ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
15 ապրիլի 2008 թ. |
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԱՐՄԵՆ ՀԱՄԱՄՋՅԱՆԻ, ԱԻԴԱ ՔՈՉԱՐՅԱՆԻ, ԻՐԻՆԱ ՕԳԱՆԵԶՈՎԱՅԻ, ԱՆՆԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԵՎ ԱԳՆԵՍԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 68 ՀՈԴՎԱԾԻ 10-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ 12-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ՝
դիմողներ` քաղ. Աիդա Քոչարյանի և Իրինա Օգանեզովայի,
գործով որպես պատասխանող ներգրավված՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության պետ Ա. Խաչատրյանի,
համաձայն ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի, 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացիներ Արմեն Համամջյանի, Աիդա Քոչարյանի, Իրինա Օգանեզովայի, Աննա Բաղդասարյանի և Ագնեսա Բաղդասարյանի դիմումների հիման վրա` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 10-րդ մասի 2-րդ պարբերության և 12-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը քաղաքացիներ Արմեն Համամջյանի, Աիդա Քոչարյանի, Իրինա Օգանեզովայի, Աննա և Ագնեսա Բաղդասարյանների դիմումներն են սահմանադրական դատարան, որոնց հիման վրա, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39 հոդվածով, մինչև դատաքննությունն սկսվելը գործերը միավորվել են դատարանի նույն նիստում քննելու համար։
Ուսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, կողմերի գրավոր բացատրությունները, լսելով պատասխանող կողմի լրացուցիչ պարզաբանումները, հետազոտելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 10-րդ մասի 2-րդ պարբերությունը և 12-րդ մասը ու գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2006 թվականի հունիսի 1-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2006 թվականի հունիսի 14-ին և ուժի մեջ է մտել 2006 թվականի հուլիսի 1-ից:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածը վերնագրված է «Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված գործերի քննությունը Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին, 3, 4 և 8-րդ կետերում նշված մարմինների և անձանց դիմումների հիման վրա (իրավական նորմերի սահմանադրականության վերացական վերահսկողություն)», որի 10-րդ մասը սահմանում է. «Վիճարկվող ակտն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում այն իրավաբանական ուժը կորցնում է սահմանադրական դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից, բացառությամբ սույն հոդվածի 12-րդ և 13-րդ մասերով սահմանված դեպքերի:
Այդ ակտերի վրա հիմնված սահմանադրական դատարանի որոշման ընդունմանը նախորդող ժամանակահատվածում ընդունված և կատարված վարչական կամ դատական ակտերը վերանայման ենթակա չեն:
Չկատարված վարչական և դատական ակտերի կատարումը սահմանադրական դատարանի որոշումը հրապարակելուց հետո անհապաղ դադարեցվում է իրավասու վարչական մարմնի կամ դատարանի որոշմամբ»:
Իսկ 68 հոդվածի 12-րդ մասը սահմանում է. «Սույն հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետում նշված որոշումը սահմանադրական դատարանն իրավասու է տարածելու նաև այդ որոշման ուժի մեջ մտնելուն նախորդող իրավահարաբերությունների վրա, եթե այդպիսի որոշում չընդունելը կարող է հանրության կամ պետության համար առաջացնել ծանր հետևանքներ:
Սույն մասի առաջին պարբերությունում նշված որոշմամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված նորմատիվ ակտի, ինչպես նաև այդ ակտի կատարումն ապահոված այլ նորմատիվ ակտերի վրա հիմնված` սահմանադրական դատարանի որոշման ուժի մեջ մտնելուն նախորդող երեք տարիների ընթացքում ընդունված և կատարված վարչական կամ դատական ակտերը ենթակա են վերանայման վարչական կամ դատական ակտն ընդունած մարմնի կողմից` օրենքով սահմանված կարգով»:
2. Դիմողները սահմանադրական դատարան են ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի՝ վերջնական դատական ակտեր հանդիսացող որոշումներ, որոնցով սույն գործով դիմողների նկատմամբ կիրառվել են «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 10-րդ մասի 2-րդ պարբերության և 12-րդ մասի դրույթները, և վիճարկում են այդ դրույթների սահմանադրականությունը:
Ըստ վերջնական դատական ակտերի` ՀՀ վճռաբեկ դատարանը, քննելով Ա. Համամջյանի վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանի 13.02.2007թ. որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու մասին դիմումը, ինչպես նաև Ա. Քոչարյանի, Ի. Օգանեզովայի, Աննա և Ագնեսա Բաղդասարյանների վճռաբեկ բողոքները վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանի 05.02.2007թ. և 07.02.2007թ. որոշումները նոր հանգամանքի հիմքով վերանայելու դիմումները, իր 02.08.2007թ. և 18.06.2007թ. որոշումներով դրանք մերժել է:
Վճռաբեկ դատարանը մերժումը պատճառաբանել է նրանով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի2 241.1 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքներով վճիռների և որոշումների վերանայման համար հիմք է ՀՀ սահմանադրական դատարանի` ուժի մեջ մտած որոշումը, որով ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչվել այն օրենքը կամ իրավական ակտը, որը կիրառել է դատարանը (տվյալ դեպքում` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1 հոդվածի 2-րդ կետը, որը սահմանադրական դատարանի 09.04.2007թ. որոշմամբ հակասահմանադրական է ճանաչվել):
Վճռաբեկ դատարանն իր որոշումներով պատճառաբանել է, որ սահմանադրական դատարանի` դիմողների կողմից վկայակոչված 09.04.2007թ. որոշումն ուժի մեջ է մտել կայացման պահից, իսկ սահմանադրական դատարանն այն չի տարածել դրա ուժի մեջ մտնելուն նախորդող իրավահարաբերությունների վրա, հետևաբար` այն տվյալ քաղաքացիական գործերով որպես նոր հանգամանք չի կարող հանդիսանալ:
Մասնավորապես, Ա. Համամջյանը 12.11.2007թ. դիմել է սահմանադրական դատարան, գտնելով, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 10-րդ մասի 2-րդ պարբերության` իր նկատմամբ կիրառված դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 3 և 6 հոդվածների 1-ին և 2-րդ մասերի, 18 և 19 հոդվածների 1-ին մասերի պահանջներին, ուստի խնդրում է այն անվավեր ճանաչել:
Դիմողն իր դիրքորոշումը հիմնավորում է նրանով, որ դրանից առաջ դիմել էր սահմանադրական դատարան` խնդրելով անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1 հոդվածի 2-րդ կետը, սակայն դիմումը քննության չէր ընդունվել այն պատճառաբանությամբ, որ սահմանադրական դատարանի 09.04.2007թ. որոշմամբ արդեն իսկ քննվել էր սույն հոդվածի սահմանադրականության հարցը:
Դիմողներ Ա. Քոչարյանը, Ի. Օգանեզովան, Աննա և Ագնեսա Բաղդասարյանները 19.12. 2007թ. դիմել են սահմանադրական դատարան` գտնելով, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 12-րդ մասի` իրենց նկատմամբ կիրառված դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 3, 14.1., 18 և 19 հոդվածների պահանջներին, ուստի խնդրում են այն անվավեր ճանաչել:
Դիմողներն իրենց դիրքորոշումը հիմնավորում են նրանով, որ դրանից առաջ իրենք նախատեսել են դիմել սահմանադրական դատարան` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1 հոդվածի 2-րդ կետն անվավեր ճանաչելու խնդրանքով, սակայն սահմանադրական դատարանի 09.04.2007թ. որոշմամբ արդեն իսկ լուծվել էր նշված հոդվածի սահմանադրականության հարցը, ուստի դրա հնարավորությունը բացառվեց, քանի որ առկա է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքը:
Դիմողները գտնում են, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 10-րդ մասի 2-րդ պարբերության և 12-րդ մասի դրույթները զրկել են իրենց Սահմանադրության 18 և 19 հոդվածների 1-ին մասերի համաձայն իրենց խախտված իրավունքները դատական կարգով վերականգնելու հնարավորությունից:
3. Պատասխանողը գտնում է, որ դիմողների կողմից բերված հիմնավորումներն անհիմն են և դիմումները ենթակա են մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
1) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 10-րդ մասի դրույթները, համակարգային առումով փոխկապակցված լինելով նույն հոդվածի 12-րդ մասի դրույթների հետ, երաշխավորում են Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումը: Սահմանադրական վերահսկողության այս ձևի կիրառումը, որը հիմնվում է իրավական ակտի հակասահմանադրականության մասին որոշման ընդունումից հետո ծագող իրավահարաբերությունների վրա տարածելու պայմանի վրա, բխում է Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասում ամրագրված նորմի բովանդակությունից, քանի որ ըստ ժամանակի մեջ գործողության հիմքի` սահմանադրական դատարանի որոշումները ուժի մեջ են մտնում հրապարակման պահից: Այս մոտեցումը բխում է նաև Սահմանադրության 42 հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջներից, քանի որ իրավական ակտն հակասահմանադրական ճանաչելու մասին սահմանադրական դատարանի որոշումը, ըստ էության, հանդիսանում է անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտ և, հետևաբար, այն կարող է հետադարձ ուժ ունենալ, եթե միայն դա նախատեսված է այդ ակտերով:
2) Ըստ պատասխանող կողմի` կարևորելով սահմանադրական դատարանի որոշման հետևանքով առաջացող հնարավոր իրավիճակների սահմանադրականության խնդիրը, օրենսդիրը, միաժամանակ, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 10-րդ և 12-րդ մասերի ուժով սահմանադրական դատարանին օժտել է դատական ակտին հետադարձ ուժ տալու հայեցողական իրավազորությամբ: Բնականաբար, նման որոշումների առկայությունը ենթադրում է վերականգնել մինչև որոշման ընդունման պահն առկա հարաբերությունները, բայց ակնհայտ է, որ` առանց բացառող պայմանների, սահմանադրական դատարանի ակտին հետադարձ ուժով օժտելը գործնական առումով կարող է հանգեցնել երկրում իրավական անվտանգության խաթարմանն ու անլուծելի իրավիճակների առաջացմանը: Եվ այս տրամաբանությամբ օրենսդիրը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 12-րդ մասի ուժով սահմանափակել է սահմանադրական դատարանի հայեցողական մոտեցումների շրջանակները, որը նպատակ է հետապնդում ապահովել հանրության և պետության օրինական շահերի պաշտպանությունը` չպատճառելով էական վնասներ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին ու ազատություններին:
4. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այս կամ այն վիճարկվող ակտը կամ դրա դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու վերաբերյալ իր որոշման իրավական հետևանքները կապվում են ոչ միայն տվյալ ակտի, այլ նաև դրա հիման վրա կայացված դատական կամ վարչական ակտերի իրավական հետևանքների, այդ ակտերի հիման վրա մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների ապահովման ու պաշտպանության հետ` որպես անմիջական գործող իրավունք: Հետևաբար, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 10-րդ մասի 2-րդ պարբերությունում և 12-րդ ու 13-րդ մասերում ամրագրված դրույթներով կանոնակարգվել են սահմանադրական դատարանի՝ նման որոշումների իրավական հետևանքներն այն դատական և վարչական ակտերի համար, որոնք կայացվել են մինչև սահմանադրական դատարանի համապատասխան որոշման ընդունումը: Ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 10-րդ մասի 2-րդ պարբերության` սահմանադրական դատարանի որոշումները, որպես ընդհանուր կանոն, չունեն հետադարձ ուժ և չեն տարածվում մինչ սահմանադրական դատարանի որոշման ընդունումը ծագած և դատական կամ վարչական ակտերով կարգավորված իրավահարաբերությունների վրա: Ընդ որում, եթե կատարված դատական կամ վարչական ակտերը վերանայման ենթակա չեն, ապա չկատարված վարչական կամ դատական ակտերը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 10-րդ մասի 3-րդ պարբերության` ենթակա չեն կատարման և դրանց կատարումն անհապաղ դադարեցվում է իրավասու վարչական մարմնի կամ դատարանի որոշմամբ:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 12-րդ և 13-րդ մասերը նախատեսում են վերոհիշյալ ընդհանուր կանոնից բացառություններ` տարբերակված մոտեցում դրսևորելով քաղաքացիաիրավական և քրեաիրավական հարաբերություններին: Օրենքի 68 հոդվածի 12-րդ մասով նախատեսված բացառության համաձայն՝ սահմանադրական դատարանի հայեցողությանն է թողնված իր որոշումներին հետադարձ ուժ տալու հարցը: Նույն մասը որոշակի սահմաններ է նախատեսում սահմանադրական դատարանի այդ հայեցողության իրացման համար, այն է՝ սահմանադրական դատարանը կարող է իր այս հայեցողությունից օգտվել այն դեպքում, երբ իր որոշմանը հետադարձ ուժ չտալը հանրության կամ պետության համար կարող է առաջացնել ծանր հետևանքներ: Ինչպես նաև սահմանադրական դատարանի նման որոշման հիման վրա վերանայման ենթակա են այդ որոշման ուժի մեջ մտնելուն նախորդող միայն երեք տարիների ընթացքում ընդունված և կատարված վարչական կամ դատական ակտերը:
Նույն հոդվածի 13-րդ մասով նախատեսված բացառությունը վերաբերում է սահմանադրական դատարանի այն որոշումների հետադարձ ուժին, որոնք Սահմանադրությանը հակասող և անվավեր են ճանաչում քրեական օրենսգրքի կամ վարչական պատասխանատվության վերաբերյալ օրենքի վիճարկվող դրույթը: Այս բացառությունը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ քրեական և վարչական պատասխանատվություն նախատեսող դատական ակտերն անձի փաստացի վիճակի վրա ազդեցության առումով ունեն առանձնակի նշանակություն: Մասնավորապես, այս դեպքում հաշվի է առնվել անձի նկատմամբ քրեական օրենսգրքով կամ վարչական պատասխանատվության վերաբերյալ օրենքով հարկադրանքի միջոց կիրառելու և դրանից բխող հետևանքների առկայությունը և դրանց վերացման իրական հնարավորությունը:
Ինչպես վիճարկվող դրույթում ամրագրված ընդհանուր կանոնի, այնպես էլ վերոհիշյալ բացառությունների հիմքում ընկած է հետևյալ տրամաբանությունը. սահմանադրական դատարանի որոշումներին հետադարձ ուժ կարող է տրվել այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է որոշակի կենսական շահերի պաշտպանության նպատակով, և երբ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դատարանը, քննության առնելով այդ կենսական շահերի պաշտպանության անհրաժեշտության հարցը, հիմնավորված և պատճառաբանված որոշում է կայացնում իր որոշմանը հետադարձ ուժ տալու մասին:
5. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածն ունի այն բնորոշ առանձնահատկությունը, որ դրանով կանոնակարգվում են իրավական նորմերի վերացական սահմանադրական վերահսկողությանն առնչվող իրավահարաբերությունները: Անհատական դիմումների քննությանը կամ կոնկրետ սահմանադրական վերահսկողությանն առնչվող իրավահարաբերությունները կանոնակարգվում են օրենքի 69 հոդվածով: Սահմանադրական դատարանը գտնում է, որ հիշյալ 69 հոդվածի 11-րդ մասի հղումն օրենքի 68 հոդվածի 6-17-րդ մասերին խորությամբ հաշվի չի առել վերացական ու կոնկրետ սահմանադրական վերահսկողության նպատակն ու առանձնահատկությունները: Մասնավորապես, դա վերաբերում է սահմանադրական դատարանի որոշման հետադարձության ինստիտուտի առանձնահատկություններին` վերացական ու կոնկրետ սահմանադրական վերահսկողության պարագաներում: Եթե նախնական և հետագա վերացական սահմանադրական վերահսկողության դեպքում առաջին պլան է մղվում Սահմանադրության գերակայության երաշխավորումը` իրավական համակարգում օրենքների և այլ նորմատիվ ակտերի` Սահմանադրությանը համապատասխանությունն ապահովելու ճանապարհով, ապա անհատական դիմումների հիման վրա իրականացվող կոնկրետ վերահսկողության նպատակը Սահմանադրության դրույթների անմիջական գործողության երաշխավորումն է, մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ապահովումն ու պաշտպանությունը: Հետևաբար, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19 հոդվածի պահանջները հաշվի առնելով, սահմանադրական դատարանը քննության առարկա հարցի վերաբերյալ հստակ իրավական դիրքորոշում կարող է արտահայտել միայն անձի նյութական և դատավարական իրավունքների պաշտպանության տեսանկյունից վիճարկվող դրույթները «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 11 և 12-րդ մասերի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32 բաժնի (մասնավորապես` 20420 հոդվածի) դրույթների հետ համադրության մեջ դիտարկելով միայն:
6. Սահմանադրական դատարանի կողմից իրականացվող կոնկրետ վերահսկողությանը մասնավորապես բնորոշ է իրավական ակտի սահմանադրականության մասին որոշման տարածումը տվյալ գործին առնչվող իրավահարաբերությունների վրա: Կոնկրետ վերահսկողության դեպքում առաջին պլան է մղվում նաև անհատական շահերի պաշտպանության խնդիրը: Այս բնորոշ գծերին համահունչ՝ ՀՀ ներպետական օրենսդրությունը նախատեսել է շահագրգիռ անձի անհատական դիմումի հիման վրա ընդունված՝ սահմանադրական դատարանի որոշման արդյունքում տվյալ դիմողի առնչությամբ կայացված դատական ակտի վերանայման հնարավորությունը, ինչը լիարժեքություն և արդյունավետություն է հաղորդում սահմանադրական դատարանում անհատական դիմումի հիման վրա անձի սահմանադրական իրավունքների` որպես անմիջականորեն գործող իրավունքների, պաշտպանությանը: Մասնավորապես, օրենքի 69 հոդվածի 12-րդ մասը նախատեսում է դիմողի կողմից վիճարկվող դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշում ընդունվելու դեպքում դիմողի նկատմամբ կիրառված վերջնական դատական ակտն օրենքով սահմանված կարգով վերանայելու հնարավորությունը: ՀՀ քաղաքացիական դատավարության և քրեական դատավարության օրենսգրքերի համապատասխան հոդվածներով սահմանված է սահմանադրական դատարանի որոշումների հիման վրա դատական ակտերի վերանայման կարգը:
Օրենսդրական նման կարգավորումը հնարավորություն է տալիս սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացրած անձին լիարժեքորեն իրացնելու իր իրավունքները և ապահովում է սահմանադրական դատարանում անձի սահմանադրական իրավունքների պաշտպանության արդյունավետությունը:
Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ ՀՀ դատարանների կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախկին 2411 հոդվածի (որն ընդունվել էր ըստ 21.02.07թ. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և ուժը կորցրել ըստ 28.11.07թ. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի) և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 12-րդ մասի կիրառման առնչությամբ ձևավորվել էր իրավակիրառական պրակտիկա, որը հիմնվում էր վերոհիշյալ 2411 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ ««Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ oրենքով նախատեսված դեպքերում» դրույթի մեկնաբանության վրա: Ըստ որոշ մեկնաբանությունների` այդ նախադասությունը հիմք էր տալիս եզրակացնելու, որ օրենքի 69 հոդվածի 12-րդ մասի հիման վրա դատական ակտի վերանայումը ևս հնարավոր է միայն այն դեպքում, երբ սահմանադրական դատարանն օրենքի 68 հոդվածի 12-րդ մասի ուժով հետադարձ ուժ է տվել իր որոշմանը` այն տարածելով այդ որոշման ուժի մեջ մտնելուն նախորդող իրավահարաբերությունների վրա: Մինչդեռ այս մեկնաբանությունը ոչ միայն անընդունելի է, այլ նաև անիմաստ է դարձնում սահմանադրական դատարանի միջոցով անձի խախտված իրավունքների պաշտպանության գաղափարը, քանզի օրենսգրքի 2411 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի վերոհիշյալ նախադասության մեջ ամրագրված «դեպք» բառը ներառում էր ոչ միայն օրենքի 68 հոդվածի 12-րդ մասով նախատեսված դեպքը, այլ նաև օրենքի 69 հոդվածի 12-րդ մասով նախատեսված դեպքը:
7. Վերացական և կոնկրետ սահմանադրական վերահսկողության առանձնահատկություններով է պայմանավորված նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 10-րդ և 69 հոդվածի 12-րդ մասերի միջև եղած «անհամապատասխանությունը»: Մասնավորապես, օրենքի 68 հոդվածի 10-րդ մասը սահմանում է ընդհանուր կանոն, որից բացառություն է անում նույն հոդվածի 12-րդ և 13-րդ մասերով նախատեսված դեպքերում միայն, այդ ցանկում չներառելով օրենքի 69 հոդվածի 12-րդ մասը: Մինչդեռ օրենքի 69 հոդվածի նշված մասն ամրագրում է, որ օրենքի` դիմողի կողմից վիճարկվող դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշում ընդունվելու դեպքում դիմողի նկատմամբ կիրառված վերջնական դատական ակտն օրենքով սահմանված կարգով ենթակա է վերանայման: Այսինքն` այս նորմը ևս բացառություն է օրենքի 68 հոդվածի 10-րդ մասով սահմանված ընդհանուր կանոնից, բնորոշ է կոնկրետ վերահսկողությանը, որի մասին, բնականաբար, հիշատակում չէր կարող լինել 68 հոդվածում, որն էլ իր հերթին տարաբնույթ մեկնաբանությունների հնարավորություն է տալիս: Եվ եթե ձևավորված իրավակիրառական պրակտիկայի արդյունքում ընդհանուր իրավասության դատարանների կողմից շարունակվի նախապատվությունը տալ օրենքի 68 հոդվածի 10-րդ մասին` անտեսելով 69 հոդվածի 12-րդ մասի պահանջը, ապա ընդհանրապես անիմաստ կդառնա սահմանադրական դատարան անհատական դիմումներ ներկայացնելը:
8. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ օրենքի սահմանադրականությունը որոշելիս սահմանադրական դատարանը պարզում է նաև այդ ակտի վիճարկվող դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված տվյալ ակտի այլ դրույթների սահմանադրականությունը: Սահմանադրական դատարանը, այդ հոդվածին համապատասխան, հարկ է համարում անդրադառնալ վիճարկվող դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 12-րդ մասի սահմանադրականության հարցին:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 12-րդ մասի իրավակիրառական պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ այս դրույթի հիման վրա դատարանների կողմից վերանայվում են միայն այն անձանց առնչությամբ կայացված դատական ակտերը, որոնց դիմումի հիման վրա սահմանադրական դատարանն ընդունել է օրենքի կիրառված դրույթի` Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշում:
Նշված իրավակիրառական պրակտիկայի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 12-րդ մասի, ինչպես նաև 32 հոդվածի 3-րդ և 5-րդ մասերի համադրված վերլուծությունը վկայում է, որ այն անձինք, որոնց համար դեռևս չի լրացել սահմանադրական դատարան դիմելու համար օրենքով սահմանված վեցամսյա ժամկետը, զրկվում են սահմանադրական դատարան դիմելու միջոցով իրենց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանությունն իրականացնելու հնարավորությունից:
Վերոհիշյալ իրավակիրառական պրակտիկան արդյունք է նաև նրա, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 12-րդ մասում օգտագործված՝ «դիմող» եզրույթի բովանդակությանը տրվել է սահմանափակ մեկնաբանություն:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի՝ «Սահմանադրական դատավարության մասնակիցները» վերտառությամբ 44 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ «Սահմանադրական դատավարության մասնակիցներն են դատավարության կողմերը՝ դիմողը՝ սույն օրենքի 25-րդ հոդվածին համապատասխան՝ սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող մարմինները և անձինք»:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25 հոդվածի համաձայն՝ «Սահմանադրությամբ և սույն oրենքով սահմանված կարգով սահմանադրական դատարան կարող են դիմել Սահմանադրության 101-րդ հոդվածով նախատեսված մարմինները և անձինք, ընդ որում, Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետում նշված դեպքում սահմանադրական դատարան կարող են դիմել նաև իրավաբանական անձինք` Սահմանադրության 42.1-րդ հոդվածին համապատասխան»:
Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրությամբ և սահմանադրական դատարանի մասին oրենքով սահմանված կարգով սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված oրենքի դրույթի սահմանադրականությունը:
Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի վերոհիշյալ դրույթներից բխում է, որ այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր Սահմանադրությամբ և սահմանադրական դատարանի մասին oրենքով սահմանված կարգով կոնկրետ գործով իրավասու են վիճարկել այդ ակտով իրենց նկատմամբ կիրառված oրենքի դրույթի սահմանադրականությունը, համարվում են սահմանադրական դատարան դիմելու իրավունքի սուբյեկտներ: Տվյալ դեպքում «դիմող» հասկացությունը պետք է մեկնաբանվի լայն իմաստով և անձի սահմանադրական արդարադատության իրավունքի իրացումը պետք է օրենսդրորեն երաշխավորված լինի:
9. Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետը երաշխավորում է անձի՝ սահմանադրական դատարան դիմելու իրավունքը, օրենքով այդ իրավունքն իրացնելու համար սահմանվում է վեցամսյա ժամկետ, սակայն, գործնականում ստեղծվում է մի այնպիսի իրավիճակ, երբ մեկ այլ անձի կողմից իր իրավունքների պաշտպանության նպատակով սահմանադրական դատարան դիմելը խոչընդոտում է անձին իրացնելու իր՝ սահմանադրական դատարան դիմելու սահմանադրական իրավունքը: Այսինքն՝ մի անձի իրավունքի իրացումը կանխվում է մեկ այլ անձի կողմից իր իրավունքի իրացման փաստով, ինչի արդյունքում նրանց միջև ստեղծվում է նաև անհավասար վիճակ:
Սահմանադրական իրավունքների պաշտպանության նպատակով սահմանադրական դատարան դիմելու` սահմանադրական արդարադատության իրավունքի արդյունավետ իրացման անհրաժեշտությունը պահանջում է, որպեսզի այդ իրավունքի իրացումը կախվածության մեջ չդրվի տվյալ անձի կամքից անկախ առաջացած որևէ հանգամանքից: Հետևաբար, յուրաքանչյուր անձ պետք է հնարավորություն ունենա օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում օգտվելու սահմանադրական դատարանի միջոցով տրամադրվող իրավական պաշտպանությունից: Նման հնարավորությունը կարող է ապահովվել միայն այն դեպքում, երբ սահմանադրական դատարանի որոշման հիման վրա վերանայվեն նաև այն անձանց առնչությամբ կայացված դատական ակտերը, որոնց վերաբերյալ վերջնական դատական ակտի կայացման և տվյալ անձի նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ այլ դիմումի (դիմումների) հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն սկսելու օրվա կամ այդ հարցով սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա միջև ժամանակահատվածը չի գերազանցում վեց ամիսը:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետով երաշխավորված՝ սահմանադրական դատարան դիմելու անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը: Դա նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 7-րդ մասի պահանջն է, քանի որ նորմատիվ ակտերի սահմանադրականությունը գնահատելիս պետք է հաշվի առնվեն նաև մարդու և քաղաքացու՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների ու ազատությունների ապահովման և պաշտպանության ազատ իրականացման անհրաժեշտությունը, դրանց սահմանափակումների թույլատրելիությունը, Սահմանադրության անմիջական գործողության ապահովման անհրաժեշտությունը: Ուստի սահմանադրական դատարանը գտնում է, որ նոր հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովումը, որոնց օրենսդրորեն հստակեցնելը կմեծացնի վստահությունն արդարադատության նկատմամբ, մարդկանց հնարավորություն կտա առավել երաշխավորված ու արդյունավետ իրացնել դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը:
Հետևաբար, օրենսդիրը պարտավոր է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32 բաժնում սահմանել նոր հանգամանքների հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի հստակ իրավակարգավորում, որը կերաշխավորի անձի՝ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետով ամրագրված՝ սահմանադրական դատարան դիմելու իրավունքի, ինչպես նաև Սահմանադրության 19 հոդվածում ամրագրված իրավունքների արդյունավետ իրացման հնարավորությունը: Անհրաժեշտ է հստակ ամրագրել նաև այն անձանց վերաբերյալ դատական ակտերը վերանայելու օրենսդրական պահանջ, որոնք թեև սահմանադրական դատարանում չեն հանդիսացել դատավարության կողմ, սակայն սահմանադրական դատարանում իրենց գործի քննության հնարավորությունից զրկված են եղել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 3-րդ կամ 5-րդ մասերի ուժով: Այլապես, սահմանադրական դատարան դիմելու իրավունքը, ինչպես նաև խախտված իրավունքների` սահմանադրական դատարանի միջոցով դատական պաշտպանության իրավունքը կդառնան անիրական և երևութական՝ զուրկ լինելով արդյունավետ իրացման հնարավորությունից:
10. Սահմանադրական դատարանը նաև արձանագրում է, որ համաձայն 28.11.07 թ. ընդունված և 01.01.08թ. ուժի մեջ մտած «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի, նախկին 2411 հոդվածը փոխարինվել է 20420 հոդվածով, որի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է.
«1. Նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման համար հիմք են`
1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի` ուժի մեջ մտած որոշումը, որով ամբողջությամբ կամ մի մասով հակասահմանադրական է ճանաչվել այն օրենքը կամ այլ իրավական ակտը, որը կիրառել է դատարանը...»:
Փաստորեն, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը դիտարկում է սահմանադրական դատարանի համապատասխան որոշումները որպես դատական ակտերի վերանայման հիմք` անկախ որևէ հանգամանքից և առանց որևէ բացառության կամ վերապահման: Մյուս կողմից, շարունակում է գործել այն իրավակիրառական պրակտիկան, երբ քաղաքացիների նկատմամբ «նոր հանգամանքներով վճիռների և որոշումների վերանայման» ինստիտուտը չի կիրառվում բոլոր այն դեպքերում, երբ սահմանադրական դատարանը հետադարձություն չի տվել իր որոշմանը` անկախ այն բանից, թե վերացական կամ կոնկրետ սահմանադրական վերահսկողություն է իրականացվել:
Վիճարկվող դրույթների և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32 բաժնի (մասնավորապես` 20420 հոդվածի) դրույթների համակարգային վերլուծության արդյունքներով սահմանադրական դատարանն անձի՝ սահմանադրական դատարան դիմելու իրավունքի իրացման արդյունավետության տեսանկյունից կարևորում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով՝ սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի կարգի սահմանումը, որը, նախ՝ չի խաթարի երկրի իրավական անվտանգությունն ու քաղաքացիական շրջանառության կայունությունը, ինչպես նաև լիարժեք հնարավորություն կտա անձին սահմանադրական դատարանի որոշման հիման վրա վերականգնելու հակասահմանադրական նորմի կիրառման արդյունքում խախտված իր իրավունքը: Բացի վերոշարադրյալից, խնդիրը վերաբերում է նաև այն բանին, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան բաժնի նոր խմբագրությամբ (20422 հոդված) սահմանադրական դատարանի որոշման հիմքով փաստորեն վերանայման ենթակա են բոլոր այն դատական ակտերը, որոնք օրինական ուժի մեջ են մտել 20 տարուց ոչ վաղ: Այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանադրական դատարանի որոշման ուժը տարածում է 20-ամյա վաղեմությամբ իրավահարաբերությունների վրա: Ակնհայտ է, որ նշված նորմը հակասում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 10-րդ մասին, իսկ համաձայն «Իրավական ակտերի մասին»4 ՀՀ օրենքի 3 հոդվածի 2-րդ կետի` «2. Իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին»: Ըստ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի 6-րդ կետի` «6. Օրենսգրքի կարգավորման իրավահարաբերությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության մյուս բոլոր օրենքները պետք է համապատասխանեն օրենսգրքերին» (տվյալ դեպքում «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի դրույթները պետք է համապատասխանեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթներին, չնայած այն բանին, որ ՀՀ Ազգային ժողովը 2007թ. փետրվարի 21-ին փոփոխություն կատարելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2411 հոդվածի 1-ին մասում, շեշտել էր, որ նոր հանգամանքների ինստիտուտը կիրառվում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում: 2007թ. նոյեմբերի 28-ի փոփոխությունների արդյունքում օրենսգրքից այս նորմը նույնպես հանվեց):
Նույն կանոնն ամրագրված է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1 հոդվածի 1-ին մասում. «1. Հայաստանի Հանրապետության դատարաններում... քաղաքացիական գործերով դատավարության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենսգրքով և դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով:
Այլ օրենքներում... պարունակվող քաղաքացիական դատավարության իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն սույն օրենսգրքին, իսկ հակասության դեպքում կիրառվում են սույն օրենսգրքի նորմերը»:
Հաջորդ խնդիրը կայանում է հետևյալում: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20420 հոդվածի 2-րդ մասում ամրագրված դրույթը, որի համաձայն՝ «նոր հանգամանքներով վերանայման ենթակա են առաջին ատյանի դատարանների դատական ակտերը», կարող է խոչընդոտներ ստեղծել անձի խախտված իրավունքները սահմանադրական դատարանի որոշման հիման վրա վերականգնելու համար, քանզի առանձին դեպքերում անձի խախտված իրավունքների` սահմանադրական դատարանի որոշման հիման վրա վերականգնումը կարող է պահանջել վերաքննիչ դատարանի կամ վճռաբեկ դատարանի որոշումների վերանայում: Հաշվի առնելով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների լիազորությունները՝ հնարավոր են իրավիճակներ, երբ խախտված իրավունքների` սահմանադրական դատարանի որոշման հիման վրա վերականգնման համար ընդհանրապես չպահանջվի առաջին ատյանի դատարանի դատական ակտի վերանայում, և խախտված իրավունքը հնարավոր չլինի վերականգնել առանց վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանի ընդունած դատական ակտի վերանայման:
Ուստի սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32 բաժնում համապատասխան փոփոխությունների միջոցով պարտավոր է կարգավորել նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման գործող կարգը` այն հաշվով, որպեսզի չխաթարվի իրավական անվտանգությունը, և քաղաքացիները լիարժեքորեն կարողանան վերականգնել հակասահմանադրական նորմի կիրառման հետևանքով խախտված իրենց իրավունքները:
Սահմանադրական դատարանը նման օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը կարևորում է նաև այն տեսանկյունից, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20420 հոդվածի 2-րդ մասում ամրագրված դրույթն իրավակիրառական պրակտիկայում կարող է լուրջ խոչընդոտներ հարուցել ոչ միայն սահմանադրական դատարանի որոշումների հիման վրա անձանց սահմանադրական իրավունքների և ազատությունների վերականգնման կամ պաշտպանության համար, այլ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա անձանց կոնվենցիոն իրավունքների վերականգնման և պաշտպանության, հետևաբար` նաև Եվրոպական դատարանի վճիռները կատարելու՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորության բարեխիղճ կատարման համար:
Ելնելով գործի քննության արդյունքներից, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2007 թվականի փետրվարի 21-ին և նոյեմբերի 28-ին ընդունված օրենքներով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների փոփոխություններն ու լրացումները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 10-րդ մասի 2-րդ պարբերության և 12-րդ մասի դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 12-րդ մասի դրույթները, որոնք համակարգային առումով փոխկապակցված են օրենքի վիճարկվող դրույթների հետ, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 19 հոդվածի պահանջներին հակասող և անվավեր այն մասով, որով սահմանափակվում է նոր հանգամանքների հիմքով այն անձանց իրավունքների վերականգնման հնարավորությունը, որոնց վերաբերյալ վերջնական դատական ակտի կայացման և տվյալ անձի նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ այլ դիմումի (դիմումների) հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն սկսելու օրվա կամ այդ հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա միջև ընկած ժամանակահատվածը չի գերազանցում վեց ամիսը:
3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
15 ապրիլի 2008 թ. ՍԴՈ-751 |