Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 73-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.06.2008-15.08.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.01.17/2(179) Հոդ.183
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.03.2008
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.03.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.03.2021

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 հունիսի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 05008177

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

25 մարտի 2008 թ.

թիվ 73-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

««ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/09» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածը, «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ժզ» կետը և 18-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ե» կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-4-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը` որոշում է.

1. Հաստատել ««Ապահովագրական ընկերությունների ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման և օգտագործման կարգը» Կանոնակարգ 3/09»` համաձայն Հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահ

Տ. Սարգսյան

 

2008 թ. մարտի 27

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի մարտի 25-ի

թիվ 73-Ն որոշման

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի մարտի 25-ի

թիվ 73-Ն որոշմամբ

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ`

------------------------- Տ. Սարգսյան

Հաստատված է

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

2008 թվականի ապրիլի 14-ի N 285-Ն հրամանով

 

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար`

------------------------- Վ. Խաչատրյան

 

««ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/09» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը (այսուհետ՝ Կանոնակարգ) սահմանում է ապահովագրական ընկերությունների ակտիվների դասակարգման, հնարավոր կորուստների պահուստի ձևավորման, օգտագործման, այդ թվում` անհուսալի ճանաչված ակտիվների դուրսգրման կարգը:

2. Սույն կարգի նպատակներն են՝

1) ակտիվների հնարավոր կորուստների պահուստներին ուղղված գումարների չափով շահութահարկի հաշվարկման նպատակով համախառն եկամտից նվազեցումների կատարումը,

2) ապահովագրական գործունեությունը կարգավորող հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման համար օգտագործվող ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի և ակտիվների մեծության վերաբերյալ արժանահավատ տեղեկատվության ստացումը:

3. Ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստավորման պատասխանատվությունը կրում են ապահովագրական ընկերությունները:

4. Սույն կարգի նպատակներից ելնելով՝

1) ապահովագրական ընկերությունները ձևավորում են ընդհանուր պահուստ՝ ստանդարտ ակտիվների (բացառությամբ` ինվեստիցիոն արժեթղթերի) և հատուկ պահուստ՝ խնդրահարույց (հսկվող, ոչ ստանդարտ, կասկածելի, անհուսալի) ակտիվների (բացառությամբ` ինվեստիցիոն արժեթղթերի) համար և հնարավոր կորուստների պահուստ ոչ ռիսկային, ռիսկային, միջին ռիսկային, բարձր ռիսկային և անհուսալի ինվեստիցիոն արժեթղթերի համար,

2) ակտիվների հնարավոր կորուստների համար պահուստավորումն իրականացվում է ըստ ակտիվների դասակարգման չափանիշների,

3) սահմանվում են ակտիվների դասակարգման օբյեկտիվ և սուբյեկտիվ չափանիշներ:

5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետ` Կենտրոնական բանկ) վերահսկողության արդյունքում կարող է պարտավորեցնել ապահովագրական ընկերությանը սույն կանոնակարգի համաձայն ճշգրտել ակտիվների դասակարգումը և պահուստավորումը:

 

Գ Լ ՈՒ Խ 2

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6. Կանոնակարգի իմաստով ակտիվներ են համարվում.

1) ապահովադիրներից և ապահովագրական միջնորդներից ստացվելիք ապահովագրավճարները, համաապահովագրողներից ստացվելիք ապահովագրավճարները, վերաապահովագրության ընդունած ռիսկերի գծով ստացվելիք վերաապահովագրավճարները, վերաապահովագրողներից ստացվելիք միջնորդավճարները, հատուցումների գծով պահանջները վերաապահովագրողների, համաապահովագրողների և այլ անձանց նկատմամբ, ապահովագրական պայմանագրերի գծով ստացվելիք այլ գումարները, ապահովագրական ընկերության ավանդային և այլ հաշիվները բանկերում, ակրեդիտիվները, մուրհակները, ապահովագրական ընկերության կողմից տրամադրված փոխառությունները, այլ պահանջներ (ներառյալ աշխատակիցներին տրված առհաշիվ գումարներ, կանխավճարներ, նախավճարներ, այլ անձանց պարտավորությունների կատարումն ապահովող միջոցներ (մասնավորապես` այլ անձանց պարտավորությունների կատարման համար գրավադրված ակտիվներ), ինչպես նաև վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածներ),

2) ապահովագրական ընկերության ինվեստիցիոն արժեթղթերը:

7. Կանոնակարգի իմաստով ինվեստիցիոն արժեթղթեր (այսուհետ՝ արժեթղթեր) են համարվում բաժնետոմսերը, ոչ պետական պարտատոմսերը, այլ անձանց կանոնադրական կապիտալներում կատարված ներդրումները:

8. Կանոնակարգի իմաստով ինվեստիցիոն արժեթղթերն ըստ առանձին հատկանիշների ստորադասվում են հետևյալ խմբերի և ենթախմբերի.

1) Ըստ ժամկետայնության՝

ա. ժամկետային արժեթղթեր՝ մարման ամրագրված ժամկետներ ունեցող արժեթղթերը,

բ. անժամկետ արժեթղթեր՝ մարման ամրագրված ժամկետներ չունեցող արժեթղթերը:

2) Ըստ նպատակայնության՝

ա. առևտրական նպատակով ձեռք բերված արժեթղթեր՝ ժամկետային և անժամկետ այն բոլոր արժեթղթերը, որոնք ձեռք են բերվել վերավաճառքի նպատակով և արագ կարող են վերածվել բարձր իրացվելի ակտիվների,

բ. վաճառքի համար մատչելի արժեթղթեր՝ այն արժեթղթերը, որոնք ձեռք բերողը մտադիր չէ վաճառել մոտակա (կարճատև) ժամանակահատվածում, սակայն դրանք կարող են վաճառվել և սովորաբար չեն պահվում մինչև մարման ժամկետի ավարտը (ժամկետային արժեթղթեր) կամ պահվում են մեկ տարուց պակաս ժամկետով (անժամկետ արժեթղթեր),

գ. մինչև մարման ժամկետի ավարտը պահվող արժեթղթեր և անժամկետ արժեթղթեր՝ այն ժամկետային արժեթղթերը, որոնք ձեռք բերողը մտադիր է պահել մինչև մարման ժամկետի ավարտը, ինչպես նաև այն անժամկետ արժեթղթերը, որոնք պահվում են երկարատև ժամանակահատվածում (լրացուցիչ շահույթ ստանալու, արժեթուղթ թողարկողի վրա ներազդելու և/կամ նրան վերահսկելու նպատակով):

3) Ըստ գնահատման եղանակի (միայն բաժնետոմսերի համար)՝

ա. գնանշվող բաժնետոմսեր՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսաներում, ֆոնդային ստորաբաժանում ունեցող այլ բորսաներում, ինչպես նաև արժեթղթերի շուկայի կարգավորում և վերահսկողություն իրականացնող պետական լիազորված մարմնի կողմից սահմանված ցանկում ընդգրկված օտարերկրյա ֆոնդային բորսաներում և բորսայական գործառնություններ իրականացնող այլ հաստատություններում (համակարգերում) պարբերաբար գնանշվող բաժնետոմսերը:

Գնանշվող բաժնետոմսերը պետք է բավարարեն հետևյալ չափանիշներին միաժամանակ՝

1. բաժնետոմսերի ցուցակման մեջ ներառումը ոչ պակաս, քան մեկ ֆոնդային բորսայում, ֆոնդային ստորաբաժանում ունեցող այլ բորսայում կամ բորսայական գործառնություններ իրականացնող հաստատությունում (համակարգում),

2. նախորդ եռամսյակի տվյալներով բորսայում տվյալ բաժնետոմսի միջին ամսական նվազագույն շրջանառությունը կազմում է մեկ միլիոն դրամ,

3. բաժնետոմսերի գնանշման հրապարակումը:

բ. Չգնանշվող բաժնետոմսեր՝ սույն կետի «ա» պարբերության չափանիշներից որևէ մեկին չբավարարող բաժնետոմսերը:

9.    Ապահովագրական ընկերությունը հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ (առնվազն 30 օրը մեկ անգամ) պետք է միաժամանակ դասակարգի իր բոլոր ակտիվները՝ սույն Կանոնակարգի 90-րդ կետի համաձայն՝ ապահովագրական ընկերության կողմից սահմանված ներքին կանոնակարգին համապատասխան, ընդ որում, դասակարգման օր պետք է լինի նաև հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը:

10. Յուրաքանչյուր ակտիվ պետք է դասակարգվի Կանոնակարգի 15-րդ և 53-րդ կետերով սահմանված դասերից որևէ մեկում:

11. Ակտիվների դասակարգումը հիմնված է Կանոնակարգի 24-րդ և 63-րդ կետերի աղյուսակում սահմանված օբյեկտիվ և սուբյեկտիվ չափանիշների վրա:

12. Այն դեպքում, երբ օբյեկտիվ և սուբյեկտիվ չափանիշներով ակտիվների դասակարգման ընթացքում առկա են տարբերություններ, ապա ապահովագրական ընկերությունը պետք է առաջնորդվի առավել խիստ չափանիշով:

13. Օբյեկտիվ չափանիշները հիմնված են Կանոնակարգի 26-րդ և 61-րդ կետերով նախատեսված պայմանների վրա:

14. Սուբյեկտիվ չափանիշները հիմված են ապահովագրական ընկերության և Կենտրոնական բանկի դատողությունների և մասնագիտական կարծիքի վրա:

 

Գ Լ ՈՒ Խ 3

 

ԱԿՏԻՎՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ) ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

15. Ակտիվների (բացառությամբ ինվեստիցիոն արժեթղթերի) դասակարգումը ակտիվների խմբավորումն է հետևյալ 5 դասերի` համաձայն սույն Կանոնակարգի 24-րդ կետի.

1) ստանդարտ,

2) հսկվող,

3) ոչ ստանդարտ,

4) կասկածելի,

5) անհուսալի:

16. Ստանդարտ են դասակարգվում այն ակտիվները, որոնք սպասարկվում են պայմանագրի համաձայն և խնդրահարույց չեն: Ստանդարտ ակտիվներին բնորոշ են հետևյալ հայտանիշները.

1) պարտապանի (փոխառուի), ապահովադրի ֆինանսական վիճակը կասկած չի հարուցում,

2) առկա է ակտիվը մարելու (սպասարկելու) պարտապանի (փոխառուի), ապահովադրի բավարար ունակությունը.

3) պարտապանի (փոխառուի), ապահովադրի սնանկացման կամ այլ ֆինանսական վերակազմակերպման անհավանական լինելը:

Ստանդարտ ակտիվներն ունեն բավարար ապահովվածություն, ինչպես հիմնական գումարի, այնպես էլ տոկոսային պարտքի գծով: Ստանդարտ ակտիվների գծով ձևավորվում է միայն ընդհանուր պահուստ:

17. Հսկվող են դասակարգվում այն ակտիվները, որոնք ամբողջությամբ համապատասխանում են Կանոնակարգի 16-րդ կետում ներկայացված ստանդարտ ակտիվների սահմանմանը, սակայն դրանց հիմնական գումարի (կամ դրա մի մասի) մարումը կամ տոկոսների վճարումն ուշացել է սահմանված ժամկետից մինչև 90 օր:

18. Ոչ ստանդարտ են դասակարգվում այն ակտիվները, որոնց գծով պայմանագրային պարտավորությունները չեն կատարվում՝ կախված պարտապանի (փոխառուի), ապահովադրի ֆինանսական վիճակից կամ նրա՝ պարտքը մարելու ունակությունից: Ոչ ստանդարտ ակտիվների մեջ ներառվում են՝

1) ժամկետային ակտիվները, որոնց մարումը ժամկետում հնարավոր չէ պարտապանի (փոխառուի), ապահովադրի դրամական միջոցների անբավարար հոսքի պատճառով,

2) սեփական կապիտալի և ներգրավված միջոցների միջև հարաբերակցության՝ սույն Կանոնակարգի 90-րդ կետի համաձայն՝ ապահովագրական ընկերության կողմից սահմանված ներքին կանոնակարգին համապատասխան, անբավարար աստիճան ունեցող պարտապանի (փոխառուի), ապահովադրի նկատմամբ պահանջները,

3) այն ակտիվները, որոնք պարտապանը (փոխառուն), ապահովադիրը չի կարող մարել նախնական պայմանավորվածության համաձայն, և որոնք պարտապանի (փոխառուի), ապահովադրի ֆինանսական ոչ բարվոք վիճակի հետևանքով վերանայումների ու դրանց շուրջ տարվող բանակցությունների առարկա են: Այսինքն` ակտիվի մարման առաջնային աղբյուրները բավարար չեն, և ապահովագրական ընկերությունը պետք է դիմի դրա մարելու երկրորդային աղբյուրներին, ինչպիսիք են՝ գրավի, գույքի վաճառքը, պայմանների վերանայումը (վերաֆինանսավորումը) կամ կապիտալի նոր աղբյուրների հայթայթումը և այլն:

19. Ոչ ստանդարտ ակտիվներն ունեն ակնհայտ թերություններ, որոնք վտանգում են պարտքի ամբողջական մարումը:

20. Ոչ ստանդարտ ակտիվների շարքին կարող են դասվել նաև այն ակտիվները, որոնց հետ կապված է սովորականից ավելի մեծ ռիսկ՝ կապված պարտապանի (փոխառուի), ապահովադրի ընթացիկ ֆինանսական տեղեկատվության կամ գրավի վերաբերյալ համարժեք փաստաթղթերի բացակայության հետ:

21. Ոչ ստանդարտ ակտիվի համապատասխան դասակարգումը պարզելու համար պետք է հաշվի առնել նաև հետևյալ գործոնները՝

1) ակտիվի սպասարկման պայմանների շարունակական վերանայումները (վերաձևակերպումները) առանց դրա զգալի մարման,

2) պարտապանի (փոխառուի), ապահովադրի կողմից ավելի նպաստավոր պայմաններով ակտիվի մարման վերաբերյալ առաջարկով հանդես գալը՝ կապված վերջինիս ֆինանսական վիճակի հետ,

3) ոչ համարժեք գրավի առկայությունը:

22. Կասկածելի ակտիվներն ունեն ոչ ստանդարտ ակտիվների բոլոր հատկանիշները, սակայն առավել խնդրահարույց են, ինչի արդյունքում դրանց հավաքագրումը տվյալ պահին դառնում է չափազանց դժվար կամ անհնար: Կասկածելի ակտիվների դեպքում զգալի կորուստների հավանականությունը բարձր է, բայց կորուստների չափերը պարզ չեն, ինչը հիմնականում պայմանավորված է մի շարք կարևոր և հատուկ գործոններով, որոնք կարող են բարելավել այս ակտիվի վիճակը: Կասկածելի ակտիվի դասակարգումը որպես անհուսալի հետաձգվում է մինչև վերջինիս հետ կապված հանգամանքների հստակեցումը:

23. Անհուսալի ակտիվներն անհավաքագրելի և ամբողջությամբ արժեզրկված ակտիվներն են, որոնց հաշվառումը հաշվեկշռում որպես ակտիվներ այլևս նպատակահարմար չէ: Այս դասակարգումը չի նշանակում, որ ակտիվը հնարավոր չէ վերականգնել ապագայում, բայց դրա հաշվապահական ճանաչումը տվյալ պահին պետք է լինի որպես արժեզրկված ակտիվ:

24. Ակտիվների դասակարգման չափանիշներն ամփոփվում են Աղյուսակ 1-ում.

Աղյուսակ 1

Ակտիվի դասը

Օբյեկտիվ չափանիշ

Սուբյեկտիվ չափանիշ

Ստանդարտ

Ակտիվն աշխատող է և գտնվում է սպասարկման ընթացքում համաձայն պայմանագրի: Սույն կարգի իմաստով պայմանագիր համարվում է սկզբնական պայմանագիրը (ներառյալ գրավի պայմանագիրը)

Համապատասխանում է Կանոնակարգի 16-րդ կետում տրված ստանդարտ ակտիվի սահմանմանը

Հսկվող

Չաշխատող է մինչև 90 օր

Համապատասխանում է Կանոնակարգի 17-րդ կետում տրված հսկվող ակտիվի սահմանմանը

Ոչ ստանդարտ

Չաշխատող է 91-ից 180 օր

Համապատասխանում է Կանոնակարգի 18-րդ կետում տրված ոչ ստանդարտ ակտիվի սահմանմանը

Կասկածելի

Չաշխատող է 181-ից 270 օր

Համապատասխանում է Կանոնակարգի 22-րդ կետում տրված կասկածելի ակտիվի սահմանմանը

Անհուսալի

Չաշխատող է 271 և ավելի օր

Համապատասխանում է Կանոնակարգի 23-րդ կետում տրված անհուսալի ակտիվի սահմանմանը

Կանոնակարգի 26-րդ կետում նշված չաշխատող օրերի հաշվարկը սկսվում է կարգի 24-րդ կետի համաձայն:

25. Սույն գլխի կանոնները չեն տարածվում ապահովվածություն չունեցող (բլանկային) ակտիվների վրա, որոնք տրման պահին դասակարգվում են անհուսալի:

26. Չաշխատող են այն ակտիվները, որոնց`

1) գումարի մի մասի մարումը ուշացել է սահմանված ժամկետից,

2) տոկոսային վճարները կապիտալացվել են (գումարվել են չմարված փոխատվության գումարին) կամ

3) վճարման պայմանները վերանայվել (վերաֆինանսավորվել) կամ էլ փոխանցվել են նոր ֆինանսական ներդրման կամ դեբիտորական պարտքի գումարին:

Այն ակտիվները, որոնց համար նախատեսված չեն մարման ժամկետներ (պայմաններ), համարվում են չաշխատող, եթե 90 օրվա ընթացքում մարումներ չեն կատարվել:

Բոլոր չաշխատող ակտիվները գրանցվում են որպես ոչ կուտակային (ֆինանսական հաշվետվության կազմման նպատակահարմարությունից ելնելով՝ դրամարկղային մեթոդով):

27. Ապահովվածություն չունեցող (բլանկային) են դասվում այն ակտիվները (կամ դրանց մասերը), որոնք բավարարում են սույն կետում նշված բոլոր պայմաններին միաժամանակ՝

1) ապահովված չեն գրավով, առնվազն նախորդ հաշվետու և ընթացիկ ժամանակաշրջանում շահույթով աշխատած իրավաբանական անձի երաշխավորությամբ կամ երաշխիքով, բյուջետային երաշխիքով,

2) ապահովված չեն պարտապանի (փոխառուի), ապահովադրի ֆինանսական վիճակը (այդ թվում՝ ֆինանսական հոսքերը) բնութագրող բավարար տեղեկատվությամբ,

3) ապահովված չեն պարտքի (փոխառության) վերադարձելիությունը հիմնավորող տեղեկատվությամբ (պայմանագրեր և այլն), ինչպես նաև այլ հիմնավոր փաստաթղթերով,

4) չեն հանդիսանում ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ձեռքբերման համար կատարված կանխավճար կամ առհաշիվ տրված գումար:

28. Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով ապահովագրական ընկերության կողմից ակտիվի (կամ դրա մասի) դասակարգումն ըստ Կանոնակարգի 27-րդ կետի 1-ից 4-րդ ենթակետերի, կարող է փոխվել:

29. Վերանայված պայմաններով ակտիվներն այն ակտիվներն են, որոնց մարման ժամկետները կամ այլ պայմանները վերանայվել (վերաձևակերպվել) են, գումարները փոխանցվել են ակտիվային նոր գործիքներին, կամ էլ պայմանները վերանայվել են այլ կերպ՝ պարտապանի (փոխառուի), ապահովադրի համար առավել նպաստավոր ուղղությամբ, որը պայմանավորված է նրա վատ ֆինանսական դրությամբ և (կամ) նրա՝ պարտքը մարելու կարողությամբ:

30. Վերաֆինանսավորված ակտիվներն այն ակտիվներն են, որոնց մարումն իրականացվել է նոր ստանձնած պարտավորությունների աղբյուրների հաշվին:

 

Գ Լ ՈՒ Խ 4

 

ԱԿՏԻՎՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ) ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՈՒՍՏԱՎՈՐՈՒՄ, ՏՈԿՈՍԻ ԵՎ (ԿԱՄ) ՏՈՒԺԱՆՔԻ ՀԱՇՎԵԳՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ

 

31. Ապահովագրական ընկերություններն ակտիվների հնարավոր կորուստները ծածկելու նպատակով վարում են առանձին հաշիվներ՝ ընդհանուր և հատուկ պահուստների համար:

32. Ընդհանուր պահուստը հաշվեկշռում ակտիվին հակակշիռ գրանցված պահուստ է, որը ձևավորվում է ստանդարտ ակտիվների գծով՝ ընդհանուր պահուստին կատարվող հատկացումների (մասհանումների) հաշվին: Դրանք ճանաչվում (գրանցվում) են որպես ծախս ապահովագրական ընկերության «Եկամուտների և ծախսերի վերաբերյալ» հաշվետվությունում՝ ելնելով ակտիվների գծով ապագա, բայց դեռևս չպարզաբանված (չբացահայտված) կորուստների առաջացման հավանականությունից:

33. Հատուկ պահուստը հաշվեկշռում ակտիվին հակակշիռ գրանցված պահուստ է, որը ձևավորվում է հսկվող, ոչ ստանդարտ, կասկածելի և անհուսալի դասակարգված ակտիվների գծով՝ հատուկ պահուստին կատարվող հատկացումների (մասհանումների) հաշվին: Դրանք ճանաչվում (գրանցվում) են որպես ծախս ապահովագրական ընկերության «Եկամուտների և ծախսերի վերաբերյալ» հաշվետվությունում՝ ելնելով վերոհիշյալ ակտիվների գծով պարզաբանված (բացահայտված) կորուստների առաջացման հավանականությունից:

34. Ապահովագրական ընկերությունը ձևավորում է հատուկ պահուստ՝ յուրաքանչյուր հսկվող ակտիվի 10%-ի, ոչ ստանդարտ ակտիվի 20%-ի, կասկածելի ակտիվի 50%-ի և անհուսալի ակտիվի 100%-ի չափով:

35. Ապահովագրական ընկերությունը ձևավորում է ընդհանուր պահուստ՝ ստանդարտ ակտիվների գումարի 1%-ի չափով:

36. Ապահովագրական ընկերությունը սույն Կանոնակարգի 90-րդ կետի համաձայն՝ ապահովագրական ընկերության կողմից սահմանված ներքին կանոնակարգին համապատասխան, կարող է ավելացնել հատկացումներն ընդհանուր պահուստին՝ ստանդարտ ակտիվների համար՝ մինչև 2%-ը, իսկ հատուկ պահուստին՝ հետևյալ չափերով.

1) հսկվող ակտիվի համար՝ մինչև 15%-ը,

2) ոչ ստանդարտ ակտիվի համար՝ մինչև 25%-ը,

3) կասկածելի ակտիվի համար՝ մինչև 70%-ը:

37. Ակտիվն անհուսալի ճանաչվելու դեպքում, այն նույն օրվա ընթացքում պետք է դուրս գրվի ապահովագրական ընկերության հաշվեկշռից` «Հատուկ պահուստի» հաշվին, և ապահովագրական ընկերությունը շարունակում է հաշվառել այն հաշվեկշռի ծանուցման համապատասխան հաշիվներում:

38. Սույն Կանոնակարգում սահմանված չաշխատող ակտիվները, այդպիսին դասակարգվելուց սկսած, պետք է հաշվառվեն ոչ կուտակային մեթոդով, ինչը նշանակում է, որ այն տոկոսը (և (կամ) տուժանքը), որը կուտակվել է, բայց չի հավաքագրվել, այլևս չի կարող գրանցվել որպես տոկոսային եկամուտ (և (կամ) տուժանք): Այդ ակտիվների գծով հաշվեգրված տոկսները (և (կամ) տուժանքները) պետք է գրանցվեն «Չճանաչված տոկոսային եկամուտ (և (կամ) տուժանքը)» հաշվին: Տոկոսի (և (կամ) տուժանքի) հաշվեգրումը շարունակվում է, սակայն այն այդուհետ չի գրանցվում որպես տոկոսային եկամուտ` մինչև դրա վճարումը:

39. Այն տոկոսները (և (կամ) տուժանքը), որոնք արդեն հաշվեգրվել են, սակայն չեն հավաքագրվել միևնույն (հաշվետու) ժամանակաշրջանի ընթացքում, պետք է «Տոկոսային եկամուտներ (և կամ տուժանքներ)» հաշվից փոխանցվեն «Չճանաչված տոկոսային եկամուտ (և (կամ) տուժանք)» հաշվին:

40. Այն տոկոսները (և (կամ) տուժանքը), որոնք արդեն հաշվեգրվել են նախորդ ժամանակաշրջանի ընթացքում, սակայն չեն հավաքագրվել, ճանաչվում են որպես ծախս` գրանցվելով «Չճանաչված տոկոսային եկամուտ (և (կամ) տուժանք)» հաշվին:

41. Չաշխատող ակտիվի նկատմամբ հաշվեգրման սկզբունքը վերականգնվում է միայն ժամկետանց հիմնական գումարի և տոկոսների, ինչպես նաև տուժանքների ամբողջովին մարելու դեպքում:

42. Հաշվեգրված, բայց դեռ չգանձված տոկոսները (և (կամ) տուժանքը), որոնք գրանցվում են «Չճանաչված տոկոսային եկամուտ (և (կամ) տուժանքը)» հաշվում, ենթակա են հաշվեկշռից դուրսգրման` համապատասխան ակտիվն անհուսալի ճանաչելու (կամ ամբողջությամբ մարելու) պահին: Հաշվեկշռից դուրս գրելուց հետո ապահովագրական ընկերությունը հաշվառում է դրանք ծանուցման հաշիվներում և կարող է շարունակել տոկոսների (և (կամ) տուժանքների) հաշվեգրումը:

43. Եթե ակտիվի մարման պահին նրա գծով հաշվեգրված տոկոսները գրանցված են «Տոկոսային եկամուտներ (և (կամ) տուժանք) հաշվին, ապա ակտիվի մարման պահից սկսած ակտիվի գծով հաշվեգրված տոկոսները Կանոնակարգի 26-րդ կետում նախատեսված պայմանները տեղի ունենալուց հետո դուրս են գրվում հաշվեկշռից, և հաշվեգրումը կարող է շարունակվել ծանուցման հաշիվներում:

 

Գ Լ ՈՒ Խ 5

 

ԾԱՆՈՒՑՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՂ ԱԿՏԻՎՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ) ԵՎ ՏՈԿՈՍՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

 

44. Ծանուցման հաշիվներում հաշվառվող ակտիվների դիմաց վճարում (փոխհատուցում) ստանալիս`

1)   հաշվեկշռում վերականգնվում է դուրս գրված ակտիվը կամ դրա մի մասը՝ թղթակցելով «Հատուկ պահուստ» հաշվի հետ,

2)   վերականգնված ակտիվը մարվում է՝ թղթակցելով դրամական միջոցների կամ համապատասխան այլ ակտիվի հաշվի հետ:

45. Ակտիվների հերթական դասակարգումը և պահուստների ճշգրտումներն իրականացնելիս, ապահովագրական ընկերությունը ընդհանուր և հատուկ պահուստներում առկա ավելցուկային մնացորդներն ուղղում է եկամուտների հաշվին:

46. Ծանուցման հաշիվներում հաշվառվող տոկոսների դիմաց վճարում (փոխհատուցում) ստանալիս

1) հաշվեկշռում վերականգնվում է դուրս գրված տոկոսը կամ դրա մի մասը` թղթակցելով «Տոկոսային եկամուտ» հաշվի հետ,

2) վերականգնված տոկոսը մարվում է` թղթակցելով դրամական միջոցների կամ համապատասխան ակտիվի հաշվի հետ:

47. Ծանուցման հաշիվներում հաշվառվող ակտիվները և տոկոսները (կամ դրանց մի մասը) դուրս են գրվում ծանուցման հաշիվներից.

1) Ընկերության կողմից ակտիվի և տոկոսների (կամ դրանց մի մասի) անհատույց զիջելու (կամ ներելու),

2) ակտիվի և տոկոսների (կամ դրանց մի մասի) նկատմամբ պահանջի իրավունքի` Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված վաղեմության ժամկետը լրանալու դեպքում:

48. Եթե ակտիվի և տոկոսների (կամ դրանց մի մասի) նկատմամբ պահանջի իրավունքի` Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված վաղեմության ժամկետն ավելի ուշ է, քան պարտապանի` Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված կարգով սնանկ ճանաչման ժամկետն է, ապա ծանուցման հաշիվներից ակտիվը և տոկոսները (կամ դրանց մի մասը) դուրս են գրվում պարտապանի՝ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված կարգով սնանկ ճանաչվելու պահից:

49. Նախորդ հաշվետու տարիներին համախառն եկամտից նվազեցրած ակտիվների և տոկոսների (կամ դրանց մի մասի) գումարով, որոնց պահանջի իրավունքի վաղեմության ժամկետը լրացել է և որոնց գումարը յուրաքանչյուր պարտապանի գծով չի գերազանցում 1 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը, համախառն եկամուտը չի ավելացվում, իսկ այն գումարների գծով, որոնց պահանջի իրավունքի վաղեմության ժամկետը լրացել է և որոնց գումարը յուրաքանչյուր պարտապանի գծով գերազանցում է 1 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը, համախառն եկամուտը չի ավելացվում միայն այն դեպքում, երբ վերը նշված գումարների պահանջի իրավունքի վաղեմության ժամկետը լրանալու պահին կամ մինչ այդ ապահովագրական ընկերությունը հայց է ներկայացրել դատարան պարտքի վերադարձման պահանջի վերաբերյալ:

50. Եթե ապահովագրական ընկերության հաշվեկշռում հաշվառվող ակտիվները (կամ դրանց մի մասը) ապահովագրական ընկերության կողմից անհատույց զիջվել են այլ անձի՝ մինչև դրանց անհուսալի ճանաչվելը կամ հաշվեկշռից դուրս գրվելը, ապա ապահովագրական ընկերության համար այդ ակտիվները համարվում են մարված և ներված (կամ անհատույց փոխանցված կամ անհատույց զիջված) և այդ գումարների չափով ավելացվում է ապահովագրական ընկերությունների հաշվետու տարվա համախառն եկամուտը:

51. Ապահովագրական ընկերությունների ծանուցման հաշիվներում հաշվառվող ակտիվների և տոկոսների (կամ դրանց մի մասի) ներման (կամ այլ ձևով պարտքը չպահանջելու վերաբերյալ պարտատիրոջ որոշման և (կամ) համաձայնության) կամ պահանջի իրավունքի զիջման (փոխանցման, այդ թվում՝ անհատույց) դեպքում ապահովագրական ընկերության համար ակտիվը համարվում է մարված և ներված (կամ անհատույց փոխանցված կամ անհատույց զիջված) և այդ գումարների չափով ավելացվում է ապահովագրական ընկերությունների հաշվետու տարվա համախառն եկամուտը:

52. Կանոնակարգի 47-րդ, 48-րդ, 49-րդ, 50-րդ և 51-րդ կետերում նախատեսված դեպքերում ապահովագրական ընկերությունը 7-օրյա ժամկետում այդ մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

 

Գ Լ ՈՒ Խ 6

 

ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

53. Ինվեստիցիոն արժեթղթերի դասակարգումը ինվեստիցիոն արժեթղթերի խմբավորումն է հետևյալ 5 դասերի` համաձայն սույն Կանոնակարգի 63-րդ կետի`

1) ոչ ռիսկային,

2) ռիսկային,

3) միջին ռիսկային,

4) բարձր ռիսկային,

5) անհուսալի:

54. Հնարավոր կորուստների պահուստ ձևավորվում է Կանոնակարգի համաձայն չաշխատող դարձած ինվեստիցիոն արժեթղթերի համար:

55. Հնարավոր կորուստների պահուստ ձևավորվում է Կանոնակարգի 7-րդ կետում նշված և 8-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերության պահանջները բավարարող ժամկետային ու անժամկետ արժեթղթերի գծով և բոլոր այն ինվեստիցիոն արժեթղթերի գծով, որոնք չեն հաշվառվում իրական արժեքով:

56. Հնարավոր կորուստների պահուստ չի ձևավորվում սույն Կանոնակարգի 8-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերություններում նշված առևտրական նպատակով ձեռք բերված կամ վաճառքի համար մատչելի՝ ինչպես ժամկետային, այնպես էլ անժամկետ արժեթղթերի գծով:

57. Հնարավոր կորուստների պահուստ չի ձևավորվում նաև սույն Կանոնակարգի 54-րդ կետում նշված ժամկետային ու անժամկետ արժեթղթերի գծով ստացվելիք գումարների (զեղչատոկոս, հավելավճար, շահաբաժիններ) համար: Ապահովագրական ընկերությունների եկամուտներին հաշվեգրված այդ գումարների դուրսգրումը կատարվում է սույն Կանոնակարգի 83-րդ կետին համապատասխան:

58. Մինչև մարման ժամկետը պահվող արժեթղթերի (ժամկետային) չաշխատող դառնալուն պես, սույն Կանոնակարգով սահմանված չափով ձևավորվում է հնարավոր կորուստների պահուստ՝ հիմք ընդունելով համապատասխան արժեթղթի հաշվեկշռային արժեքը (անվանական արժեք հանած պահուստավորման օրվա դրությամբ զեղչատոկոսի մնացորդը):

59. Այլ անձանց կանոնադրական կապիտալներում կատարված ներդրումների չաշխատող դառնալուն պես, սույն Կանոնակարգով սահմանված չափով ձևավորվում է հնարավոր կորուստների պահուստ՝ հիմք ընդունելով համապատասխան արժեթղթի հաշվեկշռային արժեքը:

60. Մինչև մարման ժամկետը պահվող արժեթղթերը (ժամկետային) համարվում են չաշխատող, եթե լրացել է արժեթղթերի մարման ժամկետը և մարում տեղի չի ունեցել:

61. Անժամկետ արժեթղթերը համարվում են չաշխատող, եթե ապահովագրական ընկերությանը հայտնի է դարձել տեղեկատվություն ստորև թվարկված 1-4 ենթակետերով սահմանված դեպքերից որևէ մեկի վերաբերյալ.

1) արժեթուղթը թողարկողը (այսուհետ` թողարկող) գտնվում է նշանակալից ֆինանսական դժվարությունների մեջ,

2) բարձր է թողարկողի ֆինանսական վերակազմակերպման հավանականությունը,

3) ֆինանսական դժվարությունների հետևանքով այդ արժեթղթի կամ արժեթղթերի խմբի համար գործող շուկայի վերանալը,

4) նախկին փորձի վերլուծությունը, որը ցույց է տալիս, որ ապահովագրական ընկերության կողմից տվյալ արժեթղթի ամբողջ անվանական արժեքը չի հավաքագրվելու:

62. Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության աշխատակիցները փաստերի վրա հիմնավորված կարծիքով արժեթղթերում ներդրումը կարող են որակել որպես չաշխատող, եթե

1) տվյալ ներդրման գծով ապահովագրական ընկերությունը չի ստացել կամ ստացել է շատ քիչ եկամուտ,

2) առկա են Կանոնակարգի 61-րդ կետով չնախատեսված այլ դեպքեր, որի հետևանքով թողարկողի արժեթղթերը կարող են արժեզրկված լինել:

63. Ապահովագրական ընկերությունների կողմից ձեռք բերված, Կանոնակարգի 55-րդ կետում նշված արժեթղթերի հնարավոր կորուստների պահուստին մասհանումները կատարվում են աղյուսակում նշված չափերով:

Աղյուսակ 2

Արժեթղթերի դասակարգումն ըստ դրանց չաշխատող դառնալուց հետո անցած օրերի

Արժեթղթի դասը և դրան համապատասխան պահուստին կատարվող մասհանումների չափը (%)

1. Արժեթղթի ձեռքբերման պահին

 

ոչ ռիսկային

2

1. Արժեթղթի մարման ժամկետը լրանալու պահից մինչև 60-րդ օրը ներառյալ

 

ռիսկային

20

2. Արժեթղթի մարման ժամկետը լրանալու 61-րդ օրվանից մինչև 90-րդ օրը ներառյալ

միջին ռիսկային

50

3. Արժեթղթի մարման ժամկետը լրանալու 91-րդ օրվանից մինչև 180-րդ օրը ներառյալ

բարձր ռիսկային

70

4. Արժեթղթի մարման ժամկետը լրանալու 181-րդ օրվանից

անհուսալի

100

64. Գնանշվող բաժնետոմսերի հնարավոր կորուստների պահուստին մասհանումները կատարվում են թողարկողի բաժնետոմսերի ամբողջ պորտֆելի գծով՝ դրա շուկայական միջին արժեքը հաշվեկշռային (ձեռքբերման) միջին արժեքի համեմատությամբ նվազելու (այսինքն`չաշխատող դառնալու) դեպքում: Տվյալ թողարկողի բաժնետոմսի հաշվեկշռային միջին արժեքը որոշվում է որպես դրանց ձեռքբերման փաստացի արժեքների միջին կշռված մեծություն:

65. Կանոնակարգի նպատակներով տվյալ թողարկողի գնանշվող բաժնետոմսի միջին շուկայական արժեքը որոշվում է որպես ձեռքբերման օրը ներառող ամսվան նախորդող 3 ամիսների ընթացքում բորսայում տվյալ բաժնետոմսի շրջանառության ծավալներով կշռված առք ու վաճառքի միջին գին: Եթե բաժնետոմսի գնանշման ժամկետը 3 ամսից փոքր է, ապա բաժնետոմսի միջին շուկայական արժեքը որոշվում է որպես ձեռքբերման օրվան նախորդող օրերի ընթացքում բորսայում տվյալ բաժնետոմսի շրջանառության ծավալներով կշռված առք ու վաճառքի միջին գին:

66. Գնանշվող բաժնետոմսերի համար պահուստին կատարվող մասհանումների գումարը որոշվում է հետևյալ բանաձևով.

 

Մ(1)  = (ՀԱ - ՇԱ) x Ք - ՆՊ,

 

որտեղ՝

Մ(1) - պահուստին կատարվող մասհանումների գումարն է,

ՀԱ - բաժնետոմսերի հաշվեկշռային միջին արժեքն է,

ՇԱ - բաժնետոմսի միջին շուկայական արժեքն է,

Ք - տվյալ թողարկողի արժեթղթերի քանակն է,

ՆՊ - տվյալ բաժնետոմսի պորտֆելի գծով նախկինում ձևավորված պահուստի մեծությունն է:

67. Եթե գնանշվող բաժնետոմսերը ապահովագրական ընկերության կողմից դասակարգվել են որպես առևտրական նպատակով ձեռք բերված կամ վաճառքի համար մատչելի, սակայն չեն օտարվել մեկ տարվա ընթացքում, ապա դրանց գծով ձևավորվում է հնարավոր կորուստների պահուստ՝ Կանոնակարգի 66-րդ կետում նշված կարգով: Ընդ որում, եթե այդ ընթացքում նշված բաժնետոմսի շուկայական նվազեցումներն արտացոլվել են դրանց շուկայական արժեքի ճշտման հաշիվներում, ապա դրանց կրեդիտային մնացորդների չափով կատարվում է ճշտում (ծախսերի կամ կապիտալի բաժնի համապատասխան հաշիվների հետ թղթակցությամբ)՝ այդ գումարը ձևակերպելով որպես բաժնետոմսերի գծով ձևավորվող պահուստի սկզբնական մեծություն:

68. Եթե ապահովագրական ընկերությունը մտադրվում է Կանոնակարգի 8-րդ կետի 2-րդ մասի «գ» պարբերությունում դասակարգված արժեթղթերը վաճառել և դրանք հաշվառման է վերցնում «Վաճառքի համար մատչելի արժեթղթեր» հաշվում, ապա կատարվում է դրանց գծով նախկինում պահուստավորված գումարի ճշտում (համապատասխան չափով պակասեցնելով ծախսերը)՝ միաժամանակ նույն գումարն արտացոլելով այդ արժեթղթերի շուկայական արժեքի ճշտման հաշվով՝ կապիտալի բաժնի համապատասխան հաշվի հետ թղթակցությամբ:

69. Չգնանշվող բաժնետոմսերի (ներդրումների) պահուստին մասհանումներ կատարվում են յուրաքանչյուր թողարկողի բաժնետոմսերի և (կամ) ներդրման ամբողջ գումարի գծով՝ դրանց ընթացիկ արժեքը հաշվեկշռային (ձեռքբերման) միջին արժեքի համեմատությամբ նվազելու (չաշխատող դառնալու) դեպքում: Բացասական մեծության դեպքում այդ գումարի չափով նվազեցվում է նախկինում ձևավորված պահուստը:

70. Չգնանշվող բաժնետոմսերի հաշվեկշռային միջին արժեքը որոշվում է որպես նախորդող ամիսների ընթացքում դրանց ձեռքբերման արժեքների միջին կշռված մեծություն: Յուրաքանչյուր թողարկողի չգնանշվող բաժնետոմսի ընթացիկ արժեքը որոշվում է հետևյալ բանաձևով.

 

ԸԱ(1)  = (Ա - Պ) x Գ ,
          Ք

որտեղ՝

ԸԱ(1)- տվյալ թողարկողի մեկ բաժնետոմսի ընթացիկ արժեքն է,

Ա - թողարկողի ակտիվների հանրագումարն է,

Պ - թողարկողի պարտավորություններն են,

Ք - տեղաբաշխված բաժնետոմսերի ընդհանուր քանակն է,

Գ - արժեքի ճշտման գործակից, որը բնութագրում է թողարկողի ֆինանսական կայունությունը:

71. Թողարկողի ֆինանսական կայունությունը բնութագրող Գ գործակցի մեծությունը սահմանվում է՝ կախված թողարկողի ընթացիկ ակտիվների (Աշ) և ընդհանուր ակտիվների (Աը) հարաբերակցությունից հետևյալ միջակայքերում՝

 

ա/ Գ =1, եթե Աշ/ Աը > 0.5

բ/ Գ = 0.7, եթե 0.5 > Աշ/Աը > 0.3

գ/ Գ = 0.5, եթե Աշ/Աը < 0.3:

 

 

 

72. Ներդրումների ընթացիկ արժեքը որոշվում է հետևյալ բանաձևով՝

 

ԸԱ(2)  = (Ա - Պ) x Ն (%) x Գ,

 

որտեղ՝

Ն (%) - կանոնադրական կապիտալում ներդրումն է (բաժնեմասը) տոկոսային արտահայտությամբ,

Ա, Պ, Գ - 70-րդ կետում նշված տարրերն են:

73. Պահուստին կատարվող մասհանումների գումարը որոշվում է հետևյալ բանաձևերի միջոցով՝

ա) չգնանշվող բաժնետոմսի համար՝

 

Մ(2) = (ՀԱ - ԸԱ(1) ) x Ք - ՆՊ,

 

որտեղ՝

Մ(2) - պահուստին կատարվող մասհանումների գումարն է,

ՀԱ - բաժնետոմսի հաշվեկշռային միջին արժեքն է,

ԸԱ - տվյալ թողարկողի մեկ բաժնետոմսի ընթացիկ արժեքն է,

Ք - տվյալ թողարկողի բաժնետոմսերի քանակն է,

ՆՊ - տվյալ բաժնետոմսի գծով նախկինում ձևավորված պահուստի մեծությունն է.         

բ) ներդրումների համար՝

 

Մ(3) = ՀՆ - ԸԱ(2) -ՆՊ,

 

որտեղ՝

ՀՆ - ներդրումների հաշվեկշռային արժեքն է,

ԸԱ(2) - ներդրումների ընթացիկ արժեքն է,

ՆՊ - տվյալ ներդրման գծով նախկինում ձևավորված պահուստի մեծությունն է:              

74. Ապահովագրական ընկերությունների կողմից չգնանշվող բաժնետոմսերի վերադասակարգման դեպքերում (Կանոնակարգի 8-րդ կետի «ա» և «բ» ենթակետերից «գ» ենթակետին կամ հակառակը) պահուստի մեծության ճշտումները կատարվում են Կանոնակարգի 67-րդ և 68-րդ կետերում նախատեսված կարգով:

75. Չգնանշվող բաժնետոմսերի և (կամ) ներդրումների գնահատումն ու պահուստի մեծության ճշտումը ապահովագրական ընկերություններն իրականացնում են ինքնուրույն, իրենց կողմից ընտրված պարբերականությամբ, սակայն ոչ պակաս, քան հաշվետու տարին մեկ անգամ (թողարկողի ֆինանսական հաշվետվությունների արդյունքներով):

 

Գ Լ ՈՒ Խ 7

 

ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ

 

76. Մինչև մարման ժամկետը պահվող (ժամկետային) արժեթղթերն անհուսալի են ճանաչվում չաշխատող դառնալու 181-րդ օրը, ինչպես նաև այն դեպքում, երբ թողարկողն օրենսդրությամբ սահմանված կարգով սնանկ է ճանաչվել, լուծարվել է առանց իրավահաջորդության կամ վավերացվել է վերջինիս կողմից պարտքի մարման անհնարինությունը՝ անկախ արժեթղթերի մարման ժամկետը լրանալուց և նպատակայնությունից:

77. Անժամկետ արժեթղթերն անհուսալի են ճանաչվում չաշխատող դառնալու 181-րդ օրը, ինչպես նաև այն դեպքում, երբ թողարկողն օրենսդրությամբ սահմանված կարգով սնանկ է ճանաչվել կամ լուծարվել է առանց իրավահաջորդության:

78. Ժամկետային և անժամկետ արժեթղթերի գծով հաշվեկշռում ճանաչված հավելավճարների մնացորդները մինչև արժեթղթերի անհուսալի ճանաչվելը շարունակում են ամորտիզացվել (ծախսագրվել) սահմանված ժամկետում, իսկ նշված արժեթղթերը անհուսալի ճանաչելու և հաշվեկշռից դուրս գրելուն պես, միանգամից ծախսագրվում են ամբողջ գումարի չափով:

Սույն կարգում սահմանված արժեթղթերը, չաշխատող դառնալուն պես, պետք է հաշվառվեն ոչ կուտակային մեթոդով, ինչը նշանակում է, որ այն տոկոսը և/կամ զեղչատոկոսը, որը կուտակվել է, բայց չի հավաքագրվել, այլևս չի կարող գրանցվել որպես տոկոսային եկամուտ: Տոկոսի և/կամ զեղչատոկոսի հաշվեգրումը շարունակվում է, սակայն չի գրանցվում որպես տոկոսային եկամուտ մինչև դրա վճարումը:

 

Գ Լ ՈՒ Խ 8

 

ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ԱՐԺԵԹՂԹԵՐՈՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

79. Պահուստի միջոցներն օգտագործվում են բացառապես սույն Կանոնակարգի համաձայն անհուսալի ճանաչված արժեթղթերի դուրսգրման համար: Եթե տվյալ արժեթղթի գծով ձևավորված պահուստի միջոցները չեն բավարարում դրանց արժեքի դուրսգրման համար, ապա այդ տարբերության չափով լրացուցիչ մասհանում է կատարվում պահուստին և, այնուհետև, անհուսալի ճանաչված արժեթղթերի արժեքը դուրս է գրվում պահուստի միջոցների հաշվին:

80. Եթե արժեթղթերը դառնում են աշխատող, այսինքն դադարում են Կանոնակարգի 60-րդ և 61-րդ կետով նախատեսված դեպքերը, ապա այդ արժեթղթերի գծով ծախսերի հաշվին ձևավորված պահուստը թղթակցում է եկամուտների համապատասխան հաշվի հետ:

81. Եթե արժեթղթերը ճանաչվում են անհուսալի, դրանք նույն օրվա ընթացքում պետք է դուրս գրվեն հաշվեկշռից ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների պահուստի հաշվին և շարունակվեն հաշվառվել հետհաշվեկշռային համապատասխան հաշիվներում:

82. Արժեթղթերի գծով պարտավորության լրիվ կամ մասնակի մարման կամ արժեթղթերի օտարման պահին համապատասխան չափով ճշտվում է պահուստի ընդհանուր մեծությունը, կատարված մասհանումների գումարներն ուղղելով Ընկերության՝ տվյալ հաշվետու ժամանակահատվածի եկամուտներին:

83. Կանոնակարգի 57-րդ կետում նշված այն գումարները, որոնք սահմանված կարգի համաձայն հաշվեգրվել են ապահովագրական ընկերության եկամուտներին, սակայն չեն մարվել (վճարվել) նախատեսված ժամկետներում, դուրս են գրվում՝

1) դրանց ժամկետանց դառնալու օրվանից հաշված 90-րդ օրը,

2) սույն կարգին համապատասխան անհուսալի ճանաչված արժեթղթերի դուրսգրման օրը:

 

Գ Լ ՈՒ Խ 9

 

ԾԱՆՈՒՑՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՂ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ, ՏՈԿՈՍՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԶԵՂՉԱՏՈԿՈՍԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

 

84. Ծանուցման հաշիվներում հաշվառվող արժեթղթերի դիմաց վճարում (փոխհատուցում) ստանալիս, կամ դրանք օտարելիս.

1) հաշվեկշռում վերականգնվում է դուրս գրված արժեթուղթը կամ դրա մի մասը՝ թղթակցելով համապատասխան պահուստի հաշվի հետ,

2) վերականգնված ակտիվը մարվում է՝ թղթակցելով դրամական միջոցների կամ համապատասխան այլ ակտիվի հաշվի հետ,

3) վերականգնված պահուստի գումարներն ամբողջությամբ հաշվեգրվում են Ընկերության տվյալ հաշվետու ժամանակահատվածի եկամուտներին:

85. Ծանուցման հաշիվներում հաշվառվող տոկոսների և (կամ) զեղչատոկոսի դիմաց հատուցում ստանալիս.

1) հաշվեկշռում վերականգնվում է դուրս գրված տոկոսը և (կամ) զեղչատոկոսը կամ դրա մի մասը՝ թղթակցելով «տոկոսային եկամուտ» հաշվի հետ,

2) վերականգնված տոկոսը և (կամ) զեղչատոկոսը մարվում է՝ թղթակցելով դրամական միջոցների կամ համապատասխան այլ ակտիվի հաշվի հետ:

86. Ծանուցման հաշիվներում հաշվառվող արժեթղթերը, տոկոսները և (կամ) զեղչատոկոսը (կամ դրանց մի մասը) դուրս են գրվում ծանուցման հաշիվներից.

86.1. ընկերության կողմից արժեթղթի, տոկոսների և(կամ) զեղչատոկոսի (կամ դրանց մի մասի) անհատույց զիջելու (կամ ներելու) կամ

86.2. արժեթղթի, տոկոսների և(կամ) զեղչատոկոսի (կամ դրանց մի մասի) նկատմամբ պահանջի իրավունքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վաղեմության ժամկետը լրանալու դեպքում: Եթե արժեթղթի, տոկոսների և(կամ) զեղչատոկոսի (կամ դրանց մի մասի) նկատմամբ պահանջի իրավունքի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վաղեմության ժամկետն ավելի ուշ է, քան թողարկողի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սնանկ ճանաչման ժամկետն է, ապա ծանուցման հաշիվներից արժեթուղթը, տոկոսները և(կամ) զեղչատոկոսը (կամ դրանց մի մասը) դուրս են գրվում թողարկողի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սնանկ ճանաչվելու պահից:

87. Եթե ընկերության հաշվեկշռում հաշվառվող արժեթղթերը, տոկոսները և (կամ) զեղչատոկոսը (կամ դրանց մի մասը) ապահովագրական ընկերության կողմից այլ անձի անհատույց զիջվել են (կամ ներվել) մինչև դրանց անհուսալի ճանաչվելը և (կամ) հաշվեկշռից դուրս գրվելը, դրանք չեն հանդիսանում շահութահարկի հաշվարկման նպատակով համախառն եկամտի նվազեցումներ:

88. Ապահովագրական ընկերության ծանուցման հաշիվներում հաշվառվող և արդեն իսկ դուրս գրված արժեթղթերի, տոկոսների և (կամ) զեղչատոկոսի (կամ դրանց մի մասի) ներման (անհատույց զիջման) դեպքում այդ գումարները համարվում են մարված կամ ներված (կամ անհատույց փոխանցված կամ անհատույց զիջված) և այդ գումարների չափով ավելացվում է ապահովագրական ընկերությունների համախառն եկամուտը:

89. Նախորդ հաշվետու տարիներին համախառն եկամտից նվազեցրած արժեթղթերի և տոկոսների (կամ դրանց մի մասի) գումարով, որոնց պահանջի իրավունքի վաղեմության ժամկետը լրացել է և որոնց գումարը յուրաքանչյուր թողարկողի գծով չի գերազանցում մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը, համախառն եկամուտը չի ավելացվում: Այն գումարների գծով, որոնց պահանջի իրավունքի վաղեմության ժամկետը լրացել է և որոնց գումարը յուրաքանչյուր թողարկողի գծով մեկ միլիոն է կամ գերազանցում է մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը, համախառն եկամուտը չի ավելացվում միայն այն դեպքում, երբ այդ գումարների պահանջի իրավունքի վաղեմության ժամկետը լրանալու պահին կամ մինչ այդ ապահովագրական ընկերությունը հայց է ներկայացրել դատարան պարտքի վերադարձման պահանջի վերաբերյալ:

 

Գ Լ ՈՒ Խ 10

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

90. Կանոնակարգի ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում ապահովագրական ընկերությունները ելնելով իրենց բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությունից մշակում են ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման ներքին կանոնակարգ՝ Կանոնակարգի դրույթներին համապատասխան:

91. Կանոնակարգի ուժի մեջ մտնելու պահից դասակարգվում են ոչ միայն հաշվեկշռում, այլև ծանուցման հաշիվներում հաշվառվող ակտիվները:

92. Կանոնակարգը սահմանված է բացառապես ապահովագրական ընկերությունների գործունեության կարգավորման և ապահովագրական ընկերությունների հարկային հաշվառման կարգավորման նպատակով և դատարանի, պետական կառավարման մարմինների, ապահովագրական ընկերության կամ ապահովադիրների կամ որևէ այլ անձի կողմից Կանոնակարգի որևէ դրույթ կամ հասկացություն չի կարող մեկնաբանվել, վկայակոչվել կամ կիրառվել որպես ապահովագրական ընկերության և ապահովադիրների կամ երրորդ անձանց միջև իրավահարաբերությունները կարգավորող կամ այդ հարաբերությունները սահմանափակող դրույթ:

93. Կանոնակարգը չի տարածվում այն արժեթղթերի (բացառությամբ Կանոնակարգի 56-րդ կետում նշված արժեթղթերի) վրա, որոնք գնանշվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հունիսի 12-ի թիվ 174-Ն որոշմամբ սահմանված ֆոնդային բորսաներում: