Գլխավոր տեղեկություն
Համար
N 1906-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.12.2004-08.10.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.12.25/57(232) Հոդ.1337
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.11.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.12.2019

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2002 թվականի N 1906-Ն

«ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Վանաձորի մանկատուն» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Վանաձորի մանկատուն» պետական հիմնարկի տնօրինության՝ պետական սեփականություն հանդիսացող՝ 60255.3 հազ. դրամ արժողությամբ գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Վանաձորի մանկատուն» պետական հիմնարկի տնօրինության՝ 12549.2 հազ. դրամ արժողությամբ շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

3. Սահմանել, որ՝

ա) «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների շուրջօրյա խնամքի ապահովումն է։

«Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան կազմակերպությունում խնամվող՝ մինչև 18 տարեկան երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնման աշխատանքների իրականացումը, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն աջակցելը, սննդով, հագուստով և անհրաժեշտ այլ կենցաղային իրերով ապահովումը, խնամքի ու դաստիարակության ապահովումը, ուսուցման և բժշկական օգնության կազմակերպումն է.

բ) «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

երեխաների խնամքի և դաստիարակության վճարովի ծառայությունների մատուցում,

խնամվողների և նրանց աշխատանքի կազմակերպիչների ուժերով՝ խոշոր եղջերավոր անասունների բուծում, խոզերի բուծում ու մսատու թռչունների բուծում, կարտոֆիլի և տնկանյութի աճեցում, բանջարեղենի ու դրանց սերմերի և սածիլների աճեցում, այգեգործություն.

գ) մինչև վերակազմակերպումը՝ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Վանաձորի մանկատուն» պետական հիմնարկին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների:

Նշված հատկացումները ներառվում են վերակազմակերպումից հետո իրավաբանական անձի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք պայմանագրերում՝ դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:

4. «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը:

(4-րդ կետը լրաց. 18.11.04 N 1593-Ն) 

5. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին՝ մեկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ապահովել «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:

6. «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման համաձայն նրան հանձնվող գույքի գրանցման ու հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Վանաձորի մանկատուն» պետական հիմնարկի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. դեկտեմբերի 9
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
31.10.2019, N 1507-Ն 01.12.2019, N 1906-Ն
08.09.2016, N 957-Ն 08.10.2016, N 1906-Ն
18.11.2004, N 1593-Ն 09.12.2004, N 1906-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան