Գլխավոր տեղեկություն
Համար
N 247
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (19.09.2002-14.12.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.10.31/67.1
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.05.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.05.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.05.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.10.2004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

18 մայիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մայիսի 2000 թվականի N 247

քաղ. Երևան

 

«ՆՈՐՄԱՏԻՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածի 2-րդ կետին և 19 հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) համապատասխանության նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը (կցվում է).

բ) օտարերկրյա սերտիֆիկատների և համապատասխանության նշանների փոխճանաչման կամ միակողմ ճանաչման կարգը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մայիսի 18-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
մայիսի 18-ի N 247 որոշմամբ

 

Համապատասխանության նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները եվ կիրառման կարգը

 

1. Սույն կարգով սահմանվում են համապատասխանության նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները, ինչպես նաև արտադրանքը համապատասխանության նշանով մակնշելուն ներկայացվող պահանջները:

2. Արտադրանքը համապատասխանության նշանով մակնշումը նորմատիվ պահանջներին արտադրանքի համապատասխանության հավաստման արդյունքներից մեկն է:

3. Արտադրանքի մակնշումը համապատասխանության նշանով կատարվում է արտադրողի նկատմամբ վստահության բարձրացման, ինչպես նաև առաջարկվող արտադրանքի նորմատիվ պահանջներին այդ արտադրանքի համապատասխանության մասին անհրաժեշտ վստահություն ստանալու գործում սպառողներին աջակցելու նպատակով:

4. Իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերն իրավունք ունի արտադրանքը համապատասխանության նշանով մակնշելու այդ արտադրանքը նորմատիվ պահանջներին համապատասխանությունը հավաստող սերտիֆիկացման մարմնի կողմից վավերացված համապատասխանության մասին հայտարարագրի կամ հանձնված համապատասխանության սերտիֆիկատի առկայության դեպքում:

5. Համապատասխանության մասին հայտարարագրի հիման վրա արտադրանքի մակնշումը համապատասխանության նշանով պետք է իրականացվի N 1 նկարում տրված պատկերին համապատասխան:

6. Համապատասխանության սերտիֆիկատի հիման վրա արտադրանքի մակնշումը համապատասխանության նշանով պետք է իրականացվի համապատասխանության սերտիֆիկատ տվող սերտիֆիկացման մարմնի նույնականացման նշագրի հետ համատեղ` N 2 նկարում տրված պատկերին համապատասխան:

 

Ներմուծեք նկարագրությունը_18641

 

Նկար 1. Համապատասխանության նշանի գրաֆիկական պատկերը

 

Ներմուծեք նկարագրությունը_18642

 

Նկար 2. Համապատասխանության նշանի գրաֆիկական պատկերը` սերտիֆիկացման մարմնի նույնականացման նշագրով

 

7. Համապատասխանության նշանի չափերը և զետեղման տեղը որոշում է իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը` ապահովելով համապատասխանության նշանի տարրերի հստակությունը և տեսանելիությունը, ինչպես նաև մականշվածքի ամրությունը: Համապատասխանության նշանի բարձրությունը պետք է լինի 5 միլիմետրից ոչ պակաս:

8. Համապատասխանության նշանի և սերտիֆիկացման մարմնի նույնականացման նշագրի մեծացման կամ փոքրացման դեպքում պետք է պահպանել դրանց տարրերի միջև փոխադարձ համաչափությունը:

9. Համապատասխանության նշանը զետեղվում է յուրաքանչյուր արտադրանքի չհանվող մասի և (կամ) տարայի, փաթաթվածքի, պիտակի, շահագործման ու ապրանքաուղեկից փաստաթղթերի վրա: Անմիջականորեն արտադրանքի վրա համապատասխանության նշանի զետեղման անհնարինության դեպքում այն զետեղվում է սպառողական փաթաթվածքի կամ շահագործման և (կամ) ապրանքաուղեկից փաստաթղթերի վրա:

10. Համապատասխանության նշանի կիրառումն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից չի թույլատրվում համապատասխանության սերտիֆիկատի կամ համապատասխանության մասին հայտարարագրի կասեցման կամ դադարեցման դեպքում:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
մայիսի 18-ի N 247 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

օտարերկրյա սերտիֆիկատների եվ համապատասխանության նշանների փոխճանաչման կամ միակողմ ճանաչման

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածք համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ներմուծման դեպքում օտարերկրյա համապատասխանության սերտիֆիկատների (այսուհետև` օտարերկրյա սերտիֆիկատներ) և համապատասխանության նշանների փոխճանաչման կամ միակողմ ճանաչման կարգը:

2. Արտադրանքի օտարերկրյա սերտիֆիկատները և համապատասխանության նշանները ճանաչվում են Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության հավաստման արդյունքների ճանաչման համաձայնագրերով:

Ճանաչման համաձայնագրերի հիմքում դրված է մի կողմի համապատասխանության հավաստման ներկայացված արդյունքների ընդունումը մյուսի կողմից, որն իրականացվում է փոխճանաչմամբ:

3. Արտադրանքի համապատասխանության հավաստման արդյունքների ճանաչման համաձայնագրի կնքման անհրաժեշտ պայմաններն են ներմուծող երկրի համապատասխանության հավաստման համակարգի (սերտիֆիկացման համակարգ) առկայությունը, դրա կազմակերպամեթոդական փաստաթղթերի, արտադրանքի հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների համապատասխանությունը ԻՍՕ/ԻԷԿ, ԻՍՕ 9000, ԵՆ 45000 միջազգային և տարածաշրջանային ստանդարտների պահանջներին:

4. Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության հավաստման արդյունքների փոխճանաչման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունը (այսուհետև` Հայպետստանդարտ) համաձայնագրերը կնքում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Համաշխարհային ճանաչում ունեցող համապատասխանության հավաստման մարմինների կողմից արտադրանքին տրված օտարերկրյա սերտիֆիկատների, ինչպես նաև համապատասխանության նշանների ճանաչման (միակողմ ճանաչում) մասին որոշումն ընդունում է համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհուրդը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(4-րդ կետը փոփ. 22.08.02 N 1311-Ն)

5. Հայպետստանդարտը փոխճանաչման համաձայնագիր կնքելուց և հավատարմագրման խորհրդի կողմից միակողմ ճանաչման որոշում ընդունելուց հետո 5-օրյա ժամկետում դրանց մասին տեղեկացնում է համապատասխան սերտիֆիկացման մարմիններին և տեղեկատվություն հրապարակում մամուլում:

(5-րդ կետը լրաց. 22.08.02 N 1311-Ն)

6. Սերտիֆիկացման մարմինն իր հավատարմագրված ոլորտի սահմաններում`

ա) օտարերկրյա սերտիֆիկատի ճանաչման դեպքում, առանց լրացուցիչ լաբորատոր փորձարկումներ կատարելու, հայտատուին է հանձնում համապատասխանության հավաստման համակարգով սահմանված ձևի համապատասխանության սերտիֆիկատ` հայերեն.

բ) համապատասխանության նշանի ճանաչման դեպքում հայտատուին է հանձնում համապատասխանության նշանի փոխճանաչման կամ միակողմ ճանաչման, ինչպես նաև դրա առկայության հավաստման մասին տեղեկանք:

Սերտիֆիկացման մարմինը միաժամանակ հայտատուին է հանձնում համապատասխանության սերտիֆիկատի կամ համապատասխանության նշանի առկայությունը հավաստող տեղեկանքի օրինակ` «Մաքսային ձևակերպման համար» մակագրությամբ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.09.2004, N 1281-Ն 16.10.2004, N 247
23.07.2003, N 903-Ն 14.08.2003, N 247
14.11.2002, N 1803-Ն 14.12.2002, N 247
22.08.2002, N 1311-Ն 19.09.2002, N 247
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան