Գլխավոր տեղեկություն
Համար
N 1384-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (13.03.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.12.25/41(173) Հոդ.960
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.09.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.09.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

13 սեպտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 սեպտեմբերի 2002 թվականի N 1384-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջերմամատակարարման ոլորտը կենսունակ դարձնելու, սպառողներին որակով ու մատչելի ծառայություններ մատուցելու, բնապահպանական հիմնախնդիրները կարգավորելու և աղքատության հաղթահարմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ ճապոնական դրամաշնորհի ՏՖ 025754 համաձայնագրով հատկացված միջոցների հաշվին մշակված՝ Հայաստանի Հանրապետության չորս բնակավայրերի ջերմամատակարարման ռազմավարության նախագծին և սահմանել այդ ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության ռազմավարության հիմնադրույթները՝ համաձայն հավելվածի:

2. Անհրաժեշտ համարել Հայաստանի Հանրապետությունում տարբեր մարմինների և կազմակերպությունների կողմից ջերմամատակարարման ոլորտում իրականացվող ծրագրերի (բացառությամբ սեփական կարիքների համար) համակարգումը և միասնական քաղաքականության իրականացումը, կոմունալ ծառայությունների կազմակերպման գործում առանցքային համարել բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին աջակցման ծրագրի իրագործումը՝ այդ նպատակով վերանվանելով «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջերմամատակարարման ռազմավարության մշակում» ծրագրի կառավարման խորհուրդը «Ջերմամատակարարման և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին աջակցության ծրագրեր» կառավարման խորհրդի, իսկ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Ջերմամատակարարման ծրագրեր» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Ջերմամատակարարման և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին աջակցության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝

ա) բանակցել Միջազգային զարգացման ընկերակցության հետ Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջերմամատակարարման ռազմավարության իրագործմանն ուղղված ներդրումային ծրագրի մշակման շուրջ.

բ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հետ համատեղ բանակցել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ու այլ դոնոր կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջերմամատակարարման ռազմավարության իրագործմանը, էներգախնայողության միջոցառումներին և բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը մասնակցության ու տեխնիկական աջակցության շուրջ:

4. «Ջերմամատակարարման և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին աջակցության ծրագրեր» կառավարման խորհրդին՝ ջերմամատակարարման վարկային ծրագրի կանխավճարի և (կամ) ներգրավվելիք դրամաշնորհների հաշվին ապահովել Երևան քաղաքում պետական կամ համայնքային (համայնքի ղեկավարի դիմումի դեպքում) բաժնեմասով ջերմամատակարարման ընկերությունների առևտրայնացման, ինստիտուցիոնալ վերափոխման, ֆինանսական առողջացման և ակտիվների կամ կառավարման մասնավորեցման ծրագրերի մշակումը (ներառյալ մասնավորեցման պայմանագրերի նախագծերի մշակումը) և մինչև 2004 թվականի ապրիլի 30-ը (Գյումրի, Չարենցավան և Ջերմուկ քաղաքների մասով` մինչև 2005 թվականի ապրիլի 30-ը) նշված հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն:

(4-րդ կետը փոփ. 15.01.04 N 77-Ն)

5. Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին (համայնքների ղեկավարների հետ համագործակցելով)՝

ա) աջակցել «Ջերմամատակարարման և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին աջակցության ծրագրեր» կառավարման խորհրդին հանրությանը իրազեկման ու քարոզարշավների ծրագրերի իրականացումը կազմակերպելու գործում.

բ) հողամասերը (ներառյալ բակերը), կաթսայատները, ջերմամատակարարման ցանցերը և բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքները բազմաբնակարան շենքերի սեփականատերերին փոխանցելու նպատակով դրանց սահմանազատման, սեփականության (օգտագործման) իրավունքի վկայականներ տալու հետ կապված ծախսերի մեծությունը որոշելու համար երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ներկայացնել դրանց մասին ելակետային տեղեկատվություն:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 5-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված տեղեկատվությունն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն հողամասերը (ներառյալ բակերը), կաթսայատները, ջերմամատակարարման ցանցերը և բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքները բազմաբնակարան շենքերի սեփականատերերին փոխանցելու նպատակով դրանց սահմանազատման, սեփականության (օգտագործման) իրավունքի վկայականներ տալու հետ կապված ծախսերի մեծության վերաբերյալ:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ մինչև 2005 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 6-րդ կետում նշված աշխատանքների ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ:

(7-րդ կետը փոփ. 15.01.04 N 77-Ն)

8. Երևանի քաղաքապետին՝ «Ջերմամատակարարման և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին աջակցության ծրագրեր» կառավարման խորհրդի հետ համատեղ`

ա) ջերմամատակարարման վարկային ծրագրի իրականացման ընթացքում ուսումնասիրել և նշել կաթսայատների ու ջերմամատակարարման ցանցերի ցանկը և դրանցից ինքնավար գործելու հնարավորություն ունեցողները երկարաժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով առաջարկել բազմաբնակարան շենքերի սեփականատերերին` կախված նրանց կողմից դրանց կառավարման (շահագործման) նախապատրաստվածության աստիճանից.

բ) ջերմամատակարարման վարկային ծրագրի իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին ներկայացնել տարեկան պարբերականությամբ կենտրոնական ջերմամատակարարման համակարգից առանձնացման ենթակա և դրանից անկախ գործող կաթսայատներն ու ջերմամատակարարման ցանցերը բազմաբնակարան շենքերի սեփականատերերին երկարաժամկետ և անհատույց օգտագործման փոխանցելու ժամանակացույց:

(8-րդ կետը փոփ. 15.01.04 N 77-Ն)

9. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` առաջարկել տեղական ինքնակառավարման մարմիններին սույն որոշման 8-րդ կետով նախատեսված գործողությունները կատարել նաև համայնքային սեփականություն կազմող ջերմամատակարարման համակարգերում ու «Ջերմամատակարարման և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին աջակցության ծրագրեր» կառավարման խորհրդի հետ համատեղ` ջերմամատակարարման վարկային ծրագրի իրականացման ընթացքում կիսամյակը մեկ անգամ արդյունքների մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին:

(9-րդ կետը փոփ. 15.01.04 N 77-Ն)

10. Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին (համագործակցելով համայնքների ղեկավարների հետ)` պետական գրանցում ստացած ու փաստացի գործող բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին ապահովել գրասենյակային տարածքներով և յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին:

(10-րդ կետը փոփ. 15.01.04 N 77-Ն)

11. «Ջերմամատակարարման և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին աջակցության ծրագրեր» կառավարման խորհրդին՝ ապահովել կոմունալ ծառայությունների տարատեսակները մեկ առևտրային կազմակերպության միջոցով իրականացնելու հնարավորության ու արդյունավետության ուսումնասիրությունը և դրական եզրակացության դեպքում նախապատրաստել օրինակելի պայմանագրի նախագիծ (դրանց հավելվող ծրագրի օրինակելի փաթեթի հետ միասին)՝

ա) առևտրային կազմակերպության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների միջև.

բ) առևտրային կազմակերպության և խմելու ջրի մատակարարման ու ջրահեռացման, էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցի, գազամատակարարման, ջերմամատակարարման ընկերությունների միջև:

12. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` ուսումնասիրել և մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն քաղաքաշինական ստանդարտների մեջ անհրաժեշտ փոփոխությունների կատարման վերաբերյալ այն բազմաբնակարան շենքերի համար, որոնց բնակարանները պատկանում են տարբեր սեփականատերերի և ամրագրել, որ՝

ա) ջերմամատակարարման համակարգը պետք է հնարավորություն տա յուրաքանչյուր բնակարանում մարտկոցների անջատիչ-կարգավորիչների միջոցով անհատապես կարգավորել ջերմային էներգիայի սպառման քանակները և հաշվառել սպառումը.

բ) շենքի (մուտքի) խմելու ջրի, տաք ջրամատակարարման, ջերմամատակարարման ընդհանուր հաշվիչները և անջատիչները պետք է տեղաբաշխված լինեն առանձնացված փակ հատվածում:

(12-րդ կետը փոփ. 15.01.04 N 77-Ն)

13. Սահմանել, որ՝

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին ցուցաբերվող խորհրդատվական և տեխնիկական աջակցությունը, ինչպես նաև իրականացվող փորձնական ծրագրերի միջոցները (ներառյալ ՏՖ 025754 դրամաշնորհի համաձայնագիրը) տրամադրվում են շնորհի ձևով.

բ) «Ջերմամատակարարման և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին աջակցության ծրագրեր» կառավարման խորհրդի որոշմամբ բնակավայրերի ջեռուցման նպատակով ջերմային էներգիա արտադրող, փոխադրող, բաշխող, իրացնող առևտրային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության կառավարության ստացած դրամաշնորհների միջոցներից տեխնիկական աջակցությունը կարող է տրամադրվել շնորհի ձևով.

գ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, էլեկտրաէներգիայի կամ բնական գազի և այլ մատակարարների հաշվին ջեռուցման ընկերությունների սուբսիդավորումը անթույլատրելի է:

14. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի ու Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի հետ քննարկել բնակավայրերի ջերմամատակարարման ռազմավարության նախագծում բնութագրված ինքնավար ջեռուցման սակագներն ազատականացնելու, նման ջերմարտադրողների գործունեությունն առանց պետական լիցենզավորման իրականացնելու և դրանց նկատմամբ պետական կարգավորման միջոցառումները միայն անվտանգության ու բնապահպանական ստանդարտների սահմանմամբ և դրանց պահպանման նկատմամբ տեսչական հսկողությամբ սահմանափակելու, ինչպես նաև կենտրոնացված ջերմամատակարարման համակարգերից շենքերի ու շինությունների ջեռուցման համար ջերմային էներգիայի սակագինը հաստատուն և փոփոխական մասերի տրոհելու հնարավորության հարցերը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծեր:

(14-րդ կետը փոփ. 15.01.04 N 77-Ն)

15. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ «Կլիմայի փոփոխության մասին» կոնվենցիայի շրջանակներում բանակցել շահագրգիռ դոնոր պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ ջերմամատակարարման, էներգաարդյունավետության բարձրացման և անտառավերականգնման բնագավառներում ծրագրեր իրականացնելու շուրջ:

16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. սեպտեմբերի 11
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 5-ի N 1384-Ն որոշման

 

Հ Ի Մ Ն Ա Դ Ր ՈՒ Յ Թ Ն Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջերմամատակարարման համակարգին ներկայացվող պահանջները՝

ա) բնապահպանական, առողջապահական, էներգախնայողության և էներգաարդյունավետության պահանջների բավարարում.

բ) հուսալի, որակյալ և սպառողների համար մատչելի ջերմամատակարարման ապահովում.

գ) սպառողների կողմից ջերմային էներգիայի սպառման քանակների անհատապես կարգավորման իրավական և տեխնիկական հնարավորությունների ապահովում:

2. Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջերմամատակարարման կազմակերպման սկզբունքները՝

ա) գործող և նոր հիմնադրվող ջերմամատակարարների գործունեության իրականացումը բացառապես առևտրային հիմքերով (սպառողների, վառելիքի և այլ մատակարարների, պետության, բանկերի ու այլ կրեդիտորների հետ հարաբերություններում), որը ենթադրում է՝

սակագների սահմանում ջերմային էներգիայի քանակության համար (կիրառվող բնակմակերեսի փոխարեն), այդ քանակության հաշվառման տեխնիկական միջոցների համակարգի ներդրում,

կենտրոնացված ջերմամատակարարման համար ընթացիկ շահագործման ծախսերը և խելամիտ շահութաբերության մակարդակ ներառող սակագների կիրառում,

սպառողների կողմից չվճարումների դեպքում ջերմամատակարարման դադարեցման տեխնիկական և իրավական բավարար միջոցների առկայություն,

պետության կողմից ջերմամատակարար ընկերություններին սոցիալական բնույթի պարտավորությունների կատարման պարտադրանքի բացառում,

պետության ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սոցիալական բնույթի պարտավորությունների ու խնդիրների ճանաչում և լուծում,

ջերմամատակարարման ծառայությունների մատուցման, ջերմամատակարարում իրականացնող կազմակերպության մենեջմենթի իրականացման գործառույթներից և այդպիսի կազմակերպության սուբսիդավորումից պետության հրաժարում.

բ) ջերմամատակարարման ոլորտում մրցակցային միջավայրի ստեղծում՝ սպառողների համար ստեղծելով տարբեր ջերմամատակարարների և (կամ) ջերմամատակարարման տարբեր տեխնոլոգիաների միջև ընտրություն կատարելու հնարավորություն.

գ) ջերմամատակարարման հետ կապված պետական կարգավորման շրջանակների նեղացում և կարգավորման գործընթացների առավելագույն պարզեցում, խնդիրների լուծման իրավասությունների աստիճանական տեղափոխում սպառողներին:

3. Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջերմամատակարարման ռազմավարության իրագործման հիմնական ուղղություններն ու միջոցառումները՝

ա) ջերմային էներգիայի սպառման շուկայի ձևավորման և կազմակերպվածության խթանում (երկարաժամկետ արտոնյալ վարկերի ու դրամաշնորհների ներգրավմամբ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին աջակցության պետական ծրագրի մշակում և իրագործում), մասնավորապես՝

աջակցություն ներքին կանոնակարգերի ներդրման, հաշվառման համակարգերի, անհատական և շենքային (մուտքային) հաշվիչ-կարգավորիչ միջոցների տեղադրման, ջերմամեկուսացման, ներքին ջերմային ցանցերի նորոգման հետ կապված հարցերի լուծմանը,

բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների նյութատեխնիկական բազայի և լիազորությունների ամրապնդում, մասնավորապես, նրանց փոխանցելով շենքային տարածքները, բակային հողատարածքները (ներառյալ շենքերի տակ գտնվող հողը) (ընդհանուր և համատեղ սեփականության իրավունքով) և փոքր կաթսայատների շինությունները, սարքավորումները և ջերմային ցանցը (երկարաժամկետ (10 տարի և ավելի տևողությամբ)՝ անհատույց օգտագործման իրավունքով),

շենքի (մուտքի) ընդհանուր տեխնիկական լուծումների կազմակերպման նպատակով փակ (դատարկ) բնակարաններ մուտք գործելու հնարավորություն,

համակեցության պարտադիր նորմերի դրույթների սահմանում,

համակեցության նորմերով սահմանված պարտադիր կանոնների կիրառման իրավասության վերապահում,

ընդհանուր շինությունների և հողատարածքների օգտագործման համար վճարների սահմանման և գանձման իրավունքի վերապահում.

բ) ջերմամատակարարման ոլորտում մասնավոր կապիտալի ներգրավմանն ուղղված միջոցառումներ՝

ինքնավար կաթսայատների (Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջերմամատակարարման ռազմավարության նախագծում բնութագրված) ջերմամատակարարման սակագների ազատականացում, պետական կարգավորման սահմանափակում՝ միայն շահագործման անվտանգության և բնապահպանական պահանջների սահմանմամբ և դրանց պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացմամբ,

առկա կենտրոնացված ջերմամատակարարման համակարգի առանձին մասերի կամ ամբողջական ակտիվների և (կամ) կառավարման մասնավորեցում,

մասնավոր ներդրողների համար ֆինանսական աջակցության (վարկավորման՝ դրամաշնորհի մասնաբաժնով) ֆոնդերի հիմնում և մեխանիզմների գործարկում,

կաթսայատունը շահագործող մասնավոր ներդրողների և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների համար տեխնիկական աջակցության ծրագրի մշակում ու իրագործում՝ ներառյալ այդ նպատակով հասարակական կազմակերպություն ստեղծելու համար պետական աջակցությունը,

բազմաբնակարան շենքերին մատուցվող տարբեր կոմունալ ծառայությունները միևնույն տարածքում մեկ առևտրային կազմակերպության միջոցով մատուցելու իրավական դաշտի ստեղծում և իրագործման մեխանիզմների ու ծրագրերի մշակում:

4. Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջերմամատակարարման ռազմավարության փուլերը՝

Ջեռուցման ներկա ռազմավարությունն ընդգրկում է 3 փուլ՝

ա) կարճաժամկետ հեռանկար (0-2 տարի)՝ այս փուլում ուշադրությունը կենտրոնացվում է գոյատևման վրա, այսինքն կենտրոնացված ջերմամատակարարման ենթահամակարգի ամենակարևոր մասերը պետք է պահել գործող վիճակում: Այդ ընթացքում մի կողմից՝ վերակազմակերպվում են ջերմամատակարար կազմակերպությունները, մյուս կողմից՝ ստեղծվում են նախադրյալներ արդյունավետ ջերմային էներգիայի շուկայի համար: Քանի որ բնակչության գնողականությունը դեռևս ցածր է, այդ պատճառով կենտրոնացված ջեռուցման տարբերակի շրջանակներում ջերմային էներգիան պետք է տրամադրվի այն քանակությամբ և որակով, որը մատչելի է սպառողին: Միաժամանակ կենտրոնացված ջեռուցումը պետք է մրցունակ լինի անհատական և ճկուն ջեռուցման տարբերակների նկատմամբ, ինչպիսիք օրինակ, էլեկտրական տաքացուցիչները և պինդ վառելիքով աշխատող վառարաններն են.

բ) միջնաժամկետ հեռանկար (3-5 տարի)՝ այս փուլում շեշտը դրվում է վերականգնման վրա, այսինքն՝ ջեռուցման հեռանկարային տարբերակների մշակման և իրագործման սկիզբ ու երկարաժամկետ հեռանկարով ջերմամատակարարման տնտեսապես արդյունավետ և կայուն կառուցվածքի ստեղծում: Այդ ժամանակահատվածում կենտրոնացված ջերմամատակարարում իրականացնող ընկերությունները պետք է ապացուցեն իրենց կարողությունները, որ իրենք ընդունակ են ապահովելու կայուն ցուցանիշներ և հավասարակշռված բյուջե, որը նախադրյալներ կստեղծի ներքին ու արտաքին ներդրումների ներգրավման համար: Նոր ինքնավար համակարգերի համար (շենքային կամ թաղամասային ջեռուցում) դա կլինի ինստիտուցիոնալ և ֆինանսական կայունության ցուցադրման փուլ՝ լավ մշակված ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև կդնի ընդլայնման հիմքեր՝ այն բանից հետո, երբ տնտեսական զարգացման ընդհանուր մակարդակը թույլ կտա այդ անել.

գ) երկարաժամկետ հեռանկար (6-25 տարի)՝ այս փուլում ստեղծվում է զարգացման, ինչպես նաև ներդրումներ ներգրավելու առավել արդյունավետ հնարավորություն՝ կենտրոնացված ջերմամատակարարման համակարգերի և բազմատեսակ սխեմաներով շենքային (բլոկային) ջեռուցման համար: Սրան զուգահեռ կզարգանան գազաբաշխիչ ընկերությունները, որը հնարավորություն կտա իրականացնելու անհատական լուծումներ՝ հիմնված գազի օգտագործման վրա (այն պայմանով, որ անվտանգության հարցերը լինեն բավարար կերպով դիտարկված և հաշվի առնված):

5. Ջեռուցման ռազմավարության տարրերն ըստ փուլերի՝

 

Ռազմավարության բաղադրիչները Ռազմավարության տարրերն ըստ փուլերի
գոյատևում (0-2 տարի) վերականգնում (3-5 տարի) զարգացում (6-25 տարի)
1 2 3 4
Շուկայի կարգավորում և խթանում ջերմային էներգիայի շուկայի կարգավորման և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների կայացման համար հիմքի մշակում ջերմային էներգիայի շուկայի անմիջական գործող անձանց աջակցում և դրանց գործունեության խթանում շուկայի մոնիտորինգ
Մատակարարների հետ կապված ինստիտուցիոնալ հարցեր կենտրոնացված ջերմամատակարարում իրականացնող ընկերությունների վերակառուցում և լրիվ ծախսածածկում կենտրոնացված ջերմամատակարար համակարգերի առևտրայնացում և սեփականաշնորհում ջերմամատակարարման ոլորտում մասնավոր հատվածի գերիշխում
Սպառողների հետ կապված ինստիտուցիոնալ հարցեր բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների օժանդակության ծրագրերի մշակում և փորձնական ծրագրերի իրականացում բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին աջակցության ծրագրերի լայնածավալ իրագործում և այդ մարմինների հզորացում ջերմային էներգիայի սպառման կազմակերպման ոլորտում կոլեկտիվ սպառողների գերիշխում
Սոցիալական հարցեր սոցիալական աջակցության համակարգի մշակում սոցիալական աջակցության համակարգի ներդրում բարենպաստ ժամանակահատվածում հիմնականում սոցիալական աջակցության դադարեցում
Տեխնիկական հարցեր բնակարանի մասնակի ջեռուցման իրականացման նպատակով մարտկոցների առանձին անջատում, շենքային հաշվիչների տեղադրում
կենտրոնացված ջերմամատակարարման ենթակառուցվածքներում նվազագույն անհրաժեշտ ներդրումների գնահատում
անհատական հսկման միջոցների ներդրում
կենտրոնացված ջերմամատակարարման ենթակառուցվածքներում նվազագույն ներդրումների կատարում
հսկման պարզ միջոցառումների իրականացում և բնակարանում ջերմային էներգիայի պահանջարկի կարգավորում
անհատական հսկման միջոցների համատարած կիրառում
կենտրոնացված ջերմամատակարարման ենթակառուցվածքների տեխնիկական բարելավում
ջերմամատակարարման համար արևի էներգիայի օգտագործման հետ կապված լուծումների ներդրում և շենքերի վիճակի համատարած բարելավում
Բնապահպանական հիմնախնդիրներ ՀՀ անտառային ֆոնդի հաշվին վառելափայտի օգտագործման ծավալների հստակեցման նպատակով անտառօգտագործման նորմերի սահմանում անտառօգտագործման նորմերի հետագա պահպանում և դրա բարելավման ծրագրերի իրագործում անտառօգտագործման նորմերի հետագա պահպանում և դրա բարելավման ծրագրերի իրագործման շարունակում
Քարոզչություն և հասարակությանն իրազեկում հասարակությանը տեղեկատվությամբ առավելագույնս ապահովելու համար միջոցառումների իրականացում
փայտի վառարանների բարելավված տարբերակների մասին քարոզչություն
էներգաարդյունավետ ջերմամատակարարման տեխնոլոգիաների և համակարգերի մասին քարոզչություն տեղեկատվական քարոզարշավների շարունակում
Ֆինանսական հարցեր բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների և կաթսայատների շահագործողների համար վարկավորման համակարգի մշակում ու կազմակերպում բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների և կաթսայատների շահագործողների համար վարկավորման սխեմաների գործնական օգտագործման սկիզբ և զարգացում ՀՀ կառավարության և միջազգային ֆինանսական կազմակերպությունների ու մասնավոր ներդրողների կողմից ծրագրերի լայնածավալ ֆինանսավորում

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.01.2004, N 77-Ն 13.03.2004, N 1384-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան