Գլխավոր տեղեկություն
Համար
N 207-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.05.2008-01.01.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.03.17/15(314) Հոդ.365
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.02.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.02.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.03.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.06.2011

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 փետրվարի 2004 թվականի N 207-Ն

 

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ, ՆՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին և 1994 թվականի ապրիլի 15-ի ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների միջև կնքված «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների և զոհվածների ընտանիքների արտոնությունների և սոցիալական երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» միջպետական համաձայնագրին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, նրանց հավասարեցված անձանց և զոհվածների ընտանիքներին դրամական օգնության նշանակման և վճարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից այլ խմբերի քաղաքացիներին տրված անվճար երթևեկության նույնատիպ վկայականների փոխարեն այլ տիպի վկայականների պատրաստման ծախսերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին փոխհատուցելու վերաբերյալ:

3. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու միջոցառումների և առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» N 251 որոշման 2-րդ կետի «ա» և «գ» ենթակետերն ու որոշման 1-ին կետով հաստատված N 1 ցանկի 1-ին և 4-րդ կետերը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 16-ի «Էլեկտրաէներգիայից և տրանսպորտից օգտվելու նպատակով Հայրենական մեծ պատերազմի վետերաններին դրամական փոխհատուցման նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 1354-Ն որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. փետրվարի 28
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
փետրվարի 5-ի N 207-Ն որոշման

 

 

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ, ՆՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին և 1994 թվականի ապրիլի 15-ին ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների միջև կնքված «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների և զոհվածների ընտանիքների արտոնությունների և սոցիալական երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» միջպետական համաձայնագրին համապատասխան` Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, նրանց հավասարեցված անձանց (այսուհետ` մասնակից) էլեկտրաէներգիայից և տրանսպորտից օգտվելու, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ վետերաններին ու նրանց հավասարեցված անձանց (այսուհետ` հաշմանդամ) և Հայրենական մեծ պատերազմում և այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ծնողներին, այրիներին ու մանկուց հաշմանդամ զավակներին (այսուհետ` զոհվածի ընտանիք) էլեկտրաէներգիայից և տրանսպորտից օգտվելու, գազի, ջերմամատակարարման և ջրամատակարարման, ջրահեռացման վարձերը վճարելու համար դրամական օգնության (այսուհետ` օգնություն) նշանակման ու վճարման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը լրաց. 24.02.05 N 210-Ն) 

2. Սույն կարգում օգտագործված հասկացություններն են`

ա) Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հավասարեցված անձինք` այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցներ,

բ) Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ վետերաններին հավասարեցված անձինք` այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողներ, այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցներ, որոնք հետագայում հաշմանդամ են դարձել, ինչպես նաև նախկին խորհրդային բանակում զինվորական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձինք:

3. Դրամական օգնությունը տրամադրվում է հետևյալ չափերով`

ա) մասնակիցներին` ամսական 3800 դրամ,

բ) հաշմանդամներին` ամսական 5700 դրամ,

գ) զոհվածի ընտանիքին` ամսական 5700 դրամ:

 (3-րդ կետը փոփ. 24.02.05 N 210-Ն, 18.01.07 N 29-Ն)

4. Զոհվածի ընտանիքի բոլոր անդամների համար նշանակվում և վճարվում է մեկ ընդհանուր դրամական օգնություն:

5. Ընտանիքի անդամի պահանջով դրամական օգնության նրա բաժինն առանձնացվում և վճարվում է առանձին: Դրամական օգնությունն առանձնացվում է դրա համար դիմելու ամսվան հաջորդող ամսվա մեկից:

6. Դրամական օգնությունը նշանակում է մասնակցի կամ հաշմանդամի հաշվառման կամ փաստացի բնակության վայրի սոցիալական ապահովության տարածքային բաժինը (այuուհետ` տարածքային բաժին)` մասնակցի, հաշմանդամի կամ զոհվածի ընտանիքի գրավոր դիմումը` անհրաժեշտ փաստաթղթերով, ներկայացվելու դեպքում: 

(6-րդ կետը փոփ. 15.05.08 N 446-Ն)

7. Մասնակիցները, հաշմանդամները և զոհվածների ընտանիքները դրամական օգնություն ստանալու համար տարածքային բաժին են ներկայացնում դիմում, անձը հաստատող փաստաթուղթ, տեղեկանք` բնակության վայրից, մասնակցի, հաշմանդամի կամ զոհվածի ընտանիքի կարգավիճակը հավաստող փաստաթուղթ:

(7-րդ կետը փոփ. 15.05.08 N 446-Ն)

8. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 3 ամսվա ընթացքում դիմելու դեպքում դրամական օգնությունը նշանակվում է 2004 թվականի հունվարի 1-ից, իսկ ավելի ուշ դիմելու դեպքում` դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

9. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը տարածքային բաժիններից ստացված դրամական օգնություն նշանակված գործերի թվի, օգնության վճարման գումարների մասին անհրաժեշտ տվյալներն ամփոփում է ըստ բնակության վայրերի և, բյուջեների կատարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը (հունվար ամսին` մինչև հունվարի 20-ը) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին վճարումների կատարման հայտ: Նշված հայտի հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան գումարները փոխանցում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության անվանմամբ բացված գանձապետական հաշիվներին:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը նշված գումարներն ստանալուց հետո, բյուջեների կատարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան, ապահովում է յուրաքանչյուր ամիս դրամական օգնության վճարումը ֆիզիկական անձանց` պետական կենսաթոշակների վճարման համար սահմանված ժամկետներում:

(9-րդ կետը փոփ. 15.05.08 N 446-Ն)

10. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը, բյուջեների կատարման մասին հաշվետվությունները ներկայացնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում դրամական օգնություն ստացած մասնակիցների, հաշմանդամների և զոհվածների ընտանիքներին յուրաքանչյուր ամսվա վճարումների, պարտքերի և չվճարված գումարների մասին հաշվետվություն:

(10-րդ կետը փոփ. 15.05.08 N 446-Ն)

(Կարգը լրաց.,փոփ. 24.02.05 N 210-Ն, փոփ. 18.01.07 N 29-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան