ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հունիսի 2008 թվականի N 306-Ն
ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան և առանձին բնագավառներում քաղաքականության մշակման ու իրավական ակտերի նախագծերի մասին եզրակացություններ տալու նպատակով`
1. Ստեղծել ֆինանսատնտեսական, սոցիալական, տարածքային զարգացման և բնապահպանական, պետաիրավական նախարարական կոմիտեներ:
2. Հաստատել`
1) նախարարական կոմիտեների աշխատակարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) նախարարական կոմիտեների կազմերը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել, որ նախարարական կոմիտեներում ներկայացված հարցերի քննարկումներն իրականացվում են նիստերի միջոցով, որոնք տեղի են ունենում ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան շաբաթական մեկ անգամ` ուրբաթ օրերին: Նախարարական կոմիտեների նիստերը տեղի են ունենում հետևյալ ժամերին`
1) տարածքային զարգացման և բնապահպանական` 9.00-10.00.
2) ֆինանսատնտեսական` 10.00-11.00.
3) սոցիալական` 11.00-12.00.
4) պետաիրավական` 12.00-13.00:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. հունիսի 3 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2008 թ. հունիսի 3-ի N 306-Ն որոշման |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆԵՐԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով սահմանվում է նախարարական կոմիտեների (այսուհետ` կոմիտեներ) գործունեության իրականացման կարգը:
2. Կոմիտեների հիմնական նպատակն առանձին ոլորտների զարգացման համար անհրաժեշտ ռազմավարության, դրա իրականացման և համակարգված վերահսկման միասնական մոտեցումների ձևավորման, անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերի, հայեցակարգերի, ծրագրերի մշակման աշխատանքների արդյունավետ կազմակերպումն ու համակարգումն է:
3. Բոլոր կոմիտեները ղեկավարում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
II. ԿՈՄԻՏԵՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Կոմիտեների խնդիրներն են`
1) համապատասխան ոլորտների զարգացման համար անհրաժեշտ ռազմավարության, դրա իրականացման և համակարգված վերահսկման միասնական մոտեցումների ձևավորման, անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերի, հայեցակարգերի, ծրագրերի նախապատրաստումը և դրանք Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը ներկայացնելը.
2) փոխկապակցված և հավասար զարգացման ուղիների մշակումը` հեռանկարային զարգացման նպատակային ծրագրերի հիման վրա.
3) զարգացման, հնարավորությունների արդյունավետ օգտագործման և արդիականացմանն ուղղված ծրագրերի մշակման կազմակերպումը` առավելագույն արդյունավետությամբ օգտագործելով կապիտալ ներդրումները.
4) պետական ներդրումների քաղաքականության կենսագործումը` խրախուսելով նոր ներդրումների ներգրավումը.
5) համապատասխան բնագավառներում օպտիմալ կառավարման (ղեկավարման) համակարգերի մշակման կազմակերպումը.
6) առանձին ոլորտներում ծախսերի և արտադրական կորուստների նվազեցման խթանման մեխանիզմների մշակման կազմակերպումը.
7) համապատասխան ոլորտներում կազմակերպչական և կառուցվածքային բարեփոխումների ծրագրերի մշակմանն օժանդակելը.
8) պետական կառավարման արդյունավետության աճի և հետագա զարգացման համար միջոցներ ձեռնարկելը.
9) Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության վարչապետին համապատասխան ոլորտների գործունեության բարելավման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:
5. Առաջադրված խնդիրներին համապատասխան` կոմիտեներն իրավասու են`
1) ստեղծելու աշխատանքային խմբեր՝ իրավական ակտերի նախագծերի մշակման համար.
2) հանրապետական գործադիր մարմիններից, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, օրենքով ստեղծված` մշտապես գործող հանձնաժողովներից ստանալու տեղեկատվություն զարգացման ծրագրերի մշակման, իրականացման և ընթացիկ խնդիրների մասին.
3) Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնելու տեղեկատվություն համապատասխան բնագավառների ցուցանիշների մասին.
4) Հայաստանի Հանրապետության նախարարներին տալու հանձնարարականներ համապատասխան ոլորտներում քաղաքականության արդյունավետ կենսագործման, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող օրենսդրական ակտերի նախագծերի մշակման, դրանց վերաբերյալ եզրակացություններ և կարծիքներ տրամադրելու մասին, ինչպես նաև հանձնարարված առաջադրանքների կատարման նկատմամբ իրականացնելու վերահսկողություն:
6. Կոմիտեները սույն որոշման 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված խնդիրներն ու գործառույթներն իրականացնում են համապատասխանաբար հետևյալ բնագավառներում՝
1) ֆինանսատնտեսական կոմիտե՝
ա. մակրոտնտեսական քաղաքականություն,
բ. պետական և համայնքի բյուջեներ,
գ. հարկային ու մաքսային քաղաքականություն,
դ. տնտեսական մրցակցություն և հանրային ծառայություններ,
ե. արդյունաբերություն, առևտուր, զբոսաշրջություն, էներգետիկա,
զ. գյուղատնտեսություն, տրանսպորտ և կապ, մասնավորեցում,
է. բիզնես միջավայր (այդ թվում` չափումների միասնականություն, համապատասխանության գնահատում, ստանդարտացում), պետական գնումներ, ֆինանսական շուկաներ.
2) սոցիալական կոմիտե`
ա. առողջապահություն, կրթություն, գիտություն, մշակույթ,
բ. սոցիալական ապահովություն և ապահովագրություն,
գ. կրոն և ազգային փոքրամասնություններ,
դ. երիտասարդություն և սպորտ,
ե. արհմիություններ, որդեգրում, բարեգործություն,
զ. պետական պարգևներ.
3) տարածքային զարգացման ու բնապահպանական կոմիտե`
ա. տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում,
բ. տարածքային զարգացում, փախստականների խնդիրներ և միգրացիա,
գ. աշխարհագրական անվանումներ, գեոդեզիա, քարտեզագրություն,
դ. քաղաքաշինություն և ճարտարապետություն,
ե. կոմունալ և քաղաքային տնտեսություն,
զ. ընտրությունների կազմակերպում,
է. բնապահպանություն, բնական պաշարների օգտագործում,
ը. լեռնային հսկողություն, ջրային տնտեսություն, անտառատնտեսություն,
թ. ատոմային էներգիայի օգտագործում, միջուկային և ռադիացիոն անվտանգություն.
4) պետաիրավական կոմիտե`
ա. արդարադատություն, իրավապահ մարմիններ, դատախազություն,
բ. փաստաբանական ծառայություններ, նոտարական ծառայություններ,
գ. պաշտպանություն, զինված ուժեր,
դ. զենքի շրջանառություն, արտակարգ իրավիճակներ,
ե. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, մարդու իրավունքներ,
զ. կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ,
է. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ, Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգ:
III. ԿՈՄԻՏԵՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
7. Կոմիտեներն իրենց աշխատանքները կազմակերպում են նիստերի միջոցով, որոնք գումարվում են սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով, ինչպես նաև` արտահերթ նիստերի միջոցով, որոնք գումարվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ համապատասխան կոմիտեի անդամների թվի 2/3-ի պահանջով: Կոմիտեի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է կոմիտեի անդամների թվի կեսից ավելին:
8. Կոմիտեի նիստը վարում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Կոմիտեի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետի ձայնը վճռորոշ է:
9. Կոմիտեի նիստի օրակարգը և դրան վերաբերող նյութերը կազմվում և տրամադրվում են կոմիտեի անդամներին` նիստից առնվազն 2 օր առաջ:
10. Հարցի քննարկման արդյունքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը կարող է տեղափոխվել հաջորդ նիստ:
11. Կոմիտեի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են հրավիրվել նաև այլ պաշտոնատար անձինք:
12. Կոմիտեի նիստն արձանագրվում է: Նիստի արձանագրությունը և նիստում ընդունված որոշումն ստորագրում են նիստը վարողը և համապատասխան կոմիտեի քարտուղարության աշխատանքների իրականացումն ապահովող` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի վարչության պետը:
13. Ֆինանսատնտեսական կոմիտեի քարտուղարության աշխատանքների իրականացումն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչությունը, սոցիալական կոմիտեինը` սոցիալական հարցերի վարչությունը, տարածքային զարգացման ու բնապահպանական կոմիտեինը` տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչությունը, պետաիրավական կոմիտեինը` վարչական մարմինների վարչությունը:
14. Հանձնաժողովի քարտուղարությունը`
1) ապահովում է կոմիտեի աշխատանքների, նիստերի, օրակարգերի, անհրաժեշտ նյութերի, ինչպես նաև որոշումների նախագծերի նախապատրաստումը և դրանք տրամադրում կոմիտեի անդամներին.
2) կոմիտեի անդամներին իրազեկում է կոմիտեի արտահերթ նիստերի անցկացման օրվա, վայրի և ժամի, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում հերթական նիստերի անցկացման վայրի մասին.
3) կազմում է կոմիտեի նիստերի արձանագրությունները.
4) նիստերում ընդունված որոշումները և նիստերի արձանագրությունները մեկօրյա ժամկետում ուղարկում է կոմիտեի անդամներին.
5) Հայաստանի Հանրապետության վարչապետին զեկուցում է կոմիտեի անդամների կողմից նիստերում ընդունված որոշումների և (կամ) նիստերի արձանագրությունների վերաբերյալ ներկայացված կարծիքների, առաջարկությունների, դիտողությունների մասին:
15. Կոմիտեների նիստերի օրակարգերը ձևավորում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:
IV. ԿՈՄԻՏԵԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
16. Կոմիտեի անդամները ներկայացնում են նիստերի արձանագրությունների վերաբերյալ իրենց կարծիքները` դրանք ստանալուց հետո մեկօրյա ժամկետում:
17. Կոմիտեի անդամը, որը համաձայն չէ կոմիտեի ընդունած որոշման կամ դրա առանձին դրույթների հետ, ներկայացնում է գրավոր հատուկ կարծիք, որը կցվում է որոշմանը:
18. Կոմիտեի անդամի բացակայության կամ նիստին մասնակցելու անհնարինության դեպքում, Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ, նիստին կարող է մասնակցել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարի տեղակալներից մեկը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2008 թ. հունիսի 3-ի N 306-Ն որոշման |
Կ Ա Զ Մ Ե Ր
ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆԵՐԻ
1. Ֆինանսատնտեսական կոմիտե`
ՀՀ ֆինանսների նախարար
ՀՀ էկոնոմիկայի նախարար
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
ՀՀ գյուղատնտեսության նախարար
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
ՀՀ արդարադատության նախարար
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար
2. Սոցիալական կոմիտե`
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
ՀՀ առողջապահության նախարար
ՀՀ կրթության և գիտության նախարար
ՀՀ մշակույթի նախարար
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
ՀՀ ֆինանսների նախարար
ՀՀ արդարադատության նախարար
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար
3. Տարածքային զարգացման և բնապահպանական կոմիտե`
ՀՀ տարածքային կառավարման նախարար
ՀՀ բնապահպանության նախարար
ՀՀ քաղաքաշինության նախարար
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
ՀՀ ֆինանսների նախարար
ՀՀ արդարադատության նախարար
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
4. Պետաիրավական կոմիտե`
ՀՀ պաշտպանության նախարար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
ՀՀ ոստիկանության պետ
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության տնօրեն
ՀՀ ֆինանսների նախարար
ՀՀ արդարադատության նախարար
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |