Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-747
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.04.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.05.16/25(549) Հոդ.339
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
04.04.2008
Ստորագրող մարմին
Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.04.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2008

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

4 ապրիլի 2008 թ.

ՔԱՂԱՔԱՑԻ ՆԻՆԱ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 159-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 94-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ` «ԱՎԱՆԴԱՏՈՒ» ԲԱՌԻՑ ՀԵՏՈ` ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ, ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝

դիմողների ներկայացուցիչ Կ. Մեժլումյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության պետ Ա. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի, 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Նինա Ղազարյանի և այլոց դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի, 159-րդ հոդվածի, «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ դատական օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի` «ավանդատու» բառից հետո` ամբողջությամբ, և 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը քաղաքացիներ Ն. Ղազարյանի, Խ. Հովհաննիսյանի, Ա. Հարությունյանի և Ա. Հովհաննիսյանի` 19.11.2007 թ. դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմողների գրավոր փաստարկները, պատասխանող կողմի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը, ՀՀ դատական օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 1998 թ. հունիսի 17-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թ. օգոստոսի 7-ին և ուժի մեջ է մտել 1999 թ. հունվարի 1-ից:

«Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2002 թ. դեկտեմբերի 26-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2003 թ. հունվարի 31-ին և ուժի մեջ է մտել 2003 թ. փետրվարի 22-ից: Օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան այն ուժը կորցրել է 2005 թ. փետրվարի 22-ին:

ՀՀ դատական օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2007 թ. փետրվարի 21-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2007 թ. ապրիլի 7-ին և ուժի մեջ է մտել 2007 թ. մայիսի 18-ից:

2. Դիմողները գտնում են, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասը և 159-րդ հոդվածը, իրավակիրառական պրակտիկայի կողմից դրանց տրված բովանդակությամբ, «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ դատական օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասը` «ավանդատու» բառից հետո` ամբողջությամբ, և 3-րդ մասը հակասում են ՀՀ Սահմանադրության 1-ին, 3, 5, 6, 18, 19, 83.5., 91, 97 և 98-րդ հոդվածներին:

Մասնավորապես, ըստ դիմողների՝ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ իրենք համապատասխան դատական վարույթում չեն դիտվել որպես շահագրգիռ անձ, ինչի արդյունքում խախտվել են ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներով երաշխավորված իրենց իրավունքները:

Ինչ վերաբերում է «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասին, ապա դիմողները գտնում են, որ այն, իրավակիրառական պրակտիկայի կողմից տրված մեկնաբանությամբ, հակասում է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածին` այնքանով, որքանով անձը զրկվում է պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքն իրականացնելու հնարավորությունից:

Ըստ դիմողների՝ ՀՀ դատական օրենսգրքի 94-րդ հոդվածի վիճարկվող դրույթները խախտում են դատավորների անկախության սահմանադրական սկզբունքը:

3. Պատասխանող կողմը նկատի ունենալով, որ «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրել է 2005 թվականին, ուստի հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 47 և 60-րդ հոդվածները, միջնորդում է սույն գործի վարույթը` «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության մասով` կարճել:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2008 թվականի հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածն ուժը կորցրած է ճանաչվել, և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 47 և 60-րդ հոդվածները, պատասխանող կողմը միջնորդում է սույն գործի վարույթը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի սահմանադրականության մասով` կարճել: Պատասխանող կողմը նաև գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի և ՀՀ Սահմանադրության 3-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածներում ամրագրված դրույթների միջև հակասություն չկա:

Պատասխանող կողմի կարծիքով, ՀՀ դատական օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասում կետերով ամրագրված սահմանափակումների թույլատրելիության աստիճանը պետք է վերլուծվի 2-րդ մասի սկզբնամասում ձևակերպված դրույթի և թվարկված կետերի ամբողջության համատեքստում, քանզի, իր կարծիքով, սահմանափակումների թույլատրելիության այդպիսի աստիճանը ՀՀ Սահմանադրության հետ հակասության չի հանգեցնում, այլ, ընդհակառակը, ամրագրելով բուն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը` միաժամանակ թույլատրելի է համարվում բնականոն գույքային շրջանառությանը մասնակցելը` առանց ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքի (օրինակ` բաժնետոմսերի ձեռքբերում): Ընդ որում, այդպիսի մասնակցությունն էլ իր հերթին կրում է սահմանափակ բնույթ` այդ թվում ՀՀ դատական օրենսգրքի 94-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով:

4. Դիմումում վիճարկվող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածն ուժը կորցրել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 28.11.2007 թ. ընդունված ՀՀ ՀՕ-277-Ն օրենքով: Բացի դրանից, վիճարկվող 159-րդ հոդվածը զետեղված էր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 26-րդ գլխում, որը ՀՀ սահմանադրական դատարանն իր՝ 28 նոյեմբերի 2007 թ. ՍԴՈ-719 որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածին և 32-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան սահմանադրական դատարանի կողմից գործի վարույթը ենթակա է կարճման, եթե դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է սահմանադրական դատարանի որոշումը:

5. Սահմանադրական դատարանը գործի ուսումնասիրության արդյունքներով գտնում է, որ ՀՀ դատական օրենսգրքի վիճարկվող 94-րդ հոդվածի 2-րդ մասի` «ավանդատու» բառից հետո` ամբողջությամբ, և 3-րդ մասի նորմերը ՀՀ ընդհանուր իրավասության դատարանների կողմից դիմողների նկատմամբ չեն կիրառվել:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի` «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...», ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում պարունակվող «...և չի կիրառվել» բառակապակցություններում «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման: Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ: Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»:

ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասին և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ անհատական դիմում կարող է ներկայացվել ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարաններում դատավարության կողմ հանդիսացած այն ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից, որի նկատմամբ գործը լուծող վերջնական դատական ակտով կիրառվել է որևէ օրենքի դրույթ, որն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները, և որը գտնում է, որ տվյալ գործով կիրառված օրենքի դրույթը հակասում է Սահմանադրությանը: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60 և 32-րդ հոդվածներին համապատասխան` գործի քննությունը ենթակա է կարճման, եթե դիմումը չի համապատասխանում նշված պահանջներին:

6. Դիմողների կողմից վիճարկվող՝ «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «... քաղաքացիները կամ իրավաբանական անձինք ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի նկատմամբ իրավունքների ճանաչման նպատակով, ըստ դրանց գտնվելու վայրի, պետք է դիմեն անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմնի տարածքային ստորաբաժանումներ»:

ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետը և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասն անձին իրավունք են տալիս դիմել սահմանադրական դատարան ոչ թե ցանկացած օրենքի, այլ միայն իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցով:

Ինչ վերաբերում է վիճարկվող դրույթների սահմանադրականության հարցին՝ իրավակիրառական պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ, ապա դիմողներն այս կապակցությամբ ըստ էության բարձրացնում են ոչ թե իրավակիրառական պրակտիկայում ստացած բովանդակությանը համապատասխան նշված դրույթների սահմանադրականությունը որոշելու հարց, այլ այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց:

7. Համաձայն ՀՀ Սահմանադրության 19 հոդվածի՝ անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման անհրաժեշտություն ծագում է այն դեպքում, երբ նա խնդիր ունի վերականգնելու իր ենթադրյալ խախտված իրավունքները: Սահմանադրական այս դրույթի հիմքում ընկած է այն տրամաբանությունը, որ յուրաքանչյուր դեպքում անձն իր՝ դատարան դիմելու իրավունքը կարող է իրացնել միայն այն դեպքում, երբ տվյալ գործի առնչությամբ ունի իրավական շահագրգռվածություն: Սահմանադրական այս դրույթին համահունչ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող 2-րդ հոդվածի 1-ին մասը դատարան դիմելու իրավունքը վերապահել է շահագրգիռ անձին, այն է՝ անձին, ում իրավունքները ենթադրաբար խախտվել են:

Սահմանադրական դատարանը միաժամանակ գտնում է, որ «շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, և յուրաքանչյուր կոնկրետ գործով, ելնելով տվյալ գործի կոնկրետ հանգամանքներից, գործը քննող դատարանն է իրավասու գնահատելու այս հասկացությունը և պարզելու, թե արդյո՞ք տվյալ անձը գործի ելքում ունի իրավական շահագրգռվածություն:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմումում շարադրված փաստարկները, ինչպես նաև դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում են, որ խնդիրը վերաբերում է ոչ թե վկայակոչվող նորմերի սահմանադրականությանը, այլ դատական կարգով բողոքարկման առարկա դարձած առանձին ենթաօրենսդրական ակտերի (մասնավորապես, Երևանի քաղաքապետի 2005 թ. հոկտեմբերի 14-ի թիվ 2191-Ա որոշման, դրա հիման վրա կնքված առուվաճառքի պայմանագրի) օրինականությանն ու օրենքների ճիշտ կիրառմանը, որոնց գնահատման և դրանց առնչությամբ որոշում կայացնելու լիազորություն սահմանադրական դատարանը չունի:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի, ՀՀ դատական օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի` «ավանդատու» բառից հետո` ամբողջությամբ, և 3-րդ մասի, ինչպես նաև «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով գործի վարույթը կարճել` հիմնվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 3-րդ մասի, 60 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի և 69 հոդվածի 1-ին և 7-րդ մասերի վրա:

2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


4 ապրիլի 2008 թ.
ՍԴՈ-747