Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.04.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2013.10.16/9(56)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
24.10.2011
Ստորագրման ամսաթիվ
24.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2013

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԵՎ ՆՐԱՆ ԿԻՑ` 1996 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը

և

Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը

 

հաշվի առնելով 1996 թվականի դեկտեմբերի 28-ին Մոսկվա քաղաքում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը վերացնելու մասին» Համաձայնագրում և նրան կից` 1996 թվականի դեկտեմբերի 28-ի Արձանագրության մեջ (այսուհետ` Համաձայնագիր) փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը,

առաջնորդվելով Համաձայնագրի դրույթները Պայմանավորվող պետություններում տեղի ունեցած տնտեսական և իրավական փոփոխություններին համապատասխանեցնելու ձգտումով,

 

պայմանավորվեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

2-րդ` «Հարկեր, որոնց վրա տարածվում է Համաձայնագիրը» հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն Համաձայնագրի գործողությունը տարածվում է, մասնավորապես, հետևյալ գործող հարկերի վրա.

ա) Ռուսաստանի առնչությամբ`

i) կազմակերպությունների շահութահարկ,

ii) ֆիզիկական անձանց եկամտահարկ,

iii) կազմակերպությունների գույքահարկ,

iv) ֆիզիկական անձանց գույքահարկ.

բ) Հայաստանի առնչությամբ.

i) իրավաբանական անձանցից շահութահարկ,

ii) ֆիզիկական անձանցից եկամտահարկ,

iii) գույքահարկ»:

 

Հոդված 2

 

3-րդ` «Ընդհանուր սահմանումներ» հոդվածի 1-ին կետի «է» ենթակետում «Հայաստանի Հանրապետության Հարկային Տեսչությունը կամ նրա լիազոր ներկայացուցիչը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն կամ նրանց լիազոր ներկայացուցիչները» բառերով:

 

Հոդված 3

 

4-րդ` «Ռեզիդենտ» հոդվածում ավելացնել 3-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.

«3. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթների համաձայն եթե անձը, բացառությամբ ֆիզիկական անձի, երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ է, ապա իրավասու մարմինները փոխհամաձայնեցման ընթացակարգի օգնությամբ կձգտեն որոշել այն Պայմանավորվող պետությունը, որի ռեզիդենտ այն պետք է համարվի սույն Համաձայնագրի նպատակների համար, հաշվի առնելով նրա փաստացի կառավարման վայրը, գրանցման վայրը և այլ գործոններ: Կառավարման փաստացի վայրի որոշման համար այլ չափանիշերի շարքում հաշվի կառնվեն հետևյալ չափանիշերը.

վայր, որտեղ անցկացվում են տնօրենների խորհրդի նիստերը,

վայր, որտեղից սովորաբար իրականացվում է ղեկավարող կառավարումը,

վայր, որտեղ գլխավոր (ղեկավար) պաշտոնատար անձինք իրականացնում են իրենց գործունեությունը,

վայր, որտեղ վարվում է հաշվապահական հաշվառումը և պահվում են արխիվները:

Համաձայնության բացակայության դեպքում տվյալ անձի վրա չեն տարածվի այն հարկային արտոնություններն ու ազատումները, որոնք տրամադրվում են սույն Համաձայնագրով, եթե միայն Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինների կողմից համաձայնեցված չէ, թե ինչ սահմաններում և ինչ եղանակով պետք է տրամադրվեն այդ արտոնություններն ու ազատումները:»:

 

Հոդված 4

 

5-րդ` «Մշտական ներկայացուցչություն» հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Շինարարական հրապարակը, մոնտաժային կամ հավաքման օբյեկտը կազմում են մշտական ներկայացուցչություն, եթե այդպիսի հրապարակները կամ օբյեկտները գործում են ավելի քան 12 ամիս:»:

 

Հոդված 5

 

6-րդ` «Եկամուտներ անշարժ գույքից» հոդվածը լրացնել 4-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«4. Սույն հոդվածի 1-ին և 3-րդ կետերի դրույթները կիրառվում են նաև ձեռնարկությունների անշարժ գույքից և անկախ անձնական ծառայությունների մատուցման համար օգտագործվող անշարժ գույքից ստացվող եկամուտների նկատմամբ:»:

 

Հոդված 6

 

10-րդ` «Շահաբաժիններ» հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) շահաբաժինների համախառն գումարի 5%-ը, եթե մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտն ուղղակիորեն տիրապետում է ոչ պակաս, քան ձեռնարկության կանոնադրական կապիտալի 25%-ը,»:

 

Հոդված 7

 

11-րդ` «Տոկոսներ» հոդվածում.

ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մի Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարվող տոկոսները հարկվում են այդ մյուս Պայմանավորվող պետությունում:»:

բ) Լրացնել 1.1 և 1.2 կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«1.1. Սակայն այդպիսի տոկոսները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ դրանք առաջանում են, այդ պետության օրենսդրությանը համապատասխան. բայց եթե տոկոսների փաստացի սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա գանձվող հարկը չպետք է գերազանցի տոկոսների համախառն գումարի 10%-ը:

Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները սույն կետի դրույթների կիրառման եղանակը կորոշեն փոխադարձ համաձայնությամբ:

1.2. Անկախ սույն հոդվածի 1.1-ին կետի դրույթներից` մի Պայմանավորվող պետությունում առաջացող տոկոսները ազատվում են հարկումից այդ պետությունում, եթե այդ տոկոսների նկատմամբ փաստացի իրավունքը պատկանում է այդ մյուս պետության կառավարությանը կամ կենտրոնական բանկին:»:

 

Հոդված 8

 

Համաձայնագիրը լրացնել 12.1 հոդվածով` հետևյալ բովանդակությամբ.

 

«Հոդված 12.1

 

ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

 

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտները, ինչպես սահմանվում է սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածում և, որը գտնվում է մյուս Պայմանավորվող պետությունում, կարող են հարկվել այդ մյուս պետությունում:

2. Մի Պայմանավորվող պետության ձեռնարկության` մյուս Պայմանավորվող պետությունում ունեցած մշտական ներկայացուցչության գույքի բաղկացուցիչ մաս կազմող շարժական գույքի կամ անկախ անձնական ծառայությունների մատուցման նպատակով մի Պայմանավորվող պետության ռեզիդենտի տրամադրության տակ գտնվող մշտական բազային վերաբերող` մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող շարժական գույքի օտարումից եկամուտները, ներառյալ այդպիսի մշտական ներկայացուցչության (առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ միասին) կամ այդպիսի մշտական բազայի օտարումից եկամուտները, կարող են հարկվել այդ մյուս պետությունում:

3. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից միջազգային փոխադրումներում շահագործվող ծովային նավերի կամ օդանավերի, ավտոմոբիլային կամ երկաթուղային տրանսպորտի օտարումից կամ այդպիսի նավերի և տրանսպորտային միջոցների շահագործմանը վերաբերող` շարժական գույքի օտարումից ստացվող եկամուտները հարկվում են միայն այդ Պայմանավորվող պետությունում:

4. Մի Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից` մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող` ավելի քան 50 տոկոսով ուղղակիորեն կամ անուղղակիորեն անշարժ գույքից բաղկացած ակտիվներով կազմակերպության բաժնետոմսերի կամ կազմակերպությունում մասնակցության այլ իրավունքների օտարումից ստացված եկամուտները կարող են հարկվել այդ մյուս պետությունում:

5. Ցանկացած այլ գույքի օտարումից եկամուտները, բացառությամբ սույն հոդվածի 1-4-րդ կետերում նշվածների, հարկվում են միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է գույքն օտարող անձը:»:

 

Հոդված 9

 

14-րդ` «Եկամուտներ վարձու աշխատանքից» հոդվածը լրացնել 4-8-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«4. Հաշվի առնելով սույն հոդվածի դրույթները` մի Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից` մյուս պետությունում օրացուցային տարվա ընթացքում 183 օրվանից ոչ պակաս գտնվելու կամ նախորդ օրացուցային տարում սկսված և ընթացիկ օրացուցային տարում ավարտվող անընդմեջ 183 օրվանից ոչ պակաս ժամանակահատվածի ընթացքում այդ մյուս պետությունում իրականացվող վարձու աշխատանքից ստացվող աշխատավարձը և նման այլ վարձատրությունները կարող են հարկվել այդ մյուս պետությունում այն եղանակով և դրույքաչափերով, որոնք նախատեսված են այդ պետության ռեզիդենտների համար:

