Գլխավոր տեղեկություն
Համար
N 264-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.06.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.05.29/32(622) Հոդ.523
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.05.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.05.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մայիսի 2008 թվականի N 264-Ն

 

«ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 17-ի N 374-Ա որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հաստատել`

1) «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կառավարչի ընտրության մրցութային գործընթացը կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կառավարչի ընտրության մրցութային գործընթացը կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. մայիսի 21
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2008 թ.

մայիսի 21-ի N 264-Ն
որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

«ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կառավարչի ընտրության մրցութային գործընթացը կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 17-ի «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կառավարչի ընտրության համար միջազգային մրցույթ անցկացնելու մասին» N 374-Ա որոշմամբ:

2. Հանձնաժողովն իր աշխատանքներում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն աշխատակարգով:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովը սահմանված ընթացակարգերով կազմակերպում է «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ու ենթակառուցվածքների կառավարումը մրցույթով ընտրված կառավարչին հանձնելու գործընթացը:

4. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրները լուծելու նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) հաստատում է մրցույթների (այդ թվում` մասնակիցների նախաորակման մրցույթի) անցկացման ժամանակացույցը.

2) հաստատում է մրցույթների մասնակիցներից պահանջվող հիմնական չափորոշիչները.

3) հաստատում է մրցույթների հայտարարության տեքստերը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում մրցութային փաթեթը.

5) գնահատում է մրցույթների արդյունքները և սահմանված կարգով դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.

6) իրականացնում է հանձնաժողովին վերապահված այլ գործառույթներ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովի գործունեությունը կազմակերպվում է նիստերի և խորհրդակցությունների միջոցով: Նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության կամ հանձնաժողովի անդամների առաջարկությամբ:

6. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին` բացառությամբ սույն կանոնակարգի 18-րդ կետով նախատեսված դեպքի:

7. Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը:

8. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

9. Հանձնաժողովի նիստի օրակարգը կազմում է հանձնաժողովի քարտուղարը` հաշվի առնելով հանձնաժողովի անդամների կողմից արված առաջարկությունները: Քարտուղարի գործառույթներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմում ստեղծված խմբի կողմից: Խմբի կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հրամանով: Նիստի օրակարգը հաստատվում է հանձնաժողովի որոշմամբ: Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի նիստերի հրավիրման, դրանց տեղի և ժամանակի մասին նիստի հրավիրման օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ տեղեկացնում է հանձնաժողովի անդամներին` նրանց տրամադրելով նիստի օրակարգն ու քննարկվելիք հարցերին վերաբերող համապատասխան նյութերը:

10. Հանձնաժողովի նիստերին կարող են հրավիրվել նաև Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների, այլ պետական մարմինների և կազմակերպությունների համապատասխան մասնագետներ` նախագահի նախաձեռնությամբ, ինչպես նաև հանձնաժողովի առնվազն 3 անդամի պահանջով: Հանձնաժողովի աշխատանքներում կարող են ներգրավվել նաև համապատասխան ոլորտի մասնագետներ, խորհրդատուներ ու փորձագետներ:

11. Հանձնաժողովի որոշումները ձևակերպվում են արձանագրությամբ, որտեղ նշվում են նաև անվանական քվեարկության արդյունքները:

12. Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա բոլոր անդամները: Հատուկ կարծիքի առկայության դեպքում այն գրավոր ներկայացվում է հանձնաժողովի նախագահին և կցվում արձանագրությանը:

13. Հանձնաժողովի առաջին նիստը գումարվում է սույն աշխատակարգն ուժի մեջ մտնելուց հետո 10 օրվա ընթացքում:

14. Հանձնաժողովի նախագահը`

1) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և նախագահում դրանք.

2) կազմակերպում և համակարգում է հանձնաժողովի աշխատանքները.

3) ստորագրում է հանձնաժողովի նիստերի որոշումներն ու արձանագրությունները, հանձնաժողովի գործունեությանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերն ու գրությունները:

15. Հանձնաժողովի անդամները`

1) մասնակցում են հանձնաժողովի նիստերին և իրականացնում հանձնաժողովի առջև դրված խնդիրների լուծման հետ կապված աշխատանքները.

2) ստորագրում են հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

3) անհրաժեշտության դեպքում 3-օրյա ժամկետում ներկայացնում են նիստի արձանագրության վերաբերյալ իրենց կարծիքները.

4) հանձնաժողովի նիստին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին:

16. Հանձնաժողովի քարտուղարը`

1) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերի օրակարգերը.

2) հանձնաժողովին է տրամադրում հանձնաժողովի գործունեությանը վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկատվությունը.

3) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և դրանք ներկայացնում նիստին մասնակցած հանձնաժողովի անդամներին` ստորագրության համար.

4) հանձնաժողովի նիստի արձանագրությունը 5-օրյա ժամկետում բաժանում է հանձնաժողովի անդամներին.

5) վարում է մրցույթի հայտերի գրանցամատյանը.

6) ապահովում է հանձնաժողովի գործունեությանը վերաբերող փաստաթղթերի պահպանումը:

 

IV. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԾՐԱՐՆԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ

 

17. Մրցույթի հայտերը ներկայացվում են հանձնաժողովին և ընդունվում մինչև դրանց համար մրցույթի հրավերով սահմանված ժամկետի ավարտը: Մրցույթի հայտերի ստացման վերաբերյալ հանձնաժողովի քարտուղարը հայտերի գրանցամատյանում կատարում է համապատասխան գրառում:

18. Մրցույթի հայտերի ծրարները բացվում են մրցույթի հրավերում նշված ժամկետը լրանալու օրը, հանձնաժողովի նիստում, որն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների թվի առնվազն երկու երրորդը:

19. Մրցույթի հայտերի ծրարների բացման նիստում հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովին է ներկայացնում տեղեկատվություն գրանցամատյանում կատարված գրառումների մասին, հանձնաժողովի նախագահին է հանձնում մրցույթի հայտերի գրանցամատյանը, դրա անբաժանելի մասը հանդիսացող մյուս փաստաթղթերը և գրանցված հայտերը:

20. Սույն կանոնակարգի 19-րդ կետում նշված փաստաթղթերը հանձնաժողովի նախագահին հանձնվելուց հետո հանձնաժողովը գնահատում է մրցույթի հայտեր պարունակող ծրարների համապատասխանությունը սահմանված կարգին և բացում համապատասխանող հայտերի` տեխնիկական առաջարկներ պարունակող ծրարները` բացառությամբ ֆինանսական (գնային) առաջարկներ պարունակող ծրարների, որոնք պահվում են չհրկիզվող պահարանում:

21. Հանձնաժողովի նախագահը հրապարակում է մրցույթի հայտերի գնահատման արդյունքների հաստատման նպատակով հրավիրվող նիստի օրը, ժամը և վայրը:

 

V. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

22. Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամներին է ներկայացնում հայտատուների առաջարկները և մրցույթի հրավերով նախատեսված չափորոշիչներին համապատասխան կազմված գնահատման թերթիկները: Հանձնաժողովի անդամը սահմանված չափորոշիչների համաձայն գնահատում է հայտատուների առաջարկները և լրացնում գնահատման թերթիկը, ստորագրում ու սահմանված ժամկետում այն ներկայացնում է հանձնաժողովի քարտուղարին:

23. Հանձնաժողովի քարտուղարն ամփոփում է ստացված գնահատման թերթիկներում պարունակվող անհատական գնահատումները (միավորները), դրանց հիման վրա կազմում ընդհանուր արդյունքների ամփոփաթերթը և այն հանձնում հանձնաժողովի անդամներին:

24. Հանձնաժողովը գնահատման թերթիկների և ամփոփաթերթի հիման վրա հաստատում է մրցույթի հայտերի գնահատման արդյունքները և նույն օրը նշանակում ֆինանսական առաջարկների ծրարների բացման ժամկետը:

25. Ֆինանսական առաջարկների ծրարները բացում է հանձնաժողովը:

26. Մրցույթի հայտերի գնահատման ժամանակ, բացի մրցույթի հրավերով նախատեսված չափորոշիչներից, այլ չափորոշիչների օգտագործումն անթույլատրելի է:

27. Հանձնաժողովի անդամներն առաջարկությունների հստակեցման նպատակով իրավունք ունեն դիմելու մրցույթի մասնակիցներին` իրենց առաջարկությունների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար: Բացատրություններ և պարզաբանումներ ստանալու ընթացքում չեն կարող փոխվել մրցույթի հայտով ներկայացված փաստաթղթերը և (կամ) պահանջվել, և (կամ) ներկայացվել մրցույթի հրավերով չնախատեսված փաստաթղթեր:

 

VI. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՂ ՆԻՍՏԸ

 

28. Մրցույթի հայտերը ներկայացվելու վերջին օրվանից հետո կայանալիք հանձնաժողովի նիստում որոշվում է մրցույթի արդյունքներն ամփոփող նիստի ժամկետը, որտեղ հանձնաժողովը որոշում է մրցույթի հաղթողին կամ հայտարարում է մրցույթը չկայացած:

29. Հանձնաժողովը մրցույթի արդյունքներն ամփոփող նիստում հրապարակում է հաղթող առաջարկվող մրցույթի մասնակցին և հիմնավորում նրա ընտրությունը կամ հայտարարում մրցույթը չկայացած լինելու մասին:

30. Մրցույթին առաջարկներ ներկայացրած մասնակիցներին և (կամ) նրանց լիազոր ներկայացուցիչներին, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին և միջազգային կազմակերպությունները ներկայացնող դիտորդներին հնարավորություն է տրվում ներկա լինելու ծրարների բացմանը և մրցույթի արդյունքների հայտարարմանը, եթե հանձնաժողովն այլ որոշում չի ընդունում:

31. Հանձնաժողովի կողմից մրցույթի առաջարկների քննարկմանը և որոշումների ընդունմանը, բացի հանձնաժողովի անդամներից, այլ անձինք չեն մասնակցում:

 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

32. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է սույն կանոնակարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջների կատարումից հետո:

33. Հանձնաժողովի գործունեության դադարումից (հանձնաժողովի լուծարումից) հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը ենթակա են պահպանման` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2008 թ.

մայիսի 21-ի N 264-Ն
որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

«ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Անդրեասյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ (հանձնաժողովի նախագահ)
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Գ. Խաչատրյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Հ. Եսայան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային ծառայությունների ոլորտի վարչության ջրային ծրագրերի բաժնի պետ-վարչության պետի տեղակալ
Մ. Կոշեցյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան