Գլխավոր տեղեկություն
Համար
N 459-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.06.2008-08.06.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.11.29/52(227) Հոդ.517
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.05.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.05.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 մայիսի 2008 թվականի N 459-Ն

 

ԵՐԵԽԱՅԻՆ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԱՄՍԱԿԱՆ ՎՃԱՐՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԽՆԱՄԱՏԱՐ ԾՆՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓԸ ԵՎ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔ ԵՐԵԽԱՅԻՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, 140-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) յուրաքանչյուր երեխայի պահելու համար խնամատար ընտանիքին ամսական վճարվող դրամական միջոցների և երեխայի խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողների վարձատրության վճարման կարգն ու չափը` համաձայն N 2 հավելվածի.

3) խնամատար ընտանիք երեխային դաստիարակության հանձնելու մասին պայմանագրի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3-ամսյա ժամկետում հաստատել անձի կենսապայմանների ուսումնասիրության ակտի և երեխային իր բնակության վայրում այցելելու ուղեգրի ձևերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և դրա գործողությունը տարածվում է 2008 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. մայիսի 19
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

մայիսի 8-ի N 459-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԵՐԵԽԱՅԻՆ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխային դաստիարակության համար խնամատար ընտանիք տեղավորելու հետ կապված հարաբերությունները:

2. Խնամատար ընտանիք դաստիարակության են հանձնվում Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 139-րդ հոդվածով նախատեսված առանց ծնողական խնամքի մնացած երեխաները:

 

II. ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔ ԵՐԵԽԱՅԻՆ ՀԱՆՁՆԵԼԸ

 

3. Երեխա դաստիարակության վերցնելու ցանկություն ունեցող անձը խնամատար ծնող դառնալու հնարավորության մասին եզրակացություն ստանալու համար իր բնակության վայրի մարզպետարան (Երևանի քաղաքապետարան) է ներկայացնում դիմում, որում նշվում է նաև խնամատար ընտանիքում դաստիարակության համար հայցվող երեխաների թիվը, անձի համաձայնությունը կենսապայմանների ուսումնասիրության նպատակով տնային այցելություն կատարելու մասին: Դիմումին կցվում են`

1) անձնագրի պատճենը.

2) տեղեկանք բնակության վայրից (համատիրության կամ ԲՇԿ-ի կողմից տրված)` բնակարանային պայմանների և ընտանիքի կազմի մասին.

3) տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի չափի մասին (աշխատելու դեպքում).

4) ամուսնության վկայականի պատճենը (եթե ամուսնացած է).

5) բժշկական փաստաթուղթ այն մասին, որ խնամատար ընտանիք դաստիարակության համար երեխա վերցնել ցանկացող անձը (անձինք) չի տառապում (չեն տառապում) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի N 517-Ն որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդություններից որևէ մեկով.

6) ամուսիններից մեկի կողմից երեխա դաստիարակության վերցնելու դեպքում մյուս ամուսնու գրավոր համաձայնությունը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

4. Երկու ամուսինների կողմից երեխա դաստիարակության վերցնելու դեպքում տրվում է համատեղ դիմում, որին կցվում են սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:

5. Մարզպետարանը (Երևանի քաղաքապետարանը) դիմումը և սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում իրականացնում է դիմումատուի կենսապայմանների ուսումնասիրություն և կազմում համապատասխան ակտ:

6. Դիմումատուի կենսապայմանների ուսումնասիրության ակտի և սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերի հիման վրա մարզպետարանը (Երևանի քաղաքապետարանը) 5-օրյա ժամկետում կազմում և անձին է տրամադրում խնամատար ծնող դառնալու հնարավորության վերաբերյալ եզրակացություն (ուժի մեջ է մեկ տարվա ընթացքում): Բացասական եզրակացության դեպքում, եզրակացության հետ մեկտեղ դիմումատուին են վերադարձվում նրա կողմից ներկայացված բոլոր փաստաթղթերը:

7. Խնամատար ծնող լինելու հնարավորության մասին դրական եզրակացությունը հիմք է հանդիսանում խնամատար ընտանիք դաստիարակության հանձնելու նպատակով երեխայի ընտրության համար:

8. Խնամատար ծնող լինելու հնարավորության մասին դրական եզրակացություն ստացած անձը դաստիարակության համար խնամատար ընտանիք տեղավորման ենթակա երեխայի մասին տեղեկատվություն ստանալու համար դիմում է իր բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին կամ մարզպետարան (Երևանի քաղաքապետարան) կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

9. Երեխային իր բնակության (գտնվելու) վայրում այցելելու ուղեգիրը տալիս է երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը:

10. Խնամատար ծնող լինելու հնարավորության մասին դրական եզրակացություն ստացած անձը, ընտրված երեխային դաստիարակության համար, խնամատար ընտանիքում տեղավորման մասին դիմումը ներկայացնում է երեխայի բնակության (գտնվելու) վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին, որը դիմումն ստանալուց հետո ոչ ուշ, քան 5-օրյա ժամկետում խնամատար ընտանիք դաստիարակության հանձնվող երեխայի մասին տեղեկություն ստանալու համար հարցում է ուղարկում երեխայի խնամքն իրականացնող համապատասխան դաստիարակչական, բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպության ղեկավարին կամ այն անձին, որի մոտ գտնվում է երեխան:

11. Երեխայի խնամքն իրականացնող համապատասխան դաստիարակչական, բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպության ղեկավարը (կամ անձը, որի մոտ գտնվում է երեխան) հարցումն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում երեխայի բնակության (գտնվելու) վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) երեխայի ծննդյան վկայականը.

2) երեխային դաստիարակության համար խնամատար ընտանիք հանձնելու իրավական հիմքերը հաստատող փաստաթղթեր` ծնողների (կամ միակ ծնողի) մահվան վկայականների պատճենները կամ ծնողական իրավունքներից զրկելու, կամ ծնողին անգործունակ ճանաչելու, կամ ծնողին անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու փաստը հաստատող դատական ակտի պատճենները, երեխայի ընկեցիկությունը հաստատող փաստաթուղթ (ակտ).

3) երեխայի առողջական վիճակի, մտավոր և ֆիզիկական զարգացման մասին համապատասխան եզրակացություն` տրված բժշկական հաստատության կողմից.

4) քաղվածք երեխայի զարգացման պատմությունից (նորածնի պատմությունից) նրա առողջական վիճակի մասին.

5) երեխայի կրթության մասին փաստաթուղթ (դպրոցական տարիքի երեխաների համար).

6) տեղեկանք եղբայրների և քույրերի գոյության և գտնվելու վայրի մասին (առկայության դեպքում).

7) երեխային պատկանող գույքի անվանացանկը և դրա պահպանման համար պատասխանատու անձանց մասին տեղեկություններ (առկայության դեպքում).

8) անշարժ գույքի նկատմամբ երեխայի սեփականության կամ օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթեր (առկայության դեպքում).

9) ալիմենտ բռնագանձելու մասին դատական ակտի պատճենը (առկայության դեպքում).

10) փաստաթղթեր, որոնք հաստատում են երեխայի կենսաթոշակ ստանալու իրավունքը, կենսաթոշակ ստացող երեխայի կենսաթոշակի գրքույկը, բանկում երեխայի անվամբ բացված հաշվի առկայության մասին փաստաթուղթը (առկայության դեպքում):

12. Ընտրված երեխային խնամատար ընտանիք դաստիարակության հանձնելու մասին որոշումն ընդունում է երեխայի բնակության (գտնվելու) վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը` սույն կարգի 11-րդ կետով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում:

13. Երեխային խնամատար ընտանիք դաստիարակության հանձնելու մասին որոշումը և սույն կարգի 11-րդ կետով սահմանված փաստաթղթերը երեխայի բնակության (գտնվելու) վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինն անձին է տրամադրում երեխային խնամատար ընտանիք դաստիարակության հանձնելու մասին որոշման ընդունման պահից 3-օրյա ժամկետում:

14. Երեխային խնամատար ընտանիք հանձնելու մասին պայմանագիրը կնքվում է խնամատար ծնողի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի ու խնամատար ծնողների միջև` երեխային խնամատար ընտանիք դաստիարակության հանձնելու մասին որոշման հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

մայիսի 8-ի N 459-Ն որոշման

 

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԱՄՍԱԿԱՆ ՎՃԱՐՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԽՆԱՄԱՏԱՐ ԾՆՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են երեխային պահելու համար խնամատար ընտանիքին տրամադրվող ամսական դրամական միջոցների վճարման, ինչպես նաև երեխայի խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողներին տրվող վարձատրության հետ կապված հարաբերությունները:

2. Երեխայի ապրուստը հոգալու, երեխային պահելու համար անհրաժեշտ անձնական հիգիենայի պարագաների, կենցաղային իրերի, հագուստի, կոշիկի, անկողնային պարագաների, սննդի, խաղալիքների, խաղերի, գրքերի և այլ գրենական պիտույքների ու կահույքի ձեռքբերման, ջեռուցման, լուսավորության, ջրմուղ-կոյուղու և այլ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման համար խնամատար ծնողին յուրաքանչյուր ամիս վճարվում են դրամական միջոցներ, ինչպես նաև վարձատրություն` երեխայի խնամքի և դաստիարակության համար:

3. Երեխային պահելու համար խնամատար ծնողին տրամադրվող ամսական դրամական միջոցների վճարումն ու երեխայի խնամքի և դաստիարակության համար տրվող վարձատրությունն իրականացվում է խնամատար ընտանիքի բնակության վայրի մարզպետի (Երևանի քաղաքապետի) և խնամատար ծնողի միջև կնքված` «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցները խնամատար ընտանիքին տրամադրելու մասին» պայմանագրի (այսուհետ` պայմանագիր) հիման վրա:

4. Խնամատար ընտանիքին երեխային պահելու համար տրվող ամսական դրամական միջոցները մեկ երեխայի հաշվարկով կազմում են տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով մանկատներում մեկ երեխայի խնամքի համար նախատեսված գումարի չափով, երկու երեխայի համար` մեկ երեխայի համար հաշվարկված գումարի 150 տոկոսի, իսկ երեք և ավելի երեխաների համար` 200 տոկոսի չափով:

5. Մեկ երեխայի խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողներից մեկին տրամադրվում է վարձատրություն «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով, երկու երեխայի համար` նվազագույն ամսական աշխատավարձի 150 տոկոսի, երեք և ավելի երեխաների համար` նվազագույն ամսական աշխատավարձի 200 տոկոսի չափով:

6. Յուրաքանչյուր ամսվա համար երեխային պահելու համար դրամական միջոցներն ու երեխայի խնամքի և դաստիարակության համար վարձատրությունը խնամատար ծնողին է տրամադրվում սույն կարգի 8-րդ կետով սահմանված ժամկետներում` պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար:

 

II. ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Մարզպետը (Երևանի քաղաքապետը) պայմանագրով յուրաքանչյուր ամիս երեխային պահելու համար նախատեսված դրամական միջոցների և խնամատար ծնողների վարձատրության համար անհրաժեշտ միջոցների ստացման հայտ-պահանջագիրը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացնում մինչև այդ ամսվան նախորդող ամսվա 28-ը, իսկ հունվար ամսվա համար` մինչև հունվարի 10-ը:

8. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մարզպետներից (Երևանի քաղաքապետից) ֆինանսավորման հայտ-պահանջագրերն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում խնամատար ընտանիքին տրամադրվող միջոցների վճարումները հիմնավորող փաստաթղթերը:

9. Վճարման ենթակա գումարը սահմանված կարգով փոխանցվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տեղական գանձապետական բաժիններում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի անվամբ բացված գանձապետական հաշիվներին:

10. Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմը վճարման ենթակա գումարը խնամատար ծնողի բանկային հաշվին է փոխանցում այդ նպատակի համար հատկացված միջոցներն ստանալուց հետո 2 բանկային օրվա ընթացքում:

11. Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմը մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը կազմում և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացնում նախորդ ամսվա համար խնամատար ընտանիքին տրամադրված դրամական միջոցների վերաբերյալ հիմնարկի կատարած բյուջետային ծախսերի և բյուջետային պարտքերի մասին հաշվետվությունը` ըստ խնամատար ընտանիքների:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2008 թվականի

մայիսի 8-ի N 459-Ն որոշման

 

Ձև

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N_____

 

ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔ ԵՐԵԽԱՅԻՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

քաղ. _______________

  ____ __________ 200 թ.

______________________________________________________________

(խնամակալության և հոգաբարձության համապատասխան մարմնի անվանումը)

(այսուհետ` խնամակալության և հոգաբարձության մարմին),

ի դեմս ______________ համայնքի ղեկավար ___________________________,

(համայնքի անվանումը)

  (ազգանունը, անունը)

որը գործում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի
հիման վրա, մի կողմից, և քաղաքացի (քաղաքացիներ) __________________________

______________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը, բնակության վայրը, անձնագրի սերիան և համարը)

______________________________________________________________

______________________________________________________________

______________________________________________________________

(այսուհետ` խնամատար ծնողներ), կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն պայմանագրով խնամակալության և հոգաբարձության մարմինը հանձնում է, իսկ խնամատար ծնողներն ընդունում են

_______________________________________________________________

(երեխայի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան վկայականի սերիան և համարը, ե՞րբ և ու՞մ կողմից է տրվել)

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

խնամատար ընտանիք դաստիարակության: 

 

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Խնամատար ծնողները պարտավոր են`

1) դաստիարակել երեխային փոխադարձ հարգանքի հիման վրա` կազմակերպելով երեխայի կենցաղը և ազատ ժամանցը.

2) ստեղծել անհրաժեշտ պայմաններ երեխայի կրթություն ստանալու համար, հոգ տանել նրա առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման մասին.

3) իրականացնել երեխայի իրավունքների և շահերի պաշտպանությունը.

4) ապահովել երեխայի խնամքը և բուժումը, պարբերաբար երեխայի բժշկական զննումը համապատասխան բժիշկ-մասնագետների կողմից.

5) ապահովել երեխայի հաճախումը հանրակրթական հաստատություններ, հետևել նրա առաջադիմությանը, կապ պահպանել այդ հաստատության ուսուցիչների և դաստիարակների հետ: Երեխայի առողջական վիճակի պատճառով հանրակրթական հաստատություններ հաճախելու անհնարինության դեպքում նրա կրթությունն ապահովել տնային պայմաններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

6) տալ գրավոր համաձայնություն խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցիչների կողմից խնամատար ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության իրականացման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով օրվա ցանկացած ժամին խնամատար ընտանիքին այցելելու վերաբերյալ.

7) խնամակալության և հոգաբարձության մարմնին տեղեկացնել ընտանիքում երեխայի ապրելակերպի, դաստիարակության և կրթության անբարենպաստ պայմանների առաջացման մասին.

8) երեխային պահելու համար ամսական վճարվող դրամական միջոցներն օգտագործել նպատակային կերպով` բացառապես երեխայի ապրուստը հոգալու, երեխային պահելու համար անհրաժեշտ անձնական հիգիենայի պարագաների, կենցաղային իրերի, հագուստի, կոշիկի, անկողնային պարագաների, սննդի, խաղալիքների, խաղերի, գրքերի և այլ գրենական պիտույքների ու կահույքի ձեռքբերման, ջեռուցման, լուսավորության, ջրմուղ-կոյուղու և այլ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման համար:

3. Խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է`

1) խնամատար ծնողների վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, խնամատար ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության, առողջության, կրթության, ապրելակերպի, կենցաղային պայմանների ուսումնասիրության և երեխայի իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության ապահովման նպատակով պարբերաբար այցելել խնամատար ընտանիքին.

2) խնամատար ընտանիքում երեխայի ապրելակերպի, դաստիարակության և կրթության անբարենպաստ պայմանների, երեխայի իրավունքների և օրինական շահերի ոտնահարման դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ, ընդհուպ մինչև պայմանագրի լուծումը.

3) անհրաժեշտության դեպքում խնամատար ընտանիքին ցուցաբերել օգնություն, նպաստել երեխայի կյանքի ու դաստիարակության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը:

4. Խնամատար ծնողներն իրավունք ունեն`

1) ընդհանուր հիմունքներով երեխաներին տեղավորելու նախադպրոցական հաստատություններ.

2) օգտվելու երեխաների համար անվճար ճամբարների ուղեգրերի ստացման իրավունքից.

3) ստանալու վարձատրություն երեխայի խնամքը և դաստիարակությունն իրականացնելու համար.

4) ստանալու դրամական միջոցներ երեխայի ապրուստը հոգալու համար.

5) անհրաժեշտության դեպքում օգնություն ստանալու, երեխայի կյանքի ու դաստիարակության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով դիմելու խնամակալության և հոգաբարձության մարմին:

5. Խնամակալության և հոգաբարձության մարմինն իրավունք ունի`

1) երեխայի խնամքի և դաստիարակության իրականացման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով, առանց խնամատար ծնողներին նախապես զգուշացնելու, օրվա ցանկացած ժամին այցելելու խնամատար ընտանիք.

2) խնամատար ծնողների կողմից սույն պայմանագրի 2-րդ կետով նախատեսված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում նախազգուշացնել խնամատար ծնողներին խախտումները վերացնելու մասին` սահմանելով մինչև 2 ամիս ժամկետ, իսկ սահմանված ժամկետում խախտումները չվերացնելու դեպքում լուծել պայմանագիրը.

3) խնամատար ընտանիքում երեխային պահելու, դաստիարակելու և կրթության համար անբարենպաստ պայմաններ առաջանալու կամ երեխային ծնողներին վերադարձնելու կամ երեխային որդեգրելու դեպքերում լուծել պայմանագիրը:

 

3. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Սույն պայմանագրի գինը կազմված է`

 

1) երեխային պահելու համար խնամատար ընտանիքին վճարվող դրամական միջոցներից`
___________________________ դրամ, որից յուրաքանչյուր ամիս տրամադրվող

(թվերով և բառերով)

միջոցների չափը կազմում է ___________________________________ դրամ.

(թվերով և բառերով)

2) երեխայի խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողներին տրվող
վարձատրությունից _______________դրամ, որից յուրաքանչյուր ամիս տրվող

                 (թվերով և բառերով)

վարձատրության չափը կազմում է ___________________________ դրամ:

(թվերով և բառերով)

7. Սույն պայմանագրի գինը կազմում է`______________________ դրամ։

           (թվերով և բառերով)

8. Սույն պայմանագրի 6-րդ կետով նախատեսված` երեխային պահելու համար դրամական միջոցները վճարվում և երեխայի խնամքի ու դաստիարակության համար վարձատրությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, խնամատար ծնողի և վերջինիս բնակության վայրի մարզպետի (Երևանի քաղաքապետի) միջև կնքված պայմանագրի հիման վրա:

 

4. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

9. Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո և, որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը։ Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։

 

5. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

10. Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով` _______________ ժամկետում համաձայնեցված լուծում գտնելու նպատակով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով։

 

6. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

11. Սույն պայմանագիրը կնքված է _______________ ժամկետով և ուժի մեջ է կողմերի ստորագրման պահից:

12. Պայմանագրի իրականացման ժամկետը կարող է երկարացվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ ___________ մինչև _____________ ը, բայց ոչ ավելի, քան երեխայի 18 տարին լրանալը: Սույն պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված կողմերի կողմից։

13. Սույն պայմանագրի դադարման հիմքերն են`

1) երեխայի 18 տարին լրանալը.

2) երեխայի` օրենքով սահմանված կարգով ավելի վաղ գործունակություն ձեռք բերելու կամ գործունակ ճանաչվելու դեպքում:

14. Սույն պայմանագիրը կարող է լուծվել ժամկետից շուտ`

1) խնամատար ծնողների նախաձեռնությամբ` հարգելի պատճառների առկայության դեպքում (հիվանդություն, ընտանեկան կամ գույքային դրության փոփոխում, երեխայի հետ փոխըմբռնման բացակայություն, երեխաների միջև բախումներ և այլն).

2) խնամակալության և հոգաբարձության մարմնի նախաձեռնությամբ` խնամատար ընտանիքում երեխային պահելու, դաստիարակելու, կրթության համար անբարենպաստ պայմաններ առաջանալու կամ երեխային ծնողներին վերադարձնելու, կամ երեխային որդեգրելու, ինչպես նաև խնամատար ծնողների կողմից սույն պայմանագրի 2-րդ կետով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում խախտումները վերացնելու մասին նախազգուշացմամբ սահմանված ժամկետում խախտումները չվերացվելու դեպքում:

15. Սույն պայմանագիրը ժամկետից շուտ լուծվելու դեպքում երեխան տեղավորվում է իր նախկին գտնվելու վայրում:

16. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից։ Յուրաքանչյուր կողմի մոտ գտնվում է պայմանագրի մեկական օրինակ։

 

Խնամակալության և հոգաբարձության մարմին

Խնամատար ծնողներ

_______________________

________________________

(անվանումը, գտնվելու վայրը)

 

________________________

________________________

(պաշտոնը, ազգանունը, անունը)

(անունը, հայրանունը, ազգանունը)

_______________________

______________________

(ստորագրությունը)

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.06.2019, N 751-Ն 06.07.2019, N 459-Ն
30.04.2009, N 455-Ն 08.06.2009, N 459-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան