Գլխավոր տեղեկություն
Համար
N 1932-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (17.07.2008-12.03.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.07.08/34(700) Հոդ.1441
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.11.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.11.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2023

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 նոյեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 նոյեմբերի 2005 թվականի N 1932-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 28-ի «Անտառների պետական մոնիթորինգի համակարգի ներդրման մասին» N 1152-Ն որոշման 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիթորինգի խորհուրդ:

2. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիթորինգի խորհրդի աշխատակարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիթորինգի խորհրդի անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. նոյեմբերի 21
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
նոյեմբերի 9-ի N 1932-Ն որոշման

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԽՈՐՀՐԴԻ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն աշխատակարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիթորինգի խորհրդի (այսուհետ` խորհուրդ) գործունեության կազմակերպման, ինչպես նաև այդ գործում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ու կազմակերպությունների փոխհամագործակցության հետ կապված հարցերը:

2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:


II. ԽՈՐՀՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Խորհրդի հիմնական խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների կանխարգելումը, ապօրինի հատումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը, ապօրինի հատումների կանխարգելման բնագավառում պետական լիազորված մարմինների կողմից իրականացվող գործունեության համակարգումը,

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում ապօրինի հատումների, ապօրինի հատումների արդյունքում բնափայտի տեղափոխման, իրացման և այլ գործողությունների կանխմանը, ինչպես նաև այդ երևույթների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն աջակցելը,

գ) ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքների թափանցիկության ապահովումը:

4. Խորհուրդն իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան`

ա) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ ապօրինի հատումների կանխարգելման միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ,

բ) քննարկում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից` ապօրինի հատումների կանխարգելման ուղղությամբ իրականացված միջոցառումների մասին հաղորդումները և ընդունում համապատասխան որոշումներ,

գ) քննարկում և հաստատում է խորհրդի աշխատանքային ծրագրերը, լսում խորհրդի անդամների հաշվետվությունները նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի մասին,

դ) Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ խորհրդի կազմի համալրման կամ փոփոխման վերաբերյալ:

5. Խորհուրդն իր առջև դրված խնդիրների լուծման նպատակով իրավունք ունի Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից պահանջելու բնափայտի ապօրինի շրջանառության կանխարգելման հարցերին առնչվող նյութեր, փաստաթղթեր, տեղեկություններ և հաղորդումներ:


III. ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Խորհրդի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց առնվազն յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ:

Խորհրդի արտահերթ նիստեր կարող են հրավիրվել խորհրդի նախագահի կողմից կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի պահանջով:

7. Խորհրդի նիստերի հրավիրման օրվա, տեղի, ժամանակի և օրակարգի մասին խորհրդի անդամներն իրազեկվում են, և քննարկվելիք նյութերն ու հաղորդումները տրամադրվում են նիստի հրավիրման օրվանից առնվազն 5 օր առաջ:

8. Խորհրդի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է նրա անդամների կեսից ավելին:

 Խորհրդի որոշումներն ընդունվում են, եթե դրանց օգտին քվեարկել է խորհրդի նիստին մասնակցած անդամների կեսից ավելին: Հավասար ձայների դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

9. Խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են անվճար:

10. Խորհրդի նախագահը`

ա) հրավիրում է խորհրդի նիստեր և նախագահում դրանք,

բ) կազմակերպում է խորհրդի աշխատանքները և վերահսկողություն իրականացնում նրա կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ,

գ) ստորագրում է խորհրդի որոշումները, նրա գործունեությանը վերաբերող մյուս փաստաթղթերը, գրագրությունները,

դ) իրականացնում է սույն աշխատակարգից բխող այլ լիազորություններ:

11. Խորհրդի անդամները`

ա) մասնակցում են խորհրդի նիստերին, ապօրինի հատումների կանխարգելման ուղղությամբ իրականացված միջոցառումների համալիր ծրագրի, խորհրդի աշխատանքային ծրագրերի մշակման և դրանց իրականացման աշխատանքներին,

բ) աջակցում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին և կազմակերպություններին` ապօրինի հատումների կանխարգելման գործում,

գ) ծավալում են քարոզչական աշխատանք ապօրինի հատումների և բնափայտի ապօրինի շրջանառության կանխարգելման համար:
Խորհրդի անդամը խորհրդի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում պարտավոր է դրա մասին, հնարավորության դեպքում, նախապես տեղյակ պահել խորհրդի նախագահին:

12. Խորհրդի աշխատանքների տեխնիկական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:


IV. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ


 

13. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

14. Խորհրդի գործունեության դադարումից հետո նրա գործունեությանը վերաբերող բոլոր նյութերը, փաստաթղթերը ենթակա են պահպանման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան


 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
նոյեմբերի 9-ի N 1932-Ն որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԽՈՐՀՐԴԻ

Ա. Գևորգյան -ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (խորհրդի նախագահ)
Ա. Գրիգորյան -ՀՀ գյուղատնտեսության նախարար (խորհրդի նախագահի տեղակալ)
Ա. Հարությունյան -ՀՀ բնապահպանության նախարար (խորհրդի նախագահի տեղակալ)
Գ. Մալխասյան -ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Ս. Պապյան  -ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
Ս. Գալստյան -ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Լ. Շահվերդյան -ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Հ. Հունանյան  -ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ
Ա. Ալավերդյան -ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ
Գ. Խաչատրյան -ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ
Մ. Մաթևոսյան -«Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն
Ա. Թարզյան -«Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն
Ս. Սարգսյան -«Կանաչազարդ երկիր» հասարակական կազմակերպության նախագահ(համաձայնությամբ)
Հ. Սանասարյան -Կանաչների միության նախագահ (համաձայնությամբ)
Կ. Դանիելյան -«Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

(Կազմը խմբ. 25.01.07 N 81-Ն, 08.11.07 N 1312-Ն, փոփ. 03.07.08 N 696-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան