Գլխավոր տեղեկություն
Համար
N 40
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.10.2012-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.10.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 4 հոկտեմբերի 2012 թվականի N 40

3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ը ՖՐԱՆՍԵՐԵՆԻ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով) 

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև (այսուհետ՝ կազմակերպություն) 2013 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ֆրանսերենի լեզվաբանական ծրագրի նախագծին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ապահովել ծրագրի ստորագրումը 2012 թվականի հոկտեմբերի 12-13-ը կայանալիք կազմակերպության երկրների ղեկավարների գագաթաժողովի ժամանակ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 11

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թ.

հոկտեմբերի 4-ի նիստի N 40

արձանագրային որոշման

 

ՖՐԱՆՍԵՐԵՆԻ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՄԻՋԵՎ 2013Թ-Ի ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ 2015Թ-Ի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ը

 

Մենք` ՀՀ ԱԳ նախարարս և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարս,

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը 2008թ-ին միացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը` որպես ասոցիացված անդամ (և, որ 2012թ-ին դարձել է կազմակերպության լիիրավ անդամ)արձանագրել Կինշասայի գագաթաժողովի կողմից որոշումն ընդունելուց հետո- ցույց տալով այսպիսով, որ լիովին կիսում է այս կազմակերպության նպատակներն ու կողմնորոշումները,

Հաշվի առնելով, որ Ֆրանկոֆոնիայի խարտիան իր նախաբանում ամրագրում է, որ «ֆրանսերեն լեզուն այսօր հանդիսանում է արժեքավոր ժառանգություն, որը կազմում է ֆրանկոֆոնիայի հիմքը, տարաբնույթի ու բազմազանի միասնականությունը: Այն հանդիսանում է նաև դեպի արդիականություն տանող ճանապարհ, հաղորդակցության, մտածողության և ստեղծարարության գործիք, որը խրախուսում է փորձի փոխանակումը»:

Հաշվի առնելով 2008թ-ի հոկտեմբերին Քվեբեկում կայացած Պետությունների և կառավարությունների ղեկավարների համաժողովի ժամանակ ընդունված բանաձևը, որը վերաբերում է ֆրանսերեն լեզվի խրախուսմանը և լեզվաբանական ծրագրերի կյանքի կոչմանը,

Հաշվի առնելով, որ 2010թ-ին Մոնթրեում կայացած համաժողովի հռչակագրում Պետությունների և կառավարությունների ղեկավարները «ողջունել են այս համաժողովի ժամանակ առաջին լեզվաբանական ծրագրերի ստորագրումը և քաջալերել են այս գործողությունների պլանի բազմազանեցումը, որը խրախուսում է ֆրանսերեն լեզվի առաջխաղացումը»:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կամքը` արտահայտված ՀՀ ԱԳ նախարարի անունից Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին ուղղված 2011թ-ի նոյեմբերի 14-ի նամակում` «սերտորեն համագործակցելով` աշխատել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ` Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջև լեզվաբանական ծրագիր մշակելու համար»` նպատակ ունենալով «ամրապնդել ֆրանսերեն լեզվի գործածումը և երկրում ֆրանկոֆոն մշակույթի սփռումը»,

Հաշվի առնելով Հայաստանում արդեն իսկ գրանցված առաջընթացը, ինչ վերաբերում է ֆրանսերեն լեզվի զբաղեցրած դիրքին կրթական համակարգում, մշակույթում և հաղորդակցության մեջ, հանրային կառավարման և դիվանագիտության, զբոսաշրջային երթուղիներին ցուցանակների տեղադրման և երկրի զբոսաշրջային տեղեկատվության ոլորտներում` ցանկություն հայտնելով, որ նոր ձեռքբերումներ գրանցվեն այս բնագավառներում,

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կամքը`

1) համաձայնել վերոնշյալ բնագավառներում ի նպաստ ֆրանսերենի առանձնահատուկ ջանքերի գործադրմանը.

2) ամրապնդել ֆրանսերենի դիրքը ուսուցման համար առաջարկվող օտար լեզուների շարքում` կրթական բոլոր մակարդակներում, ինչպես նաև մասնագիտական ու տեխնիկական վերապատրաստման և շարունակական վերապատրաստման մեջ.

3) խորացնել ուսուցիչների ֆրանսերենով և ֆրանսերենի վերապատրաստումը և ֆրանսերեն սովորելու և ուսուցանելու պայմանները հայկական բազմալեզվության համատեքստում.

4) ընդլայնել իր համալսարաններում ֆրանկոֆոնիայի մասշտաբները.

5) խրախուսել իր բնակչության համար ֆրանկոֆոն մշակութային արտադրանքների (գրքեր, հեռուստահաղորդումներ) և ֆրանկոֆոն լրատվամիջոցների, մասնավորապես TV 5 Մոնդի հասանելիությունը.

6) քաջալերել միջազգային կազմակերպությունների և այլ բազմակողմ կարևոր հանդիպումների շրջանակներում իր ներկայացուցիչների ֆրանսերենով արտահայտվելը` համաձայն 2006թ-ին Բուխարեստում ընդունված Միջազգային կազմակերպություններում ֆրանսերենի գործածման վերաբերյալ ուղեցույցի դրույթների.

7) զարգացնել միջավայր, որը թույլ կտա դյուրացնելու ֆրանկոֆոն զբոսաշրջիկների հյուրընկալությունը:

 

Ստորագրելով սույն Լեզվաբանական ծրագիը` մենք հանձնառում ենք`

1) կյանքի կոչել կից գործողությունների պլանը` ուղղված սույն ծրագրի նպատակների իրականացմանը.

2) ընդունել տարեկան աշխատանքային պլան, որը կհստակեցնի իրականացման պարբերականությունը և կմատնանշի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները, ինչպիսիք են` տարբեր գործընկերների կողմից ձեռքբերված և ընդունված իրենց համապատասխան մարմինների կողմից.

3) հետևողական լինել սույն Լեզվաբանական ծրագրի իրականացման ընթացքում գրանցված առաջընթացի գնահատման նկատմամբ.

4) վերաքննարկել, սույն ծրագրի ավարտին և հաշվի առնելով ձեռք բերված արդյունքները, այն պայմանները, որոնց հիման վրա այն կարող է, անհրաժեշտության դեպքում, երկարաձգվել:

 

Սույն Լեզվաբանական ծրագիրն ուժի մեջ է մտնելու 2013թ-ի հունվարի 1-ին` 3 տարի ժամկետով:

Ստորագրված է Կինշասայում 2012թ-ի…..

 

Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Աբդու ԴԻՈՒՖ 

 

ՀՀ ԱԳ նախարար

Ֆրանկոֆոնիայի

գլխավոր քարտուղար

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՖՐԱՆՍԵՐԵՆԻ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ: ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

 

1. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐ/ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ/ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

Ա. ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՖՐԱՆՍԵՐԵՆԻ ԴԻՐՔԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ

1. Դպրոցական հաստատություններում երրորդ ընտրովի օտար լեզվի գործարկում

ՀՀ ԿԳՆ

Գործողության իրականացում,
Դպրոցների տնօրենների ուշադրության սևեռում ֆրանսերենի` որպես միջազգային լեզվի և հիմնական կառույցների պաշտոնական լեզվի կարևորության վրա,
Աշխատանք մեթոդիկայի, ծրագրերի, դասագրքերի ուղղությամբ

2. Աջակցություն խորացված ֆրանսերենի ուսուցման ներդրմանը Երևանի և Գյումրիի 10 դպրոցական հաստատություններում* (1ժ` 2-րդ, 3ժ` 3-9-րդ, 6ժ` 10-12-րդ դասարաններում)

ՀՀ ԿԳՆ, ՖԱԳԵՎՆ, TV5 Մոնդ, ՖՈՒՀԱ, ֆրանկոֆոն ապակենտրոնացված համագործակցություն

Ծրագրի մշակում, մեթոդական գրականության ընտրություն և տրամադրում, ուսուցիչների վերապատրաստում, վերապատրաստում
TV5 Մոնդի մեթոդական սարքավորումներից օգտվելու համար և մուտք համացանց, լավագույն աշակերտների համար լեզվաճանաչողական այցերի կազմակերպում

3. Աջակցություն ֆրանսերենով լրացուցիչ ծրագրերի ներդրմանը նույն դպրոցական հաստատություններում*` շաբաթական 10ժ-12ժ ուսուցման հիմքի վրա

ՀՀ ԿԳՆ, ՖԱԳԵՎՆ, ՖՈՒՀԱ ՖՄԿ (Կրթության և վերապատրաստման բաժին(ԿՎԲ) ԱԿԵՏԿ-ի Կողմնորոշման խորհրդի կողմից ընդունված գործողությունների շրջանակներում), ֆրանկոֆոն ապակենտրոնացված համագործակցություն

Դպրոցական ծրագրերի մշակում, մեթոդական գրականության ընտրություն և տրամադրում, ուսուցիչների վերապատրաստում (ստաժավորում և դասընթացներ), լավագույն աշակերտների համար լեզվաճանաչողական այցերի կազմակերպում

4. Հայ-ֆրանսիական ավագ դպրոցի նախագծի իրականացում

ՀՀ ԿԳՆ, ՖԱԳԵՎՆ

2012-2013թթ. ընթացիկ նախապատրաստական աշխատանքներ

5. Հայկական համալսարանների և ՖՀԳ-ի միջև հարաբերությունների ամրապնդում հատկապես Երևանում Ֆրանկոֆոն թվայնացված կենտրոնի և ՖՀԳ-ի տարածաշրջանային գրասենյակի միջոցով

ՀՀ ԿԳՆ, ՖՀԳ, Հայաստանի համալսարաններ և Հայաստանում ֆրանսիական համալսարան

ՖՀԳ-ի օժանդակությունը ծրագրային առաջարկներին

6. ՖՀԳ տարածաշրջանային գործունեության մեջ Հայաստանի ներգրավվման բարելավում

ՀՀ ԿԳՆ, ՖՀԳ, Հայաստանի համալսարաններ և Հայաստանում ֆրանսիական համալսարան

Գիտական, մշակութային և տոնական բնույթի տարածաշրջանային միջոցառումների կազմակերպում

7. Նախադպրոցական հաստատություններում ֆրանսերենի փորձնական ծրագրի ներդրում` որպես լրացուցիչ կրթական ծառայություն (մայրենի լեզվի հիմքի վրա ֆրանսերենի ուսումնասիրության նախադրյալների ապահովում)

ՀՀ ԿԳՆ, ֆրանկոֆոն ապակենտրոնացված համագործակցություն, ՖՔՄԱ, Երևանի քաղաքապետարան և Հայաստանի համայնքների միություն

Աջակցություն ընտրված նախադպրոցական հաստատություններին, մանուկների համար նախատեսված ծրագրերի մշակում,
նախադպրոցական հաստատությունների ուսուցիչների միջև համագործակցություն

Բ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Աջակցություն ֆրանսերենով իրականացվող մասնագիտական վերապատրաստմանը այն ոլորտներում, որտեղ այս լեզուն մեծ կարևորություն ունի

ՖՄԿ (ԿՎԲ)

Երկլեզու մասնաճյուղերի տեղակայման հնարավորության ուսումնասիրում այն ոլորտներում, որտեղ ֆրանսերենն առավելություն ունի` այս ոլորտները դասակարգելուն ուղղված հետազոտություն անցկացնելուց հետո

Գ. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

1. Մասնակցություն ԱԿԵՏԿ-ի կողմից կազմակերպված վերապատրաստումներին

ՀՀ ԿԳՆ, ՖՄԿ(ԿՎԲ/ԱԿԵՏԿ), ՖՈՒՀԱ

Վերպատրաստողներին վերապատրաստող անձանց և ֆրանսերենի ուսուցիչների մասնակցությունը ԱԿԵՏԿ-ի կողմից կազմակերպված վերապատրաստումներին

2. ԱԿԵՏԿ վերապատրաստումների տարածմանն ուղղված գործողությունների իրականացում

ՀՀ ԿԳՆ, ՖՄԿ(ԿՎԲ/ԱԿԵՏԿ), ՖՈՒՀԱ

ՀՀ ԿԳՆ և ՖՄԿ միջև համաձայնագրի ստորագրում, որը կլիազորի ՖՈՒՀԱ-ին տարածելու ԱԿԵՏԿ-ի վերապատրաստումները` որպես լրացուցիչ կրթություն

3. TV 5 Մոնդ հեռուստաընկերության մեթոդական գործիքների գործածման խրախուսում

ՀՀ ԿԳՆ, TV5 Մոնդ

Հասանելի համացանցի տեղակայում ֆրանկոֆոն դպրոցական և համալսարանական հաստատություններում, դրանց օգտագործման համար վերապատրաստման կազմակերպում

Դ. ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆԿՈՖՈՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՖՔՄԱ-ի հետ դպրոցների կառուցման, վերանորոգման և տեխնիկապես վերազինման բնագավառում համագործակցության շարունակում

ՀՀ ԿԳՆ, ՖՔՄԱ, Երևանի քաղաքապետարան, Հայաստանի համայնքների միություն

Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցին կից միահարկ մասնաշենքի կառուցում և լեզվի լաբորատորիայի տեխնիկական վերազինում,
Գյումրիի թիվ 3 ավագ դպրոցում լեզվի լաբորատորիայի տեխնիկական վերազինում

*Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ֆրանսիայի Արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության միջև ստորագրված ՀՀ ուսումնական հաստատություններում ֆրանսերենի ուսուցման մասին համաձայնագրի հոդված 3` Գործողության ոլորտ, կետ 1-ի` «Սույն համաձայնագիրը վերաբերում է այն դպրոցներին, որոնց ցանկը հաստատում է Հայկական կողմը: Այս ցանկը ենթակա է վերանայման յուրաքանչյուր տարի»:

 

1. ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ԹԵՄԱՆԵՐ

ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐ/ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ / ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

1. Երևանի և Հայաստանի այլ քաղաքների գրադարաններում ֆրանկոֆոն գրքի անկյունների ստեղծում

ՀՀ ՄՆ, Երևանի քաղաքապետարան, Հայաստանի համայնքների միություն, այլ համայնքներ (Գյումրի և Գորիս), ՖՄԿ

Ֆրանսերենով գրքերի տրամադրում, հատկապես` Երևանի Ավ. Իսահակյանի անվան գրադարանին և Գյումրիի ու Գորիսի քաղաքային գրադարաններին

2. ՖՔՄԱ-ի կողմից գրադարանների տեխնիկապես վերազինման շարունակում

ՀՀ ՄՆ, Երևանի քաղաքապետարան, Հայաստանի համայնքների միություն, Գյումրիի և Գորիսի քաղաքապետարաններ, ՖՔՄԱ

Երևանի Ավ. Իսահակյանի անվան գրադարանի և Գյումրիի ու Գորիսի քաղաքային գրադարանների տեղեկատվական սենյակների տեխնիկական վերազինում

3. Գրադարանավարների վերապատրաստում (ֆրանսերեն և մասնագիտական)

ՀՀ ՄՆ, Երևանի քաղաքապետարան, Հայաստանի համայնքների միություն, ՖՄԿ (մասնագիտական), ՖԱԳԵՎՆ, ՖՔՄԱ(ֆրանսերեն)

Վերապատրաստման դասընթացներ

4. Ֆրանկոֆոն երկրների հետ մշակութային փոխանակումների զարգացման խրախուսում, հատկապես «Ֆրանկոֆոնիայի միամսյակի» ընթացքում

ՀՀ ՄՆ, ՖՄԿ, ՖԱԳԵՎՆ, ՖՄԿ այլ անդամ պետություններ, ֆրանկոֆոն ապակենտրոնացված համագործակցություն

Աջակցություն մշակութային միջոցառումներին ֆրանկոֆոն արտիստների և հեղինակների
մասնակցությանը և ֆրանկոֆոն մշակութային ստեղծագործությունների տարածմանը

5. Ֆրանկոֆոն գրքի անկյունի ստեղծում Երևանի գրքի սալոնում

ՀՀ ՄՆ, ՖՄԿ, ՖՄԿ անդամ պետություններ

Աջակցություն այս անկյունի ակտիվացմանը (Հինգ մայրցամաքների դափնեկիրների խրախուսում…)

6. Ֆրանկոֆոն ստեղծագործությունների երկլեզու հրատարակությունների շարունակում

ՀՀ ՄՆ, ՖԱԳԵՎՆ

Ցածր արժողությամբ գրականություն` դպրոցներում և համալսարաններում տարածելու համար

7. Քննարկել TV5 Մոնդին հեռարձակման ալիքի տրամադրման հնարավորությունը

ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով,
TV5 Մոնդ, ՀՀ ԱԳՆ, ՖՄԿ անդամ պետություններ

Համաձայնագրի շուրջ բանակցություն և համաձայնագրի ստորագրում` 2015թ-ին թվային հեռուստատեսության անցնելու հեռանկարում

8. Խրախուսել հայերեն տիտրերով ֆրանկոֆոն ֆիլմերի և փաստավավերագրական ֆիլմերի ցուցադրումը հանրային հեռուստաալիքներով

ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ, TV5 Մոնդ

Համաձայնագիր Հանրային հեռուստաալիքի և TV5 Մոնդի միջև

9. Աջակցություն Հայաստանում ֆրանկոֆոնիայի վերաբերյալ տեղեկատվություն տարածող էլեկտրոնային լրատվամիջոցների` «Courrier d’Erevan», ստեղծելու նախագծին

Նախագծի պատասխանատու, ՖՄԿ

ՖՄԿ հովանավորություն

 

2. ՖՐԱՆՍԵՐԵՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ

ԹԵՄԱՆԵՐ

ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐ/ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ /ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

1. Գործընկերության համաձայնագրի ստորագրում Դիվանագիտության և հանրային ծառայության ոլորտում ֆրանսերենի ծրագրի շրջանակներում

ՀՀ ԱԳՆ, ՖՄԿ

Դիվանագիտության և հանրային ծառայության ոլորտում ֆրանսերենի ՖՄԿ ծրագիր` համաֆինանսավորվող ՖՄԿ-ի և Հայաստանի կողմից

2. ՀՀ պետական համակարգի պաշտոնյաների համար նախատեսված թեմատիկ վերապատրաստումների կազմակերպում

ՀՀ ԱԳՆ, ՖՄԿ

Վերապատրաստումներ՝ կազմակերպված Ֆրանսիայի Կառավարման ազգային դպրոցի կամ այլ մարմինների կողմից Դիվանագիտության և հանրային ծառայության ոլորտում ֆրանսերենի ծրագրի շրջանակներում

3. Ֆրանսերենի դասընթացներ Հայաստանի դիվանագիտական ակադեմիայի ունկնդիրների համար

ՀՀ ԱԳՆ, ՖՄԿ

Լեզվի դասընթացներ, այդ թվում` սկսնակ մակարդակում, խոստումնալից երիտասարդների համար դիվանագիտության և հանրային ծառայության ոլորտում ֆրանսերենի ծրագրի շրջանակներում

4. Դիվանագիտության և հանրային ծառայության ոլորտում ֆրանսերենի ծրագրի շրջանակներում իրականացվող վերապատրաստումների արժևորում

ՀՀ ԱԳՆ

Դիվանագետների և պաշտոնյաների աշխատանքային առաջընթացում ֆրանսերենի իմացության հաշվի առնում

5. Աջակցություն ՀՀ ԱԳՆ-ի կայքէջի ֆրանսերեն տարբերակի տեղակայմանը

ՀՀ ԱԳՆ, ՖՄԿ

Ենթակա է քննարկման Դիվանագիտության և հանրային ծառայության ոլորտում ֆրանսերենի ծրագրի շրջանակներում

6. Կարգադրություններ հայ պաշտոնյաներին` հարգելու միջազգային կազմակերպություններում ֆրանսերենի գործածման վերաբերյալ ուղեցույցը

ՀՀ ԱԳՆ, ՖՄԿ

Շրջաբերական, որը կոչ է անում առավելություն տալ ֆրանսերենով արտահայտվելուն յուրաքանչյուր հնարավոր առիթի դեպքում, հավաստիանալ, որ քարտուղարությունները տրամադրում են այլ լեզուներով ելույթների տեքստերի ֆրանսերեն տարբերակները և դիմել քարտուղարություններին` լեզվաբանական բազմազանության պահպանված չլինելու դեպքում և մասնակցել ֆրանկոֆոն դեսպանների խմբերի աշխատանքներին …

7. ԱԺ պատգամավորների և պաշտոնյաների համար ՖԽՎ-ի կողմից կազմակերպված ֆրանսերենի դասընթացներ

ՀՀ ԱԺ, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողով(ՖԽՎ)

ՖԽՎ Նորիա ծրագիր

8. ՀՀ Աժ էլեկտրոնային կայքի ֆրանսերեն թարգմանություն

ՀՀ ԱԺ, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողով(ՖԽՎ)

ՖԽՎ Նորիա ծրագիր

9. ՖՔՄԱ-ի կողմից Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների համար նախատեսված ֆրանսերենի դասընթացների շարունակում

Երևանի քաղաքապետարան, ՖՔՄԱ

ՖՔՄԱ վերապատրաստում

 

3. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

ԹԵՄԱՆԵՐ

ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐ/ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ /ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

1. Զբոսաշրջիկների և ոլորտի մասնագետների համար ֆրանկոֆոն կողմնորոշող տեղեկատվական նյութերի առկայության խրախուսում

ՀՀ ԷՆ (հայկական կողմի համակարգող), ՀՀ ՄՆ, Հայաստանի համայնքների միություն, Երևանի քաղաքապետարան, ՖՔՄԱ, ֆրանկոֆոն ապակենտրոնացված համագործակցության աջակցությամբ

Համատեղ գործողություններ` ուղղված ֆրանսերենով ուղեգրքերի,
գյուղական իջևանատների սեփականատերերի համար ֆրանկոֆոն հատուկ բառապաշարով բառարանների, տարածաշրջանային առաջընթացի համար կողմնորոշող տեղեկատվական նյութերի թողարկմանը

2. Խրախուսել զբոսաշրջության ամենակարևոր վայրերում ֆրանսերենով ցուցանակների տեղադրումը

ՀՀ ԷՆ (հայկական կողմի համակարգող), ՀՀ ՏՆ, ՀՀ ՄՆ, Հայաստանի համայնքների միություն, ՖՔՄԱ

Երթուղիների հստակեցում, համատեղ գործողություններ` ուղղված ցուցանակների տեղադրման փուլային իրականացմանը

3. Զբոսաշրջության ոլորտում ֆրանկոֆոն մասնագետների բարձրագույն կրթությամբ պատրաստումների իրականացում

ՀՀ ԿԳՆ, ՀՀ ԷՆ, ՖՀԳ, Հայաստանում ֆրանսիական համալսարան, հայկական համալսարաններ

ՀՖՀ-ի «Մշակութային հաղորդակցություն, տուրիզմ և մենեջմենթ» մագիստրատուրա, ՀՀ այլ բուհերում զբոսաշրջության մասնագիտությամբ դասընթացների իրականացում

4. Աշխատանք` ուղղված միասնական զբոսաշրջային տեղեկատվության բազմալեզու կայքի ստեղծմանը

ՀՀ ԷՆ (հայկական կողմի համակարգող), ՀՀ ՄՆ, Երևանի քաղաքապետարան, Հայաստանի համայնքների միություն, ՖՔՄԱ, ֆրանկոֆոն ապակենտրոնացված համագործակցության աջակցությամբ

Աջակցություն քաղաքների զբոսաշրջային երթուղիների խմբավորմանը և բովանդակության ֆրանսերեն թարգմանությանը

 

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ `

ՀՀ ԱԳՆ` Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարություն

ՀՀ ԿԳՆ` Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարություն

ՀՀ ՄՆ` Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարություն

ՀՀ ԷԿ` Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ՏՆ` Հայաստանի Հանրապետության Տրանսպորտի և կապի նախարարություն

ՖՈՒՀԱ` Ֆրանսերենի ուսուցիչների հայկական ասոցիացիա

ՀՖՀ` Հայաստանում ֆրանսիական համալսարան

ՖԱԳԵՎՆ` Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարություն

ՖՄԿ` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն

ՖՔՄԱ` Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիա

ՖԽՎ` Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողով

ՖՀԳ` Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն

ԱԿԵՏԿ` Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանային կենտրոն