Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.04.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.03.21/5
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
23.04.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.04.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.04.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-3316

Քաղաքացիական գործ թիվ 3-163(ՎԴ)
2008 թ
.

Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան  

Դատավորներ՝ Լ. Գրիգորյան

               Լ. Սոսյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ա. Մկրտումյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Սարգսյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի ապրիլի 23-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Մարիամ Ազիզյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2007 թվականի վճռի դեմ` ըստ Օքսաննա Մեյթարջյանի հայցի ընդդեմ Մարիամ, Աշոտ և Քնարիկ Ազիզյանների՝ բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու և վտարելու, ինչպես նաև ըստ Մարիամ և Աշոտ Ազիզյանների հակընդդեմ հայցի ընդդեմ Օքսաննա Մեյթարջյանի և Աշոտ Գունաշյանի՝ առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու, անվավերության հևտևանքները կիրառելու, շինարարական աշխատանքների գումարի բռնագանձման պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Օքսաննա Մեյթարջյանը պահանջել է փոխհատուցմամբ դադարեցնել Մարիամ, Աշոտ և Քնարիկ Ազիզյանների բնակելի տարածության օգտագործման իրավունքը և վտարել նրանց Աշտարակի Իսակյան 31 հասցեում գտնվող բնակելի տանից և հողամասից:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Մարիամ և Աշոտ Ազիզյանները պահանջել են անվավեր ճանաչել Մարիամ Ազիզյանի և Օքսաննա Մեյթարջյանի միջև 22.04.1997 թվականին կնքած առուվաճառքի պայմանագիրը, կիրառել գործարքի անվավերության հետևանքներ և բռնագանձել շինարարական աշխատանքների գումարը:

Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 02.08.2007 թվականի վճռով Օքսաննա Մեյթարջյանի հայցը բավարարվել է, իսկ Մարիամ և Աշոտ Ազիզյանների հակընդդեմ հայցը մերժվել:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 05.10.2007 թվականի վճռով Օքսաննա Մեյթարջյանի հայցը բավարարվել է, իսկ Մարիամ և Աշոտ Ազիզյանների հակընդդեմ հայցը մերժվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարիամ Ազիզյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Օքսաննա Մեյթարջյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն ապացույցները գնահատելիս ընդհանրապես չի անդրադարձել գործում առկա ստացականին, որով հիմնավորվում է, որ գործարքի իրական կողմը՝ գնորդ Աշոտ Գունաշյանն է, որն ամբողջությամբ չի կատարել գույքի դիմաց վճարման իր պարտականությունը: Վերաքննիչ դատարանի կողմից ստացականին իրավական գնահատական չտալու պարագայում Մարիամ Ազիզյանը զրկվել է իր կողմից վաճառվող բնակելի տան արժեքի մասը պահանջելու իրավունքից, քանի որ Օքսաննա Մեյթարջյանի հետ կնքած բնակելի տան առուվաճառքի շինծու պայմանագրի համաձայն՝ «նա արդեն ստացել է այդ գումարը»:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը չի գնահատել գործով հարցաքննված վկաների ցուցմունքները՝ գործարքի կողմերի և դրա պայմանների վերաբերյալ, որոնք նույնպես վկայում են պայմանագրի՝ շինծու գործարք լինելու մասին:

Տվյալ պարագայում Վերաքննիչ դատարանը պետք է կիրառեր շինծու գործարքին վերաբերող օրենքի նորմերը և դրա անվավերության հետևանքները, որը չի կիրառել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.10.2007 թվականի վճիռը:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները.

 

Օքսաննա Մեյթարջյանը գործարքի կնքումից հետո գրանցել է սեփականության իրավունքը: Վերաքննիչ դատարանի վճռով նախատեսված գումարը՝ 300.024 ՀՀ դրամը, Աշոտ Ազիզյանը և Քնարիկ Ազիզյանը 12.12.2007 թվականին ստացել են Արագածոտնի մարզի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով (դրամարկղային օրդեր 208 և 196):

Տունը գնելուց հետո Օքսաննա Մեյթարջյանն աշխատանքի բերումով գտնվել է Մոսկվա քաղաքում, որի հետևանքով նրա և պատասխանողի միջև եղել է բանավոր պայմանավորվածություն նրանց կողմից գույքը զբաղեցնելու և օգտագործելու վերաբերյալ, մինչև նրա Հայաստան վերադառնալը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Մարիամ Ազիզյանն Աշտարակի Իսակյան 31 հասցեում գտնվող բնակելի տան և հողամասի սեփականատերն է:

2) 22.04.1997 թվականին Մարիամ Ազիզյանի և Օքսաննա Մեյթարջյանի միջև կնքած բնակելի տան առուվաճառքի պայմանագրի համաձայն՝ Մարիամ Ազիզյանն Օքսաննա Մեյթարջյանին վաճառել է քաղաք Աշտարակ, Իսահակյան 31 հասցեում գտնվող բնակելի տունը և հողամասը: Պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով, դրանից ծագած իրավունքները գրանցվել են Աշտարակի գույքագրման տեղամասում 06.05.1997 թվականին:

3) 02.05.1997 թվականին Աշոտ Գունաշյանի կողմից տրված ստացականի համաձայն՝ Աշոտ Գունաշյանը գնել է Աշտարակ քաղաքի բնակիչ Մարիամ Ազիզյանից բնակելի տուն, որի արժեքն ամբողջությամբ չի վճարել՝ պարտավորվելով արժեքի մյուս մասը վճարել մեկ տարվա ընթացքում:

4) 14.09.2006 թվականի Մարուսյա Սողոմոնյանի հայտարարության համաձայն՝ 1997 թվականին Մարուսյա Սողոմոնյանի բարեկամ Աշոտ Գունաշյանն իր հարևան Մարիամ Ազիզյանից գնել է բնակելի տուն Աշտարակի Իսակյան 31 հասցեում և իր ներկայությամբ վճարել դրա արժեքի մի մասը, գումարի մնացած մասը՝ պարտավորվելով վճարել մեկ տարվա ընթացքում: Աշոտ Գունաշյանը տունը ձևակերպել է իր քրոջ՝ Օքսաննա (Գունաշյանի) Մեյթարջյանի անունով:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ շինծու գործարքը, այսինքն՝ մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքն առոչինչ է:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ՝

1. գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ

2. այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին: Այսինքն, շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ կողմերի միջև իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց (տե՜ս օրինակ՝ «ԱՎԱ» ՍՊԸ ընդդեմ Սերգեյ Գաբրիելյան և Վիոլետա Գաբրիելյան՝ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, Սերգեյ և Վիոլետա Գաբրիելյաններին տարածքից վտարելու պահանջների մասին թիվ 3-89(ՏԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը):

Սույն քաղաքացիական գործի փաստերի առանձնահատկությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պարզման ենթակա է այն իրավական հարցադրումը, թե արդյո՞ք Աշտարակի Իսակյան 31 հասցեում գտնվող բնակելի տան և հողամասի առուվաճառքի պայմանագիրն իրականում կնքվել է Մարիամ Ազիզյանի և Օքսաննա Մեյթարջյանի միջև:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը:

Սույն քաղաքացիական գործում առկա 22.04.1997 թվականին կնքած առուվաճառքի պայմանագրի և 02.05.1997 թվականին տրված ստացականի համեմատական վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրականում գործարքը կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, որի արդյունքում քողարկվել է գործարքի իրական կողմ հանդիսացող անձանց միջև կնքած գործարքը:

Վճռաբեկ դատարանը նման եզրահանգման համար հիմք է ընդունում հետևյալ հանգամանքները.

22.04.1997 թվականին Մարիամ Ազիզյանի և Օքսաննա Մեյթարջյանի միջև կնքված բնակելի տան առուվաճառքի պայմանագրի համաձայն՝ Մարիամ Ազիզյանը վաճառել է քաղաք Աշտարակ, Իսակյան 31 հասցեում գտնող բնակելի տունը և հողամասը: Առուվաճառքի պայմանագրի ստորագրումից հետո՝ 02.05.1997 թվականին, Աշոտ Գունաշյանի կողմից Մարիամ Ազիզայանին տրվել է ստացական, որի համաձայն՝ Աշոտ Գունաշյանը գնել է Աշտարակ քաղաքի բնակիչ Մարիամ Ազիզյանից բնակելի տուն, որի արժեքը վճարել է մասամբ՝ պարտավորվելով իր կողմից գնված անշարժ գույքի արժեքի մնացած մասը վճարել մեկ տարվա ընթացքում: Գործում առկա 14.09.2006 թվականի Մարուսյա Սողոմոնյանի հայտարարության համաձայն՝ 1997 թվականին Մարուսյա Սողոմոնյանի բարեկամ Աշոտ Գունաշյանն իր հարևան Մարիամ Ազիզյանից գնել է բնակելի տուն քաղաք Աշտարակ, Իսակյան 31 հասցեում և իր ներկայությամբ վճարել դրա արժեքի մի մասը, գումարի մնացած մասը՝ պարտավորվելով վճարել մեկ տարվա ընթացքում: Աշոտ Գունաշյանը տունը ձևակերպել է իր քրոջ՝ Օքսաննա (Գունաշյանի) Մեյթարջյանի անունով:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վաճառող՝ Մարիամ Ազիզյանի, կողմից կնքած վեճի առարկա անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի իրական կողմը՝ գնորդ Աշոտ ունաշյանն է, այլ ոչ՝ նրա քույրը՝ Օքսաննա Մեյթարջյանը: Հետևաբար, գործարքը կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, որի արդյունքում քողարկվել է գործարքի իրական կողմերի՝ վաճառող Մարիամ Ազիզյանի և գնորդ՝ Աշոտ Գունաշյանի, միջև կնքած վիճելի անշարժ գույքի առուվաճառքի գործարքը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել Հյուսիսային քաղաքացիական դատարան՝ նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

Դատավորներ`

Ա. Մկրտումյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան

 

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան