Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.05.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.04.19/23.1
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
23.05.2008
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.05.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-4149/2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-321(ՎԴ)
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան  

Դատավորներ՝ Կ. Հակոբյան

               Տ. Նազարյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Սարգսյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի մայիսի 23-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Սուրեն Մկրտումյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.02.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Սուրեն Մկրտումյանի ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ աշխատանքային պայմանագրի մասը և ազատման հրամանը անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության հետ կնքված 04.08.2006 թվականի թիվ 147 աշխատանքային պայմանագրի 1.3 կետը և 02.08.2007 թվականի թիվ 802-Կ հրամանը, վերականգնել նախկին աշխատանքում և բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը:

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 29.10.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 06.02.2008 թվականի վճռով հայցը կրկին մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սուրեն Մկրտումյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 95-րդ հոդվածի 1-ին մասը, 94-րդ հոդվածի 1-ին կետը, «Եվրոպական սոցիալական խարտիայի» 24-րդ հոդվածի 1-ին կետը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ոչ ժամանակավոր (մշտական) բնույթի աշխատանքի կատարման պայմաններում ժամանակավոր աշխատանքային պայմանագրի կնքումն արգելվում է:

Այսինքն, վեճի առարկա աշխատանքային պայմանագիրը հակասում է օրենքին, վատթարացնում է աշխատողի դրությունը, հետևաբար, աշխատանքային պայմանագրի ժամկետ սահմանող կետն անվավեր է:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.02.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները.

 

Սուրեն Մկրտումյանի աշխատանքային պայմանագիրը լուծվել է օրինական հիմքերով: Ընկերությունը գտել է, որ Սուրեն Մկրտումյանի կողմից կատարվող աշխատանքի բնույթը ժամկետային է, հետևաբար, կնքել է ժամկետային պայմանագիր: Ժամկետային պայմանագիրը կնքվել է Սուրեն Մկրտումյանի համաձայնությամբ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. 04.08.2006 թվականին Ընկերության և Սուրեն Մկրտումյանի միջև կնքվել է թիվ 147 ժամկետային աշխատանքային պայմանագիրը, մինչև 04.11.2006 թվականը, որով Սուրեն Մկրտումյանը նշանակվել է աշխատանքի Ընկերության Գործառնական վարչության Հաճախորդների սպասարկման բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ:

2. Լրացուցիչ համաձայնագրերով վերոնշյալ պայմանագրի ժամկետը երկարաձգվել է մինչև 05.08.2007 թվականը:

3. Ընկերության՝ 02.08.2007 թվականի թիվ 802-Կ հրամանի հիման վրա Սուրեն Մկրտումյանը 06.08.2007 թվականից աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացած լինելու հիմքով ազատվել է աշխատանքից:

4. Թիվ 147 պայմանագրի 05.05.2007 թվականի հավելվածի համաձայն՝ վերոնշյալ պաշտոնում աշխատողի պաշտոնեական պարտականություններն են.

ա. վարկային հաշիվների բացումը, սպասարկումը.

բ. երաշխիքների ձևակերպումը.

գ. ՀՀ ԿԲ ուղարկվող ամենօրյա հաշվետվության կազմումը.

դ. իրավաբանական վարչության կողմից ուղարկվող հարցումների պատասխանումը.

ե. վարկերի ծանուցումների պատրաստումը և տրամադրումը վարկային բաժին.

զ. կատարված փոխանցումների առաջին հաստատումը.

է. ճանապարհային և բանկային չեկերի վաճառքի և հետգնման ձևակերպումը

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Օրենսգրքի 94-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը կնքվում է՝

1. անորոշ ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված չէ.

2. որոշակի ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված է:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է պատասխանել հետևյալ իրավական հարցերին.

