Գլխավոր տեղեկություն
Համար
N 567-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.06.2008-17.07.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.06.25/39(629) Հոդ.639
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.05.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.06.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.11.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մայիսի 2008 թվականի N 567-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 1245-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագրում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՆՀ-85-Ն հրամանագրի 1-ին կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1245-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածի՝

ա. 6-րդ կետի երկրորդ պարբերությունը «նախարարության աշխատակազմը,» բառերից հետո լրացնել «նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմինը» բառերով,

բ. 12-րդ կետի «թ» ենթակետը «նախարարության աշխատակազմի» բառերից հետո լրացնել «և նախարարության համակարգում գործող պետական մարմնի» բառերով,

գ. 12-րդ կետի «ժա» ենթակետը «նախարարության» բառից հետո լրացնել «, ինչպես նաև նախարարության համակարգում գործող պետական մարմնի» բառերով,

դ. 12-րդ կետի «ժբ» ենթակետը «նախարարության» բառից հետո լրացնել «, ինչպես նաև նախարարության համակարգում գործող պետական մարմնի» բառերով,

ե. 16-րդ կետից հանել «և Սփյուռքի հետ կապերի գործակալության» բառերը.

2) որոշման N 2 հավելվածում`

ա. I բաժնից հանել «Տարածաշրջանային ծրագրերի իրականացման վարչություն» բառերը,

բ. II բաժնից հանել «Սփյուռքի հետ կապերի գործակալություն» բառերը,

գ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` III բաժնով.

«III. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին

Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտե»:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1246-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հունիսի 12
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2008 թվականի
մայիսի 22-ի N 567-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեն (այսուհետ` կոմիտե) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին է, որը նախարարության ղեկավարությամբ մշակում և իրականացնում է սփյուռքի հետ կապերի քաղաքականության ուղղությունները:

2. Կոմիտեն ստեղծվում ու վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Կոմիտեն իր գործունեությունն իրականացնում է` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրամաններով:

4. Կոմիտեն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, կոմիտեի հայերեն, անգլերեն և ռուսերեն անվանումներով կլոր կնիք, ձևաթղթեր և այլ անհատականացման միջոցներ:

5. Կոմիտեի անվանումն է` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի պետական կոմիտե:

6. Կոմիտեն կազմված է կոմիտեի նախագահից, կոմիտեի նախագահի տեղակալներից և աշխատակազմից:

7. Կոմիտեի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն N 2:

8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարությամբ` կոմիտեն իրականացնում է հետևյալ նպատակները և խնդիրները`

1) Հայաստան-սփյուռք բազմակողմանի կապերի, համագործակցության զարգացմանն ու խորացմանը նպատակաուղղված ռազմավարության մշակում և իրականացում.

2) Հայաստան-սփյուռք հարաբերությունների ձևերի և մեթոդների, համահայկական նշանակության ծրագրերի մշակում.           

3) սփյուռքի ուծացմանը դիմակայելուն և լեզվամշակութային ինքնության կորստի կանխմանը, համահայկական կենսական նշանակություն ունեցող խնդիրներին սփյուռքի մասնակցությանն աջակցելը.

4) սփյուռքի քաղաքական, կրոնական, բարեգործական, հայրենակցական, կրթական և մշակութային կազմակերպությունների, ինչպես նաև անհատների հետ համագործակցության իրականացում.

5) համազգային փոխըմբռնման և համախմբվածության մթնոլորտ ստեղծելուն, սփյուռքի միջհամայնքային կապերի հաստատման օժանդակմանն ու սփյուռքի համայնքային կազմակերպման նախաձեռնություններին աջակցելը.

6) համահայկական միջոցառումներ ու հավաքներ կազմակերպելը և դրանց կազմակերպմանն աջակցելը.

7) սփյուռքի համայնքային լրատվամիջոցներին և այլ կառույցներին Հայաստանի Հանրապետության մասին տեղեկատվության տրամադրումը:

 

II. ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարությամբ, համապատասխան օտարերկրյա պետության օրենսդրությամբ չարգելված ձևերով և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների հետ համագործակցությամբ` կոմիտեն`

1) նպաստում է Հայաստանի և սփյուռքի հասարակական կազմակերպությունների համագործակցությանը.

2) համազգային կենսական նշանակություն ունեցող հարցերի քննարկման նպատակով կազմակերպում է խորհրդակցական հանդիպումներ, նպաստում այլ շահագրգիռ մարմինների կողմից դրանց կազմակերպմանը.

3) նպաստում է սփյուռքի կրթական, մշակութային, սպորտային և այլ կազմակերպությունների, այդ ոլորտում գործող առանձին անհատների ու Հայաստանի Հանրապետության համապատասխան կազմակերպությունների և անհատների միջև կապերի հաստատմանն ու զարգացմանը.

4) աջակցում է սփյուռքի կազմակերպությունների հայապահպան գործունեությանը, մշակութային ժառանգության պահպանմանը, զարգացմանն ու տարածմանը.

5) աջակցում է Հայաստանում և սփյուռքում մշակութային, կրթական, մարզական և այլ հավաքների, գիտաժողովների, խորհրդաժողովների, փառատոների և այլ համատեղ միջոցառումների կազմակերպմանը.

6) նպաստում է Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվող պետական և հասարակական նախաձեռնություններին, համապետական և համազգային նշանակություն ունեցող միջոցառումներին սփյուռքի մշակութային գործիչների, գիտնականների, ձեռներեցների, երիտասարդների և այլ անձանց մասնակցությանը.

7) նպաստում է սփյուռքի կրթական ծրագրերի իրականացմանը, Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների և սփյուռքի մասնագետների մասնակցությամբ` համապատասխան ծրագրերի ու դասագրքերի մշակմանը և հրատարակմանը, աջակցում է վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը.

8) նպաստում է Հայաստանի և սփյուռքի միջև զբոսաշրջության զարգացման ուղղությամբ համապատասխան կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքներին.

9) աջակցում է Հայաստանի Հանրապետության տնտեսական ծրագրերին սփյուռքի ձեռներեցների մասնակցությանը.

10) աջակցում է Հայաստանի և սփյուռքի տեղեկատվական միջոցների միջև համագործակցությանը.

11) ձեռք է բերում յուրաքանչյուր երկրի հայկական համայնքի մասին լիարժեք, ամբողջական (պատմական, քանակական, քաղաքական, կրթամշակութային, հոգևոր, գիտական, տնտեսական և այլն) տեղեկություններ և դրանց հիման վրա ստեղծում հայ գաղթօջախների մասին համապարփակ բովանդակային տեղեկատվական բանկ.

12) նպաստում է հասարակական հիմունքներով գործող համահայկական մասնագիտական միավորումների ստեղծմանն ու գործունեությանը.

13) համակարգում է Հայաստան-սփյուռք ոլորտում գործող Հայաստանի Հանրապետության պետական մարմինների գործունեությունը և համագործակցում Հայաստանի Հանրապետությունում գործող համահայկական հասարակական կազմակերպությունների հետ:

 

III. ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

10. Կոմիտեն կառավարում է կոմիտեի նախագահը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը: Կոմիտեի նախագահի տեղակալին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը` կոմիտեի նախագահի ներկայացմամբ:

11. Կոմիտեի նախագահը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին:

12. Կոմիտեի նախագահը`

1) ղեկավարում է կոմիտեի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է կոմիտեի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակներին ու խնդիրներին համապատասխան` սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկություններ, ինչպես նաև` տարեկան աշխատանքային ծրագրերը.

3) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, հանդես է գալիս կոմիտեի անունից.

4) սույն կանոնադրությանը համապատասխան` սահմանում է կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.

5) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում`

ա. կոմիտեի կանոնադրությունը, աշխատակազմի կառուցվածքը և աշխատողների թիվը,

բ. կոմիտեի աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է աշխատակազմի գործունեության ստուգման արդյունքները.

6) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի պահպանման տարեկան ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

7) վերահսկողություն է իրականացնում կոմիտեի աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.

8) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Կոմիտեի նախագահի տեղակալներն իրականացնում են կոմիտեի նախագահի կողմից իրենց հանձնարարված գործառույթները: Կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը կոմիտեի նախագահի բացակայության ժամանակ կատարում է նրա պարտականությունները:

 

IV. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

14. Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ կոմիտեին վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին դրա մասնակցությունն ապահովում է կոմիտեի աշխատակազմը:

15. Կոմիտեի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

16. Կոմիտեի աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» և Հայաստանի Հանրապետության այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կանոնադրության ու հրամանների և սույն կանոնադրության հիման վրա:

17. Կոմիտեի աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

18. Կոմիտեի աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր ու այլ անհատականացման միջոցներ:

19. Կոմիտեի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

20. Կոմիտեի քաղաքացիական ծառայության պաշտոններում նշանակումները և պաշտոններից ազատումները, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների ծառայությունն իրականացվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

21. Կոմիտեի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Կոմիտեի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև կոմիտեի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

22. Կոմիտեի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

23. Կոմիտեի աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում վիճակագրական հաշվետվություններ, ֆինանսական, հարկային, մաքսային և պարտադիր վճարների հաշվարկներ, հայտարարագրեր:

24. Կոմիտեի աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

V. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

25. Կոմիտեի աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կոմիտեի աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

26. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ վերցնելու կոմիտեի աշխատակազմի գույքը կամ գույքի մի մասը:

27. Կոմիտեի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:

 

VI. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

28. Կոմիտեի աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը և կոմիտեի նախագահը, իսկ ղեկավարումը` կոմիտեի աշխատակազմի ղեկավարը:

29. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) վերակազմակերպում և դադարեցնում է կոմիտեի աշխատակազմի գործունեությունը.

2) հաստատում է կոմիտեի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

3) հաստատում է կոմիտեի աշխատակազմի կառուցվածքը.

4) որոշում է կոմիտեի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը:

30. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, կոմիտեի նախագահի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կոմիտեի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

31. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված վնասի համար: Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

32. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարը`

1) իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

2) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կոմիտեի աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.

4) կոմիտեի նախագահի քննարկմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

5) կոմիտեի նախագահին ներկայացնում է առաջարկություններ կոմիտեի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

6) կազմակերպում է կոմիտեի աշխատակազմի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

7) կազմակերպում է կոմիտեում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

8) վերահսկում է կոմիտեի աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

9) կոմիտեի նախագահի ստորագրությանն է ներկայացնում կոմիտեի նախագահի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.

10) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

11) ապահովում է կոմիտեի աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, կազմակերպում է կոմիտեի գործավարությունը և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

12) իրականացնում է «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գլխավոր ֆինանսիստի պարտականությունները.

13) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

 

VII. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

33. Կոմիտեի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2008 թվականի
մայիսի 22-ի N 567-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Վարչություններ

Սփյուռքի կազմակերպությունների հետ կապերի վարչություն

Վերլուծական-տեղեկատվական վարչություն

 

II. Բաժիններ

Հատուկ ծրագրերի բաժին

Անձնակազմի կառավարման բաժին

Հաշվապահական հաշվառման բաժին

 

III. Քարտուղարություն

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան