ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 07-2453/2007 թ. |
Քաղաքացիական գործ թիվ 3-56(ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ Գ. Մատինյան | |
Դատավորներ՝ Ն. Հովսեփյան Լ. Սոսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Մկրտումյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Սարգսյանի | |
|
Դ. Ավետիսյանի | |
Հ. Ղուկասյանի | ||
|
Ս. Օհանյանի |
2008 թվականի մարտի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Գուրգեն Ասատրյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.08.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Վերգինե Բեգլարյանի և Երջանիկ Բադալյանի ընդդեմ Գուրգեն Ասատրյանի՝ բնակելի տան առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու, դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու, բնակարանից վտարելու պահանջների մասին և ըստ հայցի Գուրգեն Ասատրյանի ընդդեմ Վերգինե Բեգլարյանի և Երջանիկ Բադալյանի՝ պայմանն իրականացված և պարտավորությունը կատարված ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Վերգինե Բեգլարյանը և Երջանիկ Բադալյանր պահանջել են անվավեր ճանաչել նրանց և Գուրգեն Ասատրյանի միջև կնքված բնակելի տան առուվաճառքի թիվ 1849 պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր), դրա հիման վրա կատարված իրավունքների պետական գրանցումը, ինչպես նաև Գուրգեն Ասատրյանին վտարել վերոհիշյալ տնից:
Դիմելով դատարան՝ Գուրգեն Ասատրյանը պահանջել է բնակելի տան առուվաճառքի պայմանագրով վճարման ենթակա 7.820 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամն ընդունել դատարանի դեպոզիտ, վերոհիշյալ պայմանագրով սահմանված պայմանները ճանաչել իրականացված, իսկ գնորդի պարտավորությունը՝ կատարված:
Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 29.06.2006 թվականի վճռով Վերգինե Բեգլարյանի և Երջանիկ Բադալյանի հայցը Գուրգեն Ասատրյանին բնակարանից վտարելու մասով կարճվել է, մնացած մասով՝ մերժվել, իսկ Գուրգեն Ասատրյանի հայցը՝ բավարարվել:
Քաղաքացիական վերաքննիչ դատարանի 01.09.2006 թվականի վճռով Վերգինե Բեգլարյանի և Երջանիկ Բադալյանի հայցը մերժվել է, իսկ Գուրգեն Ասատրյանի հայցը՝ բավարարվել:
Վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշմամբ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճռի՝ Գուրգեն Ասատրյանի հայցը բավարարելու մասը բեկանվել է և ուղարկվել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության: Քաղաքացիական գործի վարույթն ըստ Վերգինե Բեգլարյանի և Երջանիկ Բադալյանի ընդդեմ Գուրգեն Ասատրյանի՝ սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասին, կարճվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 09.08.2007 թվականի վճռով Վերգինե Բեգլարյանի և Երջանիկ Բադալյանի հայցը բավարարվել է, վճռվել է վերջիններիս և Գուրգեն Ասատրյանի միջև կնքված բնակելի տան առուվաճառքի թիվ 1849 պայմանագիրը ճանաչել անվավեր, ինչպես նաև Գուրգեն Ասատրյանին վտարել վերոհիշյալ տնից, իսկ Գուրգեն Ասատրյանի հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գուրգեն Ասատրյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորմամբ.
Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 421-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 18-րդ գլխի դրույթները, 303-րդ հոդվածը, 293-րդ հոդվածի 3-րդ մասը, 366-րդ հոդվածի առաջին մասը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի կողմից Պայմանագրի անվավերության հիմքում դրված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 421-րդ հոդվածը կարգավորում է պարտապանի կետանցի հետ կապված իրավահարաբերությունները և այդ հիմքով չի նախատեսում պայմանագիրն անվավեր ճանաչելու հնարավորություն:
Բացի այդ, գումար վճարելու պարտավորության կետանցի դեպքում Պայմանագրով նախատեսվել է լրացուցիչ պարտավորություն՝ տոկոսների տեսքով:
Պայմանագիրն անվավեր է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 18-րդ գլխի որևէ հիմքով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու հիմքով: Մինչդեռ, բողոքարկվող վճռում նշված չէ, թե Պայմանագրի որ դրույթը չի համապատասխանում օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջներին:
Հայցվորները խուսափել են պատասխանողի կողմից պայմանագրի կատարումն ընդունելուց: Հետևաբար, պարտապանը կետանցող չի համարվում, քանի դեռ պարտավորությունը չի կարող կատարվել պարտատիրոջ կետանցի պատճառով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է դատական ակտը վերանայելիս օրինական ուժ տալ Քաղաքացիական վերաքննիչ դատարանի 01.09.2006 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը՝
Բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 09.08.2007 թվականի վճիռը վերանայելիս օրինական ուժ տալ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 01.09.2006 թվականի վճռին:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝ բողոքն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ վճռաբեկության կարգով գործի քննության ժամանակ վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
Նույն օրենսգրքի 240-րդ հոդվածի համաձայն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանը`
1) մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանի կայացրած` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի պատճառաբանված, սխալ պատճառաբանված կամ չպատճառաբանված է, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.
2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մնում է օրինական ուժի մեջ.
3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը.
4) մասնակիորեն բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.
5) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը.
6) վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը փոփոխվելու դեպքերում վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վերաքննիչ դատարանի դատական ակտը` օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին:
Վերոնշյալից հետևում է, որ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի քննության արդյունքում լիազորված չէ օրինական ուժ տալ իր իսկ կողմից բեկանված Վերաքննիչ դատարանի վճռին:
Հիմք ընդունելով վերոնշյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքում ներկայացված պահանջի քննությունն անհնարին է:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.08.2007 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Հ. Մանուկյան |
Դատավորներ` |
Ա. Մկրտումյան |
|
Վ. Աբելյան |
|
Ս. Սարգսյան |
|
Դ. Ավետիսյան |
|
Հ. Ղուկասյան |
|
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|