1) արդյո՞ք կարող է կնքվել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր՝ անկախ կատարվելիք աշխատանքի բնույթից կամ կատարման պայմաններից:

2) որո՞նք են որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու համար նախատեսված պայմանների բացակայությամբ կնքված պայմանագրի իրավական հետևանքները:

1) Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքման օրինականության մասին:

Օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն՝ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով՝ հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները, եթե Օրենսգրքով կամ օրենքով այլ բան նախատեսված չէ: Նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ ընտրովի պաշտոններում աշխատողների հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է ընտրված ժամանակահատվածով. աշխատանքային պայմանագիրը որոշակի ժամկետով կարող է կնքվել նաև, եթե աշխատողը գործատուին մատուցում է անձնական բնույթի ծառայություններ, աշխատանքը կատարում են տնաշխատները, կատարվում է համատեղությամբ աշխատանք, կատարվում են սեզոնային աշխատանքներ, կատարվում է ժամանակավոր (մինչև երկու ամիս ժամկետով) աշխատանք:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը հանդիսանում է բացառություն ընդհանուր կանոնից, այսինքն, որպես կանոն, աշխատանքային հարաբերությունները պետք է կարգավորվեն անորոշ ժամկետով պայմանագրով և միայն բացառիկ դեպքերում է թույլատրելի որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքումը: Այսինքն, որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել միայն այն դեպքերում, երբ կատարվելիք աշխատանքը կամ կատարման պայմանները կրում է ոչ մշտական բնույթ կամ առկա են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված նախապայմանները:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, առանց անդրադառնալու և գնահատման առարկա դարձնելու սույն քաղաքացիական գործով առկա աշխատանքային իրավահարաբերության բնույթը և նման իրավահարաբերության առկայության պայմաններում՝ ժամկետային աշխատանքային պայմանագրի կնքման օրինաչափության հարցը, հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Սուրեն Մկրտումյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի պահանջներին համապատասխան (որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի լուծումը նրա գործողության ժամկետը լրանալու պատճառով)՝ գնահատելով հայցվորին աշխատանքից ազատելու գործընթացի իրավաչափության հարցը:

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը գնահատման առարկա չի դարձրել հայցվորի կողմից ներկայացված ապացույցը՝ հայցվորի և Ընկերության միջև 04.08.2006 թվականին կնքված թիվ 147 պայմանագրի 05.05.2007 թվականի հավելվածով սահմանված՝ աշխատողի պաշտոնեական պարտականությունների ցանկը, որով հիմնավորվում է, որ հայցվորի աշխատանքը կրել է մշտական բնույթ:

2) Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու համար նախատեսված պայմանների բացակայությամբ կնքված պայմանագրի իրավական հետևանքների մասին:

«Եվրոպական սոցիալական խարտիայի» 24-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ աշխատանքից ազատվելու դեպքերում աշխատողների պաշտպանվածության իրավունքի արդյունավետ կիրառումն ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են ճանաչել՝ աշխատանքից միայն այնպիսի հիմնավոր պատճառներով ազատվելու աշխատողի իրավունքը, որոնք կապված են նրա ընդունակությունների կամ վարքի հետ կամ հիմնված են ձեռնարկության, հաստատության կամ ծառայության գործնական պահանջների վրա:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվում է՝ 1) կողմերի համաձայնությամբ, 2) պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում, 3) աշխատողի նախաձեռնությամբ, 4) գործատուի նախաձեռնությամբ, 5) նույն օրենսգրքով նախատեսված այլ դեպերում:

Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն՝ Սուրեն Մկրտումյանի և Ընկերության միջև կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է գործատուի նախաձեռնությամբ՝ հայցվորի ընդունակության կամ վարքի, ինչպես նաև ձեռնարկության, հաստատության կամ ծառայության գործնական պահանջների հետ առնչություն չունեցող հիմքով:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության համաձայն՝ կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերը չեն կարող բովանդակել այնպիսի պայմաններ, որոնք աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված աշխատանքային պայմանների համեմատ վատթարացնում են աշխատողի դրությունը: Եթե կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով սահմանված պայմանները հակասում են նույն օրենսգրքին, օրենքներին, այլ նորմատիվ իրավական ակտերին, ապա այդ պայմաններն իրավաբանական ուժ չունեն:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ հիմքերի բացակայության պայմաններում կնքված պայմանագիրը առաջացնում է գործատուի կողմից աշխատողի աշխատանքային իրավունքների և երաշխիքների սահմանափակում, հետևաբար, նման պայմանագիրը պետք է համարվի անորոշ ժամկետով կնքված և դրա նկատմամբ պետք է կիրառվեն անորոշ ժամկետով պայմանագրի նկատմամբ կիրառելի նորմերը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.02.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

Դատավորներ`

Ա. Մկրտումյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան

 

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան