Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-746
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.04.16/23(613) Հոդ.338
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
01.04.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.04.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2008

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

1 ապրիլի 2008 թ.

1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ ՄՈՆՐԵԱԼԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄՈՆՐԵԱԼՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1997 թվականի սեպտեմբերի 17-ին ստորագրված` Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրության մոնրեալյան փոփոխության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով արձանագրության մոնրեալյան փոփոխությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Մոնրեալյան փոփոխությունն ստորագրվել է 1997 թ. սեպտեմբերի 17-ին և ուժի մեջ է մտել 1999 թ. նոյեմբերի 10-ին` Մոնրեալի արձանագրությամբ կարգավորվող նյութերի ցանկն ընդլայնելու և դրանց օգտագործման ու արտանետումների կառավարումը հստակեցնելու նպատակով:

Մոնրեալի արձանագրության մոնրեալյան փոփոխությամբ սահմանվում են վերահսկող միջոցառումներ` մինչև 2015 թվականի հունվարի 1-ը բրոմմեթիլի աստիճանաբար փոխարինումն ապահովելու և օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման/արտահանման քվոտավորման համակարգը երկրներում հիմնադրելու համար:

2. Մոնրեալյան փոփոխության տեքստի, ինչպես նաև արձանագրության, լոնդոնյան և կոպենհագենյան ուղղումների տեքստերի համադրության արդյունքում Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

մոնրեալյան փոփոխության` Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ մտնելուց հետո, մեկ տարվա ընթացքում, արգելել Ե հավելվածում նշված վերահսկվող նյութերի ներմուծումը Մոնրեալի արձանագրության Կողմ չհանդիսացող ցանկացած պետությունից,

մեկ տարի հետո արգելել Ե հավելվածում նշված վերահսկվող նյութերի արտահանումը Մոնրեալի արձանագրության Կողմ չհանդիսացող ցանկացած պետություն,

վերահսկվող նյութի համար համապատասխան փուլային վերացման ժամկետի լրանալուց հետո, չնայած արձանագրությամբ ստանձնած Հայաստանի Հանրապետության պարտավորությունները կատարելու նպատակով ձեռնարկած որոշակի քայլերին, տվյալ նյութի արտադրությունը ներքին սպառման համար դադարեցնելու հնարավորության բացակայության դեպքում, արգելել այդ նյութի օգտագործված, վերաշրջանառված և վերամշակված քանակությունների արտահանումը` բացառությամբ ոչնչացման նպատակով նախատեսված դեպքերի,

Հայաստանի Հանրապետության համար մոնրեալյան փոփոխության ուժի մեջ մտնելուն հաջորդող երեք ամիսների ընթացքում ստեղծել և իրականացնել Ա, Բ, Գ և Ե հավելվածներում նշված նոր, օգտագործված, վերաշրջանառված և վերամշակված վերահսկվող նյութերի ներմուծման և արտահանման արտոնագրման համակարգ:

3. Մոնրեալի արձանագրության մոնրեալյան փոփոխություններով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված սկզբունքներից և ուղղված են ՀՀ Սահմանադրության 10 և 33.2. հոդվածների դրույթների իրականացմանը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 1997 թվականի սեպտեմբերի 17-ին ստորագրված` Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրության մոնրեալյան փոփոխության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան


1 ապրիլի 2008 թ.
ՍԴՈ-746

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան