ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունիսի 2007 թվականի N 820-Ն
1988 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՊԻՏԱԿԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՏԱԺԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՏԱԺ ՍԱՀՄԱՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել 1988 թվականի երկրաշարժի հետևանքով Սպիտակի նախկին վարչական շրջանի տարածքի քաղաքացիների ապահովագրական ստաժը հաստատող փաստաթղթերի ձեռքբերման անհնարինության պատճառով ապահովագրական ստաժ սահմանող հանձնաժողով (այսուհետ` ստաժ սահմանող հանձնաժողով):
2. Սահմանել, որ`
1) ստաժ սահմանող հանձնաժողովի նախագահը, ի պաշտոնե, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալն է.
2) ստաժ սահմանող հանձնաժողովի քարտուղարը, ի պաշտոնե, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության աշխատողն է.
3) ստաժ սահմանող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի, Հայաստանի Հանրապետության արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի, Հայաստանի Հանրապետության արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության ներկայացուցիչներ (համաձայնությամբ).
4) ստաժ սահմանող հանձնաժողովի անդամների` հանձնաժողովի գործունեությանն առնչվող գործուղման ծախսերը յուրաքանչյուր անդամի համար կատարում է այն մարմինը կամ կազմակերպությունը, որտեղ աշխատում է հանձնաժողովի անդամը:
(2-րդ կետը փոփ. 15.05.08 N 452-Ն)
3. Հաստատել ստաժ սահմանող հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել ստաժ սահմանող հանձնաժողովի անհատական կազմը:
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` ապահովել ստաժ սահմանող հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության պետական արխիվում պահպանվող այն փաստաթղթերի տրամադրումը, որոնք տվյալներ են պարունակում մինչև 1988 թվականը Սպիտակ քաղաքի կազմակերպություններում աշխատած անձանց մասին (հրամանագրքեր, հաշվառման մատյաններ, քարտեր, աշխատավարձի ցուցակներ և այդօրինակ այլ փաստաթղթեր):
6. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ու Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` համակողմանիորեն աջակցել ստաժ սահմանող հանձնաժողովին` նրան ապահովելով աշխատանքային պայմաններով, տրանսպորտային և հանձնաժողովի անխափան աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտ այլ միջոցներով:
7. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին`
1) ստաժ սահմանող հանձնաժողովին ներկայացնել երկրաշարժից տուժած բնակավայրերի և մինչև երկրաշարժը դրանցում տեղաբաշխված կազմակերպությունների (հիմնարկների, ձեռնարկությունների, կոլտնտեսությունների) ցանկը և երկրաշարժից հետո մնացած ու գործող կազմակերպությունների ցանկը.
2) ապահովել սույն որոշման մասին տարածաշրջանի բնակչությանն իրազեկելը:
8. Ստաժ սահմանող հանձնաժողովը գործում է մինչև 2008 թվականի դեկտեմբերի 30-ը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՏԱԺ ՍԱՀՄԱՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով սահմանվում է 1988 թվականի երկրաշարժի հետևանքով Սպիտակի նախկին վարչական շրջանի տարածքի քաղաքացիների ապահովագրական ստաժը հաստատող փաստաթղթերի ձեռքբերման անհնարինության պատճառով ապահովագրական ստաժ սահմանող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) աշխատանքները կազմակերպելու կարգը:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:
3. Հանձնաժողովի լրիվ անվանումն է` «Սպիտակի նախկին վարչական շրջանի տարածքի քաղաքացիների ապահովագրական ստաժները սահմանող հանձնաժողով»: Հանձնաժողովն ունի իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, որը հանձնաժողովի աշխատանքների դադարումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Հանձնաժողովի նպատակը Սպիտակի նախկին վարչական շրջանի տարածքի այն քաղաքացիների ապահովագրական ստաժի (այսուհետ` ստաժ) սահմանումն է, որոնց աշխատանքային գործունեությանը վերաբերող արխիվային փաստաթղթերը չեն պահպանվել 1988 թվականի երկրաշարժի հետևանքով:
5. Հանձնաժողովի գործառույթներն են`
1) մինչև 1988 թվականի դեկտեմբերի 7-ը ձեռք բերած ստաժը հաստատելուն վերաբերող քաղաքացիների գրավոր դիմում-հայտարարությունների քննարկումը, եթե նրանց ստաժը հիմնավորող արխիվային փաստաթղթերը չեն պահպանվել.
2) արխիվային տվյալների բացակայության մասին Հայաստանի Հանրապետության պետական արխիվի ներկայացրած տեղեկանքի և քաղաքացու գրավոր դիմում-հայտարարության հիման վրա ստաժի սահմանումը, որում նշվում են քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, այն կազմակերպությունը, որտեղ նա աշխատել է, աշխատանքի բնույթը և ժամանակահատվածը.
3) պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, անհրաժեշտության դեպքում քաղաքացիների աշխատանքային գործունեությանը վերաբերող փաստաթղթեր պահանջելը և ստանալը:
(5-րդ կետը փոփ. 15.05.08 N 452-Ն)
III. ՍՏԱԺ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ՄԱՍԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ
6. Հանձնաժողովը քաղաքացու գրավոր դիմում-հայտարարությունն ստանալուց հետո այն քննարկում և ընթացք է տալիս «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Քաղաքացին իր գրավոր դիմումը հանձնում (կամ փոստով առաքում) է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ:
7. Հանձնաժողովը, անհրաժեշտության դեպքում, կարող է քաղաքացու գրավոր դիմում հայտարարության մեջ նշված տվյալների հավաստիությունը ճշտել այլ քաղաքացիների` հանձնաժողովի աշխատանքներին մասնակից դարձնելու միջոցով, եթե նրանք դիմողին ճանաչում են միևնույն կազմակերպությունում (ձեռնարկությունում, հիմնարկում, կոլտնտեսությունում, սովխոզում կամ միևնույն համակարգում) համատեղ աշխատանքից, ինչպես նաև ստաժը հաստատող արխիվային փաստաթղթերին վերաբերող տեղեկանքներով և այդ փաստաթղթերի պատճեններով:
8. Քաղաքացու գրավոր դիմում-հայտարարությամբ ստաժ սահմանվում է մինչև 1988 թվականի դեկտեմբերի 7-ը աշխատած ժամանակաշրջանի համար:
9. Սահմանված ստաժը հիմք է կենսաթոշակների (այդ թվում` արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության և մասնակի) նշանակման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ սոցիալական երաշխիքների համար։
10. Հանձնաժողովը ստաժ սահմանում է այն անձանց համար, ովքեր օրենքով սահմանված կենսաթոշակ չեն ստանում կամ կենսաթոշակի են անցել «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, ինչպես նաև հաշմանդամության կենսաթոշակ ստացող այն անձանց համար, ովքեր առաջին անգամ հաշմանդամ են ճանաչվել 1988 թվականի դեկտեմբերի 7-ից հետո և մինչև հաշմանդամ ճանաչվելն օրենքով սահմանված կենսաթոշակ չեն ստացել:
(10-րդ կետը լրաց. 15.05.08 N 452-Ն)
11. Հանձնաժողովն ապահովագրական ստաժը սահմանելուց հետո քաղաքացու աշխատանքային գրքույկում կատարում է գրառում, իսկ աշխատանքային գրքույկի բացակայության դեպքում տալիս է համապատասխան տեղեկանք: Աշխատանքային գրքույկում կամ տեղեկանքում նշվում են այն կազմակերպության անվանումը, որտեղ աշխատել է քաղաքացին, նրա աշխատանքի բնույթը (պաշտոնը, մասնագիտությունը), աշխատած ժամանակահատվածը, հանձնաժողովի նիստի արձանագրության և որոշման համարները, նիստը կայանալու օրը, ամիսը, տարեթիվը, ինչը հաստատվում է նախագահի և քարտուղարի ստորագրություններով, կնքվում հանձնաժողովի կլոր կնիքով:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼԸ
12. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են:
13. Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, որը պատասխանատու է դրանք պատշաճորեն կատարելու համար: Հանձնաժողովի նախագահը աշխատանքները բաշխում է հանձնաժողովի անդամների միջև:
14. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, սակայն առնվազն ամիսը մեկ անգամ: Նիստը գումարվում է հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ:
Նիստի մասին հանձնաժողովի անդամները տեղեկացվում են նիստից 5 օր առաջ:
Հանձնաժողովն իր նիստերը գումարում է Երևան քաղաքում կամ Լոռու մարզում:
15. Հանձնաժողովի նիuտերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությամբ` հանձնաժողովի` նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
16. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի անդամներից մեկը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:
17. Հանձնաժողովի նախագահն անհրաժեշտության դեպքում կարող է հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել համապատասխան մասնագետների ու փորձագետների: Նիստերին կարող են մասնակցել հրավիրված անձինք:
18. Հանձնաժողովի քարտուղարը`
1) հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է նիստի գումարման օրվա, ժամի և տեղի մասին.
2) նիստի օրակարգի նախագիծը նիստից առնվազն 2 օր առաջ ներկայացնում է հանձնաժողովի անդամներին.
3) նախապատրաստում է հանձնաժողովի նիստում քննարկվելիք նյութերը.
4) կազմում է հանձնաժողովի որոշման նախագծերը, նիստերի արձանագրությունները և ապահովում հանձնաժողովի անդամների ստորագրությունները.
5) հետևում է հանձնաժողովի որոշումների կատարման ընթացքին և դրա մասին զեկուցում հանձնաժողովի նախագահին.
6) հաշվառում է հանձնաժողովի ընդունած որոշումները, դրանց պատճենները տրամադրում հանձնաժողովի անդամներին.
7) հանձնաժողովի կողմից ստաժը սահմանվելու դեպքում քաղաքացու աշխատանքային գրքույկում կատարում է համապատասխան գրառում:
Հանձնաժողովի քարտուղարի բացակայության դեպքում նրան փոխարինում է հանձնաժողովի անդամներից մեկը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:
19. Հանձնաժողովի նիստի արձանագրությունները կազմվում են 2 օրինակից:
20. Հանձնաժողովն իր գործունեությունը դադարեցնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի նիստերի արձանագրությունների մեկ օրինակը հանձնում է պետական արխիվ, իսկ մյուսը` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն:
(20-րդ կետը փոփ. 15.05.08 N 452-Ն)
21. Հանձնաժողովի ընդունած որոշման մասին, քաղաքացու ցանկությամբ, նրան տրվում է իրեն վերաբերող որոշման քաղվածքը:
22. Հանձնաժողովի որոշումներն ստորագրում են նախագահը և քարտուղարը, իսկ նիստերի արձանագրությունները` նաև հանձնաժողովի նիստին մասնակցած անդամները:
23. Հանձնաժողովի անդամները մասնակցում են հանձնաժողովի աշխատանքներին, հանձնաժողովի նիստերին և դրանց օրակարգի ձևավորմանը, առաջարկություններ են ներկայացնում նիստի օրակարգում լրացուցիչ հարցեր ընդգրկելու վերաբերյալ:
24. Հանձնաժողովի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է համարվել հանձնաժողովի անդամ:
25. Հանձնաժողովի այն անդամը, ով համաձայն չէ ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր մասնավոր կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում նիստի արձանագրության մեջ:
26. Հանձնաժողովի գործունեության տեղեկատվական, կազմակերպական-տեխնիկական ապահովումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմը և Լոռու մարզպետարանի աշխատակազմը:
(հավելվածը փոփ., լրաց. 15.05.08 N 452-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.05.2008, N 452-Ն | 30.05.2008, N 820-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|