Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.02.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.04.30/25(615)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
29.02.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.02.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-2450

Քաղաքացիական գործ թիվ 3-115 (ՎԴ)
2008թ
.

Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան

Դատավորներ՝ Լ. Գրիգորյան

                   Լ. Սոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Սարգսյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի փետրվարի 29-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Կամո Ներսիսյանի և Անյուտա Բաբայանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.07.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Կամո Ներսիսյանի, Անյուտա Բաբայանի ընդդեմ Հրաչյա, Ալլա, Սամվել, Անուշ Ներսիսյանների, Արփիկ Մուրադյանի, Շահումյանի գյուղապետարանի՝ խախտված իրավունքը վերականգնելու, Շահումյանի գյուղապետարանի կողմից տրված թիվ 356 քաղվածքը, դրա հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կադաստր) Արտաշատի տարածքային ստորաբաժանման կողմից 14.04.2000 թվականին տրված թիվ 0152349 և 28.11.2002 թվականին տրված թիվ 730154 սեփականության իրավունքի գրանցման վկայականները փոփոխելու, Կամո Ներսիսյանի, Անյուտա Բաբայանի և Հրաչիկ Կամոյի Ներսիսյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը Արփիկ Մուրադյանի, Հրաչյա, Ալլա, Սամվել և Անուշ Ներսիսյանների անվամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցված Արարատի մարզի Շահումյան գյուղում գտնվող բնակելի տան, 1900 քմ մակերեսով տնամերձ ու 6200 քմ մակերեսով սեփականաշնորհված հողամասերի նկատմամբ ճանաչելու և նրանց համասեփականատերերի ցանկում ընդգրկելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` հայցվորները պահանջել են Արարատի մարզի Շահումյան գյուղում գտնվող բնակելի տան, 1900 քմ մակերեսով տնամերձ և 6200 քմ մակերեսով սեփականաշնորհված հողամասերի նկատմամբ Արփիկ Մուրադյանի, Հրաչյա, Ալլա, Սամվել, Անուշ Ներսիսյանների հետ միասին ճանաչել Կամո Ներսիսյանի, Անյուտա Բաբայանի և Հրաչիկ Կամոյի Ներսիսյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը և որպես համասեփականատերերի, ընդգրկել 14.04.2000 թվականին տրված թիվ 0152349 և 28.11.2002 թվականին տրված թիվ 730154 սեփականության իրավունքի գրանցման վկայականներում։

Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի 18.05.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն։

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 23.07.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն։ Բնակելի տան և տնամերձ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասով Կամո Ներսիսյանի, Անյուտա Բաբայանի հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Կամո Ներսիսյանը և Անյուտա Բաբայանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:

1) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել 29.01.1991 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի (այսուհետ՝ Հողային օրենսգիրք) 9-րդ հոդվածը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը գնահատման առարկա չի դարձրել այն հանգամանքը, որ Հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով վեճի առարկա հողամասը պետք է դառնար կոլեկտիվ տնտեսության ընդհանուր համատեղ սեփականակությունը:

Բացի այդ, Արփիկ Մուրադյանի կոլեկտիվ տնտեսությանը հատկացված 3 բաժին հողամասի թվում է նաև վեճի առարկա հողամասը, հետևաբար, դրա նկատմամբ նույնպես ծագել է կոլեկտիվ տնտեսության սեփականության իրավունքը:

2) Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

14.04.2000 թվականի և 28.11.2002 թվականի վկայականները չեն վիճարկվել: Ընդամենը պահանջվել է պատասխանողների հետ միասին ճանաչել նաև հայցվորների սեփականության իրավունքը վիճելի անշարժ գույքի նկատմամբ, որի դեպքում վկայականներում պետք է կատարվեր անհրաժեշտ փոփոխություններ: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածը սույն գործով չպետք է կիրառվեր:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 23.07.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ ՀՀ Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի 18.05.2007 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 01.01.1991 թվականի դրությամբ Արփիկ Մուրադյանի գյուղացիական տնտեսության կազմում գրանցված են եղել նաև Կամո Ներսիսյանը, Անյուտա Բաբայանը, Հրաչիկ Կամոյի Ներսիսյանը:

2) Գյուղացիական տնտեսությանն է պատկանել նաև 1978 թվականին կառուցված Արարատի մարզի Շահումյան համայնքում գտնվող բնակելի տունը:

3) Վերոգրյալ տունը` 1.900 քմ մակերեսով տնամերձ հողամասով, համասեփականությամբ գրանցվել է միայն Արփիկ Մուրադյանի, Հրաչյա, Ալլա, Սամվել, Անուշ Ներսիսյանների անվամբ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 127-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ կոլտնտեսային ծխի գույքը պատկանում է նրա անդամներին համատեղ սեփականության իրավունքով:

Հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ տնամերձ հողամասերը, ինչպես նաև այգեգործության (ամառանոցի) և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար ՀՀ քաղաքացիների ունեցած հողամասերը անհատույց կարգով թողնվում են նրանց որպես սեփականություն:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արարատի մարզի Շահումյան համայնքում գտնվող տունը, կոլտնտեսային ծխին պատկանող այլ գույքի հետ միասին հանդիսացել է տվյալ ծխի անդամների ընդհանուր համատեղ սեփականությունը:

Հետևաբար, Կամո Ներսիսյանը, Անյուտա Բաբայանը, Հրաչիկ Ներսիսյանը որպես ընտանիքի (ծխի) անդամ, որոնք հետագայում ընդգրկվել են Արփիկ Մուրադյանի գյուղացիական տնտեսության կազմում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 127-րդ հոդվածի և Հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով ձեռք են բերել սեփականության իրավունք վեճի առարկա տան և 1900 քմ տնամերձ հողամասի նկատմամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է Վերաքննիչ դատարանի կողմից հայցի մերժումն այն հիմքով, որ Արարատի մարզի Շահումյան համայնքում գտնվող տունը գրանցվել է միայն Արփիկ Մուրադյանի անվամբ:

2) Բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է այն հարցին, որ սեփականության իրավունքի գրանցման վկայականը հանդիսանում է սեփականության իրավունքի գրանցման մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթ, և այդ փաստաթղթի անվավեր ճանաչելը չի հանգեցնում իրավական հետևանքների, քանի որ ուժի մեջ է մնում վարչական ակտը՝ անշարժ գույքի գրանցման մատյանի գրանցումը (իրավական հիմնավորումը տես` Սիսիանի քաղաքապետարան ընդդեմ Շահեն Սարգսյան, երրորդ անձինք ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Սիսիանի ստորաբաժանում, Կորյուն Օհանյան, 26.10.2006 թվական, քաղաքացիական գործ թիվ 3-1920/ՎԴ գործով 2002 թվականի օգոստոսի 26-ին կնքված պայմանագիրը լուծելու, Շահեն Սարգսյանի և Կորյուն Օհանյանի միջև 11.09.2002 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև Կորյուն Օհանյանին տրված սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջներով Վճռաբեկ դատարանի որոշումը):

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի նախկինում կայացված որոշումներով արձանագրված իրավական դիրքորոշումը կիրառելի է նաև սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը փոփոխելու պահանջի նկատմամբ:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240- 241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.07.2007 թվականի վճիռը` Կամո Ներսիսյանի, Անյուտա Բաբայանի՝ բնակելի տան և տնամերձ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջը մերժելու մասով և այդ մասով գործն ուղարկել Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Վճիռը` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արտաշատի տարածքային ստորաբաժանման կողմից 14.04.2000 թվականին տրված թիվ 0152349 և 28.11.2002 թվականին տրված թիվ 730154 սեփականության իրավունքի գրանցման վկայականները փոփոխելու պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասով թողնել օրինական ուժի մեջ:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

Դատավորներ`

Ա. Մկրտումյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան

 

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան