ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 2008 թվականի N 293-Ն
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման 27-րդ կետի «զ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման պետական աջակցության 2008 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման պետական աջակցության 2008 թվականի ծրագրի միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 |
2008 Թ Վ Ա Կ Ա Ն Ի Ծ Ր Ա Գ Ի Ր
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԲԱՆ
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ընդհանուր նկարագիրը
Դեռևս 2000 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությունը ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերությունը հայտարարեց Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը, որին հաջորդեցին մի շարք միջոցառումներ` ուղղված այս որոշման իրականացմանը: 2001 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությունը Համաշխարհային բանկի, ԱՄՆ-ի զարգացման գործակալության, բուհերի, տարբեր հիմնադրամների և մասնավոր կազմակերպությունների հետ համատեղ մշակեց տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) գլխավոր ռազմավարությունն ու զարգացման ծրագիրը` ուղղված Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի հետագա զարգացմանն ու տարածաշրջանում Հայաստանը որպես ՏՏ-ի կենտրոն ճանաչելուն: 2001 թվականի մայիսին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման հայեցակարգը, որը մշակվել ու ներկայացվել էր Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից` հիմնված ՏՀՏ-ի գլխավոր ռազմավարության սկզբունքների վրա:
2001 թվականի հուլիսին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով ստեղծվեց տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ (ՏՏԶԱԽ), որի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է: Խորհրդի առաքելությունն այդ բնագավառում միջնորդ հանդիսանալն է Հայաստանի Հանրապետության կառավարության ու մասնավոր հատվածի միջև: 2002 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Համաշխարհային բանկի վարկի միջոցներով ստեղծվեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)` Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն աջակցելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 21-ի N 695-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով ընդգծվել է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դերը` ոչ միայն որպես առանձին ոլորտ, այլև որպես Հայաստանի տնտեսության ընդհանուր առաջընթացի, արտադրողականության բարձրացման և համաշխարհային տնտեսության մեջ մրցունակությունը պահպանելու գործոն: Այդ իսկ հիմնավորմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ուշադրության կենտրոնում կպահի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արտադրանքի և ծառայությունների ներդրման, ինչպես նաև երկրում էլեկտրոնային հասարակության ձևավորման խնդիրները:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 3-ի N ՆԿ-113-Ա կարգադրությամբ` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի ղեկավարությամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից մշակվել են ՏՏ-ի ոլորտի զարգացման հայեցակարգի և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցի նախագծերը:
Հայեցակարգի նախագիծը ներկայացվել է բոլոր պետական մարմինների, մի շարք միջազգային կառույցների և մասնավոր հատվածի քննարկմանը: Ներկայումս այն գտնվում է լրամշակման ամփոփիչ փուլում և 2008 թվականի սկզբում կներկայացվի Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը: Նշված հայեցակարգը ՏՏ-ի ոլորտի զարգացման երկարաժամկետ ռազմավարական մոտեցումների ամբողջություն է` ուղղված Հայաստանի Հանրապետության` որպես զարգացած ՏՏ-ի ոլորտի տարածաշրջանային և միջազգային նշանակության երկրի հեղինակության ձևավորմանը և երկրում տեղեկատվական հասարակության կայացմանը:
Միջոցներ են ձեռնարկվել Հայաստանում էլ. կառավարության ներդրման համար իրավական դաշտի ձևավորման ուղղությամբ: Ներկայումս իրականացվում են Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ինչպես նաև այլ խոշոր միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող մի շարք ծրագրեր` պետական հատվածի արդիականացման ծրագիրը և այլն: Նման նախաձեռնությունները կենտրոնանում են էլ. հասարակության ձևավորման և զարգացման տարբեր հարցերի վրա և անդրադառնում այնպիսի խնդիրների, ինչպիսիք են էլ. կառավարությունը, էլ. ուսուցումը, էլ. առողջապահությունը, էլ. մշակույթը և այլն:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը համարում է միջազգային համագործակցության դաշտի կարևորագույն օղակներից մեկը: Այս շրջանակում իրականացվել են տարբեր ծրագրեր, որոնք մեծապես նպաստել են ոլորտի ընդհանուր աճին: Այսպես` վերջին տարիներին ոլորտում գրանցվել է նոր ընկերությունների կտրուկ աճ` թե տեղական նորաստեղծ և թե արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղերի տեսքով: Ընդ որում, արտասահմանյան ընկերությունների 90 տոկոսն ստեղծվել է վերջին մի քանի տարվա ընթացքում: Գործող ՏՏ-ի ընկերությունների թիվը 2007 թվականին հասել է շուրջ 190-ի` գրանցելով տարեկան 20 տոկոս աճ: Հայաստանյան ՏՏ-ի ոլորտի արտադրողականության տարեկան աճը կազմում է շուրջ 30 տոկոս:
Միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսական միջոցների (մասնավորապես, Հայաստանի Հանրապետության կառավարությանը Համաշխարհային բանկի կողմից տրամադրված վարկի) ներգրավման հաշվին ընդլայնվել են ոլորտի հեռանկարային զարգացմանն ուղղված ծրագրային միջոցառումների շրջանակները:
2005-2007 թվականների ընթացքում ոլորտում լայնածավալ աշխատանքներ են իրականացվել արտասահմանյան խոշոր ՏՏ-ի ընկերությունների հետ Հայաստանի Հանրապետության կառավարության և (կամ) մասնավոր հատվածի մակարդակով համատեղ ծրագրերի մշակման ու իրականացման ուղղությամբ` խրախուսելով դրանց ներկայությունը Հայաստանում և նախատեսվող նոր նախաձեռնությունների շրջանակում արտասահմանյան ներդրումների խթանման ու նոր աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաև լավագույն միջազգային փորձի կիրառման նպատակով: Արդեն իսկ համագործակցության նախադրյալներ են ստեղծվել միջազգային ճանաչում ունեցող այնպիսի խոշոր ընկերությունների հետ, ինչպիսիք են «Ալքատելը», «Հյուլիթ Պաքարդը», «Սան Մայքրոսիսթեմսը», «Մայքրոսոֆտը», «Նեյշնլ Ինսթրումենթսը» և այլն:
2007 թվականի հունվարին Էդինբուրգ քաղաքում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության և «Մայքրոսոֆտ» կորպորացիայի միջև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության պայմանագիրը, որով «Մայքրոսոֆտ» կորպորացիան պարտավորվում է Հայաստանում իրականացնել մի շարք կրթական, ուսումնական ծրագրեր, հիմնել «Մայքրոսոֆտ» նորարարական տեխնոլոգիաների կենտրոն, համագործակցել էլեկտրոնային կառավարության ծառայությունների մշակման ուղղությամբ և այլն: Նախատեսված գործունեությունը համակարգելու, նախաձեռնություններ առաջարկելու, պայմանագրի դրույթների իրագործումը, մասնավորապես, ճյուղային գործարքային պայմանագրերի մշակումն ու կնքումն ապահովելու և վերահսկելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության և «Մայքրոսոֆտ» կորպորացիայի միջև ստեղծվել է համատեղ աշխատանքային խումբ:
Ներկայումս արդեն նախագծվել և 2008 թվականին կբացվի «Մայքրոսոֆտ» նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն իրականացրել է «Մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության արշավ» ծրագիրը, որի արդյունքում ձևավորված հեղինակային և հարակից իրավունքների կիրառման մեխանիզմների կատարելագործման վերաբերյալ առաջարկությունները ներկայացվել են աշխատանքային խմբի քննարկմանը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ ստորագրվել է "Microsoft Campus and School Agreement" լիցենզավորման պայմանագիրը:
2007 թվականի նոյեմբերին ստորագրվեց «Նեյշնլ Ինսթրումենթս» ամերիկյան ընկերության հետ փոխըմբռնման հուշագիրը, որով ամրագրվեց մեր երկրում գիտահետազոտական և կրթական համատեղ ծրագրեր իրականացնելու կողմերի պատրաստակամությունը: Գործնական առաջին քայլերն արդեն արված են` ամերիկյան ընկերությունը Երևանում բացել է տարածաշրջանային առաջին կենտրոնը, այսպիսով` ընդլայնելով իր գործունեությունը ԱՊՀ տարածքում: Նորաստեղծ կենտրոնն արդեն պատվերներ է ընդունում:
2007 թվականի դեկտեմբերի 26-ին կնքվել է «Միավորված ազգերի կազմակերպության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ՏՀՏ և զարգացման գլոբալ ալյանսի հետ համագործակցության մասին» համաձայնագիր:
Ալյանսի հետ համագործակցության շրջանակներում` արդեն իսկ 2007 թվականի նոյեմբերին Հայաստանում ձևավորվել է «Երիտասարդությունը ՏՀՏ-ի զարգացման համար» համաշխարհային ցանցը, և բացվել է ՏՀՏ-ի և բարձր տեխնոլոգիաների ոլորտում նորամուծությունների և հմտությունների զարգացման կենտրոնը:
Համաձայնագրի ստորագրմամբ հնարավորություն է ընձեռվել ոչ միայն ապահովելու նշված կենտրոնի հետագա պահպանումն ու զարգացումը, այլև անդամակցելու միջազգային մասնագիտական ցանցին, ինչը թույլ կտա Հայաստանի Հանրապետությանը մասնակցել ՏՀՏ-ի ոլորտում նախաձեռնվող միջազգային միջոցառումներին, ներգրավվել ՏՀՏ-ի զարգացման ընդհանուր գործընթացում և բարձրացնել Հայաստանի վարկանիշը` որպես զարգացած ՏՀՏ-ի ոլորտ ունեցող երկիր:
Բացի դրանից, նախատեսվում է Հայաստանում ձևավորել և հիմնել տարածաշրջանային ձեռնարկատիրության կենտրոն:
Հնդկաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսվում է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադրում, որի հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով 2007 թվականին Հայաստան էին ժամանել Նյու Դելիի «Center for Development of Advanced Compսting» տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի մասնագետները, որոնց հետ կազմակերպվել են մի շարք հանդիպում-քննարկումներ` տարբեր պետական մարմինների, մասնավոր ընկերությունների և բուհերի ներկայացուցիչների հետ: Ծրագիրը կմեկնարկի այցելության արդյունքները հնդկական կողմից ամփոփվելուց և առաջարկությունների վերջնական փաթեթը ներկայացվելուց հետո:
Եգիպտոսի Արաբական Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում փորձի փոխանակման, համագործակցության եզրերի հաստատման և տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգման ոլորտի եգիպտական փորձի ուսումնասիրման նպատակով 2007 թվականի դեկտեմբերին Եգիպտոսի Արաբական Հանրապետություն է գործուղվել պատվիրակություն` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալի ղեկավարությամբ: Այցելության արդյունքում ձեռք են բերվել մի շարք համատեղ` կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացման համաձայնություններ` ինչպես երկու երկրների համապատասխան գերատեսչությունների, այնպես էլ մասնավոր հատվածների ներկայացուցիչների միջև:
Հիմնվել են երկու ՏՏ-ի ներկայացուցչություններ` Կանադայում և Եվրոպայում, որոնք աջակցել են մի շարք համատեղ ծրագրերի իրականացմանը կանադական, եվրոպական և հայկական ՏՏ-ի ընկերությունների միջև, ինչպես նաև խրախուսել են բազմաթիվ բիզնես կապերի ստեղծմանը` առաջիկայում նոր պայմանագրեր կնքելու ակնկալիքով:
Իրականացվել են Հայաստանի առաջխաղացման միջոցառումներ` ուղղված Հայաստանի նկարագրի ձևավորմանը և ճանաչմանը` որպես ՏՏ-ի երկիր: Այդ նպատակով Հայաստանի ՏՏ-ի ոլորտը և ընկերությունները ներկայացվել են խոշոր և կարևոր միջազգային ցուցահանդեսներին և միջոցառումներին, ինչպես նաև կատարվել են մի շարք հետազոտություններ, և թողարկվել են ՏՏ-ի ոլորտին առնչվող վերլուծական տպագիր ու էլեկտրոնային նյութեր: Բացի դրանից, Հայաստանում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հայտարարված ՏՏ-ի ամսվա շրջանակում անցկացված բազմաթիվ միջոցառումները:
2005-2007 թվականներին հաջողությամբ իրականացվել են ծրագրեր` ուղղված ՏՏ-ի ոլորտի մասնագետների մասնագիտական կատարելագործմանը, տեխնիկական ու բիզնես հմտությունների զարգացմանը և նոր մասնագիտացումների ձեռքբերմանը: Օտարերկրյա և տեղական փորձագետների հետ համատեղ կազմակերպվել են տեխնիկական և բիզնես թեմաներով բազմաթիվ դասընթացներ:
Հայաստանի մի շարք բուհերում ներդրվել են նոր դասընթացներ և մասնագիտություններ` մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացման շրջանակում:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևողականորեն և աստիճանական կարգով շարունակում է իրականացնել այս ոլորտում ազատական տնտեսական քաղաքականության որդեգրած ուղղվածությունը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հիմնախնդիրները
ՏՏ-ի ոլորտի զարգացման միտումների հետ մեկտեղ` ոլորտի մասնավոր հետազոտությունների, փորձագիտական ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում բացահայտվել են մի շարք հիմնախնդիրներ, որոնք պայմանավորված են ինչպես օբյեկտիվ, այնպես ել սուբյեկտիվ գործոններով: Դրանք են, մասնավորապես, տեղեկատվական հասարակության և դրա տարբեր բաղադրիչների ձևավորման, ներդրման ու զարգացման խնդիրները, ՏՏ-ի ոլորտում ներդրումների խթանման և ձեռնարկությունների ապրանքների ու ծառայությունների տեղական և միջազգային շուկաներ առաջմղման հետ կապված խնդիրները, գործարար և տեխնիկական խորհրդատվության ստացման ու կադրերի մասնագիտական ուսուցման և վերապատրաստման առկա դժվարությունները, ՏՏ-ի մասնավոր հատվածի ու կրթական համակարգի միջև կապերի թերի զարգացումը, սկսնակ գործարարների համար ձեռնարկատիրական գործունեության խթանման մեխանիզմների անբավարարությունը և (կամ) համապատասխան հմտությունների պակասը:
Նշված հիմնախնդիրների հաղթահարմանն են ուղված 2008 թվականի ընթացքում նախատեսվող ծրագրային միջոցառումները` կարևոր նախապայման հանդիսանալով ոլորտի զարգացման նոր ռազմավարության և երկրի ընդհանուր տնտեսական աճի ապահովման համար:
1. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
ՏՏ-ի ոլորտի զարգացման պետական աջակցության 2008 թվականի ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակման և իրականացման հիմքը «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է:
Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել նաև`
1) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 3-ի ՆԿ-113-Ա կարգադրությունը ՏՏ-ի ոլորտի զարգացման հայեցակարգ և դրա իրականացման ժամանակացույց մշակելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 695-Ա որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 28-ի «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը ճանաչելու մասին» արձանագրային որոշումը:
2. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ծրագրի իրականացման հիմնական նպատակը Հայաստանում տեղեկատվական և գիտելիքի վրա հիմնված առաջադեմ հասարակության ու զարգացած և համաշխարհային ճանաչում ունեցող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կայացմանն աջակցելն է:
Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է`
1) կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետազոտություն, ներկա իրավիճակի վերլուծություն և ստացված արդյունքների հիման վրա տպագրել 3 նյութ.
2) ներկայացնել հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռքբերումները միջազգային և տեղական ցուցահանդեսներում, համաժողովներում և այլն.
3) ապահովել ոլորտի 3 խոշոր միջազգային ընկերությունների և կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի դրույթների իրականացումը.
4) նպաստել Հայաստանի Հանրապետությունում կայուն տնտեսական զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, տարածքային համաչափ զարգացմանը, աղքատության հաղթահարմանը:
3. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Ծրագիրն իրականացվում է պետական և մասնավոր հատվածների սերտ համագործակցությամբ` որպես պետական աջակցություն Հայաստանում ՏՏ-ի ոլորտի կառույցներին:
4. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
4.1. ՏՏ-ի ոլորտի հետազոտություն, ոլորտի ներկա իրավիճակի վերլուծություն, ոլորտի ցուցանիշների և ձեռնարկությունների վերաբերյալ ուղեցույցի պատրաստում
Ոլորտին վերաբերող հետազոտությունները և վերլուծությունները նպատակ ունեն ներկայացնելու ՏՏ-ի ոլորտի ներկա իրավիճակը, այդ թվում` հիմնական խնդիրները և մարտահրավերները, ռազմավարական զարգացման հեռանկարներն ու վերջին տարիներին գրանցված նվաճումները: Դրանք կհանդիսանան կարևոր գործիք` ոչ միայն բազմաթիվ միջոցառումների, հանդիպումների ընթացքում հայկական ՏՏ-ի ոլորտն ամփոփ և դիտարժան ներկայացնելու համար, այնպես էլ տեղեկատվական աղբյուր` ՏՏ-ի ոլորտի առջև ծառացած հիմնախնդիրների և դրանց լուծման հնարավոր ուղիների, ոլորտի աճի հեռանկարների, ներդրումների խթանման և հետագա զարգացման ռազմավարության մշակման ու արդյունավետ իրականացման համար:
4.2. Արտերկրում կազմակերպվող ցուցահանդեսների, համաժողովների համաֆինանսավորում
Հայաստանի ՏՏ-ի ոլորտը միջազգային շուկաներում` խոշորագույն ցուցահանդեսներում և գագաթնաժողովներում ներկայացնելը կրիտիկական գործոն է Հայաստանի` որպես զարգացած ՏՏ-ի ոլորտ ունեցող երկրի հեղինակության ձևավորման, հայկական ՏՏ-ի ոլորտի կարողությունների և ձեռքբերումների ցուցադրման, առանձին ընկերությունների կողմից իրենց ծրագրային փաթեթներն ու ծառայությունները ներկայացվելու և բիզնես կապերի ստեղծման, ինչպես նաև ոլորտի վերջին միջազգային նվաճումներին ծանոթանալու և շուկայական ուսումնասիրություններ կատարելու համար:
4.3. Հայաստանում կազմակերպվող ցուցահանդեսներ, համաժողովներ
Բացի միջազգային միջոցառումներին մասնակցելուց` կարևորվում են նաև Հայաստանում կազմակերպվող միջոցառումները (ցուցահանդեսներ, համաժողովներ և մրցույթներ), որոնք նպատակ ունեն հասարակության տարբեր շերտերին ցուցադրելու հայկական ՏՏ-ի ոլորտի ձեռքբերումներն ու նվաճումները, Հայաստանի Հանրապետության կառավարության, մասնավոր հատվածի, բուհերի և դոնոր կազմակերպությունների համագործակցության, միասնության և համատեղ ջանքերի արդյունքները: Դրանք կնպաստեն նաև իրազեկության բարձրացմանը և ոլորտի ներքին կապերի ամրապնդմանը` հիմք ստեղծելով նորարարությունների, արտադրողականության բարձրացման ու ՏՏ-ի ոլորտի և առավել լայն հանրության միջև կապերի ամրապնդման, ինչպես նաև երկրում տեղեկատվական հասարակության կայացման համար:
4.4. Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր հովանու ներքո իրականացվող «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամիս» խորագրով միջոցառումների կազմակերպման համաֆինանսավորում
Արդեն ավանդույթ է դարձել Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր հովանու ներքո սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում Երևանում «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամիս» խորագրով միջոցառումների անցկացումը: Ամսվա նպատակներն են խթանել տեղեկատվական հասարակության ձևավորումը Հայաստանում, ներկայացնել ՏՏ-ի համախմբի առաջընթացը, բարձրացնել հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարկանիշը և ներկայացնել առկա նվաճումները, աջակցել և խրախուսել օտարերկրյա ու հայկական ընկերությունների ներդրումային գործունեությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաև օժանդակել ոլորտի ընկերություններին ու մասնագետներին` համապատասխան գործընկերներ ու շուկաներ գտնելու հարցում:
4.5. Ծրագրավորման մրցույթի համաֆինանսավորում
Մրցույթի հիմնական նպատակը տեղեկատվական ու հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի հայ երիտասարդ մասնագետների պրոֆեսիոնալիզմի աստիճանն ու անհրաժեշտ հմտությունների զարգացման պահանջները բացահայտելն ու խթանելն է` նորաստեղծ ընկերություններին և երիտասարդ մասնագետներին արդի գիտելիքներ տրամադրելու նպատակով:
Մրցույթը Հայաստանի երիտասարդ մասնագետներին հնարավորություն է ընձեռում դրսևորելու և կատարելագործելու սեփական հմտությունները` լուծելու ծրագրավորման և այլ բնագավառի խնդիրներն ու փորձարկելու սեփական ունակությունները: Մրցույթը ներգրավում է Հայաստանի լավագույն ծրագրավորողներին, ինչպես նաև ստեղծում է տեղեկատվական ու հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի և կրթական հաստատությունների միջև համագործակցության համար բարենպաստ դաշտ, որտեղ ուշադրության կիզակետում են ծրագրավորման մասնագետների հաջորդ սերնդի պատրաստման խնդիրները:
4.6. Ոլորտի միջազգային ընկերությունների և կազմակերպությունների հետ իրականացվող համատեղ ծրագրերի պետական համաֆինանսավորում
Խոշոր ՏՏ-ի ընկերությունների և միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության կառավարության և (կամ) մասնավոր հատվածի մակարդակով համատեղ մշակված, կնքված, ինչպես նաև բանակցվող նախաձեռնությունների իրականացումը պահանջում է երկարաժամկետ պարտավորությունների ստանձնում: Այս պարագայում` նույնիսկ նվազագույն պետական համաֆինանսավորման առկայությունը համագործակցության երաշխավորման հիմնական գրավական է, իսկ որոշ դեպքերում` նաև նախապայման: Այս փուլում նախատեսվում է պետական աջակցություն ցուցաբերել «Սան Մայքրոսիսթեմս», «Մայքրոսոֆտ» ընկերությունների և Միավորված ազգերի կազմակերպության տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) և զարգացման գլոբալ ալյանսի հետ համատեղ իրականացվելիք մի քանի նախաձեռնությունների:
4.7. Այլ երկրներում ՏՏ-ի ոլորտի զարգացումը խթանող ենթակառուցվածքների հաջողված փորձի ուսումնասիրության նպատակով գործուղումներ
Ծրագիրը նպատակ ունի ուսումնասիրելու արտերկրում` որոշակի հաջողություններ արձանագրած երկրներում ՏՏ-ի ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականության, էլեկտրոնային կառավարման և ՏՏ-ի տնտեսական գոտիների փորձն ու մեխանիզմները` հետագայում Հայաստանում այդ փորձի տեղայնացման և նմանատիպ գոտիների ստեղծման նպատակով: Դա հիմք կծառայի երաշխավորելու երկրում ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքականության արդյունավետ իրականացումը, հայկական ՏՏ-ի մասնավոր հատվածի մրցունակության բարձրացումը միջազգային շուկաներում` մատուցվող ծառայությունների որակի շարունակաբար կատարելագործման միջոցով, ինչպես նաև տեղեկատվական հասարակության կայացումը:
5. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով որպես ծրագրի իրականացման պետական աջակցության կողմնորոշիչ չափաքանակ է սահմանվել 100,000.0 հազ. դրամը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման պետական աջակցության 2008 թվականի ծրագիրը կֆինանսավորվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ | Ծրագրով նախատեսված միջոցառումների անվանումները, հիմնական ցուցանիշները | 2008 թվականի ֆինանսավորման սահմանագումարը (հազ. դրամ) | |||||
միջոցառման անվանումը | միջոցառման նկարագիրը | միջոցառման վերջնական արդյունքը | առաջին եռամսյակ | առաջին կիսամյակ | ինն ամիս | տարի | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
1. | ՏՏ-ի ոլորտի հետազոտություն, ոլորտի ներկա իրավիճակի վերլուծություն, ոլորտի ցուցանիշների և ձեռնարկությունների վերաբերյալ ուղեցույցի պատրաստում | 1) ոլորտի ձեռնարկությունների վերաբերյալ ուղեցույցի և հետազոտության նյութերի նախապատրաստում | ոլորտի հետազոտության իրականացում | 13613.84 | 13613.84 | 13613.84 | 13613.84 |
2) նյութերի տպագրում | երկու տպագրված նյութ և մեկ նյութ` թողարկված սկավառակով | 1449.1 | 1449.1 | 1449.1 | |||
ընդամենը | 13613.84 | 15062.94 | 15062.94 | 15062.94 | |||
2. | Արտերկրում կազմակերպվող ցուցահանդեսների, համաժողովների համաֆինանսավորում | 1) WCIT 2008, ՏՏ-ի համաշխարհային գիտաժողով, (Մալազիա) | մասնակցություն մեկ միջազգային ցուցահանդեսի | 2696.76 | 2696.76 | 2696.76 | |
2) CeBIT 2008 (Գերմանիա) | մասնակցություն մեկ միջազգային գիտաժողովի | 5180.33 | 5180.33 | 5180.33 | 5180.33 | ||
ընդամենը | 5180.33 | 7877.09 | 7877.09 | 7877.09 | |||
3. | Հայաստանում կազմակերպվող ցուցահանդեսներ, համաժողովներ | 1) DigiTec 2008 ցուցահանդեսի և դրա շրջանակում այլ միջոցառումների կազմակերպման համաֆինանսավորում | մեկ ցուցահանդեսի, մեկ համաժողովի և մեկ մրցույթի անցկացում | 3000 | 3000 | 10000 | |
2) ՏՏ-ի տարածաշրջանային համաժողովի կազմակերպման համաֆինանսավորում | մեկ համաժողովի անցկացում | 3280 | |||||
3) VC համաժողովի համաֆինանսավորում | մեկ համաժողովի անցկացում | 7000 | 7000 | 7000 | |||
4) ՏՏ-ի ոլորտի մասնավոր հատվածի հետ յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ կազմակերպվող հանդիպման համաֆինանսավորում | չորս հանդիպման անցկացում | 264.08 | 528.16 | 792.24 | 1056.32 | ||
ընդամենը | 264.08 | 10528.16 | 10792.24 | 21336.32 | |||
4. | Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր հովանու ներքո իրականացվող «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամիս» խորագրով միջոցառումների կազմակերպման համաֆինանսավորում | աջակցություն «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամիս» խորագրով իրականացվող միջոցառումների կազմակերպմանն ու իրազեկմանը | «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամիս» խորագրով միջոցառումների անցկացում | 4000 | |||
ընդամենը | 4000 | ||||||
5. | Ծրագրավորման մրցույթի համաֆինանսավորում | մրցույթի կազմակերպում և հաղթողների պարգևատրում | մեկ մրցույթի անցկացում | 5000 | 5000 | ||
ընդամենը | 5000 | 5000 | |||||
6. | Ոլորտի միջազգային ընկերությունների և կազմակերպությունների հետ իրականացվող համատեղ ծրագրերի պետական համաֆինանսավորում | 1) «Սան Մայքրոսիսթեմս» | երեք համատեղ ծրագրերով | 10000 | |||
2) Գլոբալ ալյանս | 20000 | 20000 | |||||
3) «Մայքրոսոֆտ» | միջոցառումների իրականացում | 10000 | 10000 | 10000 | |||
ընդամենը | 10000 | 30000 | 40000 | ||||
7. | Այլ երկրներում ՏՏ-ի ոլորտի զարգացումը խթանող ենթակառուցվածքների հաջողված փորձի ուսումնասիրության նպատակով գործուղումներ | 1) Եգիպտոս | միջազգային փորձի ուսումնասիրություն | 1439.35 | |||
2) Սինգապուր | 1975.67 | ||||||
3) Ֆինլանդիա | 1943.2 | 1943.2 | |||||
4) Էստոնիա | 1365.43 | 1365.43 | |||||
ընդամենը | 3308.63 | 6723.65 | |||||
Ընդամենը | 19058.25 | 43468.19 | 72040.9 | 100000.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.10.2008, N 1291-Ն | 20.11.2008, N 293-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|