Գլխավոր տեղեկություն
Համար
N 787-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.08.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.08.06/50(640) Հոդ.825
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.07.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.07.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.08.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հուլիսի 2008 թվականի N 787-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1693-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 1198-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Գյումրի քաղաքի Ղարիբջանյան N 28 հասցեում գտնվող` 135,44 քառ. մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքը (այսուհետ` գույք) օտարել մրցույթով:

1) Սահմանել`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2008 թվականի փետրվարի 29-ին գնահատված գույքի արժեքը` 2 097 հազ. դրամ,

բ. մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը` 2 097 հազ. դրամ,

գ. որ մրցույթում հաղթողին է օտարվում նաև գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 142,42 քառ. մետր հողատարածքը` կադաստրային արժեքով: Մրցույթի հաղթողը (այսուհետ` գնորդ) հողամասի կադաստրային արժեքը պետք է վճարի եռամսյա ժամկետում` Գյումրու քաղաքային համայնքի «Հողի օտարումից եկամուտ» գանձապետական հաշվին:

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա. մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,

բ. եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը,

գ. գնորդի կողմից առաջարկված գնի և հողամասի կադաստրային արժեքի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 97613 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ օրենքով սահմանված կարգով:

3) Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

ա. օտարվող գույքի համար առաջարկվող գինը,

բ. ներդրումների չափը` առաջիկա երեք տարվա կտրվածքով:

4) Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի վաճառքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Գնորդի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

5) Գնորդը գույքի արժեքը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու, գույք օտարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 1693-Ն որոշման 13-րդ կետը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 1198-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-1.8-րդ կետերով.

«1.1. «Ախտահանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել հաշվեկշռային մեթոդով` 18699 հազ. դրամ գնահատված արժեքով` Հրազդան քաղաքում գտնվող շենքերն ու կառուցվածքները (քաղ. Հրազդան, Սևան մայրուղու աջ հատվածում) և «Վանաձորի կանխարգելիչ ախտահանում» դուստր փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել հաշվեկշռային մեթոդով` 8854 հազ. դրամ գնահատված արժեքով շենքը (քաղ. Ստեփանավան, Արևելյան 17)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար` համապատասխան չափով նվազեցնելով ընկերությունների կանոնադրական կապիտալները:

1.2. Հաշվեկշռային մեթոդով` 49527 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ախտահանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ):

1.3. Սահմանել «Ախտահանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը 29131 հազ. դրամ:

1.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 7283 հազ. դրամ:

1.5. «Ախտահանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 22031 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ կրեդիտորական պարտք` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2266 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 5327 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 9165,8 հազ. դրամ,

ստացված ընթացիկ կանխավճարների գծով` 77,5 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք` հիմնադիրներին (մասնակիցներին)` 2932,8 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 1691,5 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորություններ` 570,4 հազ. դրամ:

1.6. «Ախտահանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել`

ա. «Ախտահանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գործունեության պրոֆիլի առնվազն 10 տարի ժամկետով պահպանման մասին,

բ. որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին` օրենքով սահմանված կարգով:

1.8. Վճարումները կատարել 3-ամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:».

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 3.1-3.4-րդ կետերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. հուլիսի 28

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան