ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ 07-1742, 07-2354 |
Քաղաքացիական գործ թիվ 3-151 (ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան | |
Դատավորներ՝ Ն. Հովսեփյան Մ. Ասատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Մկրտումյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Սարգսյանի | |
|
Դ. Ավետիսյանի | |
Հ. Ղուկասյանի | ||
|
Ս. Օհանյանի |
2008 թվականի մարտի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Հակոբ, Դավիթ, Մելանյա, Սրբուհի Ասատրյանների, Անթառամ Ավդալյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.09.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Ռոմելա Սողոյանի ընդդեմ Հակոբ, Դավիթ, Մելանյա, Սրբուհի Ասատրյանների, Անթառամ Ավդալյանի` բնակելի տարածության օգտագործման իրավունքը ճանաչելու պահանջի մասին, և ըստ հայցի Ռոմելա Սողոյանի, Նարեկ և Նարինե Ասատրյանների ընդդեմ Հակոբ, Դավիթ, Մելանյա, Սրբուհի, Կարապետ Ասատրյանների, Անթառամ Ավդալյանի, երրորդ անձինք Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանման` Երևանի քաղաքապետի որոշումը, դրանից ծագող իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու, համասեփականատեր ճանաչելու և հաշվառելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ռոմելա Սողոյանը պահանջել է ճանաչել իր, Նարեկ և Նարինե Ասատրյանների օգտագործման իրավունքը Երևանի Չեխովի 54 շենքի թիվ 23 բնակարանի նկատմամբ:
Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 15.03.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Ռոմելա Սողոյանը, Նարեկ և Նարինե Ասատրյանները, դիմելով դատարան, պահանջել են մասնակիորեն անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի որոշումը, դրանից ծագող իրավունքի պետական գրանցումը և ճանաչել համասեփականության իրավունքը Երևանի Չեխովի 54 շենքի թիվ 23 բնակարանի նկատմամբ:
Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 14.05.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.06.2007 թվականի որոշմամբ քաղաքացիական գործերը միացվել են մեկ վարույթում:
Վերաքննիչ դատարանի 25.09.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Հակոբ, Դավիթ, Մելանյա, Սրբուհի Ասատրյանները և Անթառամ Ավդալյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Ռոմելա Սողոյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը և խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
«ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` սեփականաշնորհման սուբյեկտ են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, տվյալ բնակտարածությունում գրանցում ունեցող, ինչպես նաև oրենքով սահմանված դեպքերում բնակտարածության նկատմամբ իրավունքը պահպանած քաղաքացիները: Հայցվորները սեփականաշնորհման ժամանակ վիճելի բնակարանում գրանցված չեն եղել: Հետևաբար նշված հոդվածի հիմքով չէին կարող սեփականաշնորհման սուբյեկտ հանդիսանալ: Ռոմելա Սողոյանը բնակտարածության օգտագործման իրավունք է ունեցել Մարտունու շրջանի Ձորագյուղ գյուղի հայրական տան նկատմամբ, և որպես ծխի անդամ, մասնակցել սեփականաշնորհմանը: Իր երեխաների հետ հետագայում կազմել է առանձին ծուխ և ստացել 0,12 հա տնամերձ հողամաս, որի նկատմամբ իրավունքները գրանցել է միայն 2007 թվականին:
Վերաքննիչ դատարանը չի կատարել գործում առկա ապացույցների օբյեկտիվ հետազոտություն, քանի որ դրանք թերևս հաստատում են վիճելի բնակարանում հայցվորների բացառապես բնակվելու, այլ ոչ թե հաշվառված կամ գրանցված լինելու հանգամանքը, այսինքն` դատարանի կողմից խախտվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձինք պահանջել են հայցի բավարարված մասով բեկանել Վերաքննիչ դատարանի 25.09.2007 թվականի վճիռը և գործն այդ մասով ուղարկել նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքի դեմ ներկայացված պատասխանով Ռոմելա Սողոյանը պահանջել է վճռաբեկ բողոքը վերադարձնել հետևյալ պատճառաբանությամբ.
«ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի սխալ մեկնաբանման մասին բողոքի պատճառաբանություններն անհիմն են, քանի որ Ռոմելա Սողոյանը 1991 թվականից ամուսնանալով Կարապետ Ասատրյանի հետ, մշտապես բնակվել է վիճելի բնակարանում և անկախ այդ բնակարանում գրանցված լինելու կամ չլինելու հանգամանքից հանդիսացել է սեփականաշնորհման սուբյեկտ` որպես ընտանիքի լիիրավ անդամ: Իսկ Մարտունու շրջանի Ձորագյուղ գյուղում սեփականաշնորհմանը մասնակցելը չի բացառում վիճելի բնակարանի նկատմամբ սեփականաշնորհման սուբյեկտ հանդիսանալու հանգամանքը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը՝
1) Շենգավիթ համայնքի «Գավառ» համատիրության տեղեկանքի համաձայն` Երևանի Չեխովի փողոցի թիվ 54 շենքի թիվ 23 բնակարանում Ռոմելա Սողոյանը, Նարեկ և Նարինե Ասատրյանները գրանցված չեն (հատոր 2, գ.թ.21):
2) Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի գյուղապետարանի տեղեկանքի համաձայն` Ռոմելա Սողոյանը, Նարեկ և Նարինե Ասատրյանները հաշվառված են Ձորագյուղ համայնքում (հատոր 2, գ.թ.18):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` սեփականաշնորհման սուբյեկտ են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, տվյալ բնակտարածությունում գրանցում ունեցող, ինչպես նաև oրենքով սահմանված դեպքերում բնակտարածության նկատմամբ իրավունքը պահպանած քաղաքացիները:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման ընթացքում սեփականաշնորհվող բնակտարածության նկատմամբ անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել, եթե գրանցված է այդ բնակտարածությունում:
Սույն քաղաքացիական գործով, Երևանի Չեխովի փողոցի 54 շենքի թիվ 23 բնակարանի սեփականաշնորհման պահին` 10.11.1997 թվականին, գրանցված էին միայն Հակոբ, Մելանյա, Կարապետ, Սրբուհի, Դավիթ Ասատրյանները և Անթառամ Ավդալյանը:
Հիմք ընդունելով վերոնշյալը Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ վեճի առարկա գույքում գրանցում չունենալը հիմք է Ռոմելա Սողոյանի, Նարեկ և Նարինե Ասատրյանների սեփականաշնորհման սուբյեկտ չլինելու փաստը հաստատված համարելու համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը չի գնահատել գործում առկա Շենգավիթ համայնքի «Գավառ» համատիրության տեղեկանքը, որի համաձայն` Երևանի Չեխովի փողոցի թիվ 54 շենքի թիվ 23 բնակարանում Ռոմելա Սողոյանը, Նարեկ և Նարինե Ասատրյանները գրանցված չեն, ինչպես նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի գյուղապետարանի տեղեկանքը, ըստ որի` Ռոմելա Սողոյանը, Նարեկ և Նարինե Ասատրյանները հաշվառված են Ձորագյուղ համայնքում:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.09.2007 թվականի վճռի` հայցը բավարարելու մասը և այն փոփոխել.
Երևանի քաղաքապետի որոշումը, դրանից ծագած իրավունքների պետական գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելու, համասեփականատեր ճանաչելու և հաշվառելու պահանջի մասին հայցը մերժել:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Հ. Մանուկյան |
Դատավորներ` |
Ա. Մկրտումյան |
|
Վ. Աբելյան |
|
Ս. Սարգսյան |
|
Դ. Ավետիսյան |
|
Հ. Ղուկասյան |
|
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|