5. Սույն հոդվածի 4-րդ կետում սահմանված հարկային ռեժիմը կիրառվում է մյուս Պայմանավորվող պետությունում վարձու աշխատանքն սկսելու օրվանից, եթե աշխատանքի տևողությունը, աշխատանքային պայմանագրի համաձայն, կազմում է ոչ պակաս, քան 183 օր:

6. Եթե մի Պայմանավորվող պետության ռեզիդենտը մյուս Պայմանավորվող պետությունում կնքում է մի քանի աշխատանքային պայմանագրեր, որոնցից յուրաքանչյուրի տևողությունը օրացուցային տարվա ընթացքում 183 օրից պակաս է, ապա սույն հոդվածի 4-րդ կետում սահմանված հարկային ռեժիմը կիրառվում է այն աշխատանքային պայմանագրով աշխատանքն սկսելու օրվանից, որով այդ մյուս պետությունում աշխատանքի տևողությունը, հաշվի առնելով նախորդ աշխատանքային պայմանագրերով աշխատանքները, կազմում է 183 օրվանից ոչ պակաս:

7. Մի Պայմանավորվող պետության ռեզիդենտի` մյուս Պայմանավորվող պետությունում փաստաթղթերով հիմնավորված գտնվելու ժամանակահատվածը, որը չի վերաբերում վարձու աշխատանքի կապակցությամբ մյուս Պայմանավորվող պետությունում գտնվելու ժամանակահատվածին, ներառվում է սույն հոդվածի 4-րդ կետում սահմանված հարկային ռեժիմի կիրառման նպատակով այդ մյուս պետությունում գտնվելու ընդանուր ժամանակահատվածի մեջ և հաշվի է առնվում սույն հոդվածի 5-րդ և 6-րդ կետերի կիրառման ընթացքում` աշխատանքային պայմանագրերով աշխատանքի տևողության հաշվարկման ժամանակ:

8. Մի Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից վարձու աշխատանքը դադարեցնելու դեպքում մյուս Պայմանավորվող պետությունում գտնվելու ժամանակահատվածում մինչև 183 օրը լրանալը, որը որոշվում է` հաշվի առնելով սույն հոդվածի 6-րդ և 7-րդ կետերը, կատարվում է նշված անձանց կողմից վճարման ենթակա հարկի գումարի վերահաշվարկ այն եղանակով և դրույքաչափերով, որոնք գործում են այդ մյուս պետության ռեզիդենտ չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ:

Հարկի գումարի վերահաշվարկի արդյունքում ճշգրտված գումարի վճարման պարտավորությունը ֆիզիկական անձինք կատարում են ինքնուրույն:

Տույժեր և տուգանքներ նման դեպքերում չեն կիրառվում:»:

 

Հոդված 10

 

25-րդ` «Օգնություն ցույց տալը հարկերի գանձման գործում» հոդվածը վերանվանել և շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 25

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԿԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

 

1. Պայմանավորվող պետությունները միմյանց աջակցում են իրենց վերապահված հարկային պարտավորությունների գանձման գործում: Նման աջակցությունը չի սահմանափակվում սույն Համաձայնագրի 1-ին և 2-րդ հոդվածների դրույթներով: Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխադարձ համաձայնությամբ սահմանում են սույն հոդվածի կիրառման կարգը:

2. «Հարկային պարտավորություն» տերմինը սույն հոդվածում օգտագործվելիս նշանակում է` գումար, որը ենթակա է վճարման Պայմանավորվող պետությունների կամ նրանց իշխանության մարմինների անունից գանձման ենթակա ցանկացած տեսակի և անվան հարկի ձևով` այնքանով, որքանով հարկումը համապատասխան հարկերով չի հակասում սույն Համաձայնագրի կամ ցանկացած այլ միջազգային պայմանագրի, որին մասնակից են Պայմանավորվող պետությունները, ինչպես նաև` այդ հարկերին առնչվող տոկոսները, վարչական տուգանքները, դրանց գանձման կամ գանձումն ապահովելու ծախսերը:

3. Եթե Պայմանավորվող պետություններից որևէ մեկի հանդեպ հարկային պարտավորությունը ենթակա է գանձման այդ պետության օրենքներին համապատասխան և պետք է վճարվի այն անձի կողմից, որն այդ պահին, այդ պետության օրենքներին համապատասխան, չի կարող խոչընդոտել դրա գանձմանը, ապա նման հարկային պարտավորությունը, այդ պետության իրավասու մարմինների պահանջով, գանձման նպատակով ընդունվում է մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմինների կողմից: Այդպիսի հարկային պարտավորությունը գանձվում է այդ մյուս Պայմանավորվող պետության կողմից` նրա` սեփական հարկերի գանձման համար կիրառվող օրենսդրության դրույթներին համապատասխան այնպես, ինչպես եթե պարտավորությունը հանդիսանար այդ մյուս Պայմանավորվող պետության հանդեպ ունեցած հարկային պարտավորություն:

4. Եթե հարկային պարտավորությունը Պայմանավորվող պետություններից որևէ մեկի առջև այնպիսի պարտավորություն է, որի գանձման համար այդ պետությունը, իր օրենսդրությանը համապատասխան, կարող է կիրառել ապահովման միջոցներ, ապա նման պարտավորությունը, այդ պետության իրավասու մարմինների պահանջով, պետք է ընդունվի մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմինների կողմից` ապահովման միջոցներ ձեռնարկելու նպատակով: Այդ մյուս Պայմանավորվող պետությունը այդպիսի հարկային պարտավորության առնչությամբ, իր օրենսդրության դրույթներին համապատասխան, պետք է ձեռնարկի ապահովման միջոցներ այնպես, ինչպես եթե պարտավորությունը վերագրվեր այդ Պայմանավորվող պետությանը, եթե նույնիսկ այդ միջոցների կիրառման պահին այդ հարկային պարտավորությունը ենթակա չի գանձման առաջինը նշված Պայմանավորվող պետությունում կամ ենթակա է մարման այն անձի կողմից, որն իրավունք ունի խոչընդոտելու դրա գանձմանը:

5. Անկախ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի դրույթներից` ժամանակավոր սահմանափակումները և գերակայության կարգը, որոնք, Պայմանավորվող պետություններից մեկի օրենսդրությանը համապատասխան, կիրառվում են հարկային պարտավորության նկատմամբ` պարտավորության բնույթից ելնելով, չեն կիրառվում այն հարկային պարտավորությունների նկատմամբ, որոնք այդ պետության կողմից ընդունվում են սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերում նախատեսված նպատակների իրականացման համար: Բացի այդ, սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի կիրառման նպատակով, Պայմանավորվող պետություններից մեկի կողմից ընդունված հարկային պարտավորության նկատմամբ այդ պետությունում չի կարող կիրառվել որևէ գերակայության կարգ, որը նախատեսվում է մյուս Պայմանավորվող պետության օրենսդրության համաձայն:

6. Պայմանավորվող պետություններից մեկի նկատմամբ հարկային պարտավորության գոյության, օրինականության կամ գումարի վերաբերյալ դատական գործերը չեն ներկայացվում մյուս Պայմանավորվող պետության դատական կամ վարչական մարմինների քննությանը:

7. Ցանկացած ժամանակ այն բանից հետո, երբ Պայմանավորվող պետության կողմից, սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան, հարցումն ուղարկվելուց հետո և նախքան մյուս Պայմանավորվող պետության կողմից համապատասխան հարկային պարտավորության գումարի գանձումն ու առաջինը նշված պետությանը փոխանցելն այդպիսի հարկային պարտավորությունը դադարում է դիտարկվել որպես.

ա) սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխանող հարցման դեպքում` Պայմանավորվող պետություններից մեկի նկատմամբ ունեցած հարկային պարտավորություն, որը ենթակա է գանձման այդ Պայմանավորվող պետության օրենքներին համապատասխան և պետք է մարվի այն անձի կողմից, որը տվյալ պահին, այդ Պայմանավորվող պետության օրենքներին համապատասխան, չի կարող խոչընդոտել դրա գանձմանը, կամ

բ) սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան հարցման դեպքում` առաջինը նշված Պայմանավորվող պետության նկատմամբ ունեցած հարկային պարտավորություն, որի նկատմամբ այդ Պայմանավորվող պետությունը, իր օրենսդրության համաձայն, գանձումն ապահովելու նպատակով կարող է կիրառել ապահովման միջոցներ`

ապա առաջինը նշված Պայմանավորվող պետության իրավասու մարմինները անհապաղ ծանուցում են մյուս պետության իրավասու մարմիններին այդ փաստի մասին, և առաջինը նշված պետությունը, մյուս պետության հայեցողությամբ, կասեցնում կամ հետ է վերցնում իր հարցումը:

8. Սույն հոդվածի դրույթները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես Պայմանավորվող պետություններից մեկին պարտավորեցնող`

ա) ձեռնարկել այս կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներին կամ վարչական պրակտիկային հակասող վարչական միջոցներ,

բ) ձեռնարկել պետական քաղաքականությանը (հասարակական կարգին) հակասող միջոցներ,

գ) ցուցաբերել աջակցություն, եթե մյուս Պայմանավորվող պետությունը յուրաքանչյուր առանձին դեպքում չի ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները գանձման կամ գանձման ապահովման համար, որոնք գոյություն ունեին իր տրամադրության տակ` իր օրենսդրությանը կամ վարչական պրակտիկային համապատասխան,

դ) ցուցաբերել աջակցություն այն դեպքում, երբ նման աջակցության առնչությամբ մյուս Պայմանավորվող պետության վրա դրված վարչական ծախսերը ակնհայտորեն համամասնական չեն այն եկամուտների համեմատությամբ, որոնք արդյունքում կարող է ստանալ այդ Պայմանավորվող պետությունը:

 

Հոդված 11

 

26-րդ` «Տեղեկությունների փոխանակում» հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 26

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

 

1. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխանակում են այնպիսի տեղեկատվություն, որը կարող է համարվել էական սույն Համաձայնագրի իրականացման կամ Պայմանավորվող պետությունների օրենսդրությունների կատարման համար Պայմանավորվող պետության անունից գանձվող ցանկացած տեսակի և անվան հարկի առումով` այն մասով, որով հարկումը այդ օրենսդրությամբ չի հակասում սույն Համաձայնագրին: Տեղեկատվության փոխանակումը չի սահմանափակվում սույն Համաձայնագրի 1-ին և 2-րդ հոդվածներով:

2. Պայմանավորվող պետության կողմից սույն հոդվածի 1-ին կետի համաձայն ստացված ցանկացած տեղեկատվություն պետք է համարվի գաղտնի այնպես, ինչպես այդ պետության օրենսդրության հիման վրա ստացված տեղեկությունը, և կարող է փոխանցվել միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք զբաղվում են սույն հոդվածի 1-ին կետում նշված հարկերի հաշվեգրմամբ կամ գանձմամբ, հարկադիր գանձմամբ կամ քրեական հետապնդմամբ, այդ հարկերի հետ կապված առարկություններին և բողոքներին վերաբերող որոշումների ընդունմամբ կամ այդպիսի գործունեության վերահսկմամբ: Այդ անձինք կամ մարմինները տեղեկատվությունը կարող են օգտագործել միայն նշված նպատակներով: Նրանք կարող են բացահայտել այդ տեղեկությունը բաց դատական նիստերի ընթացքում կամ դատական որոշումներում:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները չպետք է մեկնաբանվեն որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող`

ա) անցկացնել միջոցառումներ տեղեկությունների տրամադրման նպատակով, որոնք հակասում են այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենսդրությանը կամ վարչական պրակտիկային,

բ) տրամադրել այնպիսի տեղեկատվություն, որը, այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքների կամ ունեցած վարչական պրակտիկայի համաձայն, հնարավոր չի ստանալ,

գ) տրամադրել այնպիսի տեղեկություն, որը կարող է բացահայտել որևէ առևտրային, արդյունաբերական, ձեռնարկատիրական կամ մասնագիտական գաղտնիք կամ առևտրային գործընթաց, կամ որի տրամադրումը կհակասի պետական քաղաքականությանը (հասարակական կարգին):

4. Եթե Պայմանավորվող պետությունը, սույն հոդվածի դրույթներին համապատասխան, տեղեկատվության հարցում է կատարում, ապա մյուս Պայմանավորվող պետությունը ձեռնարկում է իր տրամադրության տակ գտնվող միջոցները` ստանալու համար պահանջված տեղեկատվությունը նույնիսկ այն դեպքում, եթե այդ մյուս պետությունը իր սեփական հարկման նպատակների համար այդպիսի տեղեկության կարիքը չունի:

Սույն կետի նախորդ նախադասության մեջ նախատեսված պարտավորությունը ենթակա է սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված սահմանափակումներին` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ սահմանափակումները խոչընդոտում են Պայմանավորվող պետությանը` տեղեկատվություն տրամադրել միայն այն պատճառով, որ ինքն իր պետական հարկման նպատակների համար հետաքրքրված չի այդպիսի տեղեկատվությամբ:

5. Սույն հոդվածի 3-րդ կետը ոչ մի դեպքում չպետք է մեկնաբանվի որպես Պայմանավորվող պետությանը տեղեկատվության տրամադրումը մերժել թույլատրող միայն այն պատճառով, որ այդ տեղեկատվությունը գտնվում է բանկի, այլ վարկային կազմակերպության, անվանական տնօրինողի, գործակալի կամ վստահված անձի տնօրինության տակ, կամ` որ այդ տեղեկատվությունը վերաբերում է որևէ անձի տնօրինման իրավունքին:»:

 

Հոդված 12

 

1996 թվականի դեկտեմբերի 28-ին Մոսկվա քաղաքում ստորագրված` Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը վերացնելու մասին Համաձայնագրին կից Արձանագրության մեջ`

ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. 5-րդ հոդվածի առնչությամբ.

3-րդ կետի կիրառման դեպքում շինարարական հրապարակի, մոնտաժային կամ հավաքման օբյեկտի սկզբի և ավարտման պահը որոշվում է պայմանագրի պայմաններով նախատեսված արձանագրությունում կամ այլ փաստաթղթում պատվիրատուի և կապալառուի ներկայացուցիչների կողմից համատեղ նշված ամսաթվերով:».

բ) լրացնել 2.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«2.1. 8-րդ հոդվածի առնչությամբ.

Անկախ սույն հոդվածի դրույթներից` մի Պայմանավորվող պետության ավիաընկերությունների ներկայացուցչությունների, որոնք գտնվում են մյուս Պայմանավորվող պետությունում, միջազգային փոխադրումների հետ կապված գործակալական բնույթի գործունեությունից եկամուտները կարող են հարկվել այդ մյուս պետությունում:»:

 

Հոդված 13

 

1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Պայմանավորվող պետությունների օրենսդրությամբ սահմանված` դրա համար անհրաժեշտ ընթացակարգերի իրականացման վերաբերյալ դիվանագիտական ուղիներով վերջին ծանուցման ստացման օրվանից և գործում է մինչև Համաձայնագրի գործողության դադարեցումը:

2. Սույն Արձանագրության դրույթները կիրառվում են.

ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ` Արձանագրությունն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ից հետո վճարվող գումարներից,

բ) եկամուտներից գանձվող այլ հարկերի առնչությամբ` Արձանագրությունն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ից սկսվող հարկման ժամանակաշրջանների համար,

գ) գույքից գանձվող հարկերի առնչությամբ` Արձանագրությունն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող ցանկացած տարվա հունվարի 1-ին առկա գույքի նկատմամբ,

դ) Արձանագրության 10-րդ և 11-րդ հոդվածների առնչությամբ` Արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից:

3. Շինարարական հրապարակը, մոնտաժային կամ հավաքման օբյեկտը, ինչպես նաև վերահսկիչ գործունեության իրականացումը` կապված նշված օբյեկտների հետ, և այն ծառայությունների մատուցումը, որոնք սկսվել են այն օրացուցային տարում, որում սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտել, ձևավորում են մշտական ներկայացուցչություն այն դեպքում, եթե այդպիսի հրապարակի կամ օբյեկտի գոյության տևողությունը և հսկողական գործունեության իրականացումը կամ ծառայությունների մատուցումը գերազանցում են 18 ամիսը:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 2011 թվականի հոկտեմբերի 24-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2013 թ. ապրիլի 15-ին: