Համալսարանի պրեզիդենտը:
Ամբիոնը` իրականացնում է ուսումնական գործընթաց` Համալսարանում շնորհվող որակավորման աստիճանների ուսումնական պլաններով.
մշակում է դասավանդվող առարկաների ուսումնական ծրագրերը և մասնագիտացումների ուսումնական պլանները.
կազմակերպում և իրականացնում է հետազոտական աշխատանքներ` ամբիոնի գիտական մասնագիտացման ասպարեզում.
ներկայացնում է թեկնածուներ ամբիոնի վարիչի և պրոֆեսորադասախոսական կազմի համար.
կատարում է գիտական աշխատանքներ, ստեղծում դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ և այլ հրատարակություններ:
Ամբիոնի գործունեությունը և կառավարման սկզբունքները կանոնակարգվում են Համալսարանի կանոնակարգով:
IY. Որակավորման և գիտական աստիճաններ |
58. Որակավորման աստիճաններ
Համալսարանում իրականացվում է ճարտարագիտական կրթության քառաստիճան համակարգ, որի արդյունքներով Համալսարանի շրջանավարտներին շնորհվում են որակավորման հետևյալ աստիճանները`
կրտսեր ճարտարագետ (միջին մասնագիտական կրթության որակավորման աստիճան).
ճարտարագիտության բակալավր.
ճարտարագիտության մագիստրոս.
ճարտարագետ-հետազոտող:
Կրտսեր ճարտարագետի որակավորման աստիճան շնորհվում է միջնակարգ կրթություն ունեցող անձանց` ներհամալսարանական քոլեջի ծրագրով Համալսարանում եռամյա ուսուցման արդյունքներով:
Ճարտարագիտության բակալավրի որակավորման աստիճան շնորհվում է միջնակարգ կրթություն ունեցող անձանց` Համալսարանի մասնագիտացնող դպրոցի քառամյա ուսուցման ծրագրի արդյունքներով:
Ճարտարագիտության մագիստրոսի որակավորման աստիճան շնորհվում է ճարտարագիտության բակալավրի կամ դրան համարժեք բարձրագույն կրթություն ունեցող անձանց` Համալսարանի ասպիրանտական դպրոցում երկամյա ուսուցման ծրագրի արդյունքներով` ավարտական թեզը պաշտպանելու դեպքում:
Ճարտարագետ-հետազոտողի որակավորման աստիճան շնորհվում է ճարտարագիտության մագիստրոսի որակավորման աստիճան ունեցող անձանց` Համալսարանի ասպիրանտական բաժանմունքում եռամյա ուսուցման ծրագրի արդյունքներով:
Համալսարանում շնորհված որակավորման աստիճանների դիպլոմները շրջանավարտներին տրվում և գրանցվում են ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:
59. Գիտական աստիճաններ
Համալսարանը շնորհում է տեխնիկական և այլ գիտությունների ասպարեզում Հայաստանի Հանրապետությունում հաստատագրված գիտական աստիճաններ:
Գիտական աստիճաններ շնորհում են Համալսարանի գիտական աստիճաններ շնորհող խորհուրդները, որոնք գործում են ասպիրանտական դպրոցին կից:
Աստիճանաշնորհման ենթակա գիտական մասնագիտությունների և գիտական աստիճաններ շնորհող խորհուրդների անվանացուցակները հաստատում է ՀՀ կառավարությունը նրա կողմից լիազորված մարմինը` Համալսարանի գիտական խորհրդի առաջարկությամբ:
Գիտական աստիճաններ շնորհող խորհուրդը ստեղծվում է Համալսարանի պրեզիդենտի հրամանով` պետական հավատարմագրում ստացած մեկ կամ ավելի գիտական մասնագիտությունների գծով:
Խորհուրդը կազմվում է մշտական և միանգամվա նշանակովի անդամներից, ձևավորվում է Հայաստանի և այլ պետությունների տվյալ ասպարեզի առաջատար գիտնականներից:
Ճարտարագիտության ասպարեզում գիտական աստիճան շնորհվում է ճարտարագետ-հետազոտողի որակավորման աստիճան ունեցող անձանց` թեզի պաշտպանության արդյունքներով:
Թեզեր և գիտական աստիճան հայցողներին ներկայացվող ընդհանուր պահանջները, ինչպես նաև գիտական աստիճաններ շնորհող խորհուրդների կազմման, թեզերի պաշտպանության, գիտական աստիճանների շնորհման ու պետական գրանցման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:
Գիտական աստիճաններ շնորհող խորհրդի աշխատանքի հետ կապված ծախսերը հատուցում է Համալսարանը:
Գիտական աստիճաններ շնորհող խորհրդի գործունեությունը կարող է վաղակետ ընդհատվել Համալսարանի պրեզիդենտի կողմից` ՀՀ օրենսդրությամբ և խորհրդի կանոնակարգով սահմանված դեպքերում:
Y. Համալսարանի գիտամանկավարժական կազմը և ծառայողները |
60. Համալսարանն ունի պրոֆեսորադասախոսական, գիտական, գիտամանկավարժական և ուսումնաօժանդակ կազմ, վարչատնտեսական, ճարտարագիտական, արտադրական ու այլ ոլորտների ծառայողներ:
61. Աշխատատեղերի ձևավորման, թեկնածուների առաջադրման, պայմանագրերի կնքման կամ վաղակետ լուծման կարգը սահմանվում է ՀՀ օրենսդրությամբ և Համալսարանի կանոնակարգով:
62. Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ընդգրկում է հետևյալ տարակարգերը` պրոֆեսոր, դոցենտ, ասիստենտ, դասախոս:
63. Համալսարանի դասախոս կարող են առաջադրվել անձինք, որոնք ունեն մագիստրոսի (բացառիկ դեպքերում` բակալավրի) աստիճան:
64. Համալսարանի ասիստենտ կարող են առաջադրվել անձինք, որոնք ունեն համապատասխան գիտական աստիճան կամ հետազոտողի որակավորման աստիճան:
65. Համալսարանի դոցենտ կարող են առաջադրվել անձինք, որոնք ունեն համապատասխան գիտական աստիճան և բուհում մանկավարժական աշխատանքի առնվազն 4 տարվա ստաժ:
66. Համալսարանի պրոֆեսոր կարող են առաջադրվել անձինք, որոնք ունեն բուհում մանկավարժական աշխատանքի առնվազն 9 տարվա ստաժ, որից ոչ պակաս, քան 5 տարին` դոցենտի կարգավիճակով:
67. Բացառիկ դեպքերում, առանց մանկավարժական ստաժի սահմանափակման, գիտական խորհրդի երաշխավորությամբ դոցենտի կամ պրոֆեսորի տարակարգ կարող են ստանալ հետազոտական կազմակերպություններից և արտադրությունից տեղափոխված առաջատար գիտնականներ և ճարտարագետներ, որոնք ունեն գիտական աստիճան: Գիտական աստիճան չունեցող անձինք դոցենտի տարակարգում կարող են առաջադրվել հոգաբարձուների խորհրդի հատուկ որոշմամբ:
68. Մանկավարժական բեռնվածքի նորմերն ըստ պրոֆեսորադասախոսական կազմի տարակարգերի սահմանվում են Համալսարանի կանոնակարգով:
69. Պրոֆեսորադասախոսական կազմում նոր ընդունվող անձանց հետ կոնտրակտներն առաջին անգամ կնքվում են 1, երկրորդ անգամ` 3, երրորդ և ավելիի դեպքում` 5-ական տարով, իսկ դասախոսների հետ` առաջին անգամ 1, հետագայում` 3-ական տարիներով:
70. Համալսարանում 14 և ավելի տարիների մանկավարժական ստաժ ունեցող պրոֆեսորներին գիտական խորհրդի որոշմամբ կարող է տրվել անժամկետ պրոֆեսորի կարգավիճակ` առանց հետագա պայմանագրեր կնքելու:
71. Պրոֆեսորադասախոսական կազմի պաշտոնավարման համար սահմանվում են հետևյալ տարիքային սահմանները. դասախոսների և ասիստենտների համար` 60 տարի, դոցենտների համար` 65 տարի, պրոֆեսորների համար` 70 տարի: Նշված տարիքային սահմաններն անցած անձանց հետագա աշխատանքի ձևերը և կարգավիճակը սահմանվում են Համալսարանի կանոնակարգով:
72. Համալսարանի գիտական խորհուրդը կարող է հիմնել և վաստակաշատ պրոֆեսորներին շնորհել պատվավոր պրոֆեսորի տիտղոս` առավել ակնհայտ գիտամանկավարժական ավանդի և Համալսարանին մատուցած բացառիկ ծառայությունների համար: Պատվավոր պրոֆեսորների գործունեությունը չի սահմանափակվում Համալսարանում գործող չափորոշիչ փաստաթղթերով:
73. Պրոֆեսորադասախոսական կազմի սահմանված տարակարգերին առընթեր Համալսարանում գործում են խորհրդատու պրոֆեսորների, հրավիրված պրոֆեսորների, դոցենտների, ասիստենտների, ինչպես նաև ուսումնական ասիստենտների հատուկ տարակարգեր, որոնց զբաղեցման կարգը սահմանվում է Համալսարանի կանոնակարգով:
74. Համալսարանի գիտական կազմն ընդգրկում է հետևյալ տարակարգերը` առաջատար գիտաշխատող, ավագ գիտաշխատող, կրտսեր գիտաշխատող: Գիտական կազմում անձանց առաջադրումը, պայմանագրերի կնքման և պաշտոնավարման կարգը սահմանվում են Համալսարանի գիտական կանոնակարգով:
75. Համալսարանի գիտամանկավարժական կազմին 5 տարին մեկ կարող է տրամադրվել մինչև կես տարի ժամկետով արձակուրդ` որակավորումը բարձրացնելու, գիտական գործունեության, դասագրքեր ստեղծելու, ինչպես նաև արտասահմանում աշխատելու համար` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանելով աշխատավարձը:
76. Գիտամանկավարժական կազմն իրավունք ունի`
ընտրել և ընտրվել Համալսարանի խորհուրդներում, մշտական հանձնախմբերում ու այլ ընտրովի մարմիններում.
դիմել գիտամանկավարժական տարակարգի բարձրացման համար.
մասնակցել մրցույթների` համապատասխան հիմնադրամներից, հետազոտական ծրագրերի ֆինանսավորման համար, և ինքնուրույն տնօրինել ստացած դրամաշնորհները.
ստանալ հետազոտական գործունեության արդյունքներից գոյացած եկամտի մասնաբաժինը` համաձայն գործող օրենսդրության.
մասնակցել մրցույթների` արտասահմանյան երկրներում գիտամանկավարժական փորձառության կամ գործուղումների համար.
մասնակցել գիտնականների և ճարտարագետների ընկերակցությունների ու ստեղծագործական միությունների գործունեությանը.
մասնակցել Համալսարանի գործունեությանն առնչվող հարցերի քննարկմանը և ներկայացնել առաջարկություններ.
Համալսարանի կանոնակարգի դրույթների համաձայն ընտրել ուսուցման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի առավել արդյունավետ իրականացումը.
օգտվել Համալսարանի գրադարանից, ուսումնագիտական լաբորատորիաներից, հաշվիչ կենտրոնից, ինչպես նաև սոցիալական ոլորտի ծառայություններից:
77. Գիտամանկավարժական կազմը պարտավոր է`
ժամանակին կատարել կոնտրակտով (պայմանագրով) նախատեսված պարտականությունները.
ենթարկվել ներհամալսարանական կարգապահական կանոններին և Համալսարանի կանոնակարգին.
պահպանել մասնագիտական և գիտական էթիկայի նորմերը:
78. Համալսարանի ուսումնաօժանդակ կազմի տարակարգերն են` լաբորատորիայի վարիչ, ավագ լաբորանտ, լաբորանտ, ուսումնական վարպետ:
79. Ուսումնաօժանդակ կազմում նոր ընդունվող անձանց հետ աշխատանքային պայմանագրերն առաջին անգամ կնքվում են մեկ տարի ժամկետով, իսկ հետագայում` 3 տարին մեկ: Համալսարանում պաշտոնավարման տարիքային սահմանը լաբորատորիայի վարիչի համար 65 տարին է, իսկ մյուս տարակարգերի համար` 60 տարին:
80. Համալսարանի ծառայողների հետ աշխատանքային պայմանագրերը կնքվում և սահմանված կարգով լուծվում են համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների կողմից:
YI. Համալսարանի ուսանողները և ունկնդիրները |
81. Համալսարանի ուսանողներ են համարվում սահմանված կարգով Համալսարան ընդունված սովորողները, որոնք հավակնում են Համալսարանի կողմից շնորհվող որևէ որակավորման աստիճանի:
82. Համալսարանի ասպիրանտներ են համարվում Համալսարանի ուսանողները, որոնք հավակնում են մագիստրոսի և հետազոտողի որակավորման աստիճանների:
83. Որակավորման բոլոր աստիճանների համար ընդունելության պահանջները որոշում է Համալսարանը` համաձայն պետական բուհերի ընդունելության ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգի:
84. Համալսարանի ունկնդիրներ են համարվում Համալսարանի նախապատրաստական, մասնագետների կատարելագործման և այլ բաժանմունքների սովորողները, որոնք գրանցված չեն Համալսարանի ուսանողական կազմում: Ունկնդիրների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Համալսարանի կանոնակարգով:
85. Համալսարանին հատկացված պետական պատվերի շրջանակներում ընդունված ուսանողների ուսուցումն անվճար է: Պետական պատվերից դուրս ընդունված ուսանողների և այլ բուհերից տեղափոխվածների ուսուցումը, ինչպես նաև երկրորդ մասնագիտությամբ համատեղված ուսուցումը վճարովի է: Ուսման վարձի չափը սահմանում է Համալսարանի հոգաբարձուների խորհուրդը:
86. Անբավարար առաջադիմության պատճառով կրկնակի ուսուցման համար կուրսում թողնվող ուսանողները տեղափոխվում են վճարովի ուսուցման տարակարգ: Ուսանողների կրկնակի ուսուցման, ազատման և վերականգնման, ինչպես նաև վճարովի ուսուցման տարակարգից անվճար ուսուցման տարակարգ տեղափոխվելու կարգը սահմանվում է Համալսարանի կանոնակարգով:
87. Համալսարանը կարող է կազմակերպել աշխատող ուսանողների արտադրությունից չկտրված ուսուցում` վճարովի հիմունքներով: Ուսուցման կարգը սահմանվում է Համալսարանի կանոնակարգով:
88. Անվճար ուսուցման տարակարգում ընդգրկված ուսանողները կրթաթոշակ են ստանում ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով: Առավել առաջադիմող ուսանողներին Համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ կարող է նշանակվել անվանական կրթաթոշակ:
89. Արտասահմանյան քաղաքացիների ուսուցումը Համալսարանում իրականացվում է վճարովի հիմունքներով` համաձայն Համալսարանի հետ կնքված պայմանագրերի:
90. Համալսարանի ուսանողներն իրավունք ունեն`
օգտվելու մասնագիտացված լսարաններից, գծագրական սրահներից, լաբորատորիաներից, գրադարանից և Համալսարանի մարզական-առողջարարական, մշակութային, հանրակացարանային համալիրից, սոցիալական ապահովության բոլոր ծառայություններից.
համատեղելու հիմնական ուսումնական մասնագիտության ուսուցումը երկրորդ մասնագիտության ուսուցման հետ և ստանալու երկու որակավորման աստիճան.
սովորելու ուսուցման կրճատված տևողությամբ անհատական ուսումնական պլաններով.
ներկայացնելու կարծիքներ իրենց դասավանդող պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության և ուսումնական պլանում ընդգրկված առարկաների վերաբերյալ.
առաջադրելու ներկայացուցիչներ Համալսարանի ընտրովի մարմիններում. մասնակցելու Համալսարանի գործունեությանն առնչվող հարցերի քննարկմանը և ներկայացնելու առաջարկություններ.
ստեղծելու ուսանողական ինքնակառավարման մարմիններ, որոնց գործունեությունը չի հակասում Համալսարանի օրինադրությանը և կանոնակարգին.
համատեղելու ուսուցումը և աշխատանքը Համալսարանի ստորաբաժանումներում` համաձայն Համալսարանի կանոնակարգի:
91. Ուսանողները պարտավոր են`
ենթարկվելու ներհամալսարանական կարգապահական կանոններին.
խնամքով վերաբերվելու և օգտագործելու Համալսարանի շինությունները, գույքը, գրադարանային ֆոնդը, լաբորատոր սարքերն ու տեղակայանքները.
պարտադիր կարգով հաճախելու ուսումնական պլանով նախատեսված առարկաների պարապմունքներին.
ժամանակին կատարելու բոլոր առաջադրանքները, հանձնելու ստուգարքներն ու քննությունները:
92. Ուսումնական պլանով նախատեսված առաջադրանքները կատարելու, պետական ամփոփիչ քննությունն ու ավարտական աշխատանքը հանձնելու, ինչպես նաև համապատասխան թեզը պաշտպանելու դեպքում ուսանողներին շնորհվում է որակավորման կամ գիտական աստիճան և տրվում Հայաստանում հաստատագրված ու Համալսարանում գրանցված դիպլոմներ:
93. Ուսումնական պլանը մասամբ կատարելու դեպքում ուսանողին տրվում է համապատասխան վկայական:
94. Համալսարանի շրջանավարտները կարող են աշխատանքի ընդունվել Համալսարանի` այլ կազմակերպությունների հետ կնքած ուղղակի պայմանագրերի հիման վրա կամ ինքնատեղավորման կարգով:
YII. Ուսումնական գործընթացի կազմակերպումը |
95. Համալսարանում ուսուցման լեզուն հայերենն է (բացառությամբ արտասահմանյան ուսանողների բաժանմունքի): Ուսումնառության ընթացքում օտար լեզուներ կարող են կիրառվել այլ պետություններից հրավիրված դասախոսների կողմից կամ օտար լեզուների ուսուցման նպատակով:
96. Ուսուցման բովանդակությունը Համալսարանում, ըստ ճարտարագիտության ոլորտների, տարբերակվում է համաձայն ուսումնական մասնագիտությունների, որոնց անվանացանկը որակավորման յուրաքանչյուր աստիճանի համար Համալսարանի գիտական խորհրդի առաջարկությամբ հաստատում է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարությունը:
Յուրաքանչյուր մասնագիտության շրջանակներում, համապատասխան պատվերի առկայության պայմաններում, կարող են ստեղծվել ճյուղային կողմնորոշմամբ մասնագիտացումներ: Նոր մասնագիտություններ և մասնագիտացումների ստեղծման ու գործողների լուծարման կարգը որոշվում է Համալսարանի կանոնակարգով:
97. Ուսումնական գործընթացի կազմակերպման և կառավարման հիմնական չափորոշիչ փաստաթուղթը մասնագիտության ուսումնական պլանն է, որը որոշում է նրա ուսուցման բովանդակությունը:
98. Ուսուցման պլանները կազմում են մասնագիտացնող դեպարտամենտները և ամբիոնները` շրջանավարտների որակավորման բնութագրերի հիման վրա: Ուսումնական պլանների կազմման և ուսումնական գործընթացի կազմակերպման կանոնները սահմանվում են Համալսարանի կանոնակարգով:
99. Ուսումնական պլաններն անցնում են ներհամալսարանական և արտաքին փորձաքննություն, քննարկվում մասնագիտացնող դպրոցի խորհրդում և ուսումնական տարվա սկզբից ոչ պակաս, քան 5 ամիս առաջ հաստատվում Համալսարանի գիտական խորհրդի կողմից:
100. Ուսումնական պլանի բաղկացուցիչներն են` ուսումնական առարկաները, ուսումնաարտադրական պրակտիկան և ավարտական (դիպլոմային) աշխատանքը: Ճարտարագիտության մագիստրոսի որակավորման աստիճանի համար ավարտական աշխատանքը համապատասխան թեզն է:
Ըստ նշանակության ուսումնական առարկաները դասակարգվում են երկու խմբի` պարտադիր ուսուցման և ընտրովի:
101. Ուսումնական առարկաների նպատակները, բովանդակությունը, տրամաբանական հաջորդականությունը, փոխադարձ կապը, երաշխավորվող գրականությունը, ուսումնառությունն սկսելու համար անհրաժեշտ նվազագույն գիտելիքները, ըստ ուսուցման ձևերի ուսումնական պլանով հատկացված ժամաքանակի բաշխումը և քննական պահանջները որոշվում են համապատասխան ամբիոնների կողմից կազմված առարկաների ծրագրերով: Ծրագրերը համապատասխան մասնագիտացնող դպրոցի խորհրդի երաշխավորությամբ հաստատում է դպրոցի տնօրենը: Հաստատագրված ուսումնական առարկաները պայմանանշվում և գրանցվում են Համալսարանի առարկայացանկում:
102. Ուսումնական պլանները Համալսարանում իրականացվում են ուսուցման արտադրությունից կտրված և չկտրված ձևերի միջոցով: Ուսուցման գործընթացը կազմակերպվում է ուսումնական տարիներով, որոնք բաժանվում են կիսամյակների: Ուսուցման տևողությունը կարող է փոփոխվել միայն Համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ:
103. Ճարտարագիտության բակալավրի ծրագրով սովորող այն ուսանողներին, որոնք առաջին երկու տարիների ուսումնառության արդյունքներով ցուցաբերել են առաջադիմության բարձր ցուցանիշներ, իրավունք է վերապահվում շարունակելու ուսումն իրենց կողմից կազմված անհատական ուսումնական պլաններով: Այդ պլանները համապատասխան դեպարտամենտի (ամբիոնի) երաշխավորությամբ հաստատում է մասնագիտացնող դպրոցի տնօրենը:
104. Ճարտարագիտության մագիստրոսի և հետազոտողի ծրագրով ուսուցումը հիմնականում իրականացվում է անհատական ուսումնական պլաններով, որոնք գիտական ղեկավարի երաշխավորությամբ հաստատում է ասպիրանտական դպրոցի տնօրենը:
105. (105-րդ կետն ուժը կորցրել է 03.08.99 N 490)
106. Ճարտարագիտության բակալավրի ծրագրով սովորող այն անձինք, որոնք չեն ցուցաբերում առաջադիմության անհրաժեշտ ցուցանիշներ և դուրս են մնում նշված որակավորման աստիճանին հավակնող ուսանողական կազմից, սահմանված կարգով ուսումնառությունը կարող են շարունակել կրտսեր ճարտարագետի ծրագրով:
107. Պետական ամփոփիչ քննությունն իրականացվում է ընդհանուր ճարտարագիտական և մասնագիտական առարկաների ուսումնառությունն ավարտելուց հետո և, որպես կանոն, նախորդում է ավարտական (դիպլոմային) աշխատանքի պաշտպանությանը:
108. Ավարտական (դիպլոմային) աշխատանքի պաշտպանության իրավունք վերապահվում է ճարտարագիտության բակալավրի ծրագրով սովորող այն անձանց, ովքեր լրիվ ծավալով ուսումնասիրել և հանձնել են մասնագիտության (մասնագիտացման) ուսումնական պլանով նախատեսված առարկայական դասընթացները, անցել ուսումնաարտադրական պրակտիկան ու հանձնել պետական ամփոփիչ քննություն:
109. Համալսարանի ասպիրանտական դպրոցում սովորելու իրավունք են ստանում այն անձինք, ովքեր բավարարում են ճարտարագիտության մագիստրոսի կամ ճարտարագետ-հետազոտողի ծրագրով ուսուցման շեմային պահանջները:
Անհատական ուսումնական պլանով նախատեսված պարտադիր և ընտրովի առարկայական դասընթացների լրիվ ծավալն ուսումնասիրելուց հետո այդ անձանց թույլ է տրվում պաշտպանել մագիստրոսական թեզ կամ հանձնել համապատասխան քննություններ:
YIII. Գիտահետազոտական և ստեղծագործական աշխատանքի կազմակերպումը |
110. Համալսարանը քաջալերում է հիմնարար և կիրառական գիտությունների բոլոր ճյուղերի զարգացումը, երաշխավորում է հետազոտողների կողմից գիտական թեմաների ընտրության ազատությունը:
111. Գիտական աշխատանքի կազմակերպման հիմնական օղակը դեպարտամենտներն ու ամբիոններն են, որոնք ապահովում են Համալսարանի ուսումնամեթոդական և հետազոտական աշխատանքների միասնությունը: Գիտական հետազոտությունները կազմակերպվում են պայմանագրային սկզբունքով:
112. Գիտական աշխատանքների ֆինանսավորումը կատարվում է պետբյուջետային միջոցներից, գիտության զարգացման ներքին և արտաքին հիմնադրամներից, Համալսարանի առևտրային ու գիտաարտադրական գործունեության եկամուտներից, գերատեսչությունների և կազմակերպությունների հետ կնքված տնտեսական պայմանագրերից:
113. Գիտական հետազոտությունների համար Համալսարանի հատկացումների պլանավորումն ու բաշխումն ըստ դպրոցների և այլ ստորաբաժանումների իրականացվում է Համալսարանի կանոնակարգին համապատասխան բաժնում սահմանված կարգով:
114. Գիտական աշխատանքների վարձատրման, սպասարկման, պայմանագրերի կազմման, հաշվետվության, ինչպես նաև գիտական աշխատանքներից ստացած եկամտի տնօրինման կարգը սահմանվում է Համալսարանի կանոնակարգով:
115. Համալսարանի ստորաբաժանումները կարող են ստեղծել գիտական համագործակցության ինքնուրույն կապեր Հայաստանի և արտասահմանի բուհերի ու այլ կազմակերպությունների հետ, անարգել իրականացնել գիտնականների և մասնագետների փոխանակություն:
116. Համալսարանում ստեղծված մտավոր աշխատանքի արդյունքները տնօրինվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
IX. Համալսարանի գույքը և ֆինանսական գործունեությունը |
117. Համալսարանի գույքի կազմի մեջ են մտնում հիմնական և շրջանառու միջոցները` մտավոր աշխատանքի արդյունքները, շինությունները, շարժական գույքը, ֆինանսական ռեսուրսները, արժեթղթերը և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ արժեքներ:
118. Համալսարանը, որպես իրավաբանական անձ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործում, տիրապետում և տնօրինում է իրեն պատկանող գույքը:
119. Համալսարանի ֆինանսական միջոցները կազմվում են պետբյուջետային և արտաբյուջետային միջոցներից: Պետբյուջետային միջոցները Համալսարանը ստանում և օգտագործում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
120. Համալսարանի արտաբյուջետային միջոցների հիմնական աղբյուրներն են`
մասնագետների պայմանագրային ուսուցման համար Հայաստանի և այլ պետությունների ձեռնարկություններից ու կազմակերպություններից ստացված միջոցները.
վճարովի ուսուցման համակարգից գոյացած միջոցները.
Համալսարանի տնտպայմանագրային գիտահետազոտական աշխատանքներից, արտադրական և առևտրային գործունեությունից ստացված եկամուտները.
Հայաստանի և այլ պետությունների ձեռնարկությունների, կազմակերպությունների և քաղաքացիների բարեգործական ներդրումները և նվիրատվությունները:
121. Արտաբյուջետային միջոցները չեն կարող հիմք հանդիսանալ Հայաստանի պետբյուջետային ֆինանսավորման կրճատման համար:
122. Համալսարանի բոլոր ծախսերն ու եկամուտները պլանավորվում և օգտագործվում են համաձայն նրա տարեկան բյուջեի ընդհանուր նախահաշվի (ֆինանսական պլանի), որը Համալսարանի խորհրդի երաշխավորությամբ հաստատում է հոգաբարձուների խորհուրդը: Նախահաշվի պետբյուջետային մասը հոգաբարձուների խորհրդի առաջարկությամբ ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարություն է ներկայացվում սահմանված կարգով:
123. Համալսարանի պետբյուջետային և արտաբյուջետային միջոցները բաշխվում են ըստ դպրոցների ու ստորաբաժանումների` հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված կարգով: Դպրոցներն (ստորաբաժանումները) իրենց իրավասությունների շրջանակներում ինքնուրույն տնօրինում են սեփական միջոցները:
124. Համալսարանն իրավունք ունի`
իր ընդհանուր միջոցների սահմաններում վերանայելու և փոփոխելու ծախսերի չափերն ըստ նախահաշվի առանձին հոդվածների` բացառությամբ աշխատավարձի և կրթաթոշակների պետբյուջետային հիմնադրամի.
ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին, բացի պետբյուջետային հատկացումներից, ձևավորելու զանազան հիմնադրամներ, այդ թվում` արտաբյուջետային աշխատավարձի հիմնադրամ` համաձայն հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված նախահաշվի.
հաստատված ընդհանուր աշխատավարձի հիմնադրամի շրջանակներում սահմանելու պրոֆեսորադասախոսական, գիտահետազոտական, ուսումնաօժանդակ անձնակազմի և ծառայողների թվաքանակը, հաստիքացուցակը, աշխատավարձի չափն ու վարձատրման պայմանները.
կնքելու տնտեսական և այլ պայմանագրեր, այդ թվում` արտասահմանյան կազմակերպությունների հետ.
ստանալու բանկային վարկ.
օտարելու և վարձակալական հիմունքներով այլ կազմակերպությունների տրամադրելու իրեն պատկանող գույքը.
Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում, սահմանված կարգով, ձեռք բերելու Համալսարանի գործունեության համար անհրաժեշտ գույք:
125. Համալսարանի աշխատավարձի հիմնադրամը ձևավորվում է պետբյուջետային և արտաբյուջետային միջոցներից:
X. Եզրափակիչ դրույթներ |
126. Համալսարանի վերակառուցումը կամ լուծարումը կատարվում է ՀՀ կառավարության կողմից` օրենսդրությամբ սահմանված կարգով:
__________________________________ * Մինչ Համալսարանի կառուցվածքի համապատասխանեցումը սույն օրինադրությանը և գլխավոր պլանին, դպրոցների իրավասությունները կարող են փոխանցվել գործող ֆակուլտետներին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.08.2002, N 1315-Ն | 26.09.2002, N 545 | |
14.08.2001, N 746 | 11.09.2001, N 545 | |
03.08.1999, N 490 | 03.08.1999, N 545 | |
27.03.1999, N 183 | --------- | |
14.08.1997, N 338 | 16.09.1997, N 545 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|