Գլխավոր տեղեկություն
Համար
N 483-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.06.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.02.05/6(181) Հոդ.537
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.05.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.06.2008

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մայիսի 2008 թվականի N 483-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 993-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի դրույթներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի «Սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 993-Ն որոշման կարգում կատարել հետևյալ լրացումները`

1) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին, 3.2-րդ, 3.3-րդ, 3.4-րդ և 3.5-րդ կետերով.

«3.1. Սպանդանոցները պետք է ապահովված լինեն, ըստ կենդանու տեսակի, սպանդի իրականացման համար անհրաժեշտ սարքավորումներով:

3.2. Ըստ հերթափոխում իրականացվող մորթի քանակության կամ սպանդային միավորի` սպանդանոցները լինում են`

1) խոշոր` հերթափոխում 300-ից ավելի սպանդային միավոր հզորությամբ.

2) միջին` 30-300 սպանդային միավոր հզորությամբ.

3) փոքր` մինչև 30 սպանդային միավոր հզորությամբ:

3.3. Սպանդային միավոր է համարվում սպանդի ենթարկված 6 ամսականից բարձր հասակի տավարի, գոմեշի, եղջերուի, ուղտի, ձիու, էշի, ջորու, խոզի մեկական, վերջինիս մինչև 6 ամսական հասակի, ոչխարի և այծի` 3-ական, թռչնի` 20-ական, ճագարի, կուղբի, ջրաքիսի` 10-ական գլուխը:

3.4. Տավարի և գոմեշի սպանդի համար նախատեսված սպանդանոցում կարող է իրականացվել նաև ուղտի, ձիու, էշի, ջորու, խոզի սպանդ: Թռչնի համար նախատեսված սպանդանոցում կարող է իրականացնել միայն թռչնի, իսկ ճագարի, ջրաքիսի, կուղբի համար նախատեսված սպանդանոցում` միայն այդ կենդանատեսակների սպանդ:

3.5. Ըստ իրականացվող մորթի քանակության` փոքր սպանդանոցները լինում են հերթափոխում 3, 6, 12 կամ 18, 24, 30 սպանդային միավոր հզորությամբ:».

2) 7-րդ կետը «առաջ» բառից հետո լրացնել «մաքրվում են և» բառերով.

3) 7-րդ կետը հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին կետով.

«7.1. Սպանդանոց տեղափոխվում են համաճարակային և անասնահամաճարակային տեսակետից ապահով կամ կենդանիների և մարդկանց առողջության պահպանման նկատառումներից ելնելով կենդանիների շարժի սահմանափակում կամ արգելում չունեցող տնտեսությունների սպանդային կենդանիները:».

4) 17-րդ կետը «անասնաբուժասանիտարական» բառից հետո լրացնել «ու բնապահպանական» բառերով.

5) 17-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1-ին և 2-րդ ենթակետերով.

«1) սպանդանոցը պետք է ունենա`

ա. արտադրական կեղտաջրերի կենսաբանական մաքրման ապահովվածություն` նախքան կեղտաջրերը կոյուղու կոլեկտոր ուղարկելը, արտադրական կոյուղաջրերի կուտակման և մաքրման փակ տարողություններ, որոնցում կուտակված կեղտաջրերը մեխանիկական մաքրումից հետո վնասազերծվում և պարբերաբար հեռացվում են,

բ. մեկուսացված, բետոնապատ հրապարակ՝ կենդանիների արտաթորանքի և մարսողական ուղիների պարունակության հավաքման` 30 օրից ոչ պակաս տևողությամբ պահելու և կենսաջերմային եղանակով վնասազերծելու համար,

գ. կենդանիներ տեղափոխող մեքենաների մաքրման և սանիտարական մշակման հրապարակ,

դ. կենդանիների ընդունման համար` բաց կամ ծածկապատ շինություն` ապահովված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերով,

ե. անջրաթափանց սալիկներով 1.8 մ բարձրությամբ երեսապատված պատեր, քիմիապես կայուն նյութերով պատված հատակներ, իսկ շաղախով սվաղված և հարթեցված պատերի ու առաստաղների դեպքում դրանք պետք է պատված լինեն խոնավակայուն ներկերով,

զ. դեպի ներս բացվող և ճանճապահպան ցանցերով պատված արտադրական շենքերի պատուհաններ.

2) սպանդի իրականացման գործընթացում օգտագործել միայն առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից թույլատրված, սպանդային մթերքի հետ շփվող նյութեր:».

6) 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» և «դ» ենթակետերով.

«գ) այնպիսի ջրի օգտագործումը, որը չի համապատասխանում նորմատիվ իրավական ակտերով խմելու ջրին ներկայացվող պահանջներին,

դ) կեղտաջրերի արտահոսքը սպանդի տարածքից դուրս:».

7) 21-րդ կետը «Սպանդի» բառից հետո լրացնել «տեխնոլոգիական գործընթացներն են` կենդանիների նախասպանդային պահվածքը և սպանդը, սպանդային մթերքի դրոշմակնքումը, կշռումը, պահեստավորումը և վերամշակումը, իսկ սպանդի» բառերով, «շշմեցման» բառից հետո` «կենդանու ուղղաձիգ բարձրացման և կախման» բառերով, և «մասնատման բառից հետո` «` կիսման և քառատման, մսեղիքի մաքրման և հարդարման» բառերով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. մայիսի 29

Երևան