Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.02.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.04.30/25(615)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
29.02.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.02.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.02.2008

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ տնտեսական դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ Տ-2113

Դատավոր՝ Գ. Ղարիբյան

Քաղաքացիական գործ թիվ 3-28(ՏԴ)
2008թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

 

Ս. Սարգսյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի փետրվարի 29-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 27.11.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ «ՍԱՎԱ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) դիմումի ընդդեմ Ծառայության՝ օրենքին հակասող ակտը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 19.04.2007 թվականի թիվ 1011172 ստուգման ակտը մասնակիորեն՝ ակտի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի մասով:

ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 27.11.2007 թվականի վճռով դիմումը բավարարվել է մասնակիորեն՝ ակտի 1-ին և 2-րդ կետերի մասով:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.     

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը սխալ է մեկնաբանել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով:

Տնտեսական դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ հայաստանյան աղբյուրներից ստացված է համարվում՝ ՀՀ տարածքում ոչ ռեզիդենտի իրականացրած ձեռնարկատիրական գործունեությունից ստացած եկամուտները, ՀՀ տարածքում ոչ ռեզիդենտի ստացած այլ եկամուտները:

Բացի այդ, «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի համաձայն՝ ի թիվս այլ եկամուտների, հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտներ են նաև բեռների փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացվող եկամուտները:

2) Դատարանը սխալ է մեկնաբանել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով:

Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ընկերությունը չի պահպանել «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի պահանջները, ինչի պատճառով, նույն օրենքի 38-րդ հոդվածի հիման վրա, կիրառվել է տուգանք:

«Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի 29.1 կետի պահանջն ուժի մեջ է մտել 05.02.2007 թվականին, այսինքն՝ հարկատուի կողմից «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելուց հետո:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածով սահմանված հետադարձ ուժ տալու կանոնը սույն հրահանգի նկատմամբ կիրառվել չի կարող, քանի որ այդ հրահանգում չկա նորմ, որտեղ սահմանվում է եկամտահարկի գծով հետադարձ ուժ տալու մասին դրույթ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 27.11.2007 թվականի վճիռը՝ դիմումը բավարարելու մասով:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.                 

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 14.07.2006 թվականի թիվ 1011172 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում իրականացվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում:

2) Ստուգման արդյունքում կազմվել է թիվ 1011172 ստուգման ակտը, որի 1-ին և 2-րդ կետերով Ընկերությանը շահութահարկի և եկամտահարկի գծով առաջադրվել է լրացուցիչ հարկային պարտավորություն:

3) «Պռոգրուպ» ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից Ընկերությանը մատուցվել են ISO9001:2000 սերտիֆիկատացման աուդիտորական ծառայություններ:

4) «Բարիդ Բար Ինտլ Տրանսպորտ» ոչ ռեզիդենտ կազմակերպության և Ընկերության միջև կնքված տեղափոխման պայմանագրով բեռի տեղափոխման երթուղին անցել է ՀՀ տարածքով:

5) Ընկերության կողմից շահութահարկ է հաշվարկվել և վճարվել միայն մատուցված ծառայությունների այն մասով, որոնք փաստացի մատուցվել են Հայաստանի Հանրապետության տարածքում:

6) Ընկերության կողմից ֆիզիկական անձանց վճարված եկամտի գումարների, նրանց բնակության (հաշվառման) վայրի հասցեների և այդ եկամուտներից պահված և բյուջե փոխանցված եկամտահարկի գումարների մասին գրավոր տեղեկություններ Ծառայությանը չեն ներկայացվել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի կողմից հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտների հարկումը կատարում է հարկային գործակալը՝ եկամտի վճարման աղբյուրի մոտ:

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքի իմաստով հայաստանյան աղբյուրից ստացված եկամուտներ են համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ ռեզիդենտի իրականացրած ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտները, ոչ ռեզիդենտի՝ ռեզիդենտից կամ ոչ ռեզիդենտից ստացված պասիվ եկամուտները, Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ ռեզիդենտի ստացած այլ եկամուտները: Նույն հոդվածի և 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներ են համարվում Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի, ապրանքների իրացումից և ծառայությունների մատուցումից ստացված եկամուտը` անկախ վճարման վայրից:

«Ոչ ռեզիդենտների շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 2.2.2 կետի համաձայն՝ ոչ ռեզիդենտի կողմից տրանսպորտային ծառայությունների մատուցումից ստացված եկամուտները համարվելու են ստացված հայաստանյան աղբյուրներից այն մասով, որը վերաբերում է բեռների, փոստի, ուղևորների և ուղեբեռների փաստացի փոխադրմանը Հայաստանի Հանրապետության տարածքով:

Վերոնշյալից հետևում է, որ ոչ ռեզիդենտի` փոխադրման պայմանագրի հիման վրա ռեզիդենտից ստացված եկամտից շահութահարկը հարկային գործակալի կողմից պետք է վճարվի միայն մատուցված ծառայությունների այն մասով, որոնք փաստացի մատուցվել են Հայաստանի Հանրապետության տարածքում:

Սույն քաղաքացիական գործով Դատարանը 19.04.2007 թվականի թիվ 1011172 ստուգման ակտի 1-ին կետն անվավեր ճանաչելիս հիմք է ընդունել այն հանգամանքը, որ Ընկերության կողմից վճարվել է Հայաստանի Հանրապետության տարածքով բեռների փոխադրման համար ստացված եկամտից պահված շահութահարկը: Այդ հանգամանքը չի վիճարկվել նաև Ծառայության կողմից:

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության համար Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մատուցված ծառայության դիմաց տրված եկամտի համար շահութահարկ պահելու պարտականություն չի կարող դրվել:

Ինչ վերաբերում է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 4-րդ կետի է) ենթակետի կիրառելիության վերաբերյալ վճռաբեկ բողոքի պատճառաբանությանը, ապա այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 4-րդ կետի է) ենթակետի համաձայն՝ այլ եկամուտներ են համարվում այն եկամուտները, որոնք մասնավորապես ստացված են բեռների փոխադրման (ֆրախտի) դիմաց:

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է որ վերոնշյալ հոդվածը սույն քաղաքացիական գործով կիրառելի չէ, քանի որ կողմերի միջև կնքվել է ոչ թե ֆրախտի, այլ բեռների փոխադրման պայմանագիր:

2) Բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի համաձայն՝ կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են եռամսյակը մեկ՝ հաջորդ եռամսյակի երկրորդ ամսվա 1-ից ոչ ուշ, իրենց գտնվելու (հաշվառման) վայրի հարկային մարմիններին Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության սահմանված ձևով գրավոր տեղեկություններ ներկայացնել անցած եռամսյակում ֆիզիկական անձանց վճարված եկամտի գումարների, նրանց բնակության (հաշվառման) վայրի հասցեների և այդ եկամուտներից պահված և բյուջե փոխանցված եկամտահարկի գումարների մասին:

ՀՀ պետական եկամուտների նախարարության «Եկամտահարկի հաշվարկման բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի 29.1 կետի համաձայն՝ կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարներն իրենց կողմից ՀՀ քաղաքացիներին վճարված եկամուտների մասին տեղեկություններ չեն ներկայացնում, եթե սույն հրահանգի դրույթներին համապատասխան իրականացրել են հարկի պահում (գանձում) կամ վճարել են սույն հրահանգի 12 և 13-րդ կետերով սահմանված նվազեցվող եկամուտներ, կամ եկամուտները վճարվել են Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատիրոջը (նոտարին):

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ իրավախախտման համար սահմանված պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող կամ իրավախախտում կատարած իրավաբանական և ֆիզիկական անձանց դրությունն այլ կերպ բարելավող իրավական ակտը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն՝ ունի հետադարձ ուժ, եթե այդ օրենքով կամ այդ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

Սույն քաղաքացիական գործով Դատարանը հետադարձ ուժ է տվել ՀՀ պետական եկամուտների նախարարության «Եկամտահարկի հաշվարկման բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի 29.1 կետին՝ Ընկերությանը ազատելով «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով նախատեսված տեղեկություններ ներկայացնելու պարտականությունից:

Մինչդեռ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ իրավական ակտերում փոփոխությունները կամ լրացումները կատարում են միայն իրավական ակտն ընդունած մարմինը կամ նրա իրավահաջորդը: Իրավաստեղծ մարմինն իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կարող է կատարել միայն նույն տեսակի իրավական ակտով:

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այլ իրավական ակտով նախատեսված օրենքով սահմանված պարտականությունը վերացնող դրույթը վերոհիշյալ նորմի իմաստով իրավական ուժ ունենալ չի կարող, հետևաբար, դրանով սահմանված դրույթին չի կարող տրվել նաև հետադարձ իրավական ուժ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի՝ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 4-րդ մասի սխալ մեկնաբանման հիմքը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածով վճռաբեկ բողոքը բավարարելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 27.11.2007 թվականի վճիռը՝ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության թիվ 1011172 ստուգման ակտի 2-րդ կետն անվավեր ճանաչելու մասով և գործն այդ մասով ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության: Վճիռը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

Դատավորներ`

Ա. Մկրտումյան

 

Ս. Սարգսյան

 

Վ. Աբելյան

 

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան