Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.02.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.04.30/25(615)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
29.02.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.02.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
քրեական վերաքննիչ դատարանի դատավճիռ

Քրեական գործ թիվ 649/07

Քրեական գործ թիվ ՎԲ-13/08

Նախագահող դատավոր՝ Մ. Պետրոսյան

Դատավորներ՝ Մ. Խաչատրյան

                   Կ. Ղազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Դ. Ավետիսյանի

 

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

 

Ա. Մկրտումյանի

Վ. Աբելյանի

Ս. Սարգսյանի

 

2008 թվականի փետրվարի 29-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Հակոբ Գագիկի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի դատավճռի դեմ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. Նախաքննության մարմնի 2007 թվականի օգոստոսի 2-ի որոշմամբ Հակոբ Գագիկի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության մարմնի 2007 սեպտեմբերի 17-ի որոշմամբ Հ. Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Գործը 2007 թվականի սեպտեմբերի 26-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարան:

2. Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի նոյեմբերի 23-ի դատավճռով Հ.Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման՝ 3 (երեք) տարի ժամկետով:

3. Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել ամբաստանյալ Հակոբ Հովհաննիսյանը և պաշտպան Էդուարդ Աղաջանյանը:

Ամբաստանյալ Հ.Հովհաննիսյանի և պաշտպան Էդ.Աղաջանյանի վերաքննիչ բողոքների հիման վրա քննելով գործը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը պատժի մասով փոփոխել է Հ.Հովհաննիսյանի վերաբերյալ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավճիռը: 2007 թվականի դեկտեմբերի 21-ի դատավճռով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Հակոբ Հովհաննիսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտել ազատազրկման՝ 1 (մեկ) տարի ժամկետով:

4. ՀՀ վերաքննիչ դատարանի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի դատավճռի դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

2008 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ է ընդունել:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստական հանգամանքները.

5. Դատապարտյալ Հակոբ Հովհաննիսյանը 2007 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 1300-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաշինջաղյան 1-ին փողոցի վրա գտնվող թիվ 156 միջնակարգ դպրոցի մոտ Արա Խաչատրյանի հետ անձնական փոխհարաբերությունների շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ հասցնելու նպատակով հետապնդել և դանակով հարվածել է վիճաբանությանը միջամտող անչափահաս Նարեկ Թումասյանին և դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող` ծանր վնաս:

6. Դատապարտյալ Հ.Հովհաննիսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առել այն, որ Հ.Հովհաննիսյանի հարազատների կողմից կամովին հատուցվել է հանցագործությամբ պատճառված գույքային վնասը, որ նա զղջացել է կատարածի համար, ինչպես նաև այն, որ տուժողը նշել է, որ հաշտվել է ամբաստանյալի հետ և խնդրել նրա նկատմամբ մեղմ պատիժ նշանակել:

Վերը նշված հանգամանքների հետ մեկտեղ դատապարտյալ Հ.Հովհաննիսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս Քրեական վերաքննիչ դատարանը հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ «ամբաստանյալը անչափահաս տուժողին չի ճանաչել, նրա նկատմամբ թշնամություն և մարմնական վնասվածք հասցնելու որևէ դիտավորություն չի ունեցել, ուստի նրա գործողությունները վերջին հաշվով պայմանավորված են սույն գործով վկա Արա Խաչատրյանի անօրինական գործողությունների ու նրա կողմից դրսևորած վարքագծի հետևանքով ամբաստանյալի տղամարդկային արժանապատվությունը նսեմացնելու հետ»:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ նշված հանգամանքներն էականորեն նվազեցնում են հանցանքի՝ հանրային վտանգավորության աստիճանը, և դրանք համակցության մեջ ճանաչել է բացառիկ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

7. Ըստ բողոքի հեղինակի՝ վերաքննիչ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ պատիժ նշանակելով խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և 64-րդ հոդվածների պահանջները, ինչը հանգեցրել է քրեական օրենքի սխալ կիրառման:

Բողոքում նշվել է, որ Հ.Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ վերաքննիչ դատարանի նշանակված պատիժն ակնհայտ մեղմ է, անհամաչափ կատարած արարքի բնույթին և հասարակական վտանգավորության աստիճանին, որն էլ հանգեցրել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով սահմանված արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի խախտմանը:

Ըստ բողոքի հեղինակի՝ վերաքննիչ դատարանը խախտել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները: Համաձայն այդ հոդվածի՝ պատժի տեսակը և չափը որոշվում է հանցագործության վտանգավորության աստիճանով և բնույթով, մինչդեռ ամբաստանյալի նկատմամբ նշանակվել է այնպիսի պատիժ, որը չի կարող ծառայել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված պատժի նպատակներին:

Բողոք բերած անձը փաստարկել է, որ վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի այնպիսի խախտում, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարել է արդարադատության բուն էությունը:

8. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Հակոբ Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ դատարանի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի դատավճիռը և օրինական ուժ տալ նրա վերաբերյալ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի նոյեմբերի 23-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

9. Սույն բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է՝ արդյոք Հ.Հովհաննիսյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների համակցությունը որպես բացառիկ գնահատելով՝ վերաքննիչ դատարանը պահպանե՞լ է ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի պահանջները:

Սույն որոշման 6-րդ կետի 2-րդ մասում նշված հանգամանքը որպես մեղմացնող ճանաչելը և Հ.Հովհաննիսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս այն հաշվի առնելը.

10. Նախորդ կետում նշված հարցին պատասխանելու համար Վճռաբեկ դատարանը նախ քննության է առնում հետևյալ հարցը. վերաքննիչ դատարանի կողմից սույն որոշման 6-րդ կետի 2-րդ մասում նշված հանգամանքը կարո՞ղ է հանդիսանալ մեղմացնող հանգամանք:

11. Այս հարցի հետ կապված՝ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը հետևյալն է.

«Դատարանի լայն հայեցողության շրջանակներում է (...) անձի պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների կիրառման հարցը, քանի որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի՝ պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք նշված չեն նույն հոդվածի առաջին մասում: Այնուհանդերձ, դատարանի այս լիազորությունը բացարձակ չէ, և որպես մեղմացնող հաշվի առնվող հանգամանքները պետք է բավարարեն որոշակի չափանիշների: Դրանք են.

ա) հանգամանքը պետք է իրական լինի, այսինքն՝ գործով ձեռք բերված ապացույցները պետք է հաստատեն դրա առկայությունը

բ) այն պետք է ողջամտորեն նվազեցրած լինի անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը

գ) այն հաստատված ճանաչելիս դատարանը պետք է պահպանի ապացուցման ընդհանուր քրեադատավարական կանոնները. հանգամանքի առկայությունը հաստատող ապացույցները պետք է վերաբերելի և թույլատրելի լինեն, դրանք պետք է հետազոտված լինեն դատաքննության ընթացքում, ինչպես նաև պետք է պահպանվեն ապացույցների ստուգման և գնահատման օրենսդրական պահանջները» (տե´ս Պ.Բայրամյանի գործով Վճռաբեկ դատարանի 2007 թ. հունիսի 1-ի որոշումը):

12. Վերաքննիչ դատարանի կողմից մեղմացնող ճանաչված հավելյալ հանգամանքները հետևյալներն են. ամբաստանյալն անչափահաս տուժողին չի ճանաչել, նրա նկատմամբ թշնամություն և մարմնական վնասվածք հասցնելու որևէ դիտավորություն չի ունեցել, իսկ Հ.Հովհաննիսյանի գործողությունները վերջին հաշվով պայմանավորված են գործով վկա Ա.Խաչատրյանի անօրինական գործողությունների ու նրա կողմից դրսևորած վարքագծի հետևանքով ամբաստանյալի տղամարդկային արժանապատվությունը նսեմացնելու հետ:

13. Վերաքննիչ դատարանի դատավճռում նշված այն հետևությունը, որ «ամբաստանյալը անչափահաս տուժողին (...) մարմնական վնասվածք հասցնելու որևէ դիտավորություն չի ունեցել», հիմնավոր չէ, քանի որ Հ.Հովհաննիսյանը դատապարտվել է ուղղակի դիտավորությամբ տուժողին դանակով հարվածելու և կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս պատճառելու համար: Քննարկվող հանգամանքի առկայությունը գործով ձեռք բերված ապացույցներով ոչ միայն չի հաստատվում, այլև ուղղակիորեն հերքվում է, ուստի այդ հանգամանքն իրական չէ՝ սույն որոշման 10-րդ կետի «ա)» ենթակետի իմաստով:

14. Հաստատված ճանաչելով այն հանգամանքը, որ վկա Արա Խաչատրյանը թույլ է տվել «անօրինական գործողություններ»՝ վերաքննիչ դատարանը չի պահպանել ապացուցման ընդհանուր քրեադատավարական կանոնները, քանի որ չի մատնանշվել, թե կոնկրետ ինչ դրսևորում են ունեցել վկա Ա.Խաչատրյանի «անօրինական գործողությունները»: Ուստի նշված հանգամանքը չի համապատասխանում սույն որոշման 10-րդ կետի «գ)» ենթակետում ամրագրված չափանիշին:

15. Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 4-րդ մասի՝ «Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»: Օրենքի այս պահանջի հիման վրա՝ դատարանը պարտավոր է դատավճռում շարադրված հետևությունների և դրանց հիմք կազմող փաստերի միջև ապահովել տրամաբանական (պատճառահետևանքային) կապ:

Քննության առարկա գործով բացակայում է տրամաբանական կապն այն հանգամանքների միջև, որ «ամբաստանյալը անչափահաս տուժողին չի ճանաչել, նրա նկատմամբ թշնամություն (...) չի ունեցել» և, որ Հ.Հովհաննիսյանի «գործողությունները վերջին հաշվով պայմանավորված են սույն գործով վկա Արա Խաչատրյանի անօրինական գործողությունների ու նրա կողմից դրսևորած վարքագծի հետևանքով ամբաստանյալի տղամարդկային արժանապատվությունը նսեմացնելու հետ»: Գործի նյութերով հիմնավորված չէ նաև պատճառահետևանքային կապը «վկա Արա Խաչատրյանի (...) կողմից դրսևորած վարքագծի», «ամբաստանյալի տղամարդկային արժանապատվությունը նսեմացնելու» և կատարված հանցագործության՝ տուժող Ն.Թումասյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու միջև:

Դրա հետ մեկտեղ հաստատված է այն փաստը, որ Հ.Հովհաննիսյանը հետապնդել, բռնել, դանակով հարվածել ու ծանր մարմնական վնաս է պատճառել մի անձի, որը որևէ առնչություն չուներ դատապարտյալի «տղամարդկային արժանապատվությունը» ենթադրաբար նսեմացնելու հետ:

16. Հետևաբար` վերաքննիչ դատարանի կողմից սույն որոշման 6-րդ կետի 2-րդ մասում նշված հանգամանքը չի կարող հանդիսանալ դատապարտյալ Հ.Հովհաննիսյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք:

Դատապարտյալ Հ.Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառման իրավաչափությունը.

17. Այս առումով Վճռաբեկ դատարանը քննության է առնում հետևյալ հարցը. Հ.Հովհաննիսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս վերաքննիչ դատարանի կողմից հաշվի առնված մեղմացնող հանգամանքների համակցությունը՝ այն, որ դատապարտյալն «ընդունում է իր կողմից կատարած արարքը, անկեղծորեն զղջում է, կամովին հատուցել է հանցագործությամբ պատճառված նյութական վնասը, տուժողը հաշտվել է ամբաստանյալի հետ և խնդրել է վերջինիս նկատմամբ նշանակել ավելի մեղմ պատիժ», կարո՞ղ էր «բացառիկ» ճանաչվել` ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի իմաստով:

18. Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը, (...) կարող է նշանակվել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ (...)»:

19. Այս հարցի կապակցությամբ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը հետևյալն է. « (…) բացառիկ հանգամանքները կապված են հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի հետ: Այդպիսիք կարող են լինել նաև այլ հանգամանքներ, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը: Ընդ որում, կարևորը ոչ թե պատիժը մեղմացնող տվյալների քանակն է, այլ այն, թե ինչքանով են դրանք էականորեն ազդել հանցանքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանի նվազեցման վրա» (տե´ս Հ.Հաբեշյանի գործով Վճռաբեկ դատարանի 2007 թ. օգոստոսի 30-ի որոշումը):

Օրենքում օգտագործված «բացառիկ» բառը ենթադրում է, որ տվյալ փաստական հանգամանքը կամ դրանց համակցությունը դուրս են գալիս սովորականի շրջանակներից: Այլ կերպ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառման համար հիմք հանդիսացած մեղմացնող հանգամանքը կամ մեղմացնող հանգամանքների համակցությունը պետք է այն աստիճան առանձնահատուկ լինեն, որ վերածվեն բացառության:

20. Նախորդ կետում նշված չափանիշների հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ վերաքննիչ դատարանի կողմից բացառիկ ճանաչված հանգամանքների համակցությունը դատապարտյալ Հ.Հովհաննիսյանի հանրային վտանգավորությունը չէր կարող նվազեցնել էականորեն, և այդ հանգամանքներն այն աստիճան առանձնահատուկ չեն, որ տվյալ գործը վերածեն բացառության:

21. Հետևաբար` Հ.Հովհաննիսյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների համակցությունը որպես բացառիկ գնահատելով՝ վերաքննիչ դատարանը չի պահպանել ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի պահանջները:

22. ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածն առանց բավարար հիմքի կիրառելու արդյունքում Հ.Հովհաննիսյանի նկատմամբ նշանակվել է ակնհայտ մեղմ պատիժ: Դրա արդյունքում խախտվել են արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքն ամրագրող ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածը, պատժի նշանակման ընդհանուր սկզբունքներն ամրագրող ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածը, ինչպես նաև պատժի նպատակներն ամրագրող ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածը:

Սույն գործով վերաքննիչ դատարանի թույլ տված նյութական իրավունքի խախտումների բնույթը և իրավական հետևանքները.

23. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա` սույն գործով վերաքննիչ դատարանի թույլ տված քրեական օրենքի խախտումներն առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու հիմք են: Միևնույն ժամանակ արդարադատության արդյունավետության շահից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է ուժ տալ սույն գործով Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի դատավճռին:

24. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցավորի տղամարդկային արժանապատվությունը նսեմացնելու արհեստածին հանգամանքը հաստատված ճանաչելով, այն որպես հանցավորի պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք հաշվի առնելով և արդյունքում՝ ամբաստանյալ Հ.Հովհաննիսյանի նկատմամբ ակնհայտ անարդարացի պատիժ նշանակելով` վերաքննիչ դատարանն արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել նյութական իրավունքի ակնհայտ ու կոպիտ խախտումներ:

25. Օրինական ուժի մեջ մտած դատավճիռը բեկանելը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերաքննիչ դատարանում գործի քննության ընթացքում թույլ են տրվել նյութական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք համապատասխանում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ կետում և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի թիվ 7-րդ Արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասում նշված չափանիշներին: Սույն գործով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառումը հանգեցրել է դատական սխալի, որի արդյունքում կայացված որոշումը չի համապատասխանում արդարության պահանջներին:

Նշված դատական սխալը խաթարում է արդարադատության բուն էությունը, դատավճռի՝ որպես արդարադատության ակտի իմաստը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Բողոքը բավարարել:

Հակոբ Գագիկի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի նոյեմբերի 23-ի դատավճիռը բեկանել և օրինական ուժ տալ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի դատավճռին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

Դատավորներ`

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան

 

Ա. Մկրտումյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան