Գլխավոր տեղեկություն
Համար
N 1400-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (06.11.2003-27.06.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.10.02/42(217) Հոդ.941
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.09.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.09.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.10.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 սեպտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 սեպտեմբերի 2002 թվականի N 1400-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «գ» և «զ» ենթակետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. Հաստատել՝

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը՝ համաձայն N 3 հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 9-ի «Ջրային տնտեսության կառավարման համակարգի բարեփոխումների մասին» N 92 որոշման 3-րդ կետը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. սեպտեմբերի 12
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 5-ի N 1400-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարման ու օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Կոմիտեն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Կոմիտեի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Կոմիտեն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Կոմիտեն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Կոմիտեն կազմված է նախագահից և կոմիտեի աշխատակազմից: Կոմիտեի համակարգում ընդգրկվում են կոմիտեի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկները:

7. Կոմիտեի նպատակները և խնդիրներն են՝

ա) պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարումն ու անվտանգ օգտագործման ապահովումը.

բ) իր իրավասության սահմաններում ջրի ազգային ծրագրի իրականացման ապահովումը.

գ) ջրային համակարգերի ներդրումային քաղաքականության մշակումն ու իրականացումը, ինչպես նաև ներդրումային ծրագրերի փորձաքննության կազմակերպումը:

 

II. ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Կոմիտեն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) ջրի ազգային ծրագրի նախագծի նախապատրաստման աշխատանքներին մասնակցելը.

բ) օգտագործելի ջրային ռեսուրսների պահանջարկի հաշվարկման ամենամյա և հեռանկարային աշխատանքներին մասնակցելը.

գ) օգտագործելի ջրային ռեսուրսների վերաբաշխման աշխատանքների իրականացման ապահովումը.

դ) ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների կառավարման լիազորությունների իրականացումը.

ե) ջրային համակարգերի վրա ազդող օբյեկտների շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի նախնական փորձաքննության ապահովումը և առաջարկություններ ներկայացնելը.

զ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով հիդրոտեխնիկական կառուցվածքների օգտագործման անվտանգության կարգավորումը և վերահսկումը.

է) ըստ ջրային համակարգի օգտագործման թույլտվության պայմանների՝ ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգերում աշխատանքների կազմակերպման վերահսկումը.

ը) ոլորտում առևտրային գործունեություն իրականացնող կազմակերպություններում պետական բաժնեմասի կառավարման հետ կապված գործառույթների՝ ներառյալ պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի արդյունավետ կառավարման պայմանագրերի կնքման և ջրային համակարգերի օգտագործման թույլտվությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ապահովումը.

թ) ջրամատակարարման և ջրահեռացման, ինչպես նաև այլ ջրային համակարգերում կորուստների նորմատիվների մշակմանը մասնակցելը.

ժ) կարգավորվող սակագների, ջրային համակարգերի օգտագործման թույլտվությունների և դրանցում ներառվող պայմանների վերաբերյալ կարգավորող հանձնաժողով առաջարկություններ ներկայացնելը.

ժա) ջրային հողերի ու դրանց ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների օգտագործման սահմանափակումների և նորմերի սահմանումը.

ժբ) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական, վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրումը և, դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա, վարչական վիճակագրական ռեգիստների վարումը.

ժգ) վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան վարչական իրավախախտումների վերաբերյալ իրեն վերապահված գործերով վարույթի իրականացումը:

(8-րդ կետը լրաց. 17.09.03 N 1278-Ն)

 

III. ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Կոմիտեն կառավարում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը (այսուհետ՝ նախագահ), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Նախագահն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ խորհրդակցելով նախագահի հետ:

Իր գործունեության ընթացքում նախագահն առաջնորդվում է. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Նախագահը միաժամանակ Հայաստանի Հանրապետության ջրային համակարգերի օգտագործման և պահպանության գլխավոր պետական տեսուչն է:

(9-րդ կետը լրաց. 17.09.03 N 1278-Ն)

10. Նախագահն իրականացնում է կոմիտեին վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

11. Նախագահը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

12. Նախագահը՝

ա) իր իրավասության սահմաններում օրենքով սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.

բ) ղեկավարում է կոմիտեի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է կոմիտեի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

գ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության վարչապետին.

դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ կոմիտեի անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ կոմիտեի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում կոմիտեի քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

զ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.

է) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.

ը) սահմանում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

թ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կոմիտեի աշխատակազմի ղեկավարի, կոմիտեի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև կոմիտեի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

ժ) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում կոմիտեի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

ժա) վերահսկողություն է իրականացնում կոմիտեի աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.

ժբ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

ժգ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատողների թիվը.

ժդ) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

ժե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում շնորհում է դասային կոչումներ.

ժզ) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

ժէ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Նախագահի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախագահի պարտականությունները կատարում է նախագահի տեղակալներից մեկը:

14. Նախագահի տեղակալը՝

ա) համակարգում է կոմիտեի համակարգի աշխատանքները՝ կոմիտեին վերապահված քաղաքականության իրականացման՝ իրեն հանձնարարված բնագավառում.

բ) իր լիազորության սահմաններում համակարգում է կոմիտեի՝ իրեն հանձնարարված ոլորտներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը՝ կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով՝ տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

գ) կոմիտեի նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված ոլորտների՝ կոմիտեի համակարգի մարմիններին տրվող որոշակի հանձնարարականների ու առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

դ) նախագահի հանձնարարությամբ իրականացնում է նախագահի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) համակարգում է իրեն հանձնարարված ոլորտներում կոմիտեի համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված ոլորտներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

ը) պարբերաբար նախագահին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված ոլորտներում տիրող իրավիճակի մասին.

թ) ապահովում է իրեն հանձնարարված ոլորտներում նախագահի հրամանների և ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախագահին.

ժ) նախագահին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերաբերող հարցերի մասին.

ժա) նախագահի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

15. Նախագահն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:

 

IV. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

16. Կոմիտեի աշխատակազմի նպատակը և խնդիրը օրենքներով, այլ իրավական ակտերով ու սույն կանոնադրությամբ կոմիտեին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին կոմիտեի մասնակցության ապահովումն է:

17. Կոմիտեի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

18. Կոմիտեի աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

19. Կոմիտեի աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

20. Կոմիտեի աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

21. Կոմիտեի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

22. Կոմիտեի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Կոմիտեի աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:

23. Կոմիտեի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Կոմիտեի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև կոմիտեի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

24. Կոմիտեի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանա-տվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

25. Կոմիտեի աշխատակազմի անվանումն է՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ:

26. Կոմիտեի աշխատակազմի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Վարդանանց 13ա:

 

V. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

27. Կոմիտեի աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կոմիտեի աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

28. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու իր կողմից կոմիտեի աշխատակազմին հանձնված գույքը:

29. Կոմիտեի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:

 

VI. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

30. Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ):

31. Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախագահը:

 

VII. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

32. Կոմիտեի աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և նախագահը՝ օրենքով ու սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:

Կոմիտեի աշխատակազմը ղեկավարում է կոմիտեի աշխատակազմի ղեկավարը:

33. Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝

ա) վերակազմակերպում և դադարեցնում է կոմիտեի աշխատակազմի գործունեությունը.

բ) հաստատում է կոմիտեի աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

գ) որոշում է կոմիտեի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) հաստատում է կոմիտեի աշխատակազմի կառուցվածքը.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

34. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախագահի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կոմիտեի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և նախագահի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

35. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

36. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախագահի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:

37. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նախագահի տեղակալներից մեկը՝ նախագահի հրամանով:

38. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարը՝

ա) առանց լիազորագրի՝ իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի և սույն կանոնադրություններով սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.

գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է կոմիտեի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

զ) նախագահի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է կոմիտեի աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, կոմիտեի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

է) նախագահին ներկայացնում է առաջարկություններ կոմիտեի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

ը) կազմակերպում է կոմիտեի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

թ) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

ժ) կազմակերպում է կոմիտեում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

ժա) վերահսկում է կոմիտեի աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

ժբ) նախագահի ստորագրությանն է ներկայացնում նախագահի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.

ժգ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

ժդ) կազմակերպում է կոմիտեում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

ժե) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

39. Կոմիտեի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է կոմիտեի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է կոմիտեի աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

40. Կոմիտեի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, կոմիտեի աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

41. Կոմիտեի աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների ու վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

42. Կոմիտեի աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվե-տվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

IX. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

43. Կոմիտեի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 5-ի N 1400-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Քարտուղարություն

 

Ջրատնտեսական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող վարչություն

 

Ֆինանսատնտեսագիտական, հաշվառման և իրացման համակարգման վարչություն

 

Իրավաբանական վարչություն

 

Տեսչական վերահսկողության վարչություն

 

(Կառուցվածքը խմբ. 28.11.02 N 1878-Ն, լրաց. 17.09.03 N 1278-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 5-ի N 1400-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ

 

NN
ը/կ

Գույքի անվանումը

Քանակը

Սկզբնական
արժեքը
(հազ. դրամ)

1

2

3

4

1.

Վարչական շենք՝ Վարդանանց 13ա

1

216.3

2.

Վարչական շենք՝ Վարդանանց փակուղի 8
(5, 6,7, 8-րդ հարկերը, տանիքը,
2 մարդատար վերելակ)

1

674.6

3.

Ավտոմեքենա «ԳԱԶ-3102»

1

5438.0

4.

Ավտոմեքենա «ԳԱԶ-3110»

1

3417.0

5.

Ավտոմեքենա «ՎԱԶ-21099»

1

2327.5

6.

Պատճենահանման մեքենա «ՄԻՏԱ CC-60»

2

1470.0

7.

Սառնարան «Դեու FR-171»

3

445.5

8.

Հեռուստացույց «Դեու DTU-21D3T»

3

594.0

9.

Համակարգիչ «Պենտիում II-330»

1

719.5

10.

Համակարգիչ «Պենտիում III-600»

1

637.8

11.

Անխափան հոսանքի սնուցման սարք

1

118.5

12.

Մոդեմ

1

216.3

13.

Լազերային կարդացող սարք

1

38.6

14.

Տպող սարք

1

246.8

15.

Ցուցանակ

1

200.0

 

Ընդամենը

20

16760.4

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան