Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.04.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.05.21/29(619)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
23.04.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.04.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.04.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-3608/2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-171(ՎԴ)
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Գ. Մատինյան  

Դատավորներ՝ Դ. Խաչատրյան

               Ն. Հովսեփյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ա. Մկրտումյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Սարգսյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի ապրիլի 23-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Ռուբեն Ավետիսյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.12.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի «Գագարին» սերմնաբուծական սպառողական կոոպերատիվի (այսուհետ՝ Կոոպերատիվ) ընդդեմ Ռուբեն Ավետիսյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Կոոպերատիվը պահանջել է Ռուբեն Ավետիսյանից բռնագանձել 1.040.000 ՀՀ դրամ որպես առուվաճառքի պայմանագրով գնված ապրանքի համար վճարվելիք գումար և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները՝ մինչև վճռի փաստացի կատարման պահը:

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 25.04.2006 թվականի վճռով հայցը մերժվել է:

Քաղաքացիական վերաքննիչ դատարանի 04.07.2006 թվականի վճռով հայցը 1.040.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով բավարարվել է, իսկ մնացած մասով՝ մերժվել:

Վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի որոշմամբ Քաղաքացիական վերաքննիչ դատարանի 04.07.2006 թվականի վճիռը բեկանվել է, իսկ գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 14.12.2007 թվականի վճռով հայցը 1.040.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով բավարարվել է, իսկ մնացած մասով՝ մերժվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուբեն Ավետիսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ մասը, 53-րդ և 218-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 782-րդ հոդվածի 1-ին մասը, որը պետք է կիրառեր, և կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը գնահատման առարկա չի դարձրել այն հանգամանքը, որ օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված են քննվող քաղաքացիական գործի համար էական նշանակություն ունեցող գործողություններ և դրանք կատարած անձինք: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, անտեսելով տվյալ հանգամանքները, վճռով հաստատել է դրանց հակասող փաստեր՝ նշելով, որ Սամվել Խաչատրյանի և Անուշ Համբարյանի միջև որևէ իրավահարաբերություն առկա չէ:

Այսպես, Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ Անուշ Համբարյանի և Ռուբեն Ավետիսյանի միջև առկա են եղել պայմանագրային պարտավորություններ, այն դեպքում, երբ վերոհիշյալ դատավճռով հաստատված է այն հանգամանքը, որ պարտավորական հարաբերություններ առաջացել են Սամվել Խաչատրյանի և Անուշ Համբարյանի միջև:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.12.2007 թվականի վճռի՝ հայցը բավարարելու մասը և այդ մասով օրինական ուժ տալ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 25.04.2006 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. 18.06.2004 թվականին Ռուբեն Ավետիսյանը ստորագրել է «Ստացական» վերնագրված փաստաթուղթ հետևյալ բովանդակությամբ. «Ես Ռուբեն Ավետիսյանս Սամվել Խաչատրյանից ստացա 5200 կգ կարտոֆիլի տնկանյութ, որի համար ստորագրում եմ»:

2. Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի 27.12.2007 թվականի դատավճռով (այսուհետ՝ դատավճիռ) հաստատված է համարվել այն փաստը, որ Անուշ Համբարյանը, չարաշահելով Կոոպերատիվի նախագահ Սամվել Խաչատրյանի վստահությունը, Ռուբեն Ավետիսյանի միջոցով ստացել է 1 կիլոգրամը 200 ՀՀ դրամ արժողության 5200 կգ կարտոֆլի տնկանյութ, սակայն հետագայում հրաժարվել է վճարել ստացված 1.040.000 ՀՀ դրամ կազմող սերմացուի արժեքը:

3. Քրեական վերաքննիչ դատարանի 20.02.2007 թվականի դատավճռով ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 27.12.2006 թվականի դատավճիռը թողնվել է անփոփոխ, իսկ վերաքննիչ բողոքները՝ առանց բավարարման:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քրեական գործով oրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք:

Սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ վճռի մեջ պետք է նշվեն վերաքննիչ դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են վերաքննիչ դատարանի հետևություններն այդ հանգամանքների մասին, և փաստարկները, որոնցով վերաքննիչ դատարանը մերժում է այս կամ այն ապացույցները, ինչպես նաև այն օրենքները, ՀՀ միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե´ փաստական, թե´ իրավական հիմնավորումները:

Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը (տե´ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն ընդդեմ «Քնար-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ (գումար բռնագանձելու պահանջով)):

Սույն քաղաքացիական գործով հայցապահանջի բավարարման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ դատավճռով հաստատված հանգամանքները սույն գործի համար նախադատելի նշանակություն չեն կարող ունենալ, քանի որ Սամվել Խաչատրյանի և Ռուբեն Ավետիսյանի միջև եղել են քաղաքացիաիրավական բնույթի հարաբերություններ:

Վերաքննիչ դատարանի վերոնշյալ եզրահանգումն անհիմն է, քանի որ դատավճռով հաստատվել են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք, որոնք նախադատելի նշանակություն ունեն սույն քաղաքացիական գործի համար, քանի որ դրանցով հիմնավորվում է Անուշ Համբարյանի և Սամվել Խաչատրյանի միջև պարտավորական հարաբերությունների առկայությունը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով այն հանգամանքը, որ Անուշ Համբարյանի և Ռուբեն Ավետիսյանի միջև առկա են եղել «որոշակի իրավահարաբերություններ, որոնք սույն քաղաքացիական վեճի առարկա չեն հանդիսանում», չի հիմնավորել նշված պնդումը:

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել և գնահատման առարկա չի դարձրել Անուշ Համբարյանի և Ռուբեն Ավետիսյանի միջև համատեղ գործունեություն իրականացնելու վերաբերյալ համաձայնության առկայության հանգամանքը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործը պետք է ուղարկել նոր քննության՝ Անուշ Համբարյանի և Ռուբեն Ավետիսյանի միջև համատեղ գործունեություն իրականացնելու վերաբերյալ համաձայնությունը հիմնավորող ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.12.2007 թվականի վճռի՝ հայցը բավարարելու մասը և գործն այդ մասով ուղարկել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

Դատավորներ`

Ա. Մկրտումյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան

 

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան