«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 հուլիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունիսի 2002 թվականի N 887-Ա
«ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ու «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ենթակայության «Գիտատեխնիկական լրատվության և տեխնիկատնտեսական հետազոտությունների հայկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:
2. «Գիտատեխնիկական լրատվության և տեխնիկատնտեսական հետազոտությունների հայկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական հիմնարկի տնօրինության՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, գիտատեխնիկական գրադարանի ֆոնդերի և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
«Գիտատեխնիկական լրատվության և տեխնիկատնտեսական հետազոտությունների հայկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական հիմնարկի տնօրինության շենքերը, շինությունները, գիտատեխնիկական գրադարանի ֆոնդերը և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
3. Սահմանել, որ՝
ա) «Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) հանդիսանում է Հայաստանի Հանրապետության գիտատեխնիկական լրատվության ազգային կենտրոն, որն ապահովում է գիտատեխնիկական լրատվության դաշտի ստեղծումն ու սպասարկումը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև միջպետական և միջազգային ասպարեզներում՝ համաձայն ԱՊՀ անդամ պետությունների միջև 1992 թվականի հունիսի 26-ին ստորագրված միջպետական պայմանագրի.
բ) կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են՝
գիտատեխնիկական լրատվության դաշտի զարգացումը,
օտարերկրյա կազմակերպությունների հետ գիտատեխնիկական-լրատվական համագործակցության ապահովումը,
հասարակությանը գիտահանրամատչելի տեղեկատվությամբ ապահովումը.
գ) կազմակերպության գործունեության առարկան է՝
գիտատեխնիկական-լրատվական գործունեության ոլորտում մրցունակ համակարգերի ստեղծումը,
օտարերկրյա պարբերականների, գիտական աշխատությունների, առանձին հաղորդումների և այլ գիտատեխնիկական-լրատվական նյութերի հիման վրա մասնագիտական ամփոփագրերի կազմումը և դրանց տարածումը շահագրգիռ կազմակերպություններում,
գիտատեխնիկական լրատվության համաշխարհային ռեսուրսների պարբերական և կանոնակարգված հավաքագրումն ու պահպանումը կազմակերպության վարչական կառուցվածքում գործող գիտատեխնիկական գրադարանում,
գիտատեխնիկական լրատվությանը վերաբերող գիտաժողովների, գիտական հանդիպումների կազմակերպումը և դրանց մասին համապատասխան հաղորդումների պատրաստումն ու հրապարակումը,
գիտատեխնիկական-լրատվական նյութերի պարբերաբար հրատարակումը «Լրատու» հրատարակչական գրիֆով թղթային կրիչներով և էլեկտրոնային հրատարակությամբ,
«Գիտություն և տեխնիկա» հանդեսի հրատարակությունը.
դ) կազմակերպության կառուցվածքում, որպես կառուցվածքային ստորաբաժանում, գործում է գիտատեխնիկական գրադարանը.
ե) կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները, որի արդյունքում ստացված շահույթն օգտագործվում է կանոնադրական խնդիրների իրականացման համար`
ուսուցման կենտրոնների գործունեություն, դասընթացների կազմակերպում.
ցուցահանդեսների կազմակերպում.
տեղեկատվական գործակալությունների գործունեություն.
հրատարակչական գործ.
գրադարանների և արխիվների գործունեություն.
զ) կազմակերպության գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորումն իրականացվում է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բազային, նպատակային-ծրագրային և պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման ձևերով:
(3-րդ կետը խմբ. 21.11.02 N 2094-Ն)
4. Կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը:
5. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին՝ մեկամսյա ժամկետում՝
ա) հաստատել կազմակերպությանը սեփականության իրավունով հանձնվող և ամրացվող գույքի կազմը.
բ) կազմակերպության կանոնադրությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|