Գլխավոր տեղեկություն
Համար
N 1054-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (21.02.2004-23.12.2004)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.08.14/33(208) Հոդ.750
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.07.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.07.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.08.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

30 հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2002 թվականի N 1054-Ն

 

«ՀԱՅԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 7-րդ և 8-րդ հոդվածներին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ ու 13-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վերակազմակերպել «Հայանտառ» փակ բաժնետիրական ընկերությունը և «Հայանտառ» փակ բաժնետիրական ընկերության դուստր ընկերությունները՝ «Հայանտառ» փակ բաժնետիրական ընկերության դուստր ընկերությունները միացնելով «Հայանտառ» փակ բաժնետիրական ընկերությանը:

2. Սույն որոշման 1-ին կետով վերակազմակերպված «Հայանտառ» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորել «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության:

3. Սահմանել, որ՝

ա) «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը Հայաստանի Հանրապետության պետական անտառային ֆոնդի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և արդյունավետ օգտագործման ապահովումն է.

բ) «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

բնափայտի մթերում, վերամշակում և իրացում,

տնկանյութի (տնկիներ, սերմնաբույսեր) աճեցում և իրացում,

երկրորդական անտառանյութի (կոճղերի) մթերում, վերամշակում և իրացում,

կողմնակի անտառօգտագործում (խոտհունձ, անասունների արածեցում, փեթակների և մեղվանոցների տեղադրում, վայրի պտղի, ընկույզի, սնկի, հատապտղի, դեղաբույսերի ու տեխնիկական հումքի հավաքում) և դրա արդյունքում մթերված կենսապաշարների վերամշակում ու իրացում,

գյուղատնտեսական հողատեսքերում գյուղատնտեսական մթերքի արտադրություն, վերամշակում և իրացում,

հանգստի և զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների մատուցում,

խորհրդատվություն և տեղեկատվության տրամադրում.

գ) «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվում է վերակազմակերպված «Հայանտառ» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության՝ 101136,6 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով գույքը՝ բացառությամբ շենքերի և շինությունների.

դ) «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում են վերակազմակերպված «Հայանտառ» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության՝ 61216,2 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով շենքերն ու շինությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անտառային ֆոնդի 370311 հեկտար տարածքը՝ ըստ անտառաշինական նախագծերի :

4. «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

(4-րդ կետը փոփ. 15.01.04 N 7-Ն)

5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝

ա) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

բ) «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումից հետո վեցամսյա ժամկետում ապահովել «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված հողամասերի և այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը՝ հիմք ընդունելով անտառային ֆոնդի անտառաշինական և հողաշինարարական նախագծերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հուլիսի 29
Երևան