Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.03.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.04.30/25(615)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.03.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.03.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2008

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-2220

Քաղաքացիական գործ թիվ 3-136 (ՎԴ)
2008թ.

Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան

Դատավորներ՝ Ն. Հովսեփյան

                   Մ. Ասատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Սարգսյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի մարտի 27-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Ալբերտ և Շուշան Պողոսյանների վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.07.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Ալբերտ և Շուշան Պողոսյանների ընդդեմ Ստեփան Նազարյանի` տան պատուհանի դիմաց ապօրինի կառուցված պատը վերացնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Ալբերտ և Շուշան Պողոսյանները պահանջել են պարտավորեցնել Ստեփան Նազարյանին քանդել հայցվորներին սեփականության իրավունքով պատկանող տան պատուհանի դիմաց կառուցված ապօրինի շինությունը` վերականգնելով նախկին վիճակը:

Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 02.05.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.07.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ալբերտ և Շուշան Պողոսյանները:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ստեփան Նազարյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով:

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 218-րդ հոդվածները և չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Ալբերտ և Շուշան Պողոսյանների կողմից ներկայացված ապացույցներով հիմնավորվել է, որ Ստեփան Նազարյանի կատարած շինարարությունն ապօրինի է և խախտում է հայցվորների սեփականության իրավունքը, որի պայմաններում Ալբերտ և Շուշան Պողոսյանները պահանջել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի հիմքով վերացնել իրենց սեփականության դեմ ուղղված խախտումը: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը ներկայացված ապացույցների հետազոտման արդյունքում եզրակացրել է, որ դրանք բավարար չեն խախտումն ապացուցված համարելու համար, առանց հիմնավորելու իր այդ եզրահանգումը:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.07.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 02.05.2007 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքի դեմ ներկայացված Ստեփան Նազարյանի պատասխանում բերվել են հետևյալ պատճառաբանությունները.

Երևանի քաղաքապետի 14.02.2008 թվականի որոշմամբ վերականգնվել է Երևանի Մ.Խուդյակովի 31/1 հասցեի գույքային միավորների նկատմամբ Ստեփան, Գագիկ, Արաքսյա, Բաբկեն և Սիրանուշ Նազարյանների հողօգտագործման իրավունքը` ճանաչելով բնակելի տան նկատմամբ վերջիններիս սեփականության իրավունքը: Նշված որոշումից ծագած Ստեփան, Գագիկ, Արաքսյա, Բաբկեն և Սիրանուշ Նազարյանների իրավունքները ենթարկվել են պետական գրանցման:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը՝

1) 18.01.1994 թվականի սեփականության վկայագրի համաձայն` Երևանի Ավանի 14 փողոցի թիվ 29 տունը գտնվում է Ալբերտ Պողոսյանի սեփականության ներքո:

2) Ստեփան Նազարյանն ընտանիքով փաստացի բնակվում է Ալբերտ Պողոսյանի սեփականության ներքո գտնվող տան հարևանությամբ գտնվող Ավանի 14 փողոցի թիվ 31 տանը:

3) Ավանի թաղային համայնքի 22.08.2006 թվականի գրության համաձայն` Ավանի 14 փողոցի թիվ 31 տան տանիքի վերակառուցման աշխատանքներն իրականացվել են Ստեփան Նազարյանի կողմից 2003-2004 թվականների ընթացքում` առանց թույլտվության:

4) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության 21.02.2007 թվականի եզրակացության համաձայն` Ստեփան Նազարյանի կողմից Ավանի 14 փողոցի թիվ 31 տան տանիքի վերանորոգման պատճառով փակվել է Ալբերտ Պողոսյանի սեփականության ներքո գտնվող տան կողաճակատային պատուհանի լուսավորությունը:

5) ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Երևանի Նոր Նորքի և Ավանի տարածքային կենտրոնի 28.02.2007 թվականի գրության համաձայն` Ալբերտ Պողոսյանի սեփականության ներքո գտնվող տան 2-րդ հարկի 15,9 քմ մակերեսով սենյակի խոնավությունը կազմում է 71 % (նորման` 65 %-ից ոչ ավելի), իսկ լուսավորության գործակիցը` 0% (նորման` 0,5%):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի համաձայն՝ սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ:

ՀՀ քաղաքացիական դատավարության 218-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ վճռի մեջ պետք է նշվեն վերաքննիչ դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են վերաքննիչ դատարանի հետևություններն այդ հանգամանքների մասին, և փաստարկները, որոնցով վերաքննիչ դատարանը մերժում է այս կամ այն ապացույցները, ինչպես նաև այն օրենքները, ՀՀ միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տես օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ (գումար բռնագանձելու պահանջով)):

Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՜ փաստական և թե՜ իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման, վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածից հետևում է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես՝ Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների՝ ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843 (ՎԴ)):

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի կողմից չի ուսումնասիրվել և գնահատման առարկա չի դարձվել 18.01.1994 թվականի սեփականության վկայագիրը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության 21.02.2007 թվականի եզրակացությունը, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Երևանի Նոր Նորքի և Ավանի տարածքային կենտրոնի 28.02.2007 թվականի գրությունը, չի նշել դրանց մերժման հիմնավորումները:

Հիմք ընդունելով վերոնշյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի վճիռը զուրկ է իրավական և փաստական հիմնավորումից:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ ապացույցները բավարար են Ստեփան Նազարյանի կողմից կառուցված շինությամբ Ալբերտ և Շուշան Պողոսյանների սեփականության իրավունքի խախտման փաստը արձանագրելու համար:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի պատասխանին կից ներկայացված Խուդյակովի փողոցի թիվ 31/1 հասցեի սեփականության վերաբերյալ փաստաթղթերին, ապա դրանք Վճռաբեկ դատարանի կողմից չեն գնահատվում, քանի որ այդ փաստաթղթերը ստորադաս դատարաններում գործի քննության ժամանակ չեն ներկայացվել, բացի այդ, չի ներկայացվել որևէ ապացույց այն մասին, որ դրանք վերաբերում են վեճի առարկա գույքին:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.07.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 02.05.2007 թվականի վճռին:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

Դատավորներ`

Ա. Մկրտումյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան

 

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան