Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռումինիայի Կառավարության միջև առևտրատնտեսական կապերի և գիտատեխնիկական համագործակցության մասին 1991թ. հոկտեմբերի 4-ին ստորագրված Համաձայնագիրը փոփոխող
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ռումինիայի Կառավարությունը, որոնք այսուհետ անվանվում են Պայմանավորվող կողմեր,
նկատի ունենալով այն փաստը, որ 2007 թ. հունվարից Ռումինիան կդառնա Եվրոպական միության անդամ և կիրականացնի ընդհանուր առևտրական քաղաքականություն,
ցանկանալով ընդլայնել Պայմանավորվող կողմերի միջև զարգացած ավանդական կապերը տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցության բնագավառում,
ցանկանալով ստեղծել համապատասխան շրջանակ Պայմանավորվող կողմերի միջև երկխոսությունը շարունակելու համար, նկատի ունենալով տնտեսական կապերի ընդլայնման և զարգացման համար համապատասխան միջոցների ձեռնարկումը և զարգացումը Պայմանավորվող կողմերի փոխշահավետության համար,
համաձայնեցին կատարել հետևյալ փոփոխությունները 1991 թ. հոկտեմբերի 4-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռումինիայի Կառավարության միջև առևտրատնտեսական կապերի և գիտատեխնիկական համագործակցության մասին Համաձայնագրում (այսուհետ` Համաձայնագիր):
Հոդված I
Համաձայնագրի վերնագիրը կլինի հետևյալ ձևով. «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռումինիայի Կառավարության միջև տնտեսական կապերի և գիտատեխնիկական համագործակցության մասին»:
Հոդված II
Համաձայնագրի 10-րդ հոդվածը կփոխվի` ավելացվելով երկու նոր պարբերություններով.
«Հանձնաժողովի խնդիրները կներառեն, iոter alia, հետևյալը.
- երկկողմ տնտեսական կապերի զարգացման և հեռանկարների ուսումնասիրություն,
- փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության խրախուսում Պայմանավորվող կողմերի ընկերությունների միջև կապերը դյուրացնելու, համատեղ համագործակցության համար պոտենցիալ հետաքրքրություն ներկայացնող հատուկ նախագծեր և ոլորտներ առաջարկելու միջոցով,
- մյուս Պայմանավորվող կողմի ներդրման հնարավորությունների մասին Պայմանավորվող կողմերի համապատասխան գործարար շրջանակներին իրազեկում` ծանոթացնելով միմյանց գործող իրավական դաշտի մասին, որը կապված է սույն Համաձայնագրի կիրառման հետ կամ վերաբերում է դրան և այլն,
- մասնավոր և պետական հատվածներում տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնոլոգիական համագործակցության խրախուսում և ընդլայնում` ներառելով տեխնոլոգիաների փոխանակումը` Պայմանավորվող կողմերի միջազգային պարտավորություններին համապատասխան, հարգելով մտավոր սեփականության իրավունքները` Պայմանավորվող կողմերի տնտեսական և զարգացման քաղաքականությանը և առաջնային նպատակներին համապատասխան,
- գործունեության իրականացում` որպես Պայմանավորվող կողմերի խորհրդատվական մարմին` այնքանով, որքանով տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնոլոգիական համագործակցության խնդիրները առնչվում և դրդում են Պայմանավորվող կողմերին ընդունել համապատասխան միջոցներ, որոնք կիրականացվեն երկկողմ կապերը զարգացնելու համար, ինչպես նշված է սույն Համաձայնագրում,
- սույն Համաձայնագրի իրականացման պարբերաբար գնահատում:
Գործարար հնարավորությունների և տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցության նոր տեսակների բացահայտման և դյուրացման նպատակով համատեղ հանձնաժողովը.
- Պայմանավորվող կողմերի օրենսդրության համաձայն` կաջակցի ներկայացուցչությունների գրասենյակների, մասնաճյուղերի, համատեղ առևտրային պալատների և այլ տնտեսական միավորների ստեղծմանը և գործունեությանը,
- կաջակցի և կօժանդակի տնտեսական և ներդրումային նպատակներով պատվիրակությունների այցերին, տոնավաճառների, ցուցահանդեսների, սեմինարների, սիմպոզիումների անցկացմանը և նմանատիպ այլ գործողություններին,
- կօժանդակի երկու Պայմանավորվող կողմերի ֆինանսական կազմակերպություններին և բանկերին ստեղծել կապեր կամ ամրապնդել իրենց համագործակցությունը, կխրախուսի փոքր և միջին ձեռնարկությունների մասնակցությունը սույն Համաձայնագրի նպատակներին հասնելու գործում, կխթանի ներդրումային գործունեությունը, համատեղ ձեռնարկությունների և մասնաճյուղերի ստեղծումը,
- կդյուրացնի պետական և մասնավոր ոլորտի փորձագետների, տեխնիկական աշխատողների, ներդրողների և գործարար շրջանակների ներկայացուցիչների, ինչպես նաև սույն Համաձայնագրի շրջանակներում նախատեսվող գործողությունների իրականացման համար անհրաժեշտ նյութերի և սարքավորումների փոխանակումը,
- կիրականացնի ցանկացած այլ գործողություն, որը Պայմանավորվող կողմերը հարմար կգտնեն»:
Հոդված III
Համաձայնագրի 10-րդ հոդվածից հետո կավելացվի լրացուցիչ հոդված` հետևյալ ձևակերպմամբ.
«Սույն Համաձայնագրի դրույթները չեն խախտի Պայմանավորվող կողմերի միջազգային պարտավորությունները: Այն կկիրառվի` առանց խախտելու այն պարտավորությունները, որոնք բխում են Եվրամիությանը Ռումինիայի անդամակցությունից:
Համաձայնագիրը չի կարող մեկնաբանվել այնպես, որ չեղյալ համարվեն կամ այլ կերպ խախտվեն ԵՄ կամ, մի կողմից, ԵՄ և նրա անդամ պետությունների և, մյուս կողմից, Հայաստանի Հանրապետության միջև կնքված ցանկացած համաձայնագրից բխող պարտավորությունները կամ հիմք հանդիսանալ նշվածի համար»:
Հոդված IV
Համաձայնագրի տեքստում «առևտրային կապեր» բոլոր հիշատակումները կփոխարինվեն «տնտեսական կապեր» արտահայտությամբ:
Հոդված V
Չեղյալ կհամարվեն 2-րդ հոդվածը, 5-րդ հոդվածի երկրորդ ու երրորդ պարբերությունները և 8-րդ հոդվածը:
Հոդված VI
Սույն Արձանագրությունը Համաձայնագրի անբաժանելի մասն է:
Սույն Արձանագրությունը ուժի մեջ կմտնի վերջին ծանուցումը ստանալու օրվանից, որով Պայմանավորվող կողմերը միմյանց կտեղեկացնեն իրենց ազգային օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ ներքին ընթացակարգերի ավարտի մասին:
Ի վկայություն վերոհիշյալի` ներքոստորագրյալները, լինելով իրենց Կառավարությունների կողմից համապատասխան ձևով լիազորված, ստորագրեցին սույն Արձանագրությունը:
Կատարված է Երևան քաղաքում 2006 թ. հոկտեմբերի 4-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, ռումիներեն և անգլերեն. բոլոր տեքստերը հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ որևէ տարաձայնության դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:
Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2008թ. հուլիսի 15-ին: